Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց
Վերաքննիչ քրեական դատարանը` Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, ազատ արձակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` բեկանելով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը` հաշվի առնեով, որ նախագահը անձեռնմխելի է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Ռուբեն Սահակյանը։ Դատավորը որոշեց բավարարել փաստաբանների ներկայացրած միջնորդությունները։
Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանները օգոստոսի 1-ին բողոք էին ներկայացրել Վերաքննիչ դատարան` վերացնելու ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Փաստաբան Հայկ Ալումյանն իր հերթին առանձին միջնորդություն էր ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու համար։ Դատական նիստը երկու օր շարունակվել է։ Նիստից հետո փաստաբանները լրագրողների հետ զրույցում նշել էին, որ Քոչարյանը լավ ելույթ է ունեցել եւ հնարավոր է` ելույթի մի մասը հետագայում հրապարակվի։
Հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու համար։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կալանավորումը ընտրվել է հուլիսի 8-ին։
Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ասում է, որ մեղադրանքը քաղաքական հետապնդում է եւ վենդետա իր անձի դեմ։ Իսկ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով` պաշտոնաթող նախագահին առաջադրված մեղադրանքը քաղաքական մանիպուլյացիա է։
Ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտնել էր, որ Քոչարյանի կալանքը բխում է նախաքննության շահերից:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել