
Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Ազգային անվտանգության ծառայությունը միջազգային հետախուզում է հայտարարել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը։
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանի՝ Արամի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։
Նարեկ Սարգսյանը հետախուզման մեջ է արդեն մեկուկես ամիս` հուլիսի 5-ից։ Այդ օրվանից մինչ օրս նա չի ներկայացել Ազգային անվտանգության ծառայություն։ ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Նարեկ Սարգսյանը հունիսի 22-ին իր թիկնապահի հետ մեկնել էր Մոսկվա։
Հուլիսի 7-ին Հատուկ քննչական ծառայությունը հետախուզում է հայտարարել նաև Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի և նրա դստեր՝ Անի Սարգսյանի նկատմամբ։ Լևոն Սարգսյանին կալանավորելու որոշում ևս կայացվել է, սակայն, ՀՔԾ-ի փոխանցմամբ, հայր և դուստր Սարգսյանները մինչ այժմ չեն ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, Լևոն Սարգսյանը, նրա դուստրը և որդին թաքցրել են իրենց եկամուտները։ Նրանց ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու փաստերով հարուցվել էր քրեական գործ:
Մեկնաբանել