HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ինչ հիմքերով են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել կառավարության անդամները. մաս 1

«Հետքը» սկսում է գործող ու նախկին պաշտոնյաների և վերջիններիս որդիների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ուսումնասիրություն, որը լինելու է շարունակական: Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր բարձրաստիճան պաշտոնյաների որդիների ծառայել-չծառայելու հարցի մասին:

«Հասկանալի է, որ այս պայմաններում մենք առանձնահատուկ քննության ենք ենթարկելու բարձրաստիճան պաշտոնյաների որդիների, այդ թվում՝ նախարարների, ԱԺ պատգամավորների որդիների բանակում ծառայած լինել-չլինելու հանգամանքը և պիտի հոգ տանենք, որ նրանք, ովքեր ծառայությունից ազատվելու օրենքով նախատեսված հիմնավոր և օրինական պատճառներ չունեն, ծառայեն, իսկապես ծառայեն բանակում, ինչպես Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացրած երիտասարդներն ու պատանիները»,- ասել էր Փաշինյանը:

«Հետք»-ին հայտնի էր դարձել, որ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ են սկսվել բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը պարզելու համար, ինչը և վարչապետի մամուլի քարտուղարը հաստատել էր:  Ավելի վաղ դիմել էինք ՊՆ՝ մի քանի հարյուր նախկին ու ներկա պաշտոնյաների և նրանց որդիների` ծառայությունից ազատման և ծառայություն անցնելու մասին տեղեկություն խնդրելով:

Մեր հարցման ցուցակի մի մասի հրապարակումից հետո եղան պաշտոնատար անձանց որդիներ, որոնք դիմեցին «Հետք»-ին՝ վստահեցնելով, թե զինվորական ծառայությունից օրինական հիմքով են ազատվել՝ ունեցել են կամ ունեն առողջական խնդիր: 

Բժշկական տեղեկանքների վերաբերյալ հասարակության շրջանում թերահավատություն միշտ էլ եղել է, և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիներին փաստաթղթերի կեղծման համար առաջադրված մեղադրանքը դրա ևս մեկ ապացույցն է։ Օգոստոսի 11-ին էլ Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ այս տարվա զորակոչի շրջանակում նախկինում առողջական խնդիրների պատճառով տարկետում ստացած 600 քաղաքացի զորակոչվել է բանակ:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կառավարությունից ակնկալում ենք նման հիմքով ազատված քաղաքացիների բժշկական տեղեկանքների կրկնակի փորձաքննություն, ինչին, ի դեպ, մեր հարցումների պատասխաններում իրենց համաձայնությունը մի շարք պաշտոնատար անձինք տվել են:

Շարքը սկսում ենք գործող կառավարության կազմից, հարցումներով դիմել ենք կառավարության բոլոր այն անդամներին, որոնք, ըստ Պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվության, ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից: Վերջիններիս խնդրել ենք հստակեցնել, թե ինչ հիմքով են ազատվել ծառայությունից և արդյոք առողջական հիմքի դեպքում պատրաստ են ևս մեկ անգամ փորձաքննության ենթարկվել:

Եւ այսպես՝ սկսենք կառավարության ղեկավարից. պարտադիր զինվորական ծառայություն չի անցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դեռ պատգամավորության տարիներին բազմիցս անդրադարձել է այս հարցին: Փաշինյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, քանի որ այդ տարիներին գործող օրենսդրության համաձայն՝ եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են, ապա երրորդն ազատվել է ծառայությունից, իսկ Փաշինյանի ավագ եղբայրները ծառայել են:

Պարտադիր զինվորական ծառայություն չի անցել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Ըստ վերջինիս կենսագրական տվյալների՝ նա պատմական գիտությունների թեկնածու է, և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքը ակադեմիական տարկետումն է:

Մյուս փոխվարչապետի` Տիգրան Ավինյանի գրասենյակից մեր հարցին ի պատասխան հայտնել են, որ Ավինյանը Սլավոնական համալսարանի «Կիրառական մաթեմատիկայի» ֆակուլտետում ուսումնառության ընթացքում՝ 2005-2009 թվականներին, ակադեմիական տարկետում է ստացել:

Պատասխանում նաև նշվում է, որ Ավինյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից «Զինապարտության մասին» օրենքի հոդված 12-ի ա կետի համաձայն: Տեղեկացնենք, որ փոխվարչապետ Ավինյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով, այդ կետի համաձայն՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին հանվում է զինվորական հաշվառումից:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատրաստակամ է օրենքով սահմանված դեպքերում և կարգով ներկայանալ համապատասխան պետական մարմիններ և անցնել անհրաժեշտ ընթացակարգերով»,- ասված է հարցման պատասխանում:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ևս առողջական հիմքով է ազատվել ծառայությունից` համաձայն Պաշտպանության նախարարի 2006 թվականի 378 հրամանի: Նախարարության մատնանշած առողջական խնդրի դեպքում զորակոչիկներին տրվում է տարկետում, ըստ որի` զինծառայողները խաղաղ ժամանակ պիտանի չեն, պատերազմական ժամանակ պիտանի են ոչ շարային ծառայության համար:

Հարցման պատասխանում նախարարությունից հիշեցրել են, որ Արայիկ Հարությունյանը ենթակա չէ զորակոչի, ուստի կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն չկա:

«Հավելենք նաև, որ Արայիկ Հարությունյանը որպես կամավոր մասնակցել է 2016 թվականի ապրիլյան պատերազմին, կատարել մարտական առաջադրանքներ»,- նշվում է հարցման պատասխանում:

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, փոխնախարարներ Արամայիս Գրիգորյանն ու Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Նախարարի և փոխնախարար Արամայիս Գրիգորյանի՝ ծառայությունից ազատման հիմքերի մասին տեղեկատվություն նախարարությունից հրաժարվել են տրամադրել՝ նշելով, որ պահանջվող տեղեկությունը խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը:

«Ինչ վերաբերում է ձեր այն հարցմանը, թե արդյոք Սփյուռքի նախարարը և փոխնախարարը պատրաստ են կրկնակի բժշկական փորձաքննություն անցնելու, ապա հայտնում ենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն` սահմանված է քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության կարգը, որի սուբյեկտն են զորակոչի ենթակա 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները՝ մինչ 27 տարին լրանալը»,- ասված է հարցման պատասխանում:

Սփյուռքի մյուս փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանի՝ ծառայությունից ազատման հիմքը նախարարությունը տրամադրել է: Բաբկեն Տեր-Գրիգորյանը ծնվել է 1985 թվականին Փարիզ քաղաքում, ապա տեղափոխվել ԱՄՆ, որտեղ էլ 2007 թվականին ԱՄՆ քաղաքացիություն է ստացել:

«ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Բաբկեն Տեր-Գրիգորյանը դիմել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն 2014 թվականի օգոստոսի 2-ին, այսինքն` երբ լրացած է եղել նրա 28 տարի 10 ամիսը և օրենքի համաձայն` զորակոչի ենթակա չի եղել: ՀՀ քաղաքացիությունը Բաբկեն Տեր-Գրիգորյանին շնորհվել է 2015 թվականի ապրիլի 1-ին, և նա սահմանված կարգով ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր»,- ասված է հարցման պատասխանում:

Մեզ հետ զրույցում Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ասաց, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Նաեւ` տրամադրեց իր հիվանդության պատմության եզրակացությունը (էպիկրիզ):

Պարզելու համար` արդյոք նման էպիկրիզով նա կարող էր ազատվել ծառայությունից, դիմել ենք Պաշտպանության նախարարություն, սակայն պատասխան դեռ չենք ստացել:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ինչպես մեզ են փոխանցել նախարարությունից, 1995 թվականին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, իսկ 1995-1998թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: Մինասյանն իր զինվորական պատրաստությունը ստացել է ԵՊՀ զինվորական ամբիոնում: Ունի լեյտենանտի զինվորական կոչում, պահեստազորի սպա է:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վաղաժամ է զորացրվել: Թորոսյանը զորակոչվել է բանակ 2015-ի դեկտեմբերին՝ 33 տարեկան հասակում՝ որպես բուժծառայության լեյտենանտ:

«10 ամիս պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով վաղաժամկետ Արսեն Թորոսյանը զորացրվել է առողջական խնդիրների պատճառով: Մինչև 33 տարեկանը նույն հիվանդության կապակցությամբ Թորոսյանը ստացել է տակետում»,- ասված է նախարարության պատասխանում:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք նախարարը պատրա՞ստ է նորից անցնել համապատասխան բուժզննում, նախարարությունից հայտնել են, որ նշված գործընթացներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյաների թվում է Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Վերջինս փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից, երբ վարչապետը Կարեն Կարապետյանն էր: Արդարադատության նախարարությունը մերժել է տեղեկության տրամադրումը՝ վկայակոչելով մի շարք իրավական կարգավորումներ, ըստ որոնց` «Արդարադատության նախարարությունը չի կարող հանդիսանալ մեր կողմից խնդրարկված տեղեկատվության տրամադրման պահանջի հասցեատեր, քանի որ  «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով պահանջվող տեղեկատվության տնօրինողը չէ»:

Բնապահպանության նորանշանակ փոխնախարար Գնել Սանոսյանը ամուսնացել և զավակներ է ունեցել դեռևս ուսումնառության տարիներին: 2006 թվականին Սանոսյանն ավարտել է մագիստրոսական ուսումնառությունը, հենց այդ թվականի ապրիլին էլ ծնվել է նրա երկրորդ զավակը: «Զինապարտության մասին» օրենքի համաձայն՝ ընտանեկան դրությամբ տարկետման իրավունք տրվում է երկու և ավելի երեխա ունեցող զինապարտին:

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Ինչպես փոխանցել են կառավարությունից՝ առողջական հիմքով:

«Անհրաժեշտության դեպքում պարոն Աղաջանյանը պատրաստ է կրկին անցնել համապատասխան բուժզննում և տրամադրել տեղեկանք»,- ասված է պատասխանում:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը ևս ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Մեր հարցմանն ի պատասխան` Խանդանյանը հայտնել է, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական խնդրի պատճառով:

«Եթե անհրաժեշտություն ծագի, օրենքով սահմանված կարգով պատրաստ եմ անցնել բուժզննում և արդյունքների վերաբերյալ տեղեկացնել հանրությանը»,- ասված է հարցման պատասխանում:

Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանն ազատվել է ծառայությունից «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի դրույթներին համապատասխան: Խառատյանը մինչ 2008 թվականն օգտվել է ակադեմիական տարկետման իրավունքից և ուսանել ասպիրանտուրայում: 2008 թվականի մայիսի 28-ին անհայտ անձանց կողմից հարձակման ենթակվելու դեպքից հետո Խառատյանը արտերկիր է մեկնել, այդ ժամանակ նա եղել է 26 տարեկան: Զորակոչին չներկայանալու համար Խառատյանը վճարել է օրենքով նախատեսված տուրքը և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

ԿԱ պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը ևս պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյա է: Մեր հարցմանն ի պատասխան` ՊԵԿ-ը վկայակոչել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի 23-րդ հոդվածի երկրորդ մասը, որի համաձայն` եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են բանակում, ապա երրորդ եղբայրն ազատվում է զինվորական ծառայությունից։

«Դավիթ Անանյանի երկու ավագ եղբայրները ծառայել էին բանակում (միջնեկ եղբայրը եղել է նաև ազատամարտիկ՝ «Սասուն» ջոկատի կազմում՝ շուրջ չորս տարի մասնակցելով Արցախյան հերոսամարտին»,- ասված է հարցման պատասխանում:

ԿԱ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Նավասարդյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է «Զինապարտության մասին» օրենքի 13-րդ հոդվածով՝ ընտանեկան դրության բերումով տարկետմամբ՝ երկու և ավելի երեխա ունենալու հիմքով:

Ըստ ՊՆ-ի տրամադրած տեղեկատվության՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է նաև ԿԱ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը: Տեսչությունից մեր հարցմանն ի պատասխան հստակեցրել են, որ Շագաֆյանը կառավարության 1999 թվականի մարտի 18-ի թիվ 164 որոշման համաձայն ակադեմիական տարկետում է ստացել:

«2002-ին ավարտելով Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը` Ալեքսանդր Շագաֆյանը 2002-2007 թվականներին աշխատանքի է նշանակվել Լոռու մարզի Ջիլիզա սահմանամերձ գյուղում: Ալեքսանդր Շագաֆյանն ունի զինվորական գրքույկ համապատասխան նշումով»,- ասված է պատասխանում:

ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է գիտական աստիճան ունենալու հիմքով:

«Ավետիք Էլոյանը 2001 թվականին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով ճարտարապետական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան»,-ասված է կոմիտեի տված պատասխանում:

Վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով:

Վարչապետի մեկ այլ օգնական` Նաիրի Սարգսյանը ևս պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով:

«Ձեր մտահոգությունը փարատելու համար նշեմ, որ ըստ սահմանված ժամանակացույցի՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում պետք է նորից ներկայանամ բուժզննման: Խոստանում եմ ձեզ նախապես տեղեկացնել բուժզննման օրվա և անցկացման տեղի ու ժամի մասին»,- ասված է հարցման պատասխանում:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար Վահան Կոստանյանը, ըստ ՊՆ պարզաբանման, ներգրավված է 2018 թվականի ամառային զորակոչային միջոցառումներում:

ՀԳՔանի որ հարցումներին զուգահեռ կառավարությունում նշանակումներ են եղել, չի բացառվում, որ կառավարության կազմում լինեն զինվորական ծառայությունից ազատված այլ պաշտոնյաներ ևս:

Շարունակելի

Հաջորդ հրապարակումը լինելու է ծառայությունից ազատված պատգամավորների և վերջիններիս որդիների մասին: 

Մեկնաբանություններ (19)

Հրաչյա Հովհաննիսյան
Հարգելի խմբագրություն նախ հայտնում եմ իմ շնորհալալությունը մեր երկրի և ժողովրդի համար խորքային այս հարցը հանրությանը իրազեկելու համար , որը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, այսպես՝ Եթե հայ տղամարդը բանակում չի ծառայել և չի կատարել պարտքը հայրենիքի առջև ինչպես է նա կառավարությունում ծառայելու ժողովրդին : Բացառվում է , որ հիվանդոտ , թուլակամ և արժանապատվությունից զուկ մարդը կառավարությունում արժանապատվորեն ծառայի Հայոց պետականությանը և ժողովրդին , հետևաբար այդքան հիվանդոտ անձանց հավաքվելը կառավավրությունում այլ նպատակ է հետապնդում : Եթե կառավարությունում հավաքված են թուլակամ և հիվանդոտ անձիք ապա ինչ երաշխիքներ կան որ պատերազմող պետության կառավարությունը արժանապավորեն կդիմակայի պատերազմի սպսռնալիքի վտանգին և կկազմակերպի ժողվրդին և տնտեսությունը պատերազմի , այլ չի մատնվի խուճապի, հտևաբար՝ բանակում չծառայած և հիվանդոտ կառավարության անդամները պոտենցիալ վտանգ են երկրի և ժողովրդի համար : Հայաստանի Հանրապետության նման պետության ղեկավարը պետք է քաջ գիտակցի մեր պետության և ժողովրդի դեմ ուղղված բոլոր վտանգավոր մարտահրավերները և կառավարության աշխատանքները ուղղի այդ վտանգների չեզոքացմանը : Սակայն որտեղից պետք է հասկանա երկրի ղեկավարը , որ երկիր ղեկավարելը մանկապարտեզ չի, եթե ինքը նույնպես բանակում չի ծառայել : Հնում կար մի ավանդույթ , եթե տղան բանակում չի ծառայել , ուրեմն նա կամ հիվանդոտ է կամ ընկնավոր և անկախ պատճառներից նրան աղջիկ չէին տալիս: Հիմա չեմ հասկանում էս բանակում չծառայած հիվանդոտներին աղջիկ տալուց դրաց ծնողները ուր են նայում , անհասկանլի է , իսկ կառվարությունում նրանց բարձր պաշտոնների նշանակելը արդեն տագնապի ազդանշան է : Սթափվելու ժամանակն է :
Սմբատ
հարգելիներս ծարայելն ինչ կապ ունի մարդ լինելու հետ,եթե չեն ծարայել կամ ծարայել ետ ետ նշանակություն չունի,էականն այն է որ լինեն լավ մարդ ու նվիրվեն ժողովրդին.
Սեդա
Շնորհակալություն արձագանքների համար:
Софья
Сплошные проблемы со здоровьем. С кем приходиться работать Пашиняну!!!
Leonard
Ոչ մի բան չի փոխվել փաստորեն,բոլորը հիվանդոտ են,հոգեկան,բարձր տեստերոնով տառապող , Ամոթ ․
Հայ մարդ
Տպավորություն է ստեղծվում, որ հարգելի պատճառով չծառայածները կառավարությունում շատ մեծ թիվ են կազմում: Ստացվում է, որ ներկա կառավարության անդամները նույնպես չծառայելու առումով նախորդ կառավարության անդամներից շատ չեն տարբերվում: Հետևություն՝ բանակում չծառայած մարդը պաշտոն ստանալու հարցում ավելի ձգտող է և հաջողակ, քան՝ ծառայածը: Վարչապետին առաջարկում եմ, որ բանակում չծառայած բոլոր նախարարներին ու փոխնախարարներին առաջարկ ներկայացվի՝ կամավորության սկզբունքով մեկնեն բանակ ծառայելու: Տեսնենք քանիսը կհամաձայնվեն, քանիսը հարգելի պատճառով կհրաժարվեն:
vardan
Վերը նշված բոլոր կարծիքներին համամիտ եմ: Ստացվում է, որ պաշտոնյաները կամ զարտուղի ճանապարհներով ազատվել են բանակից, կամ էլ հիվանդ են, բայց այդ վիճակով մեզ կառավարում են:
Vardan
Հարգելի խմբագրություն, շատ լավ գործ եք անում: Հանրությունը պետք է իմանա, թե իրենց կառավարողները ինչ հարաբերություններ ունեն զինվորական ծառայության հետ: Պարզապես մի բան զարմանալի է: Լավ, եթե կառավարության բարձրաստիճան դեմքերի մեծամասնությունը չի ծառայել առողջական հիմքերով /բնական է` Փաշինյանին, Խառատյանին հանած/, ապա ինչպես են նրանք արդյունավետ աշխատելու և աշխատում? Հանրությունը ինչ երաշխիք ունենա նրանց աշխատանքի արդյունավետության վրա? Հարկատուները գումարներ են չէ վճարում? Իհարկե, խիստ տարօրինակ է, որ գրեթե բոլոր բարձրաստիճանները չեն ծառայել, բայց ես չեմ ասում, թե այդ մարդիկ ստում են, հնարավոր է, որ այո, խնդիրներ ունեն, բայց այդ դեպքում ինչպես են աշխատում այդ պատասխանատու պաշտոններում? Մի առաջարկություն եմ ուզում անել հրապարակայնօրեն. նախաձեռնել օրենսդրական փոփոխություն, համաձայն որի բոլոր այն անձինք, ովքեր չեն ծառայել բանակում, թեկուզ հարգելի պատճառով, իրավունք չունենան զբաղեցնելու ասենք վարչության պետի պաշտոնից բարձր պաշտոն: Դրանով բանակի հեղինակությունը էլ ավելի կբարձրանա: Եվ անգամ առողջական խնդիր ունեցողը կձգտի ծառայել: Իսկ ներկայումս մարդիկ տեսնում են, որ բարձրաստիճանները չեն ծառայել, և դա օրինակ է իրենց համար, կարծես պաշտոն ստանալու համար պարտադիր պայման է չծառայած լինելը:
նախկին զինվոր
Անկախ տարիքից բոլորին զորակոչեք...
Արթուր Բադալյան
Հիվանդոտ ժամանակավոր կառավարություն․․․․․․․․
նվարդ
Մնում է մտածել. պատահականությա՞ն վերագրել թե՞ օրինաչափության՝ որ հեղափոխության դեմքեր եղել են բանակում չծառայածները, եւ կառավարության կազմ է մտել նույնպես չծառայածների՛ ...
Զինվորի հայր
Զինվորական ծառայությունից ազատված կառավարության անդամներդ ի՞նչ երեսով եք այցելելու սահմանը պահող հայ զինվորին: Բայց եթե հանկարծ չամաչեք և այցելության գնաք, չմոռանաք ձեր հետ վերցնել բանակից ազատվելը հիմնավորող բոլոր ձեր բժշկական տեղեկանքները: Քանի որ զինվորները միամտաբար կարող է հարցնեն, թե պարոն նախարար, իսկ Դուք որտե՞ղ եք ծառայել: Արդարանալու համար, անմիջապես ցույց կտաք հիվանդության տեղեկանքները:
Արաքս
Շատ ամոթ ա, ոչ մի բան էլ չի փոխել ու հնարավորինս բոլոր չծառայածներից ազատվել ա պետք։
Nona
Получается наши правители все ложные патриоты что ли?? Все, до единого или больные, или великие аспиранты что ли?? Зачем нам такое больное правительство. Пускай получают пенсию по инвалидности!!!! Спасибо журналистам!!!
Ռուբեն
Չափազանց գնահատելի է հոդվածի հեղինակ Սեդա Ղուկասյանի ծավալուն և հարուստ տեղեկատվությամբ այս վերլուծությունը: Ինձ համար նույնպես անսպասելի էր, որ բանակում չծառայած մարդիկ նոր կառավարության կազմում կարող են այդքան շատ լինել: Մեկնաբանողներից շատերը արդարացիորեն զարմանում են, թե առողջական խնդիրներ ունեցող պաշտոնյաները ինչպես պետք է կատարեն իրենց դժվարին և լարված աշխատանքը, կամ էլ՝ հանրությունը ինչ երաշխիքներ կարող է ունենալ նրանց աշխատանքի արդյունավետության վրա: Շատ խելացի և իրատեսական մեկնաբանություն է գրել Վարդանը (3-րդ մեկնաբանությունը): Նա իր արդարացի մտահոգությունները հայտնելուց բացի, առարկայական լուծում է առաջարկում՝ պաշտոնների որոշակի շեմ սահմանել և սահմանափակել այդ շեմից բարձր պաշտոն զբաղեցնելը բանակում չծառայած մարդկանց համար, ու դա ամրագրել օրենսդրությամբ: Ես նույնպես կիսում եմ այդ կարծիքը և գտնում եմ, որ դա խթան կհանդիսանա, որպեսզի երիտասարդները բանակում ծառայելը համարեն իրենց հետագա աշխատանքային առաջխաղացման բաղադրիչ մասը: Դրա արդյունքում՝ շատերի մոտ բանակում ծառայելու ձգտում կառաջանա:
Կ.Սահակյան
Ես /համոզված եմ, որ ինձ նման մտածողները մեծամասնություն են/ դեմ եմ, որ բանակում չծառայածները պաշտոն ստանան պետական համակարգում։ Թող իրենց կամքով դիմում գրեն, ծառայեն ԶՈՒ-ում։ Ես դեմ եմ, որ ինձ ու իմ ժողովրդին ղեկավարեն բանակ չտեսած մարդիկ։ ԴԵՄ ԵՄ!!!
lav chi
ԴՈՒՐՍԱ ԳԱԼԻՍ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՈՒՄ ՄԻ ԱՌՈՂՋ ՄԱՐԴ ՉԿԱ
Garik
Եթե բանակում ծառայելու համար առողջությունները չի ներել՝ հիմա ոնց են այդ բարձր պաշտոններին այդ լարված աշխատանքը անելու։ ՊՈԱԿ֊ների տնօրենների համար նույնիսկ կառավարության որոշում կա, որ առողջական լուրջ խնդիրներ չպետք է ունենան։ Ինչ մնաց կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների։ Հարցը ծառայել/չծառայելը չի, հարցը հիվանդոտ լինել/չլինելունն է, և բարձր լարման տակ աշխատելու ունակությանը։
Haik
Պարզապես քաղաքականությամբ զբաղվելու մոտիվացիա ունեն, իսկ ծառայելու՝ ոչ: Երկու շաբաթ սարերով ու ձորերով ինչպե՞ս քայլեցին (օրինակ՝ առողջական խնդիրներ ունեցող ԿԳ նախարարը): Ով հնարավորություն ունի՝ ազատվում է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter