HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքագետը հայերենի ինքնուսույց է հրատարակել ռումինախոսների համար

Ռումինիայի հայկական համայնքի 90-95 տոկոսը հայախոս չէ: Ռումինիայում բնակվող միջազգայնագետ, սփյուռքագետ Արսեն Արզումանյանն ասում է, որ դա տրամաբանական բացատրություն ունի, և ինքն ընտրել է ոչ թե մեղադրելու, այլ հայերենի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու ուղին:

Շաբաթներ առաջ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում «Հայկական փողոց» փառատոնին տեղի է ունեցել Արսեն Արզումանյանի գրքի շնորհանդեսը: Հայերեն թարգմանությամբ գիրքը կոչվում է «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար», իսկ ռումիներենով հնչում է «Հայերենի ուսուցում առանց ուսուցչի»: Առաջին տպաքանակը սպառվել է հենց նույն օրը: Ըստ հեղինակի՝ ամբողջ տպաքանակը կհասնի 2000-ի:

1000-ամյա հայկական համայնքը

Արսեն Արզումանյանը 7 տարի է՝ բնակվում է Ռումինիայում: Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ավարտելուց հետո Հայաստանի և Ռումինիայի միջև կնքված կրթական միջպետական ծրագրով գնացել է Բուխարեստ դոկտորական կրթություն ստանալու նպատակով: Դոկտորականի թեման էլ Ռումինիայի հայկական համայնքի պատմության, ներքաղաքական կյանքի, տնտեսական և մշակութային ազդեցության մասին էր:

Հայկական սփյուռքի պատմության մեջ Ռումինիայի հայկական համայնքը համարվում է ամենահներից մեկը: Արսենն ասում է, որ այն ավելի քան 1000 տարվա պատմություն ունի: Այստեղ առաջին հայերը Անիից են եկել:

2011-ի մարդահամարի տվյալներով (սա առայժմ վերջին վիճակագրությունն է)՝ Ռումինիայում հայերի թիվը 1361 է: Արսենի կարծիքով՝ իր հետազոտությունների արդյունքից ակնհայտ է, որ հայերի թիվն ավելի մեծ է, քան պաշտոնական տվյալն է: Օրինակ, բնակավայր է գնացել, որտեղ պաշտոնական վիճակագրությամբ հայ չի եղել, սակայն ինքն այդտեղ գտել է հայերի: Ըստ Արսենի՝ մարդահամարը փոքր-ինչ փնթի է արվել, և չի բացառվում, որ մի շարք այլ երկրներում էլ է այդպես արվել:

Զրուցակիցս նշում է, որ շատ է շրջել Ռումինիայի հայկական բնակավայրերով, վստահաբար կարող է ասել, որ իրականում հայերի թիվը մեծ է, սակայն ընդգծում է մի հանգամանք, թե «հայ» ասելով ինչ ենք հասկանում: Արսենը նշում է, թե Ռումինայում բնակվող հայ կա, որ 50 տոկոսով է հայ, սակայն որևէ կապ չունի հայկականության հետ, ամեն ինչից կտրված է, միայն գիտի, որ հայ է, և հակառակը՝ 12,5 տոկոսով հայ կա, որի պապի հայրը կամ մայրն է հայ եղել, սակայն իրեն ուղնուծուծով հայի պես է պահում: Այդպիսի մարդիկ կան, ովքեր մինչ օրս պահպանում են իրենց ինքնությունը:

Սփյուռքագետն ասում է, թե չենք կարող համայնքին մեղադրել, որ դրա մոտ 90-95 տոկոսը հայախոս չէ, քանի որ հիմնավոր պատճառներ կան. Ռումինիան շուրջ 40 տարի կոմունիստական ժամանակաշրջանում է ապրել, այս ընթացքում փակվել է հայկական դպրոցը, ինքնությանն առնչվող ամեն ինչ կորցրել են, իսկ այն, ինչ կարողացել են պահել, մեծ բան կարելի է համարել: Այսօր Ռումինիայում մոտ 20 հայկական եկեղեցի և վանք կա 14-րդ դարից սկսած: Զրուցակցիս խոսքով՝ մշակութային բացառիկ ժառանգություն կա Ռումինիայում. առաջին հայկական եկեղեցին թվագրվում է 1350 թ.-ով, նախքան դա, ըստ ավանդությունների, եղել են փայտաշեն եկեղեցիներ:

Հայաստանից գնալուց հետո Արսենին զարմացրել էին Ռումինիայի հայկական համայնքի խնդիրները: Առհասարակ, ըստ նրա, Հայաստանում սխալ պատկերացում ունեն սփյուռքի մասին, իսկ Արևելյան Եվրոպայի մասին տեղեկությունները շատ քիչ են թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում:

«Այս ամենը տեսնելով՝ հասկացա, որ համայնքի շարունակականությունը կարող է պահպանվել բացառապես Հայաստանի հետ կապի շնորհիվ, իսկ դրա նախապայմանը լեզուն է, որովհետև պատկերացրեք՝ շատ ու շատ մասնագետներ են եկել Հայաստանից, խնդիրների են բախվել, որովհետև ընդհանուր լեզու չունեին, շատ հետազոտողներ են եկել, և այն արդյունքը չեն ունեցել, որ կարող էր լիներ, քանի որ լեզվին չէին տիրապետում»,- նշում է Արսեն Արզումանյանը, ով ռումիներեն սկսել է սովորել զրոյից հենց Ռումինիայում ու այսօր արդեն ռումիներեն գիրք է հրատարակում:

Ինչպե՞ս Ռումինիայում հայերեն սովորել առանց ուսուցչի

«Ինձ համար մեր էթնոսը լեզուն է: Հայկականության շարունակությունն այս երկրում հնարավոր է բացառապես Հայաստանի հետ կապի շնորհիվ, ինչը նշանակում է լեզվի իմացություն: Հենց այդ պատճառով էլ նախաձեռնեցի այս ինքնուսույցի պատրաստումը»,- նշում է գրքի հեղինակը:

Միտքը ծնվել է 5 տարի առաջ, երբ նրան խնդրել էին օգնել հայերեն սովորել: Դրան զուգահեռ Արսենն սկսել էր հայերեն դասավանդել հայկական համայնքի որոշ բնակավայրերում: Տարիների ընթացքում ինքնուսույցի գաղափարը կատարելագործվել էր, Արսենին առավելապես հետաքրքրում էր հայերենը նոր մեթոդով ներկայացնելու հանգամանքը: Ասում է՝ սկսել էր ուսումնասիրել արտասահմանում հրատարակված ինքնուսույց ձեռնարկները:

Ըստ նրա՝ շատ դեպքերում հայերենի ուսուցման դասական մեթոդն արդեն արդիական չէ: Ասում է՝ երիտասարդությունն այսօր այնքան զբաղմունք ունի, որ տառեր սովորելու, քերականություն անցնելու համար մի քանի տարի կպահանջվի: «Այն երկրներում, որտեղ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հայկական դպրոց չկա, մտածեցի, որ ամենաճիշտ մեթոդը տառադարձայինն է: Խոսքն ինչի՞ մասին է. ռումիներենով ներկայացվում է հայոց լեզվի ամբողջ քերականությունը ռումիներենի և հայերենի մի շարք ընդհանրություններով և տարբերություններով: Հայերենը ներկայացվում է տառադարձային մեթոդով, որը հարմարեցված է ռումիներենին: Ամեն դասին տրվում են հայերեն տառերը, նաև բառեր կան, այսինքն՝ տառերով չեմ ծանրաբեռնում ընթերցողին: Մինչև 39 տառ սովորեն, այնուհետ անցնեն լեզուն սովորելու, մոտ 3 տարի կտևի: Այդ պատճառով ճիշտ հակառակն եմ արել. օրինակ, ինչպես է, որ 6-7 տարեկանում լեզուն գիտենք, բայց գրել-կարդալ չգիտենք»,- ասում է գրքի հեղինակը, ապա ավելացնում, որ ձեռնարկի վերջում նույնիսկ հայկական 5 երգ կա, որոնք նաև ռումիներեն թարգմանությամբ են ներկայացված:

Հայերենի ինքնուսույցի հրատարակումը ֆինանսավորվել է պետբյուջեից

Գիրքը հրատարակվել է Ռումինիայում գործող «Արարատ» հրատարակչության կողմից: Ինչպես հրատակչությունը, այնպես էլ Ռումինահայոց միությունը ամբողջությամբ գործում են Ռումինիայի պետական բյուջեի ֆինանսավորմամբ:

Տարվա ընթացքում պետական ֆինանսավորմամբ առավելագույնը 20 գիրք է հրատարակվում «Արարատում»: Հրատարակչության տնօրենն է որոշում, թե որ գրքերն են արժանի տպագրության: Այդ դեպքում գրքերը վաճառքի չեն հանվում:

Արսենն ասում է, որ եթե այլ հրատարակչությունում տպագրեր, շահույթ կունենար, սակայն դա չէր նպատակը, այլ հայապահպանության հարցը: Շնորհանդեսին ամբողջ տպաքանակը սպառվել է, ինչը հաճելիորեն զարմացրել է Արսենին:

Ռումինիայում հայկական հետքերով

Արսենը հիմա աշխատում է երկրորդ գրքի վրա:

Ռումինիայում հայկական հետքերով է գնում: Մոտ 200 հայկական հետքեր ունեցող բնակավայրերի մեծ մասում է եղել: Այնպիսի վայրեր է գնացել, որտեղ ասել են, թե 50 տարի հայ չի եկել իրենց մոտ: Արսենն ասում է՝ արցունքներով նայում էին, ձեռքով դիպչում, կարծես չէին հավատում, որ տասնյակ տարիներ անց իրենց բնակավայր հայ է եկել: «Եթե այդ աշխատանքն արվեր 50 տարի առաջ, հազար անգամ արդյունավետ կլիներ, որովհետև ավելի շատ մարդկանց հիշողություններ գրի կառնվեին, ավելի շատ տեղեկություններ կունենայինք»,- ասում է սփյուռքագետը:

Գիրքը, հավանաբար, լույս կտեսի հաջորդ տարվա գարնանը հայերեն և ռումիներեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter