
ՀՔԾ պետ․ «Ես պնդում եմ՝ նախաքննության շահերից է բխում, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ»
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի համոզմամբ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ։
«Ես պնդում եմ՝ նախաքննության շահերից է բխում, որ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի փոփոխման հարցով փաստաբանների ներկայացրած միջնորդությունը։
«Մենք մեր միջնորդության մեջ նշել էինք, որ ազատության մեջ մնալով՝ Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունի ազդելու քրեական դատավարությանը մասնակից անձանց վրա»,- ասաց ՀՔԾ պետը։
Մեր հարցին՝ կալանքի մեջ գտնվելով Ռոբերտ Քոչարյանը չունի՞ նման հնարավորություն, Խաչատրյանն ասաց․ «Կալանքի մեջ գտնվելը այդ հավանականությունը փոքրացնում է զգալի չափով»։
Հարցին՝ կա՞ն տեղեկություններ, որ պաշտոնավարման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը փորձել է միջամտել նախաքննությանը կամ թաքցնել փաստերը, ՀՔԾ պետը պատասխանեց․
«Եթե նման տեղեկություններ էլ ունենամ, այդ մասին չեմ խոսի, կան կասկածներ, որ նա ազատության մեջ մնալով՝ կարող է խոչընդոտել քննությանը»։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 28-ից գտնվում է կալանքի տակ, նա մեղադրվում է 2008 թվականի Մարտի մեկի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու մեջ։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել