HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Քննչական կոմիտեի որոշմամբ Տիգրան Խաչատրյանը` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ Կոմիտեի հատուկ կարեւորության գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 

Ըստ ՔԿ լրատվական ծառայության` նախնական քննության տվյալներով Տ.Խաչատրյանը, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, ծնված` 23.06.1994 թվականին, կցագրում անցնելով Գորիսի զինկոմիսարիատում, ձեռք է բերել և օգտագործել իր առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող «նևրասթենիա» և «նևրասթենիա, չափավոր արտահայտված» ախտորոշմամբ եզրակացություններ, որոնց հիման վրա՝ 2014 թվականին երկու անգամ ստացել է տարկետում` համապատասխանաբար 5 ամիս և 3 տարի ժամկետներով։ Այնուհետև` նույն ճանապարհով 2017 թվականի ձմեռային զորակոչին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում՝ այդպիսով խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից:

Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ իրավունք վերապահող կեղծ պաշտոնական փաստաթուղթ` 08.07.2010թ. թվագրմամբ ԱԱ սերիայի 460497 համարի ատեստատ ձեռք բերելու վերաբերյալ, որն օգտագործելով՝ 2010 թվականին ընդունվել է Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ։

Բավարար ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել՝ Տ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Քննությամբ հնարավոր չի եղել պարզել մեղադրյալ Տ.Խաչատրյանի գտնվելու վայրը, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Տրդատ Սուրիկի Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Վերջինիս նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ (2)

mahmouzian
hetq .you should send people to goris .and question the people about that governor family.do it.
Gabe Korajain
Arrest this Tmini hooligan and make an example. These abuses by the oligarchs have to end now. Enough is enough.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter