
Քոչարյանի քաղաքական վերադարձը կամ հանգած հրաբուխների ծուխը
Տևական դադարից հետո նախկին առաջին դեմքերի վերադարձը քաղաքականություն հայկական քաղաքական կինոյի ավանդական սյուժեներից է: Նույնիսկ դադարի տևականությունն ու վերադարձի տարեթվերն են հստակ ամրագրված: Ամեն տասնամյակի 8-րդ տարում տեղի է ունենում մեկ մեծ քաղաքական վերադարձ՝ 1998-ին՝ Կարեն Դեմիրճյանը, 2007/08-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և ահա 2018-ին իր վերադարձի մասին հայտարարում է Ռոբերտ Քոչարյանը: Որոշ կատակասերներ արդեն պատրաստ են խաղադրույքներ ընդունել 2028թ.-ին՝ Սերժ Սարգսյանի և 2038թ.-ին՝ Նիկոլ Փաշինյանի վերադարձների վրա:
Սակայն կա նաև էական տարբերություն ներկայիս և նախորդ երկու վերադարձների միջև: Նախ՝ եթե Դեմիրճյանի և Տեր-Պետրոսյանի դեպքում հիմնական դրույքը ժողովորդական դժգոհությունն էր (և ի հավելում դրա, իհարկե, էլիտայի որոշ հատվածների համախմբում՝ ընդդեմ իշխանության), ապա Քոչարյանի դեպքում առաջնային է դժգոհ էլիտաների համախմբումը: Երկրորդ՝ ի տարբերություն Դեմիրճյանի և Տեր-Պետրոսյանի, Քոչարյանը 2008-18 թթ.-ին երբեք չի հեռացել իսպառ, այլ միշտ պահպանել է մի տեսակ կիսաներկայություն մեր քաղաքական դաշտում: Այս՝ առաջին հայացքից ոչ այնքան էական տարբերություններից, կարևոր հետևանքներ կարող են բխել:
Որոշ իմաստով Քոչարյանը երբեք էլ չի հեռացել քաղաքականությունից: Նրա ստվերային ներկայության մասին հայկական քաղաքական դաշտում միշտ էլ խոսվել է՝ սկսած հենց 2008-ից, և այդ խոսակցությունները քաղաքական գործընթացների մասնակիցների մեծ մասի կարծիքով որոշակի հիմք ունեցել են: Դեռևս 2007-ի խորհդարանական ընտրություններին մեծ գաղտնիք չէր Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մրցակցության թեման, Քոչարյանի կողմից որպես նախագահի թեկնածու Վարդան Օսկանյանին պատկերացնելը և այլն՝ արդեն հնացած պատմություններ, որոնց մեջ չենք ուզում խորանալ, բայց որոնք արժե հիշել այժմ՝ այսօրն ավելի լայն շրջանակում հասկանալու համար:
2008-18 թթ.-ի ընթացքում Քոչարյանը չի խորշել նաև խախտելու պայմանական լռության ուխտը՝ մի բան, որը չեն արել ո՛չ Դեմիրճյանը, ո՛չ Տեր-Պետրոսյանը (Տեր-Պետրոսյանից կա 2006-ին բառացիորեն երեք նախադասություն. հարցուպատասխան լրագրողների հետ օդանավակայանում, որտեղ նա խոսում է իր «Խաչակիրները և հայերը» գրքի մասին: Եղել է արդյոք նման մի բան Կարեն Դեմիրճյանից, գուցե, հիշեն քաղաքական հնաբնակները): 10 տարվա ընթացքում Քոչարյանը բավականին հարցազրույցներ ու մեկնաբանություններ է տվել՝ այլևայլ ձևաչափերով: Դրանցից ոչ մեկը չի եղել լիարժեք սրության, և չի դարձել նրա քաղաքական վերադարձի մեկնարկ, սակայն, բոլորում էլ չափավոր դիրքերից քննադատվել է Սերժ Սարգսյանի քաղաքականությունը: Եթե հիշողությունս չի դավաճանում, Քոչարյանը տվել է այդպիսի մոտ 10 հարցազրույց՝ որոշները շատ կարճ, բայց որոշներն էլ բավականին ծավալուն: Կարելի է ասել, որ վերջին տարիների ընթացքում Քոչարյանն անընդատ կիսավերադարձած է եղել: Ավելին, կարելի է ասել՝ Քոչարյանի ցանկությունը՝ վերադառնալ քաղաքականություն, և նրա անհամբերությունն այդ առումով եղել է անթաքույց, սակայն, դա զսպվել է այլևայլ գործոնների ազդեցությամբ: Սերժ Սարգսյանի կողմից իրավիճակը վերահսկելը, նաև Լեւոն Տեր-Պետրոսյանի խաղի մեջ մնալը, և այլ գործոններ անհնար են դարձրել Քոչարյանի լիարժեք վերադարձը քաղաքականություն: Չի եղել դրա պահանջարկ ո՛չ լայն զանգվածների մեջ (որն այսօր էլ չկա), ո՛չ էլ վերնախավերում (որն այսօր մասամբ իրականություն է):
Առավել հետաքրքիր է Քոչարյանի հնարավոր ստվերային մասնակցությունը 2016-18 թթ.-ի գործընթացներին՝ մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը: Ցավոք, այդքան էլ հեշտ չէ այստեղ հստակ որևէ բան պնդել՝ հիմնվելով միայն բաց աղբյուրների վրա: Համենայն դեպս ուշագրավ է, որ պատերազմից անմիջապես հետո՝ 2016-ի մայիսին կայացած Սերժ Սարգսյան – Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպմանը հետևած Տեր-Պետրոսյանի հարցազրույցում կարևոր հատվածներ ուղղված էին Քոչարյանի և Օսկանյանի դեմ: Որևէ արտաքուստ երևացող առիթ դրա համար չկար: Այն ժամանակ շատերն էին ենթադրում, որ առիթը պետք է լիներ Քոչարյանի ակտիվացումը պատերազմից հետո, թերևս, հեղաշրջման կամ դավադրության նպատակով: Իսկ Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպման կարևոր օրակարգերից մեկը կարող էր լինել այդ ծրագրի դեմն առնելը: Սա հիշեցրեց 2011-ի ձմեռվա իրավիճակը, երբ այն ժամանակվա ՀԱԿ դաշինքի առաջին դեմքերից՝ Դ. Շահնազարյանի շուրթերով Քոչարյանը գնահատվեց որպես Հանրապետությունում իրավիճակն ապակայունացնող, որի նկատմամբ ՀԱԿ-ն, ըստ բանախոսի՝ կատարում էր կայունացնող դեր:
Իրավիճակը Հայաստանում 2016-ի գարնան վերջին ու ամռանը լարված էր, իսկ հեղաշրջման և դավադրության մասին այլևայլ խոսակցությունները, որոնք այն ժամանակ շրջանառվում էին քաղաքականապես ակտիվ շրջանակների խոսակցություններում, Երևանում կարծես իրականություն դարձան 2016-ի հուլիսյան զինված գործողության ժամանակ: Այս գործողությունը քարոզչական աջակցություն ստացավ քաղաքական դաշտի սուբյեկտների կողմից, այդ թվում նրանց, որոնք լրատվամիջոցներում և քաղաքական խոսակցություններում ավանդաբար կապվում են Ռ. Քոչարյանի հետ: Սա, իհարկե, ինքնին որևէ բանի ապացույց չէ, սակայն, այն ժամանակվա դեպքերի ընդհանուր զարգացման շղթայում անտեսելի էլ չէ:
Ներքին իրավիճակի լարմանը զուգահեռ հետպատերազմյան շրջանում ակտիվացել էր Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացը: Խոսվում էր այսպես կոչված Լավրովի պլանի մասին, որը ենթադրում էր, բացի ամենից, ռուսական խաղաղապահ զորքերի տեղադրում հակամարտության գոտում: Ներքին լարվածությունը թուլացավ, իսկ բանակցային գործընթացի ակտիվացման փուլն ավարտվեց Հայաստանում Կարեն Կարապետյանի գլխավորությամբ նոր կառավարության ձևավորումից հետո կամ դրան զուգահեռ: Քաղաքական կյանքը մտավ նոր՝ համեմատաբար կայուն փուլ, որը բնորոշվում էր Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հակասությունների մասին խոսակցություններով և քաղաքական խաղացողների նոր վերադասավորումներով: Ուշագրավ է, օրինակ, որ նոր կառավարության մեջ տեղ չգտած նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որի քաղաքական հավակնությունների մասին խոսակցությունները սկսվել էին դեռ 2014-15 թթ.-ին, և որին դեռ այդ թվերին Ժիրայր Սեֆիլյանը հրապարակավ կոչ էր անում «տեր կանգնել Հայաստանի քաղաքացիներին» (մեջբերումը բառացի չէ, բայց իմաստը պահպանված է), հրապարակավ ընդդիմադիր գործունեություն է ծավալում, և 2017-ի ընտրություններին մասնակցում է Վարդան Օսկանյանի հետ դաշինքով: Այդ դաշինքին ձայն տալու կոչ է անում նույն Սեֆիլյանը: Շատերն, այն ժամանակ, սա անուղղակի վկայություն համարեցին դեռևս 2016-ի գարնանն ու ամռանը պտտվող այն լուրերի մասին, որ տարբեր խմբերի ներգրավմամբ՝ հեղաշրջման ծրագրում կարող են մասնակցություն ունենալ նաև բանակի որոշ պաշտոնյաներ:
2018-ի ապրիլին իր վարչապետ ընտրվելու օրը և հրաժարական տալուց մի քանի օր առաջ, Սերժ Սարգսյանը խոսում էր հանգած հրաբուխների բզբզոցի մասին, ինչը մամուլում մեկնաբանվեց որպես ակնարկ՝ Քոչարյանին ուղղված: Որքանով է այդ մեկնաբանությունը ճիշտ՝ դժվար է ասել: Սակայն Սարգսյանի հեռացումը պետք է ինչ-որ հույսեր արթնացներ Քոչարյանի մոտ: Վերանում էր քաղաքականություն բաց վերադարձի նրա ծրագրի գլխավոր խոչընդոտներից մեկը: Սակայն այստեղ նույնպես հաշվարկները սխալ էին: Սերժ Սարգսյանի հեռացմանը հետևած առաջին երկու օրը, երբ վարչապետի պաշտոնակատար էր Կարեն Կարապետյանը, շատերին թվաց, որ 2016-ից մեկնարկած դանդաղ, այսպես ասած՝ «սողոսկող» հեղաշրջման ծրագիրը վերջապես իրականություն է դառնում: Բայց շատ արագ պարզվեց, որ դրանք լիովին սին հույսեր էին: Հեղաշրջման փոխարեն տեղի ունեցավ հեղափոխություն, քանի որ Սարգսյանի հեռացման գործում գլխավոր դեր ստանձնեցին ոչ թե պալատական դավադիրներն, այլ զանգվածային, հրապարակային պայքարը: Վերնախավային հեղաշրջման ծրագիրը փաստացի տապալվեց, քանի որ ոչ ոք չէր կարող հրապարակում հավաքված ժողովրդին պարտադրել վարչապետի այլ թեկնածու՝ բացի հրապարակի նախընտրածից: Այդ օրերին՝ հրապարակում ելույթ ունենալիս, Նիկոլ Փաշինյանը, դիմելով Կարեն Կարապետյանին, կոչ արեց նրան «սատանի մայլում քյանդրբազություն չանել»՝ հիշեցնելով, որ եթե Սերժ Սարգսյանը, որը 90-ականներից ի վեր ղեկավարել է Հայաստանի բոլոր ուժային կառույցները, ուժի միջոցով հարցը լուծելու տարբերակ չի տեսել, ապա առավել ևս դա չի կարող անել քաղաքական որևէ փորձ չունեցող Կարապետյանը: Այս կետում արդեն ողբերգությունը կրկնվեց որպես ֆարս, և երկու տարի համառորեն փչած Կարապետյանի փուչիկը պայթեց երկու օրվա մեջ:
Այս օրերին էլ տեղի ունեցավ Քոչարյանի հերթական «վերադարձը»: Մայիսի մեկի ԱԺ նիստից երկու օր առաջ Քոչարյանի հարցազրույցի անոնը եղավ ռուսական ալիքներից մեկով: Սակայն, այն, ինչ արդյունքում ցուցադրվեց, ընդամենը մի քանի նախադասությամբ հատված էր: Այդպես էլ պարզ չդարձավ, սա հատված էր մեծ հարցազրույցից, թե անոնսը վերաբերում էր հենց այդ փոքր կտորին: Համենայն դեպս փոքրիկ հատվածը չէր համապատասխանում Քոչարյանի հարցազրույցի անոնսի հավակնոտ պաթոսին: «Իշխանությունը ճամպրուկ չէ, որ այն փոխանցվի Նիկոլ Փաշինյանին»,- ասում էր Քոչարյանը: Հարցազրույցի ուղերձը պարզ էր՝ եթե ես լինեի (ասում էր Քոչարյանը իշխանությունը կորցնող ՀՀԿ-ին և մյուսներին), ապա ի տարբերություն «փափուկ» Սերժ Սարգսյանի՝ ինձ կպահեի «տղավարի» և ոչ մեկին չէին տա իշխանությունը: Սրանով նա ազդարարում էր խաղի մեջ իր բաց վերադարձի մասին, և հավակնություն հայտնում տեր կանգնել «անտեր մնացողներին»: Հատկանշական է, որ այդ հարցազրույցից հետո ՀՀԿ-ն, որը նախորդ օրերին կարծես համակերպվել էր Փաշինյանին վարչապետ ընտրելու մտքի հետ, հանկարծ փոխեց դիրքորոշումը: Սակայն, արագ տեր կանգնելու Քոչարյանի ծրագիրը, եթե այդպիսին կար, տապալվեց:
Այս տապալված փորձից հետո, Քոչարյանը կրկին կորավ տեսադաշտից, և նորից երևաց միայն այն բանից հետո, երբ նրա դեմ քրեական գործ հարուցվեց: Թե ինչ էր անում այս ընթացքում նախկին նախագահը՝ դժվար է ասել, բայց հաշվի առնելով նրա ոչ այնքան «հանգիստ» և ոչ շատ անգամներ միաժամանակ բաց ճակատով գործելու բնավորությունը, չբացառենք, որ նա կարող էր շարունակել, Սերժ Սարգսյանի ասած, «բզբզալ»:
Այդու, տեսնում ենք, որ Քոչարյանի վերադարձը ոչ այնքան միանգամյա, անսպասելի, այլ տարիների ընթացքում, այսպես ասած, դանդաղորեն կուտակված գործողություն էր՝ «պորցիաներով» և «զիգզագներով» իրականություն դարձած՝ մինչև վերջնական և բաց «ջրի երես» դուրս գալը: Այն ներգծված է ոչ միայն հետհեղափոխական, այլև նախահեղափոխական՝ առնվազն վերջին 2 տարվա հայաստանյան քաղաքական զարգացումների տրամաբանության մեջ: Բաց խաղալու անհրաժեշտությունը ծագեց այն բանից հետո, երբ շնորհիվ հեղափոխական հրապարակային շարժման՝ Կարեն Կարապետյանի հրաժարականով տապալվեց 2016-ից հասունացող դավադրությունն ու պալատական հեղաշրջումը: Հրապարակ դուրս եկած ժողովուրդը դրանով փրկեց իր ինքնիշխանությունը:
Քոչարյանի վերջին շրջանի ակտիվացումը փաստացի միևնույն տապալված դավադրության կամ պալատական հեղաշրջման ծրագրի շարունակության փորձն է: Փոխվել են, անշուշտ, դերակատարները, բայց էությունը մեծ հաշվով մնացել է նույնը: Մեկը սա կարող է կոչել «հանգած հրաբուխների բզբզոց», մյուսը՝ «սատանի մայլում քյանդրբազություն անել», մի երրորդը մտածի «Պատերազմ, դավադրություն, հեղափոխություն ....» վերնագրով հայկական նոր սերիալի նկարահանման մասին, դա արդեն ճաշակի հարց է:
Ավելացնենք միայն, որ արագ ռևանշի ծրագիրը, որն այսօր կարծես փորձում են իրացնել Քոչարյանի շուրջ համախմբվող ուժերը, իրատեսական հաշվարկի վրա չեն հիմնված: Թե ինչու ենք այդպես կարծում՝ մեկ այլ խոսակցության առիթ է:
Մեկնաբանել