HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարության բյուջեից՝ 400 մլն դրամ Ալեքսանդր Սարգսյանի առողջարանին

Առողջապահության նախարարությունը վերջին 3 տարիներին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին պատկանող ընկերությանը հատկացրել է շուրջ 400 մլն դրամ գումար:

Առողջապահության նախարարությունը Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել «Գանձաղբյուր» ՍՊԸ-ի հետ: Դրանով նախարարությունը 2018-ին 143 մլն 218 հազար դրամ է նախատեսել հատկացնել ընկերությանը վերականգնողական բուժում իրականացնելու համար: Այս տարվա մայիսի 31-ի հանձնման-ընդունման արձանագրությունից պարզվում է, որ ավելի քան 44 մլն դրամն արդեն հատկացվել է:

Սակայն նախարար Արսեն Թորոսյանը, իր նշանակումից հետո, հայտնաբերել էր այս պայմանագիրը և ֆեյսբուք իր էջում առանձին անդրադարձել դրան: «Հերթական առողջարանը մեր «հարուստ» առողջապահական բյուջեում: Կենացները քաղցրանում են»,-գրել էր նա:

Պատահական չէր, որ նախարարն անդրադարձել էր այդ ընկերությանը:

«Գանձաղբյուր» ՍՊԸ-ն գրանցվել է 1999-ին: Այն Արզական համայնքում՝ Աղվերանի հանգստի գոտում գտնվող հանգստյան տուն և առողջարան է: Համաձայն ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի՝ «Գանձաղբյուր» ՍՊԸ-ի միանձնյա բաժնետերը հիմնադրման օրվանից Ալեքսանդր Սարգսյանն է: Առողջարանը, սակայն, գործել է դեռևս խորհրդային միության տարիներին: Թե ինչպես է այն անցել Ալեքսանդր Սարգսյանին, պարզ չէ:

Որպեսզի պարզենք, թե երբ է այն սեփականաշնորհվել և ում կողմից, ինչ պայմաններով, դիմեցինք Պետական գույքի կառավարման վարչությանը, որը, պարզվեց, նույնպես տեղեկություններ չունի:

«Հայտնում եմ, որ «Գանձաղբյուր» հանգստյան տունը մասնավորեցման ծրագրի ցանկերում ընդգրկված չի եղել, և ՀՀ ԿԱ ՊԳԿՎ նշված տեղեկատվությանը չի տիրապետում»,- հայտնել է վարչության աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վ. Հարությունյանը:

«Գանձաղբյուր» ՍՊԸ-ն տարիներ շարունակ պետության կողմից ֆինանսավորվող բժշկական կենտրոնների շարքում մեծ գումարներ է ստանում պետբյուջեից: Օրինակ՝ մոտավորապես նույն չափի գումարի պայմանագիր ԱՆ-ն 2018-ին կնքել է Մալայանի անվան հանրապետական ակնաբուժական կենտրոնի հետ, մի փոքր ավելի գումարի պայմանագիր՝ Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի հետ: Փոխարենը՝ դրանից շատ ավելի քիչ գումարներ են հատկացվել Հանրապետական մանկական վերականգնողական կենտոնին (93 մլն դրամ), մարզային բժշկական կենտրոնների մեծ մասին:

2017թ. ԱՆ բյուջեից 115 մլն դրամ է տրամադրվել «Գանձաղբյուր» ՍՊԸ-ին, այնքան, որքան նույն տարում Մալայանի կենտրոնին: Հանրապետությունում բյուջեից ֆինանսավորվող բժշկական հաստատությունների ցանկում ավելի շատ գումար 2017-ին տրամադրվել է 11 բժշկական կենտրոնների: Այսինքն՝ «Գանձաղբյուր» հանգստայան տուն-առողջարանը կարելի է ենթադրել, որ «մրցակցում» է հանրապետության խոշոր հիվանդանոցների հետ:

2016-ին «Գանձաղբյուր» առողջարանի հետ կնքվել է 155 մլն 760 հազար դրամի պայմանագիր,  բայց վճարվել է 140 մլն-ի չափով:  Այդ տարի բյուջեից իր ստացած գումարի մեծությամբ, Հայաստանի մյուս խոշոր հիվանդանոցների շարքում, «Գանձաղբյուր» առողջարանը 10-րդն է եղել:

Վերոշարադրյալը միայն վերջին երեք տարիներին էր վերաբերում: Սակայն նույնանման է եղել նաև Առողջապահության նախարարության «տրամադրվածությունը» «Գանձաղբյուր» առողջարանի նկատմամբ նաև նախորդող տարիներին:

Օրինակ՝ Լոռու մարզպետարանի 2011-12 գործունեության մասին հաշվետվությունից տեղեկանում ենք, որ Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացրել են հատուկ և սոցիալական անապահով խմբերի քաղաքացիներին հանրապետության առողջարաններ ուղեգրման գործընթաց: Դրա հիման վրա 2011թ.մարզից «Գանձաղբյուր» առողջարան ուղեգրվել է  36 քաղաքացի, 2012-ին՝ 5 քաղաքացի:

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում վերականգնողական առողջարանային բուժման ուղեգրերը Երևանի քաղաքապետարանին էլ է տրամադրվել, որով 2013 թ. Երևան քաղաքի համար հատկացվել է 208 ուղեգիր: Դրա կեսից ավելին` 120-ը բաժին է հասել «Գանձաղբյուր» ՍՊԸ-ին: Երևանի քաղաքապետարանը 2011-ին տրամադրել է 187 քաղաքացու, որից 90-ը՝ «Գանձաղբյուր» ՍՊԸ-ին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նամակից պարզ է դառնում, որ պետության կողմից երաշխավորված բժշկական անվճար օգնության և սպասարկման բնագավառում 2014թ. մարտ-մայիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների համար Երևանի հաշմանդամություն ունեցող անձանց հատկացվել են վերականգնողական առողջարանային բուժման ուղեգրեր, այդ թվում 120 ուղեգիր՝ «Գանձաղբյուր» առողջարանային կենտրոն:

Լուսանկարները` այստեղից 

Մեկնաբանություններ (6)

Artin Avedissian
Nicole Pashinian must put everybody in prison who stole the Armenian people's money. Armenia is not a poor country but the former government people were thieves! They looted the country. The change of government was long overdue!!!
Hagop
SCREW THIS GUY AND HIS SCUM BAG BROTHER. JAIL JAIL JAIL IS WHERE ALL THESE SCUM BAGS BELONG!!!
mahmouzian
you can smell l that the all family and their friends where crooks i will say all the member of the republican party starting with serge sargsian and family should be in jail and the rest of them. there are traitor. to Armenia.jail is the only place for those scums
Վաչե
Իսկ ինչու՞ նորանշանակ նախարարը նշված չարաշահումների մասին գրառում է կատարում իր ֆեյսբուկյան էջում, Փոխանակ դիմի պետական պաշտոնական խողովակներով։ Իսկ եթե նրա ֆեյսբուկյան գրառումը ոչ ոք չի ընթերցում, ․․․։
Արմենակ Եղիայեան
Սաշիկն ու նմանները չէին կրնար այս զեղծարարութիւնները ընել, եթէ իրենց կռնակը Սերժ Սարգսեան կոչուած տականքը չունենային: Պէտք է անյապաղ կալանաւորել նաեւ Սերժիկը, եւ ասոնց բոլորին փսխաել տալ իրենց յափշտակած գողօնը:
Լուսիկ
Որքան էլ գիտակցում էինք, որ ապրում ենք կոռումպացված, թալանչիների երկրում, բայց այս բանդիտական վերաբերմունք ամեն տեղ, ամեն ոլորտում դժվար էր պատկերացնել: Էս ինչպես են ատել Սերժը, իր շրջապատը, բարեկամները մեր Հայրենիքը, մեր ժողովրդին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։