HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վենեսուելայի նախագահի դեմ մահափորձ է կատարվել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր թշնամիները փորձել են սպանել իրեն պայթուցիկներով բեռնված դրոնների միջոցով: Նախագահը և երկրի բարձրաստիճան պաշտոնատար անձինք չեն տուժել, սակայն Վենեսուելայի ազգային գվարդիայի 7 զինվորներ վիրավորվել են: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Շաբաթ օրը՝ տեղական ժամանակով 17:30-ին, երկրի ազգային գվարդիայի կազմավորման 81-րդ տարեդարձին նվիրված զինվորական շքերթի ժամանակ Վենեսուելայի նախագահը ելույթ էր ունենում, երբ ուղիղ եթերի ձայնը անջատվել է: Այդ պահին բեմում կանգնած մարդիկ միանգամից վերև են նայել: Դրանից հետո տեսախցիկը ցուցադրել է մի քանի տասնյակ փախչող զինվորների և ուղիղ միացումը ընդհատվել է: Հեռարձակման ժամանակ դրոններ չեն երևացել:

Մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով ականատեսների վկայություններին, գրել են, որ պայթյունի ձայներ իսկապես լսվել են: Վենեսուելայի կապի նախարար Խորխե Ռոդրիգեսի հայտարարության համաձայն՝ պայթուցիկներով բեռնված երկու դրոններ թռչել են նախագահի կանգած տեղի մոտակայքում: Մահափորձից հետո Նիկոլաս Մադուրոն պատմել է կատարվածի մասին.

«Թռչող սարքը պայթել է իմ աչքերի առաջ, մեծ պայթյուն էր: Մի քանի վայրկյան անց եղել է երկրորդ պայթյունը»: Մադուրոյի խոսքերով՝ սկզբում նա հասկացել է, թե դա հրավառություն է ազգային գվարդիայի օրվա առթիվ, սակայն երկրորդ պայթյունից հետո խուճապ է սկսվել:

Ըստ Նիկոլաս Մադուրոյի՝ մահափորձի մեջ կասկածվող մի քանի անձինք արդեն ձերբակալվել են: Մահափորձի պատասխանատվոթյունը իր վրա է վերցրել «Շապիկներով զինվորների ազգային շարժում» խմբավորումը ("Movimiento Nacional Soldados de Franelas"):

Սոցցանցերում խմբավորման անդամները հայտարարել են, որ կարողացել են ցուցադրել իշխող վերնախավի խոցելիությունը, չնայած որ դրոնները խոցվել են դիպուկահարների կողմից: 


© China Xinhua News / Twitter

Դիմելով ժողովրդին՝ Վենեսուելայի նախագահը նշել է, թե իր դեմ դավադրություն է կազմակերպվել, որին մասնակից են ինչպես իր ներքին թշնամիները, այնպես էլ հարևան Կոլումբիան: Մադուրոն հայտարարել է, որ բացարձակապես չի կասկածում, որ մահափորձի հետևում կանգնած է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը: 

Կոլումբիայի իշխանությունները հերքել են Մադուրոյի մեղադրանքները՝ համարելով դրանք չհիմնավորված: 

Վենեսուելայի կապի նախարար Խորխե Ռոդրիգեսը մահափորձի համար մեղադրել է աջ ընդդիմությանը. «Ընտրություններում պարտվելուց հետո, նրանք կրկին անհաջողության մատնվեցին»,- ասել է նախարարը:

Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի նախագահի պաշտոնը ստանձնել է 2013 թվականին՝ Ուգո Չավեսի մահվանից հետո: 2018 թվականի մայիսին կայացած ընտրություններում Մադուրոն վերընտրվել է, սակայն ընտրական գործընթացը, ըստ ընդդիմության, անցել է բազմաթիվ խախտումներով: 

Գլխավոր լուսանկարը՝ Ariana Cubillos/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter