HY RU EN

Ամալյա Մարգարյան

Արտակ Զեյնալյանը կառաջադրվի քաղաքապետի թեկնածու

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կգլխավորի «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համատեղ ստեղծվելիք դաշինքի նախընտրական ցուցակը սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում։ Այս մասին նախարարը հայտնեց այսօր հրավիրած ասուլիսում։

Արդարադատության նախարարն ասաց, որ երկու կուսակցությունները Երեւանի ավագանու ընտրություններին հանդես են գալու դաշինքով, որի ցուցակը կգլխավորի ինքը։ Զեյնալյանը նշեց, որ արձակուրդ գնալու դիմում կներկայացնի նախարարություն, կմասնակցի նախընտրական քարոզարշավին եւ չի համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ։ «Մեր երկու կուսակցությունների համատեղ քննարկման արդյունքում կայացրած որոշում է»,- հավելեց Զեյնալյանը։

Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ արդեն ներկայացրել են հետեւյալ կուսակցությունները. «Քաղաքացիական պայմանագիր»` քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության, «Բարգավաճ Հայաստան»` քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյան, «Գալա»` քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան, «Երկիր Ծիրանի»` քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյան. «Ժառանգություն»` քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան:

Լուսանկարը` արխիվային