HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտության եւ արտադրության կապը պիտի խթանի պետությունը

Բաց դարպասներից ներս մաքուր, կոկիկ ճանապարհը մեզ տանում է Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ: Կարելի է երեւակայել, թե նախկինում շուրջ 100 հա տարածք ունեցող գիտավանն ինչ հզորությամբ է աշխատել:

Այս ավանի կազմում էին ոչ միայն ՖՀԻ-ի գիտական շենքերը, այլեւ երկհարկ բնակելի տները, որոնցում ապրում էին ֆիզիկոսներն ու նրանց ընտանիքները: Գիտավանը, կարելի է ասել, Աշտարակ քաղաքի մի առանձին թաղամաս էր: Այն ուներ իր մանկապարտեզը, այգին, թենիսի խաղահրապարակը, լողավազանը:

Նախկին լողավազանը

Այսօր տարածքից միայն կեսը՝ 50 հա-ն է պատկանում ինստիտուտին. անկախությունից հետո բնակելի հատվածը հանձնվել է Աշտարակ քաղաքին, մի մասն էլ զորամաս է դարձել:

Ինստիտուտը 50 տարեկան է

ՖՀԻ-ի հիմնադրման օրը 1968 թ. հունվարի 1-ն է, առաջին տնօրենը եղել է հայտնի ֆիզիկոս, ակադեմիկոս Միքայել Տեր-Միքայելյանը: 2006-ից կառույցը ղեկավարում է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Նա նշում է, որ ՖՀԻ-ի հիմնադրումը պատահական չէր, քանի որ 1960-ականներին ամբողջ աշխարհում լայն թափով սկսել էին զարգանալ լազերները, եւ գիտնականները հասկանում էին, որ դրանք լուրջ հեռանկարներ ունեն:

Տեր-Միքայելյանը, պատկերացնելով այդ հեռանկարները, ԵՊՀ-ից եւ ԳԱԱ-ից ռադիոֆիզիկայի, աստղաֆիզիկայի, պինդ մարմնի ֆիզիկայի, տեսական ֆիզիկայի ոլորտների մասնագետների խումբ էր հավաքել՝ ստեղծելով միացյալ լաբորատորիա: Հենց այս լաբորատորիան էլ ստեղծեց խորհրդային առաջին արդյունաբերական լազերը՝ «Արզնի-2»-ը, որը 1965-ին ներկայացվեց Լայպցիգի ցուցահանդեսում: Նման հաջողությունից հետո էլ ձեւավորվեց առանձին ինստիտուտ հիմնելու գաղափարը:

* Քարտեզի վրա նշված են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտները: Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել տվյալ ինստիտուտի անունն ու դրան վերաբերող «Հետքի» հոդվածի կարճ հղումը: 

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գործունեության հիմնական ոլորտներն են լազերային ֆիզիկան, բյուրեղների ֆիզիկան, բարձրջերմաստիճանային գերհաղորդականությունը, գիտական սարքաշինությունը:

Աշխարհի գիտական տեմպին հետեւելով

Սկզբնական ուղղությունը լազերային ֆիզիկան էր, բայց Արամ Պապոյանն ասում է, որ պահանջները փոխվում են, պետք է դինամիկ մոտեցում կիրառել. եթե մինչ օրս իրենք զբաղվեին նրանով, ինչ 1960-ականներին, ապա հիմա սնանկ կլինեին. անհրաժեշտ է հետեւել ժամանակի պահանջներին, օրինակ՝ ոչ գծային ֆիզիկան այսօր արդիական չէ:

Ներկայում ՖՀԻ-ի առաջնային ուղղություններն են լազերային ֆիզիկան եւ օպտիկական նյութագիտությունը: Պապոյանը նշում է, որ նախկինի համեմատ շրջանակն ընդլայնվել է՝ լազերներ են մշակում, ստեղծում, բյուրեղներ աճեցնում, ուսումնասիրում, սարքեր պատրաստում, փորձարարական հետազոտություններն էլ ամբողջությամբ արվում են ինստիտուտում:

Տնօրենը պատմում է, որ երբ խորհրդային տարիներին բարձրջերմաստիճանային գերհաղորդիչների տենդենցն ի հայտ եկավ, իրենք առաջիններից էին, որ սկսեցին զբաղվել դրանցով, ապա ավելացավ սցինտիլյացիոն բյուրեղների ստացումը, քանի որ լազերային բյուրեղների պահանջարկը փոքր-ինչ նվազել էր: Սցինտիլյացիոն բյուրեղներն օգտագործվում են միջուկային հետազոտություններում, կարելի է կիրառել նաեւ բժշկության՝ տոմոգրաֆիայի մեջ:

«Հայաստանում գիտություն-արտադրություն կապը սխալ է»

Արամ Պապոյանն ասում է, որ Հայաստանում գիտական մշակումներն արտադրանք դառնալու խնդիր ունեն, քանի որ տնտեսվարողները չեն ուզում գործ ունենալ գիտնականների հետ: Սակայն նա առանձնապես չի մեղադրում առաջիններին՝ նշելով, որ որոշ գործառույթներ պիտի իր վրա վերցնի պետությունը, որպեսզի տնտեսվարողը վստահություն ունենա գիտական մշակման հանդեպ: Հիշեցնում է, որ 2006-ին «Ինովացիոն գործունեության պետական աջակցության մասին» օրենք է ընդունվել, որը մնացել է թղթի վրա:

Որպես հակառակ օրինակ Ա. Պապոյանը բերում է միջազգային կորպորացիաներին, արտասահմանյան ընկերություններին, որոնք, նույն ՖՀԻ-ին գտնելով, աշխատանքներով հետաքրքրվելով, պայմանագրեր են կնքում: Վերջերս, օրինակ, ինստիտուտը 150 հազար եվրոյի պայմանագիր է ստորագրել հայտնի միջազգային կորպորացիայի հետ: Մեկ այլ օրինակ է աշխարհահռչակ «Volkswagen»-ը, որն, ըստ Պապոյանի, չնայած առաջին հայացքից ասոսացվում է մեքենաների հետ, ՖՀԻ-ին երկու դրամաշնորհ է հատկացրել քվանտային ինֆորմացիայի եւ նանոտեխնոլոգիաների ոլորտներում: Գերմանական այս ընկերությունը, մեր զրուցակցի տեղեկացմամբ, կապ է հաստատում հետազոտողների հետ, դրամաշնորհային ծրագրեր հայտարարում, որպեսզի իմանա, թե, ասենք, 20 տարի անց ինչ ուղղությամբ է շարժվելու, մինչդեռ մեզ մոտ հեռանկարային ծրագրերով չեն շարժվում:

Խոսելով կիրառական արդյունքի մասին՝ դոկտոր Պապոյանն ասում է. «Գիտնականը պետք է ճկուն լինի, բայց պարտադիր չէ, որ գաղափարից մինչեւ փորձնական նմուշն ինքն անի: Գիտական հաստատություններում կա մի խումբ՝ «technology transfer office»-ը, որն աշխատում է գիտնականների հետ, տեսնում՝ կա արդյոք կիրառություն այդ գաղափարի համար, մնացածն արդեն իր գործն է՝ ինչպես կվերլուծի շուկան, կբանակցի ներդրողների հետ, իսկ գիտնականը պետք է շարունակի զբաղվել գիտությամբ»: Տնօրենն ասում է, որ ՖՀԻ-ն նույնպես ունի նման խումբ, որը կազմված է հենց գիտնականներից, ու եթե ամբողջ աշխարհում դրանք ամենաբարձր վարձատրվող մասնագետներ են, ապա այս ինստիտուտում նրանք չեն վարձատրում, ուղղակի աշխատում են էնտուզիազմի հաշվին, ժամանակ առ ժամանակ էլ ՖՀԻ-ն նրանց ուղարկում է վերապատրաստման:

Ըստ Արամ Պապոյանի՝ գիտնականի գաղափարը կամ մշակումը կիրառական արդյունքի կամ արտադրանքի 40 տոկոսն է, մնացած 60 տոկոսը (օրինակ՝ բիզնես պլան, բանակցություններ ներդրողների հետ, արտադրություն եւ այլն) կախված չէ նրանից: Շեշտում է, որ պետության մոտեցումը պետք է լինի պետական պատվերի մեխանիզմներ մշակելը: «Պետությունը պետք է պահանջներ դնի գիտնականների առջեւ, ասի՝ այսինչ սարքի անհրաժեշտությունը կա, կարո՞ղ եք պատրաստել: Մինչդեռ հաճախ գիտնականներին հարցնում են, թե ինչ կարող են անել, վերջիններս էլ պատասխանում են, որ շատ բան կարող են, միայն թե պետք է իմանալ, թե պետությանն ինչ է անհրաժեշտ»,- նշում է մեր զրուցակիցն ու նաեւ հիշեցնում վենչուրային հիմնադրամների կարեւորության մասին, որոնք ռիսկային գաղափարների համար ֆինանսավորում են տալիս, պարտավորություն վերցնում դրանց համար:

«Մենք, օրինակ, նանոմասնիկների հիման վրա մշակում ունենք, որ կարող է օգտագործվել քաղցկեղի բուժման համար: Հիմա ծրագրերի շրջանակներում աշխատանքներ կատարում ենք: Այսինքն՝ պատրաստում ենք հատուկ մասնիկներ՝ Կյուրիի ջերմաստիճանով ղեկավարվող, որոնք եթե պրոբլեմային հյուսվածքների մեջ օգտագործենք, փոփոխական մագնիսական դաշտ կիրառեք, կվերացնեն քաղցկեղային բջիջները՝ չվնասելով մյուս հյուսվածքները: Սկզբունքները ցույց ենք տվել, ուզում ենք մեր ազգաբնակչության համար օգտագործել, բայց խնդիրներ են առաջանում, քանի որ ինքներս լիազորված չենք փորձարկումներ անել: Օնկոլոգիայի կենտրոնին ասում ենք, ասում են՝ մեր գործը չէ, գիտական հետազոտությամբ չենք զբաղվում: Հասկանո՞ւմ եք՝ այս փուլում է կանգնում գործը. ոչ թե չենք կարող, այլ մի փուլ է գալիս, որ առաջ չի գնում գործը»,- պարզաբանում է Արամ Պապոյանը:

Համագործակցություն Եվրոպայի հետ

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի համագործակցության շրջանակն այլ երկրների հետ բավականին լայն է: Տնօրենն ասում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը հայտնվեց նույն վիճակում, ինչ Հայաստանը, եւ պրագմատիկ առումով համագործակցության շահ չկա: Փոխարենն աշխատում են եվրոպական երկրների հետ. ասպիրանտներ են փոխանակում, հոդվածներ տպագրում, շոշափելի ֆինանսավորում ունեցող համատեղ ծրագրերի մասնակցում:

Ա. Պապոյանի խոսքով՝ գիտությունը, ըստ էության, միջազգային երեւույթ է: «Հնարավոր չէ միջազգային մակարդակի գործ անել առանց համագործակցության, դրա համար փորձում ենք կապվել ամենաուժեղ գիտական խմբերի հետ, իրենցից վերցնել ամենալավ փորձը, իսկ մեր առաջնահերթություններից մեկն այն է, որ գտնենք այն նիշաները, որտեղ ուժեղ ենք, որ բոլորը շահագրգիռ լինեն համագործակցել մեզ հետ: Մի քանի լաբորատորիա ցույց կտամ, որտեղ կտեսնեք, թե ինչ օպտիկական ունիկալ սարքեր ենք պատրաստել, որոնք վերջին 20 տարիներին եվրոպական երկրներում չեն կարողանում սարքել: Անգլիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, օրինակ, ուզում են համագործակցել մեզ հետ, որովհետեւ այդ գործիքը մեզ մոտ կա»,- ասում է հիմնարկի ղեկավարը:

Հարցին, թե այդ ինչպես են կարողացել հասնել դրան, ժպտում է, ապա պատասխանում, թե հայտնի բան է՝ թերֆինանսավորվող երկրներում մարդու միտքն սկսում է մի քիչ ավելի ակտիվ աշխատել. այժմ ինստիտուտի սարքավորումների մեծ մասը հին է, դրանցով աշխատում էին խորհրդային տարիներին, բայց կան եւ այնպիսիք, որ իրենք են պատրաստել: Բացի դրանից՝ ներկայում ՖՀԻ-ում աշխատում են զարգացնել այն ուղղությունները, որոնք փորձարարական իմաստով այդքան էլ ծախսատար չեն, այլապես պետք է սպասեն, թե պետությունը գիտության ֆինանսավորումը երբ է ավելացնելու, որ հնարավորություն ունենան սարքեր գնել:

ՖՀԻ-ի ձեռք բերած նորագույն սարքավորումներից

Դրամաշնորհների ու մրցութային ծրագրերի հույսով

Ահա, թե ինչպիսին է եղել ՖՀԻ-ի ֆինանսավորումը պետբյուջեից: Տվյալները վերցված են «Պետական բյուջեի մասին» օրենքի հավելվածներից:

ՖՀԻ
Infogram

Տնօրեն Պապոյանի տրամադրած թվերը մի փոքր տարբերվում են վերոնշյալից: Պատճառների մասին նախկին հոդվածներում գրել ենք. պետբյուջեի հավելվածները հաստատվում են նախորդող տարիներին, սակայն հետագայում որոշակի փաստացի փոփոխություններ են լինում: Ահա 2016-2018 թթ. ֆինանսավորման չափը՝ ըստ Ա. Պապոյանի:

2016 - բազային՝ 176.668.300 դրամ, թեմատիկ՝ 63.554.500
2017 - բազային՝ 179.372.600, թեմատիկ՝ 55.108.300
2018 - բազային՝ 165.043.500, թեմատիկ՝ դեռեւս հայտնի չէ, ընթացիկ մրցույթների արդյունքները չեն ամփոփվել

ՖՀԻ-ում հաստիքային աշխատողի նվազագույն աշխատավարձը 74.100 դրամ է (հարկերով), որը հարկերը հանելու դեպքում նվազում է մոտ 20.000-ով, իսկ ամենաբարձրը՝ 171.000 (կրկին հարկերով): Բազային ֆինանսավորումով ամենաբարձր աշխատավարձը (166.000-171.000 դրամ) ստանում են ինստիտուտի ավտոբուսի վարորդը, փոխտնօրենը (ներառյալ՝ որպես լաբորատորիայի վարիչ) եւ տնօրենը (ներառյալ՝ որպես լաբորատորիայի վարիչ):

Մեկ հաստիքի միջին բազային ամսական աշխատավարձը 83.300 դրամ է (հարկերով), միջին բյուջետային աշխատավարձը՝ 123.600 դրամ (ներառյալ՝ գիտաստիճանի հավելավճարը, մասնակցությունը թեմատիկ ծրագրերին, ասպիրանտների ղեկավարումը), իսկ միջին ընդհանուր աշխատավարձը՝ 157.400 դրամ (ներառյալ՝ նաեւ արտաբյուջետային միջոցները):

Ինստիտուտին մեծապես օգնում է միջազգային գիտական ծրագրերից ստացած ֆինանսավորումը, որը, ըստ Ա. Պապոյանի, կազմում է ընդհանուրի 1/3-ը: Ահա ՖՀԻ-ի ստացած դրամաշնորհները: 

2016 – 101.021.000 դրամ
2017 – 62.347.000 դրամ
2018 – շուրջ 95.000.000 դրամ (սպասվող մոտավոր գումար է, քանի որ տարին չի ավարտվել)

Ինստիտուտը դրամաշնորհ հիմնականում ստացել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնից (ՄԳՏԿ, ISTC), ԵՄ 7-րդ եւ 8-րդ («Հորիզոն 2020») հետազոտական եւ տեխնոլոգիական զարգացման շրջանակային ծրագրերից (FP7, FP8), Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամից (ԳԿՀԱՀ, ANSEF):

Ինստիտուտի տարիքային փոսը

Տնօրեն Արամ Պապոյանին ամենաշատը մտահոգում է ոչ թե ֆինանսավորման հարցը, այլ կադրային խնդիրը: Ինչպես հարեւան ՌՖԷԻ-ում (Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտ) այստեղ էլ հիմնականում 20-30 տարիքի եւ 55-ից բարձր աշխատակիցներ են, 30-ից մինչեւ 55-ը տարիքային փոս է առաջանում: Պատճառն այն է, որ 20-30 տարիքային խումբը մի կետի հասնելուց հետո կա՛մ տեղափոխվում է ավելի եկամտաբեր ՏՏ ոլորտ, կա՛մ մեկնում է արտասահման, որտեղ գիտության վարձատրությունը շատ ավելի բարձր է, իսկ տարեցներն էլ թոշակի են անցնում: Այսինքն՝ կայուն սերնդափոխության հարց կա: Ըստ Արամ Պապոյանի՝ պետք է այնպես անել, որ երիտասարդները մնան գիտության ոլորտում, մինչդեռ Հայաստանի գիտակրթական համակարգը վերջերս երկու հարված ստացավ. մի կողմից՝ տարկետման մասին որոշումն էր, մյուս կողմից՝ գիտության ոլորտում փոփոխությունների օրինագիծը, ըստ որի՝ 70-ից բարձր տարիք ունեցող գիտնականները ղեկավար պաշտոններ չպետք է զբաղեցնեն:

Աշտարակի տեխնոպարկի չիրականացած ծրագիրն ընդգրկելու էր ՖՀԻ-ն, ՌՖԷԻ-ն եւ «Տրանզիստոր» կիսահաղորդիչների գործարանը

Դոկտոր Պապոյանն ասում է, որ այսօր գիտության սահմանները բաց են աշխարհում, համագործակցելով էլ կարելի է ֆինանսավորում գտնել, սակայն մարդկային ռեսուրսի հարցն ամենից առաջնահերթն է մեր երկրում: Որքան էլ արդյունավետ աշխատեն, ըստ նրա, միեւնույնն է՝ ռիսկեր կան, որ 5 կամ 10 տարի անց մարդ չի լինի, գիտական դպրոցները կվերանան:

Այս տարի ՖՀԻ-ի աշխատողների թիվը 2016-ի համեմատ կրճատվել է 20-ով, ինչը ՀՀ գիտական ինստիտուտների պարագայում փոքր թիվ չէ: Եթե հիմա նրանք 146-ն են, ապա ծաղկուն տարիներին՝ 1982-1984 թթ., ՖՀԻ-ն ունեցել է 400 աշխատակից:

ՖՀԻ աշխատողներ
Infogram

Մնա՞լ, թե՞ գնալ

Ֆիզմաթ գիտությունների թեկնածուներ Հրայր Ազիզբեկյանն ու Տիգրան Դադալյանը ինստիտուտի երիտասարդ գիտնականներից են:

34-ամյա Հրայրն ասում է, որ Հայաստանից գնալու շատ հնավորություններ է ունեցել եւ ունի, բայց միշտ պահել է այն միտքը, որ այստեղ գիտություն պիտի լինի. «Մարդ կա սահմանն է պահում, մարդ էլ կա, գիտության սահմանը պիտի պահի»: Նրա կարծիքով՝ Հայաստանում լինելը նշանակում է, որ հայկական գիտության ապագան լավ են տեսնում:

Հրայրն առանձնակի հոգատարությամբ է խոսում ինստիտուտի մասին: Ծնողները գիտնականներ են եղել, հենց այստեղ են աշխատել: Ասում է, որ 3 տարեկանից ապրել է գիտավանում, այդտեղ է մեծացել, հաճախել մանկապարտեզ, ծանոթ է ամեն ինչին, բայց հիմա, երբ իր ընտանիքն ունի, այստեղ չի ապրում, որովհետեւ մանկապարտեզ այեւս չկա, երեխաների համար բարդ է, ու ամեն օր գալիս-գնում է Երեւանից:

Հիմա էլ բնակելի երկհարկանիներում մարդիկ են ապրում, բայց, ըստ տնօրեն Պապոյանի, երեւի նրանց մոտ 40 տոկոսը միայն առնչություն ունի ՖՀԻ-ի հետ, իսկ այն աշխատողները, ովքեր այստեղ չեն ապրում, գալիս են մեքենաներով կամ հիմնարկի ավտոբուսով:

31-ամյա Տիգրանի կարծիքով՝ գիտության մեջ այսօր միայն գումարի խնդիրը չէ, նոր հետաքրքրություններ գտնելու հարց կա նաեւ: Ասում է, թե չես կարող 40 տարի նստել մի տեղ, եթե, իհարկե, հանճար չես, եւ քանի որ գիտության ոլորտը մրցակցային է դարձել, ֆինանսավորում կարող ես գտնել մրցունակ ծրագիր ներկայացնելով: Ըստ Տիգրանի՝ կարեւոր է, որ այսօրվա գիտնականը թոշակի անցնելուց հետո հետադարձ նայելիս չասի, թե տարիներով նույն տեղում է մնացել:

Մեծ տարածք, մեծ խնդիրներ

Այսօր շուրջ 50 հա տարածք զբաղեցնող ինստիտուտն ունի 12 լաբորատորիա, արհեստանոց: Արամ Պապոյանն ասում է, որ եթե աշխատանքային գոտիները բաժանենք աշխատողների թվի վրա, ամեն մեկին 7-8 սենյակ կհասնի:

ՖՀԻ-ն մի քանի շենք-շինություն ունի, սակայն առայժմ դրանցից միայն մեկի պատուհաններն են ամբողջությամբ փոխվել ՀՀ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի միջոցով: Ըստ տնօրենի՝ մեծ շենքերի պահպանությունն ու թարմացումը մեծ ծախսեր է պահանջում: Ինստիտուտն այսօր ունի կաթսայատուն, այնինչ նախկինում, Պապոյանի պատմելով, ձմռանը ձեռնոցներով էին աշխատում, համակարգիչները չէին միանում:

Ժամանակին գիտավանի տարածքը քարքարոտ, խոպան հող է եղել, բայց 1960-ականներին կազմակերպված շաբաթօրյակների ժամանակ աշխատակիցները դեկորատիվ եւ պտղատու ծառեր են տնկել՝ ծիրանենիներ, դեղձենիներ, խնձորենիներ: Այսօր, սակայն, այգու մշակումը, ինչպես տնօրենն է նկատում, գլխացավանք է դարձել, քանի որ բյուջետային ֆինանսավորմամբ դրա համար հատկացում չկա, ստիպված միջոցներ են տրամադրում արտաբյուջետային գումարներից:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter