HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Փհէկերի շահագործման նոր կանոններ կսահմանվեն․ ՀԲՃ-ն առաջարկում է գնալ ավելի ռադիկալ քայլերի

Փոքր հէկեր չեն կառուցվի եւ շահագործվի այն տարածքներում, որտեղ կլինեն բույսերի, ձկնատեսակների կամ ջրային կենդանիների վերացող՝ Կարմիր գրքում գրանցված եւ էնդեմիկ տեսակներ։ Փհէկերի շահագործումը կարգելվի նաեւ այն դեպքում, եթե դրանք տեղակայված են բնության հուշարձաններից առնվազն 150 մետր հեռավորության վրա։  

Բնապահպանության նախարարությունը Հայաստանում ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը եւ հավասարակշռությունը ապահովելու նպատակով մշակել է փոքր հէկդրի կառուցման եւ շահագործման չափորոշիչների փաթեթ։ Այն դրվել է հանրային քննարկման։ Նախարարությունը ձգտում է կանխարգելել կամ կնվազեցնել շրջակա միջավայրի վրա փոքր հէկերի վնասակար ազդեցություն: 

Ըստ հավելվածի՝ սողանքային տարածքների առկայությունը նույնպես որոշիչ կլինի հէկերի գործունեությունը թույլատրելու կամ արգելելու համար։ Ինչպես հայտնի է, Հայաստանը սողանքային տասնյակ գոտիներ ունի, որոնց մի մասում գործում են փոքր հէկեր։ 

Հայաստանի Հանրապետության տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրերի առկայության դեպքում նույնպես կառավարությունը մերժելու է փոքր հէկ գործարկելու ցանկացած հայտ։ Նույնը՝ եթե այլ հիդրոէլեկտրակայանների գործունեության արդյունքում գետի 40 եւ ավելի տոկոսը դերիվացիոն խողովակներով արդեն ծանրաբեռնված է։ 

Փհէկի շահագործման հայտերի դեպքում նախարարությունը կստուգի նաեւ կառուցվող կայանի հեռավորությունը մոտակա բնակավայրից, աղմուկի ազդեցությունը շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա: Մի խոսքով՝ իսկական Նորվեգիա։ Սակայն հատկանշական է, որ այս ամենը չի տարածվելու փհէկերի կառուցման կամ շահագործման համար արդեն իսկ ջրօգտագործման թույլտվություն ստացած փոքր կայանների վրա: Սա, ըստ էության, բիզնես դաշտում ցնցումներ չառաջացնելու համար է։

Նախարարությունը, որպես նախագծի հիմնավորում, նշել է, որ չնայած հիդրոէներգետիկան համարվում է էկոլոգիապես մաքուր եւ միտված է CO2 ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, այնուամենայնիվ, վերջին տարիներին ակտիվ ջրօգտագործման, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության հետեւանքով գետային հոսքի նվազման պատճառով փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործումը բացասական ազդեցություն է ունենում էկոհամակարգերի վրա: 

Բնապահպանության նախարարությունն արդեն քանի ամիս է՝ ուսումնասիրում է փոքր հէկերի ոլորտի խախտումները: Նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել է, որ բացահայտվել են փոքր հէկերի կողմից իրենց տրված ջրօգտագործման թույլտվությունների չափաքանակից ավելի ջրառի դեպքեր: Ըստ նախարարի՝ առնվազն 20 փհէկ 30-50 տոկոս ավելի ջրառ են իրականացրել: Նրանց օրենքով սահմանված կարգով հնարավորություն է տրվել կոնկրետ ժամանակահատվածում վերացնել խախտումները։ Դա չանելու դեպքում նախարարությունն իրավունք ունի ուղղակի դադարեցնել այդ ընկերություններին տրված թույլտվությունները: 

Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը Բնապահպանության նախարարության մշակած նախագիծը համարում է թույլ, առանց կտրուկ գործողությունների հեռանկարի փաստաթուղթ։ Նրա խոսքով՝ այս ոլորտում ավելի կտրուկ գործողություններ են պետք, քանի որ վիճակը շատ ավելի լուրջ է։ 

ՀԲՃ-ն այլ առաջարկ ունի 

Հայկական բնապահպանական ճակատը փոքր հէկերի շահագործման թեմայով իր առաջարկներն ունի կառավարությանը։ 

Լեւոն Գալստյանն ասում է, որ անհրաժեշտություն կա անտառային տարածքներում հոսող գետերի վրա, հատուկ պահպանվող տարածքներում եւ դրանց բուֆերային գոտիներում որեւէ փհէկի թույլտվության տրամադրումն արգելելու։ Նաեւ պետք է արգելել ջրագրական հուշարձանների ջրահավաք ավազաններում փհէկերի կառուցումն ու շահագործումը։ 

«Բնության հուշարձաններից 150 մետր շառավղի պահպանումը լավ է, բայց ջրագրական հուշարձանների պարագայում, երբ գլխավոր բաղադրիչը ջուրն է, ջրահավաք ավազանում չպետք է հիդրոկայաններ կառուցվեն, որովհետեւ դա ուղղակիորեն կազդի ջրի քանակի վրա, եւ հուշարձանն իր բնական տեսքն ու արժեքը կկորցնի։ Էլի շատ խնդիրներ կան, որոնց լուծման համար ռադիկալ քայլեր են պետք։ Միգուցե նման քայլերի գնալու ռիսկ չկա, բայց հուսով ենք, որ աստիճանաբար այս բոլոր խնդիրները կլուծվեն»,-ասում է ՀԲՃ անդամը։ 

Հայկական բնապահպանական ճակատը, մինչ փաստաթղթի մշակումը, եւս մեկ կոնկրետ առաջարկ է ներկայացրել կառավարությանը։ Ըստ ՀԲՃ-ի՝ փոքր հիդրոէլեկտրակայանների առավելագույն հզորությունը պետք է սահմանվի մինչեւ 10 ՄՎտ։ Սա այն առավելագույն շեմն է, որ Հայաստանում գործում էր մինչեւ 2011 թվականը։ 

Ըստ Լեւոն Գալստյանի՝ սա շատ ճիշտ մոտեցում էր եւ համապատասխանում էր ինչպես Հայաստանի գետերի ջրաբանական եւ ձեւաբանական առանձնահատկություններին, այնպես էլ միջազգայնորեն ընդունված պրակտիկային։

2011 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարության կողմից ընդունված մի որոշմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկվել էր փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանել մինչեւ 30 ՄՎտ հզորությունը: 

«Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը կառավարությանը որպես հիմնավորում ներկայացրել էր ընդամենը մեկ շատ կասկածելի փաստարկ․ «Հայաստանի Հանրապետությունում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու նպատակով»։ Հատկանշանական է նաեւ, որ այդ որոշման նախագծին կից տեղեկանք-հիմնավորման մեջ ոչ մի պետական կամ այլ կառույցների կարծիք ներկայացված չէ՝ ինչը պարտադիր արվում է կառավարության որոշումներ ընդունելուց առաջ»,-ասում է Լեւոն Գալստյանը։ 

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն այս խնդիրը ժամանակին ուսումնասիրել է եւ պարզել, որ այս որոշումն ընդունվել է միայն մեկ տնտեսվարողի՝ «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության շահերը սպասարկելու համար, որպեսզի էլեկտրաէներգիայի գնման սակագնի բարձրացման արդյունքում կտրուկ ավելանան նրանց եկամուտները։ Դեռ 2015 թվականին հրապարակված «Տարեկան 1,5 միլիարդ դրամ է նվիրվում «ՁորաՀԷԿ»-ի սեփականատերերին» ուսումնասիրության մեջ հակիրճ նկարագրված է վերոնշյալ որոշման իրական նպատակն ու ակնհայտ կոռուպցիոն, հովանավորչական բնույթը։ 

Ուշագրավ է նաեւ, որ 2011 թվականից հետո 10-30 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող եւ ոչ մի նոր փհէկ Հայաստանի տարածքում չի կառուցվել։ 

ՀԲՃ-ն կառավարությանն առաջարկում է փոփոխություն կատարել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետում եւ առաջարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանել մինչեւ 10 ՄՎտ տեղակայված հզորությունը»: 

Հայկական բնապահպանական ճակատի առաջարկությունը կառավարության աշխատակազմից հասցեագրել են Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն։ Լեւոն Գալստյանը հայտնեց, որ դեռեւս պատասխան չեն ստացել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter