HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպական դատարանում հաղթանակած նախկին զինվորը կալանավորված կմնա. 12 տարի անց քրեական գործ է վերաբացվել

Եվրոպական դատարանում հաղթանակած նախկին զինվոր, համածառայակցի սպանության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված Ալիկ Մաթևոսյանը կշարունակի մնալ փակ ռեժիմում՝ կալանավորվածի կարգավիճակում: Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը խափանման միջոց կալանավորումը թողել է անփոփոխ՝ մերժելով անգամ գրավ կիրառելու մասին պաշտպան Հարություն Բաղդասարյանի միջնորդությունը: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին Ալիկ Մաթևոսյանի եղբայրը՝ Վազգեն Մաթևոսյանն ու փաստաբան Հարություն Բաղդասարյանը: Պաշտպանը տեղեկացրեց, որ վերաքննիչ բողոք է պատրաստում:

Հիշեցնենք, որ 2017-ի ՄԻԵԴ-ի վճռից հետո, որով ճանաչվել էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգում) խախտում, Վճռաբեկ դատարանը նոր հանգամանքով գործը վարույթ էր ընդունել, ապա որոշել այն ուղարկել նոր քննության առաջին ատյանի դատարան՝ իր հերթին 19 տարեկանից անազատության մեջ գտնվող ու արդեն 12 տարի կալանավայրում գտնվող Ալիկ Մաթևոսյանի խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ:

12 տարի անց 19 տարեկանից ազատությունից զրկված նախկին զինվոր Ալիկ Մաթևոսյանի գործը վերաբացվել է նոր հանգամանքի հիմքով: Որպես նոր հանգամանք է ծառայել Եվրոպական դատարանի վճիռն ընդդեմ մեր պետության: Բայց դրանից դատապարտյալը չի շահել, հակառակը՝ տուժել է: 15 տարվա ազատազրկան դատապարտված Ալիկ Մաթևոսյանը դատապարտյալից դարձել էր կալանավոր՝ այդ կարգավիճակից բխող բոլոր բացասական հետևանքներով՝ կիսաբաց ռեժիմային վիճակից անցնելով փակի, երկարատև տեսակցությունների արգելքով (թեպետ բանտում ամուսնացել է, ունեցել է տարեկան 6 երկարատև տեսակցություն), օրական 1 ժամյա զբոսանքով՝ 7 ժամվա փոխարեն: Ալիկ Մաթևսոյանին տեղափոխել են «Գորիս» ՔԿՀ, որպեսզի մասնակցի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության:

Ստացվում է, որ ՄԻԵԴ-ում վճիռ է կայացվել ի օգուտ Ալիկ Մաթևոսյանի, սակայն դրանից վատթարացել է նրա վիճակը. ահազանգում է փաստաբանը:

Նշենք, որ այս քրեական գործի ամբողջ շրջապտույտը տևել է 11 տարի՝ 2006-2017թթ., այնուամենայնիվ մինչ օրս դեռ հանգուցալուծված չէ: Անցնելով բոլոր երեք դատական ատյաններով` 2010-ին ուղարկվել է ՄԻԵԴ: 7 տարի անց՝ 2017-ի սեպտեմբերի 14-ին, ՄԻԵԴ-ը հերթական վճիռն էր կայացրել ընդդեմ մեր պետության. «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրվել էր, որ քննության նյութ չեն դարձել Ալիկ Մաթևոսյանի կողմից խոշտանգման մասին վկայությունները, ինչը հանգեցրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման: ՄԻԵԴ-ը մեր պետությանը պարտավորեցրել էր 6000 եվրոյի ոչ նյութական փոխհատուցում տրամադրել Ալիկ Մաթևոսյանին:

Լուսանկարում փաստաբան Հարություն Բաղդասարյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter