
Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ ցուցարարների և «Լիդիան»-ի աշխատակիցների միջև բախում է եղել
Այսօր 13։30-ի սահմանում բախում է եղել Ամուլսարի շահագործմանը դեմ ցուցարարների և «Լիդիան» ընկերության աշխատակիցների միջև։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը։
Նրա փոխանցմամբ՝ առավոտյան 09։00-ի սահմաններում «Լիդիան» ընկերության աշխատակիցները մոտ 60 ավտոմեքենաներով փակել են Ջերմուկի միջհամայնքային ավտոճանապարհը՝ որպես բողոքի նշան ակտիվիստների կողմից հանք տանող ճանապարհները փակելու դեմ։
«Ոչ մեկին չէին թողնում անցնեին, պատճառաբանում էին, որ մենք էլ չենք թողնում իրենք հանք մտնեն, աշխատեն։ Պայման էին դրել ոստիկանության առաջ, որ մինչ մենք չբացենք, իրենք էլ չեն բացի ճանապարհը։ Անընդհատ սադրանքների էր Հայկ Ալոյանը գնում, վիրավորական խոսքեր էր ասում, բաներ էր անում, որ մենք տեղի տանք։ Հետո ասեց՝ մենք հեսա խաղաղ գնում ենք, հեսա մտնում ենք ներս խաղաղ ու գոռում էր, որ մտնեին ներս։ Վրա տվեցին, քարեր ու շշեր շպրտեցին մեր վրա, հետո մենք էլ վրա տվեցինք ու իրենք գազի բալոն, չգիտեմ՝ ինչ փչեցին մեր վրա։ Էդտեղ մենք լրիվ կատաղեցինք, ու վազացնելով իրանց իջացրեցինք ներքև, ու ճանապարահը բացվեց արդեն»։
Վազգենի խոսքով՝ «Լիդիան» ընկերության աշխատակիցները մեքենաներով հեռացել են այդ տարածքից, և ակտիվիստները կարողացել են բացել Ջերմուկի միջհամայնքային ավտոճանապարհը։ Ակտիվիստներն այս պահին նշում են իրենց հաղթանակը։
Բնապահպան-ակտիվիստները դեռ չեն որոշել՝ արդյոք բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինի հայտարարությունից հետո կշարունակեն փակ պահել հանք տանող ճանապարհները, թե ոչ։ Դեռևս պետք է հավաքվեն, քննարկեն և որոշեն իրենց հետագա անելիքները։ Հիշեցնենք, որ քիչ առաջ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն էր տարածել՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարելով ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը:
Հիշեցնենք, որ Ամուլսար տանող բոլոր ճանապարհները Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերի բնակիչները փակել են հունիսի 22-ի վաղ առավոտից։
լուսանկարները տրամադրել է Վազգեն Գալստյանը
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել