
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մեջբերումներ է արել 0038 հրամանից
Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 0038 գաղտնի հրամանը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առիթվ հարուցված քրեական գործում հայնվել է միայն 2018 թվականի հուլիսին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը:
ՀՔԾ պետը հիշեցրեց, որ 0038 հրամանի մասին առաջին հիշատակումները եղել են մամուլում, տեղեկատվության արտահոսքը եղել էր պաշտպանության նախարարությունից, որի համար ՊՆ բարձրաստիճան երկու պաշտոնյաներ դատապարտվել էին: Սասուն Խաչատրյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը 0038 հրամանի մասին իմանալուց հետո պարտավոր էր առգրավվել այդ փաստաթուղը: ՀՔԾ պետը հայտնեց, որ երկրորդ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում ամենաառաջնայինը հենց 0038 հույժ գաղտնի հրամանն է եղել: Ըստ Սասուն Խաչատրյանի՝ պատահական չէ, որ այս հրամանը մինչև այս քրեական գործում չի եղել, քանի որ միայն այս հրամանը խոսում է այն մասին, որ Զինված ուժերը ներգրավված են եղել մարտի 1-ի իրադարձություններում, ընդ որում՝ հրամանը ստորագրվել է ոչ թե մարտի 1-ին, այլ փետրվարի 23-ին:
Հրամանը վերնագրված է եղել հետևյալ կերպ՝ «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»: Սասուն Խաչատրյանը որոշ մեջբերումներ արեց Միքայել Հարությունյանի գաղտնի հրամանից:
«ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց և թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում և հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը: ՀՀ զինված ուժերը, հանդիսանալով պետության անվտանգության երաշխիքը, պատրաստ է իր գործողություններով՝ հենվելով Սահմանադրության և գործող օրենքների վրա, ապահովել երկրի կայունությունն ու թույլ չտալ մի խումբ մարդկանց վտանգելու երկրի բնականոն զարգացումը: Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով հրամայում եմ՝
Սույն թվականի փետրվարի 23-ից զինված ուժերի ողջ անձնակազմը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի մինչև հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով»:
Սասուն Խաչատրյանը նշեց, թե իր համար անհասկանալի է, որ պաշտպանական կողմը ձեռքի տակ ունենալով 0038 հրամանի գաղտնազերծված մասը, պնդում է, թե հրամանը եղել է այն նպատակով, որպեսզի զորքը բերվի զորանոցային վիճակի և զերծ մնա ներքաղաքական գործընթացներին խառնվելուց:
Շարունակելով մեջբերում անել գաղտնի հրամանից՝ ՀՔԾ պետը առաձնացրեց փաստաթղթի 3-րդ կետը.
«ՀՀ ՊՆ և Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերին, բանակային կորպուսների և առանձին զորամասերի հրամանատարներին՝ ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ, հավաքական ստորաբաժանումներ հետևյալ հաշվարկով՝ բանակային կորպուսներից 100-ական հոգի: Ստեղծված ստորաբաժանումները կազմակերպել ըստ դասակների՝ յուրաքանչյուրը 30 հոգի և ստորաբաժանումները զինել հրաձգային զենքերով»:
Այնուհետև Սասուն Խաչատրյանը ուշադրություն հրավիրեց հրամանի 10-րդ կետի վրա, որում մասնավորապես ասվում էր.
«3-րդ կետում նշված ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով, ենթասպաներով, պայմանագրային և ժամկետային զինծառայողներով»:
ՀՔԾ պետը նշեց, որ այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե կազմավորվել են հատուկ խմբեր, որոնք պետք է ինչ-որ դիվերսիոն գործողություններ կատարեին թշնամու թիկունքում: Սասուն Խաչատրյանը հույս հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ գնահատական կտա Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացրած բողոքին՝ հաշվի առնելով հիմնավոր կասկածները և մեղադրանքի հիմքում դրված փաստերը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին և Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով: Երկրորդ նախագահը կալանովարվել է, իսկ Միքայել Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ: Օգոստոսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար նրա պաշտպանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան։
Լուսանկարում՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը
Մեկնաբանել