HY RU EN

Արաքս Մամուլյան

ԱԺ ընտրությունների ընթացքում լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ գործն արագացված չի քննվի

2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունները լուսաբանելու ընթացքում լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործը կքննվի ընդհանուր կարգով: Այսօր  նման որոշում է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Պողոսյանի վարույթում է գտնվում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու` քաղաքացի Լևոն Գասպարյանի վերաբերյալ քրեական գործը:

2017թ. ապրիլի 2-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով նկարահանումներ են իրականացրել Երեւանի Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում և դրան հարակից տարածքում: Այդ ընթացքում շտաբի դիմաց հավաքված քաղաքացիները լրագրողներից պահանջել են հեռանալ տարածքից և դադարեցնել տեսանկարահանումները:

Այնուհետև, ըստ գործի նյութերի, «araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանին է մոտեցել Երևանի բնակիչ Ջուլիետա Կոկոյանը և տեսնելով, որ չնայած իր պահանջին՝ Շողիկ Գալստյանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ վիրավորել և բռնություն է գործադրել նրա նկատմամբ, քաշել է մազերից, հրել է նրան և ձեռքից խլել նկարահանող սարքը` ստիպելով հեռանալ շտաբի տարածքից:

Ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով շտաբի տարածքում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը փորձել է նկարահանել միջադեպը, և, ըստ մեղադրանքի, նրան է մոտեցել Երևանի բնակիչ Լևոն Գասպարյանն, ով այս գործով ամբաստանյալն է, ու պահանջել դադարեցնել նկարահանումները: Սիսակ Գաբրիելյանը, սակայն, շարունակել է իրականացնել իր լիազորությունները, և այդ ընթացքում, ըստ մեղադրանքի, Լևոն Գասպարյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, բռնություն է գործադրել Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ. քաշել է նրա ձեռքից, խլել նկարահանող սարքը` խոչընդոտելով լրագրողի` ընտրությունների ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների իրականացումը:

Լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու և վերջիններիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Ջուլիետա Կոկոյանին ու Լևոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այն է՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Երկու ամբաստանյալների վերաբերյալ գործի դատաքննությունն ամիսներ շարունակ հետաձգվում էր, քանի որ Ջուլիետա Կոկոյանը նիստերին չէր ներկայանում: Վերջինիս պաշտպանը նշում էր, որ Կոկոյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: Դատարանը տարեց կնոջը բերման ենթարկելու վերաբերյալ որոշում էր կայացրել որը, սակայն, հնարավոր չի եղել ապահովել, քանի որ ամբաստանյալի հաշվառման հասցեում ոչ ոք չի բնակվում: Ուստի դատավորը ամբաստանյալ Լևոն Գասպարյանի գործը անջատելու և առանձին վարույթում քննելու վերաբերյալ որոշում է կայացրել, իսկ Ջուլիետա Կոկոյանի նկատմամբ հետախուզում հայտարարել:

Նման պայմաններում Շողիկ Գալստյանի աշխատանքը խոչընդոտելու մասով դատական գործի վարույթը կասեցվել է մինչև ամբաստանյալ Ջուլիետա Կոկոյանի հայտնաբերումը, իսկ Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու մասով քննությունը շարունակվում էր:

Լևոն Գասպարյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքն ու արագացված դատաքննություն պահանջել, որի դեմ առարկություններ չէին եղել:

Սակայն այն բանից հետո, երբ մեղադրող դատախազ Արա Մնացականյանը Լևոն Գասպարյանի համար  3 տարի ազատազրկում է պահանջել, Գասպարյանը հրաժարվել է դատաքննության արագացված կարգից ու պահանջել իր գործը քննել ընդհանուր կարգով, որպեսզի հնարավորություն ունենա ներկայացնել դեպքի մանրամասները:

Գասպարյանն ասում է, թե ինքը լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու դիտավորություն չի ունեցել, ինչպես ներկայացված է մեղադրանքում, պարզապես նկատելով, որ իր տարեց հարևանուհին՝ Ջուլիետա Կոկոյանը, վիճաբանում է, մոտեցել է նրան՝ հասկանալու համար, թե ինչ խնդիր է առաջացել:

Այս և այլ հանգամանքներ վեր հանելու համար է, որ Գասպարյանը փոխել է իր դիրքորոշումն ու որոշել պահանջել ընդհանուր կարգով դատաքննություն:

Նշենք, որ արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարվում, այլ ուսումնասիրվում են ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:

Դատարանն արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը: Սակայն նման կարգով անցկացված դատաքննության դեպքում ամբաստանյալն իրավունք չի ունենում բողոքարկել գործի փաստական հանգամանքների վերաբերյալ դատարանի արած հետևությունները:

Դատաքննության արագացված կարգից ընդհանուր կարգի անցնելու հարցում մեղադրող և պաշտպանական կողմերը տարբեր դիրքորոշումներ ունեն. մեղադրող դատախազ Արա Մնացականյանը նշում է, թե օրենքը չի նախատեսում դատաքննության այս փուլում արագացված կարգից անցնել ընդհանուր կարգի, իսկ պաշտպանական կողմն էլ նկատում է, որ օրենքը նման կարգի անցումը չի էլ արգելում:

Դատավոր Գագիկ Պողոսյանը, փաստորեն, որոշեց անցնել դատաքննության ընդհանուր կարգի: Այսօրվա դատական նիստին տուժող լրագրող Սիսակ Գաբրիելյանը չէր ներկայացել, ուստի դատարանը որոշեց հետաձգել գործի քննությունը`տուժողի ներկայությունը հաջորդ նիստին ապահովելու համար: