HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Սեւանին այլընտրանք կա. ընդերքի քաղցրահամ ջուրը պետք է վերադարձնել ընդերք, վերականգնել Սեւջուր գետը

Կառավարությունն այսօր որոշեց Սեւանա լճից ոռոգման նպատակով տարեկան բացթողման ջրի ծավալն ավելացնել 40 մլն մ3-ով։ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելուց հետո լճից այս տարի ոռոգման նպատակով բաց կթողնվի 210 մլն մ3 ջուր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով օգոստոսի 8-ին ձեւավորվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է Արարատյան հարթավայրում ոռոգումն առանց Սեւանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու լուծում առաջարկեր: Հանձնաժողովը երեկ ամփոփել է աշխատանքները: «Բնապահպանության նախարարությունը հանձնաժողովին առաջարկեց ոռոգման համար մինչեւ 25 մլն մ3 հավելյալ ջուր բաց թողնել Սեւանից։ Սակայն, մեր հաշվարկներով դա բավարար չէ, եւ բոլորը համաձայնեցին այդ տարբերակին: Մեր՝ Ջրային կոմիտեի (ՋԿ) հիմնավորումով, 40 մլն մ3 ջուր է անհրաժեշտ»,- «Հետք»-ին  հայտնեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը։

Նշենք, որ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» օրենքով ոռոգելի հողերի ջրամատակարարման ապահովման համար նախատեսված է մինչեւ 170 մլն մ3ջրաքանակ: Սակայն, 2013 թ.-ից սկսած ավանդական ջրաղբյուրներում ջրի պակասի, արտեզյան հորերի եւ Սեւջուր գետի ջրատվության նվազման, ոռոգման պահանջարկի աճով եւ ջրակորուստներով պայմանավորված ոռոգման ջրի հարցն էլ ավելի սրվեց: Որոշվել էր մինչեւ Սեւջուր գետի եւ Արարատյան դաշտի ստորգետնյա ավազանի սակավաջրության հարցի լուծումը ժամանակավոր, մինչեւ 2019 թ. հունվարի 1-ը, Uեւանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակն առավելագույնը uահմանել մինչեւ 240 մլն մ3, բայց այս թիվն էլ շարունակ աճում էր:

Միջգերատեսչական հանձնաժողովի առջեւ խնդիր էր դրված՝ փնտրել այլընտրանքային լուծումներ Սեւանից հավելյալ ջրառը բացառելու համար: Ի՞նչ այլընտրանք եք տեսնում Սեւանին, մեր հարցին ՋԿ նախագահ Ինեսսա Գաբայանը հայտնեց. «Ցավոք, Սեւանին այլընտրանք դեռեւս չկա, կան Սեւանի բեռը թեթեւացնելու մոտեցումներ»։  

Տկն Գաբայանը հանձնաժողովին առաջարկել էր կասեցնել ձկնաբուծարանների կողմից ջրի վատնումը: «Դա միայն իմ գաղափարը չէ, ձկնաբուծարաններին չի թույլատրվում այդ քանակությամբ ջուր օգտագործել եւ օր առաջ պետք է կարողանանք ձկնաբուծարանների համար օգտագործվող ջուրը հասցնել նվազագույնի (2017 թ.-ի  տվյալներով ստորերկրյա ջրառը կազմել է 1.5 մլրդ մ3 տարեկան «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքով սահմանված տարեկան 1.1 մլրդ մ3 փոխարեն-Ս.Պ.): Արդյունքում, 10-15 տարի հետո ստորգետնյա ջրային ավազանի մակարդակը կբարձրանա, կվերականգնվի Սեւջուր գետը, որ տարեկան 90 մլն մ3 ջուր է ապահովել եւ կարողացել ենք ոռոգում կատարել: Այդքան ջուր պակաս կվերցվի Սեւանից»,- ասաց տկն Գաբայանը։

Նա անթույլատրելի է համարում ընդերքի քաղցրահամ ջուրն արտադրական նշանակությամբ օգտագործելը: «Ձկնարդյունաբերությունը պետք է շարժվի պետական շահերով։ Մինչեւ հիմա ջուրը խնայողությամբ օգտագործելու խիստ պահանջը չի դրվել, նոր կառավարությունը պետք է ջուրն արդյունավետ օգտագործելու պահանջ դնի։ Մենք ձկնարդյունաբերող ընկերություններից մեկում ունենք այդ օրինակը, որը շատ քիչ ջրով տեխնոլոգիաներ է ներդրել, ջուրը հարստացնում է թթվածնով եւ նորից օգտագործում։ Այսօր ամբողջ աշխարհում կիրառվում են այդ տեխնոլոգիաները»,- հայտնեց տկն Գաբայանը։

Սեւջուրը կամ Մեծամորը միակ գետն է Արմավիրի մարզում: Այն համարվել է Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկը, որը 2008 թ.-ից սկսեց ցամաքել: Սեւջուր գետի սակավաջրության պատճառով վտանգված է Արմավիրի մարզի 29 համայնքների մոտ 8000 հա հողատարածքի ոռոգումը:  

«2008 թ.-ին, երբ ձկնարդյունաբերությունը մեր երկրում արդյունաբերության գերակա  ճյուղ հայտարարվեց, սկսեցին գերշահագործել ստորերկրյա ջրային պաշարները։ Հարյուրավոր հորատանցքեր հորատվեցին, եւ ջուրը վերցրին հիմնականում ստորերկրյա ուժեղ ճնշումային ջրերից, որոնք հիդրավլիկական սերտ կապի մեջ են Արարարտյան դաշտի սահմաններում դուրս եկող վերընթաց քաղցրահամ ջրերի աղբյուրների հետ։ Երբ Արարատյան դաշտում մինչեւ 15 մ իջեցրին ուժեղ ճնշումային ջրերի հիպսոմետրիկ մակարդակը, դրանք ազդեցին աղբյուրների ելքերի վրա եւ սկսեցին հասցնել ցամաքացման եզրին: Այդ աղբյուրներն էին սնում Սեւջուր գետը, Այղր լիճը»,- ասում է հիդրոերկրաբան, տեխնիկական գիտությունների թեկնածու Ժորա Աչոյանը։

Նա նշեց, որ 1978-82 թթ.-ին վերընթաց աղբյուրների ծախսը Հոկտեմբերյանի իջվածքում միջինը կազմել է 20 մ3/վրկ: 2007 թ.-ին ջրային աղբյուրների գույքագրում է կատարվել, որի ժամանակ չնչին փոփոխություն է գրանցվել բնաղբյուրների ելքերում։ 2016 թ.-ի գույքագրման տվյալներով՝ դրանց ծախսը կազմել է 1,8 մ3/վրկ, իսկ Սեւջուր գետում արդեն մոտ 3 մ3/վրկ ջուր է եղել։

Ժորա Աչոյանը

2013 թ.-ին Հայաստանում առկա էր ավելի քան 250 ձկնաբուծարան, որի 83%-ը գտնվում է Արարատի եւ Արմավիրի մարզերում: Մյուս մարզերում (Արագածոտն, Լոռի, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ) գործում են 4-5-ական ձկնաբուծարաններ: Գործող ձկնաբուծարանների ընդհանուր ջրային մակերեսը 3542 հեկտար է, որից 70%-ը՝ Արարատի, իսկ 29%-ը Արմավիրի մարզերում: Ամենամեծ՝ 4 ձկնաբուծարանների մակերեսը կազմում է 2000 հեկտար (ընդհանուրի մոտավորապես 57%-ը): 2013 թ.-ի դրությամբ՝ Արարատյան դաշտում գործում էր 3314 հորատանցք, որից 1235-ը՝ արտեզյան (ինքնաշատրվանող):

Կառավարության 2003 թ. մայիսի 22-ի թիվ 703-Ն որոշումով  սահմանված են ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը եւ բնապահպանական սկզբունքները: Այն, մասնավորապես, սահմանում է՝

  • ձկնային տնտեսության ջրօգտագործումը չպետք է խանգարի կամ խոչընդոտի այլ տնտեսավարող սուբյեկտների գործունեությանը,

  • ձկնային տնտեսությունների ջրօգտագործումը պետք է բացառի ստորերկրյա ջրերի մակարդակի փոփոխությունը, տեղանքի ճահճացումը կամ չորացումը եւ այլն:

Կառավարության 2013 թ.-ին ընդունած որոշումով՝ տնտեսվարողներից պահանջվում է ներդնել ձկնաբուծության համար ջուրը եւ շրջակա միջավայրը խնայող տեխնոլոգիաներ, մասնավորապես, ջրի կիսափակ շրջապտույտի ռեժիմով արտադրություն: Ձկնաբուծարաններում, սակայն, դեռեւս չեն կիրառում խնայողական ջրօգտագործման փակ կամ կիսափակ շրջապտույտով տեխնոլոգիաները: Ըստ տնտեսվարողների՝ նման տեխնոլոգիայի ներդրման համար կպահանջվի 700 հազարից մինչեւ 1,5 մլն ԱՄՆ դոլար՝ կախված ձկնաբուծարանի չափերից:

Հայտնի է, որ ձկնաբուծարանները պատկանում են հանրապետությունում հայտնի օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան, այլ պատգամավորներ, պետեկամուտների կոմիտեի նախագահի նախկի տեղակալ Տիգրան Բարսեղյան եւ այլք: Նրանք բոլորը որոշում կայացնողներն էին, հետեւաբար ակնկալել, որ կամովին մեծ ծախսեր կկատարեին նոր տեխնոլոգիաներ կիրառելու համար, անիմաստ էր: Նրանք ընտրեցին տարբեր միջոցառումների համար պետության բյուջեից գումարներ վատնելու ուղին, որը հարցի լուծումը չէր:

Կառավարությունը որոշել էր Սեւջուր գետի եւ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի սակավաջրության հետեւանքով ջրապահովման մակարդակի բարձրացման միջոցառումներ իրականացնել: Անցնող տարիներին պետական բյուջեից մեծ գումարներ են ծախսվել այդ նպատակով՝ շուրջ 1 մլրդ դրամ. հորատվել են տասնյակ խորքային հորեր, տեղադրվել են պոմպային սարքավորումներ, կառուցվել են ջրանցքներ, վերակառուցվել եւ կառուցվել են ջրընդունման ավազան եւ պոմպակայան, սակայն դրանից վիճակը չբարելավվեց: Ոռոգելի հողատարածքները բավարար ջրով ապահովելու միակ լուծումը նախկին կառավարությունը միայն ու միայն Սեւանից հավելյալ ջուր բաց թողնելն էր համարում:

«Կառավարությունն այսօր պետք է որոշում կայացնի եւ ձկնարդյունաբերողներից պահանջի արդյունավետ տեխնոլոգիաներ կիրառելու միջոցառումներ ներդնել։ Կան պահանջի տարբեր մոտեցումներ, օրինակ, տնտեսական լծակներ՝ ջուրն այնքան ես թանկացնում, որ նրանց համար անարդյունավետ դառնա այդքան մեծ քանակի ջուր օգտագործելն ու դրա համար վճարելը: Այդ դեպքում, ինքնաբերաբար, կսկսեն մտածել այդ բիզնեսից հրաժարվելու մասին կամ կգտնեն այն տեխնոլոգիան, որը շատ քիչ ջուր կպահանջի»,- համոզված է Ինեսսա Գաբայանը։

Հիդրոերկրաբան Ժորա Աչոյանը Սեւանին իբրեւ այլընտրանք առաջարկում է օգտագործել կոլեկտորադրենաժային ջրերը: «Ձկնաբուծարաններից 58 մ3/վրկ ջուր թափվում է Արաքս գետը։ Պոմպակայանները կարելի է վերաշահագործել, անհրաժեշտության դեպքում նոր պոմպակայաններ տեղադրել, եւ այդ ջուրն օգտագործել ոռոգման համար»։ Նա ասում է, որ ձկնաբուծական լճակներից քաղցրահամ ջրերը խառնվելով գրունտային ջրերին՝ հանքայնացումը թուլացնում են եւ 90%-ով պիտանի են դառնում ոռոգման համար։

Հիդրոերկրաբանի կարծիքով՝ Սեւանից չեն հրաժարվում, որովհետեւ Հրազդանի վրա 5 հատ հիդրոէլեկտրակայան է գործում, որոնք հոսանք են արտադրում ու վաճառում պետությանը։ Ասում է նաեւ, որ ջրանցքներից ջրի կորուստները մեծ են, որը համակարգում պատճառաբանում են ջրագծերի մաշվածությամբ: Իրական վիճակը ծածկում են ջրատարներից ջրակորուստների հաշվարկի միջոցով։

Պրն Աչոյանը ստեղծված վիճակը շտկելու մի շարք առաջարկներ ունի՝

  • դրական ճնշման գոտու սահմաններում կտրականապես արգելել նոր հորատանցքերի տեղադրումը,

  • ձկնաբուծական տնտեսություններում ներդնել ջրախնայող փակ եւ կիսափակ համակարգեր, որոնք կնվազեցնեն ջրառը շուտ 70%-ով,

  • ուժեղացնել ստորերկրյա ջրերի օգտագործման իրավական, ինստիտուցիոնալ եւ տեխնիկակական հսկողությունը,

  • ոռոգման նպատակով օգտագործել կոլեկտորադրենաժային ջրերը պոմպակայանների վերակառուցումով կամ նորերի տեղադրումով,

  • անցել ոռոգման կաթիլային եւ անձրացման եղանակի:

Արարատյան դաշտի ոռոգման համակարգում ստեղծված վիճակը շտկելուն ուղղված Ժորա Աչոյանի եւ ՋԿ նախագահ Ինեսսա Գաբայանի պատկերացումներն ընդհանուր առմամբ համընկնում են, բացառությամբ՝ մեկի:

Տկն Գաբայանն արդյունավետ չի համարում ձկնաբուծարանների օգտագործած ջուրը վերստին պոմպերով մղելու տարբերակը: «Մենք ընդհանրապես իրավունք չունենք այդ ջրերը մակերեւույթ հանելու, պետք է լուծենք դրանք նորից ընդերք վերադարձնելու խնդիրը։ Պոմպերով մղվող ջուրը շատ թանկ է, պոմպեր տեղադրելը թանկ է, այն արդյունավետ չի կարող լինել»,- հայտնեց ՋԿ նախագահը։

Համակարգում ջրակորուստների հաշվարկ վերջին անգամ կատարվել է 10 տարի առաջ։ ՋԿ նախագահը համոզված է, որ այն ճիշտ չի ներկայացնում իրական ջրակորուստը, այսօր պետք է վերագնահատել համակարգի վիճակը եւ հնարավորինս վերահաշվարկել կորուստները։ Կաթիլային համակարգին անցնելը շատ հեշտ լուծելի խնդիր չէ, բայց կարելի է գյուղնախարարության հետ անցնել համակարգի ներդրմանը։

Հաջորդ կարեւոր քայլը, ըստ կոմիտեի նախագահի, Արփա-Սեւան թունելը վերջնական շահագործան հանձնելն է: Հույս ունենք, որ հաջորդ տարի կկարողանանք այն իրականություն դարձնել եւ կրկնակի ծավալով ջուր կտեղափոխենք թունելով։ Այսօրվանից որոշվել է նաեւ ջրակորուստները բացառելու համար խիստ վերահսկողություն իրականացնել Արարատյան դաշտում՝ կամավորների եւ մարզպետարանների աջակցությամբ:  

Լուսանկարը՝ Ինեսսա Գաբայանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (5)

Սամվել Հովասափյան
Սա խայտառակություն է, ազգային ողբերգություն: Տարիներ է, որ Հոկտեմբերյանի արտեզյան ջրերը չորացել են, ծկնաբուծական ավազաներ ստեղծելուց հետո: Որքա՞ն ազդեցիկ են այդ հանցագործ օլիգարխները, որոնք հարստացել ու հարստանում են Հայաստանի էկոլոգիայի, Սևանի հաշվին: Միթե՞ չի կարելի անմիջապես արգելել այդ բոլոր ավազանները: Այդ օլիգարխների տեղը բանտերն են, ոչ թե Երևանի կանաչ տարածություններում կառուցված պալատները, դրանք այն կանաչ տարածություններն են, որոնք ծառատնկվեցին 50- ական թվականներին, Երևանի փոշիների դեմն առնելու համար: Եվս մի խայտառակություն և ազգային ողբերգություն: Հավատացեք, աշխարհում և ոչ մի տեղ չկա նման այլանդակ իրավիճակ, այնպես, ինչպես որ այդ օլիգարխներն են Հայաստանում իրենց համար ստեղծել:
թոշակառու ինժիներ
Տիկինը կարծես խելացի առաջարկ է անում որի էությունը հետեւյալն է՝ երկու անցք եք փորում, որոշակի հեռավորությամբ: Մեկից ջուրը հանում եք, մյուսի մեջ վերադարձնում օգտագործվածը, ֆիլտրելուց հետո իհարկե: Երկրորդ հորի տրամագիծը պետք է շատ ավելի մեծ լինի, մեջն էլ քար ու ավազ լցնելով, լրացուցիչ ֆիլտրող միջավայր եք ստանում: Մեծապես կարելի է հուսալ, որ ընդերքում ջուրը ռեկուլտիվացիայի կենթարկվի: Հարկավոր է անհապաղ սկսել փորձնական ծրագիրն ու ուսումնասիրությունները:
Կարինե Վանյան
Ուղղակի պետք է անխնա սպառողի հոգեբանությունից անցնել հոգատար տանտիրոջ, խնայող տնտեսվարողի հոգեբանության: Եթե ամեն մեկն իրենը համարի մեր ազգային հարստությունը, նաև հոգ կտանի դրա մասին:Եվ իհարկե պետականորեն կարող են արգելել մի քանի մարդկանց անսահման հարստանալը պետոըթյանն ու բոլորիս պատկանող ընդերքի պաշարների հաշվին:
Վաչե
Արարտյան դաշտի համար կատարյալ չարք է նման մասշտաբների հասնող ձկնաբուծությունը։Առաջարկում եմ ձկնաբուծությունը աստիճանաբար տեղափոխել նախալեռնային գոտի, որը թույլ կտա ձկնաբուծարաններով անցնող ջուրը Արարատյան դաշտում օգտագործել ոռոգման նպատակներով։ Ի սկզբանե գործընթացը գնացել է սխալ ուղիով երբ թույլ են տվել Արարատյան դաշտում զբաղվել ձկնաբուծությամբ։
Գեւորգ
Հոդվածում տեխնիկական սխալներ են թույլ տրված, օրինակ, գրված է - 40 մլն խոր. մ /վրկ. որը աներեւակայելի բան է ( պետք է լինի - խոր.մ. - առանց վրկ. - ի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter