
Հայկական շուկայում առկա որոշ համակարգիչների մասին
Սույն հոդվածը ինչպես նախորդը, որ սմարթֆոնների մասին էր, նույնպես գովազդային նպատակ չունի․ պարզապես ներկայացվում են մի քանի համակարգիչների համեմատություններ գնային և որակական տեսակետներից, տրվում ընդհանուր խորհուրդներ։
Նախքան բուն համեմատությանն անցնելը ներկայացնենք մի քանի որոշիչ հարցեր, որոնց պետք է պատասխանել մինչ գնելը։ Նկարները և բնութագրերը վերցրել ենք mobilecentre.am կայքից։
1․ Կարիքների գնահատում
Առաջինը համակարգչի անհրաժեշտության մասին հարցն է․ արդյո՞ք սեփականն անհրաժեշտ է, և եթե այո, ի՞նչ նպատակների համար։ Որոշ օգտատերեր ցանկանում են պարզապես ինտերնետային լուրեր կարդալ, մյուսները ցանկանում են մասնագիտական աշխատանք կատարել, ինչպես օրինակ՝ տեքստերի խմբագրում, վիդեոմոնտաժ և այլն։ Երբեմն խաղերի կամ զվարճանքի համար են օգտագործում համակարգիչը, ինչպես օրինակ՝ ինտերնետային ակումբներում կամ խաղային սենյակներում։
Երկրորդը օգտագործողների քանակի մասին հարցն է։ Արդյոք միայն մե՞կ հոգի է օգտվելու, թե՞ ասենք, ընտանիքի բոլոր անդամները։ Որոշ դեպքերում կարող է համակարգիչը օգտագործվել շատ մարդկանց կողմից, օրինակ, ինչպես վերևում նշվեց, ինտերնետային ակումբներում կամ այլ հասարակական վայրերում։
2․ Համակարգչի կամ նոթբուքի տարբերակում
Հարկավոր է գնահատել իրական կարիքը՝ արդյո՞ք այն աշխատանքը, որի համար որ գնվելու է համակարգիչը, ավելի նպատակահարմար է կատարել սեղանի համակարգչով, թե նոթբուքով։ Դյուրակիր համակարգիչները՝ նոթբուքերը, հնարավորություն են տալիս աշխատել ցանկացած հասանելի և հարմար վայրից, մինչդեռ սեղանի համակարգիչները տեղափոխման համար չեն, քանի որ մեծ ծավալ և մի քանի բաղադրիչներ կարող են ունենալ՝ իրան, մոնիտոր և այլն։ Նոթբուք ընտրելիս պարտադիր պետք է ուշադրություն դարձնել ակումուլյատորի տեսակին և երկարակեցությանը, էկրանի տեսակին, էներգախնայողական ռեժիմների առկայությանը, ձայնի որակին և հարակից այլ հարցերի, իսկ սեղանի համակարգիչ ընտրելիս՝ հովացման համակարգին, սնուցման բլոկի հզորությանը, հիմնական և ժամանակավոր հիշողությունների ծավալին և այլն։
3․ Օպերացիոն համակարգերի համեմատում
Հնարավոր է, որ ցանկանաք գնել Լինյուքսով աշխատող համակարգիչ, կամ iOS միջավայրով աշխատող համակարգիչ՝ Apple-ի որևէ արտադրանք։ Չնայած ավելի շատ դեպքերում օգտատերերն ընտրում են Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչներ աշխատանքի կամ անհատական օգտագործման համար՝այնուամենայնիվ, նկատելի է, որ նկարչական կամ մոնտաժային ծրագրեր գործածողները հաճախ վստահում են Apple-ի արտադրանքներին։ Իսկ Linux-ն այլընտրանքային օպերացիոն համակարգ է, որն ազատ է ծախսերից, հեղինակային իրավունքներից և վիրուսներից:
4․ Գների համեմատություն
Հարկավոր է նախապես տեղյակ լինել առկա մոդելների գներին, համեմատել գները, որակները և օպտիմալ որոշում կայացնել՝ խորհրդակցելով համակարգչային մասնագետի հետ։ Հայկական շուկայում առաջարկվում են նաև վարկավորման բազմաթիվ ծրագրեր, որոնք կարող են օգտակար լինել անհատական բյուջեն պլանավորելիս։
5․Բաղադրիչների գնահատում
Կոշտ սկավառակը (HDD) կամ SSD-ն այն հիմնական պահոցն են, որտեղ հիմնական ֆայլերն են լինելու։ Պետք է ընտրել լավագույն արտադրողների առաջարկած բաղադրիչները՝ խուսափելու համար տվյալների կորստից։ Նախկին հոդվածներից մեկը նվիրված է եղել տվյալների պահպանությանը, կարելի է այն մեկ անգամ ևս աչքի անցկացնել։
RAM հիշողությունը հարկավոր է ընտրել այնպես, որ համակարգիչը հեշտությամբ կատարի այն աշխատանքը, որի համար որ նախատեսված է։ Իհարկե, հնարավոր է հետագայում բարելավել կամ ավելացնել ծավալը, սակայն այդ փոփոխությունը պետք է կատարել մասնագետի օգնությամբ։
CPU-ն կամ կենտրոնական պրոցեսորը, որ հիմնական բնութագրողն է համակարգչի ընդհանուր հզորության, պետք է լինի լավագույններից մեկը, որպեսզի երկար ժամանակ կարիք չլինի այն նորով փոխարինելու։ Այս բաղադրիչը համարվում է ամենաթանկերից մեկը։
Հիմնական արտադրողներն են՝ Intel և AMD ֆիրմաները։
Սեղանի համակարգիչներ
Սեղանի համակարգիչների դեպքում, ի տարբերություն նոթբուքերի, երկու հիմնական հարցերի պետք է պատասխանել՝ գնել պատրաստի՞, թե՞ սեփական նախաձեռնությամբ հավաքել տարբեր բաղադրիչներից։
Առաջին տարբերակի դեպքում պետք է ընտրություն կատարել մի քանի հիմնական արտադրողների միջև՝ Dell, HP, Acer, Lenovo, Gateway և այլն: Անշուշտ այս տարբերակն զգալիորեն թանկ կլինի, սակայն գնելիս վստահ կարող ենք լինել, որ դրանք լավագույնս ընտրված բաղադրիչներից են կազմված, հատուկ փորձաքննություն անցած և արտադրողի կողմից երաշխիքներ ունեցող համակարգիչներն են, որոնք կծառայեն երկար ժամանակ։
Երկրորդ տարբերակի դեպքում հարկավոր է սեփական ձեռքով կամ մասնագետի օգնությամբ հավաքել տարբեր բաղադրիչները և գործարկել դրանք որպես մեկ ամբողջություն։ Ինչ խոսք, սա ավելի տարածված և էժան տարբերակ է, սակայն երաշխիքի և աշխատանքային արդյունավետության իմաստով միանգամայն հնարավոր է, որ զիջեն առաջին տարբերակի համակարգիչներին։ Եթե այս հանգամանքին հավելենք այն, որ սեփական նախաձեռնությամբ հավաքված համակարգիչները լուրջ փորձաքննություն և տեստավորում չեն անցնում, ապա այս տարբերակը բավական ռիսկային կարող ենք համարել։
Apple-ի համակարգիչներն աշխատում են Mac OS –ով, ավելի քիչ են անհատականացված երբեմն անհնար է լինում բաղադրիչների փոփոխություն կատարել։ Իսկ մյուսները՝ անհատական համակարգիչները, կարող են Windows օպերացիոն համակարգով կամ Linux-ով աշխատել։
Դյուրակիր համակարգիչներ
Դյուրակիր համակարգիչների դեպքում երկընտրանք չկա, քանի որ դրանց բաղադրիչները խիստ տարբերվում են արտադրողների մակարդակով և փոխադարձ համատեղելի չեն։ Այսինքն՝ հնարավոր չէ Dell արտադրողի նոթբուքը համալրել HP ֆիրմայի բաղադրիչներով՝ ինչպես օրինակ՝ մայր պլատայով կամ նոթբուքի կորպուսով կամ էկրանով։ Այսպիսով՝ մնում է միայն ընտրություն կատարել արտադրողների և տեխնիկական բնութագրերի միջև։
Սակայն միշտ պետք է հատուկ ուշադրություն դարձնել բաղադրիչներին, որպեսզի նոթբուքը նույնպես ծառայի այն նպատակին, որի համար գնվում է: Երբեմն խանութը հնարավորություն է տալիս փորձարկել այս կամ այն մոդելը նախքան գնելը։
Համակարգիչների որոշ մոդելների համեմատություն
Հայկական օնլայն հարթակներում համեմատելով որոշ համակարգիչները, նկատել ենք, որ ամենաթանկ մոդելները Apple ֆիրմայի արտադրանքներն են, իսկ ամենաէժանները Lenovo, ASUS, Acer ֆիրմաներինը։ Գները տատանվում են 170 000 ՀՀ դրամից մինչև մոտ 1 090 000 ՀՀ դրամը։ Ուսումնասիրության ընթացքում օգտվել ենք mobilecentre.am և hardware.am կայքերից։
Հիմնական բնութագրիչները՝ RAM, CPU և HDD/SDD, քիչ են տարբերվում էժան տարբերակների դեպքում, իսկ թանկ մոդելների դեպքում զգալիորեն տարբերվում են։
Նոթբուքերի համեմատության օրինակ.
LENOVO Ideapad 320-14IAP (80XQ0003RU) |
PC Notebook ASUS X555D-WB11 |
Apple Macbook Pro 13.0 Touch Bar (MPXV2) |
Էկրանի բանաձեւը-1920x1080 Էկրան-14 inch (35.5 cm) Պրոցեսոր-CORE i3 ՕՀ տեսակ-Windows 10 Home Օպերատիվ հիշողություն-2/4/8GB |
Էկրանի բանաձեւը-1366 x 768 Էկրան-15.6 inch (39.6 cm) Պրոցեսոր-AMD A10-8700P ՕՀ տեսակ-Windows 10 Home Օպերատիվ հիշողություն-4GB |
Էկրանի բանաձեւը-2560 x 1600 Էկրան-13 inch (33 cm) Օպերատիվ հիշողություն-8GB Պրոցեսոր-CORE i5 ՕՀ տեսակ-MacOS High Sierra Կոշտ սկավառակի հիշողություն-256 GB Վիդեո քարտ-Intel Iris Plus Graphics 650 |
Միացություններ-Bluetooth, WiFi Չափս-338.3 mm × 249.9 mm × 22.7 mm Կշիռ-2.1 kg |
Միացություններ-Bluetooth, WiFi Չափս-38.2 x 25.6 x 2.58 cm Կշիռ-2.2 kg |
Միացություններ-Bluetooth, WiFi- 802.11ac, Չափս-1.49 x 30.41 x 21.24 cm Կշիռ-1.37 kg |
Գինը՝ 169,900 դր. |
Գինը՝ 209,900 դր. |
Գինը՝ 1,079,900 դր. |
Որոշ մոդելների դեպքում, ինչպես օրինակ Notebook LENOVO Ideapad 320-14IAP (80XQ0003RU) մոդելի դեպքում, հիմնական պարամետրերից RAM հիշողության, HDD/SDD հիմնական հիշողության նկարագրությունները բացակայել են mobilecentre.am կայքից և հնարավոր չի եղել այդ կայքից ամբողջական բնութագրիչները տեսնել։
Սեղանի համակարգիչների համեմատության օրինակ.
PC All In One LENOVO E63 Z-10E0005KAX |
Apple iMac 27.0 5K (MNE92) (Silver) |
Էկրանի բանաձեւը-1600x900 Էկրան-19.5 inch Օպերատիվ հիշողություն-4GB Պրոցեսոր-CORE i3 ՕՀ տեսակ-Windows 8.1 Pro Պրոցեսոր-Intel Core™ i3-4005U Processor (3M Cache, 1.70GHz) Կոշտ սկավառակի հիշողություն-500 GB Կոշտ սկավառակի տեսակ-HDD Օպերատիվ հիշողություն-4GB Վիդեո քարտ-Intel HD Graphics 4400 Ինտերֆեյս-2 x USB 2.0, Ethernet (RJ-45), HDMI-out, DC-IN, Bluetooth, WiFi Օպտիկական սկավառակ-None Չափս-With Stand: 488 x 62 x 346 mm Կշիռ-Touch with stand: 4.8kg max. |
Էկրանի բանաձեւը-5120 x 2880 Էկրան-27 inch (68.58 cm) Օպերատիվ հիշողություն-2GB Պրոցեսոր-CORE i5 ՕՀ տեսակ-MacOS High Sierra Պրոցեսոր-Intel Core i5, 3.4GHz Կոշտ սկավառակի հիշողություն-1 TB Կոշտ սկավառակի տեսակ-SSD Օպերատիվ հիշողություն-8GB Վիդեո քարտ-Radeon Pro 570 with 4GB of VRAM Հիշողության քարտի տեսակ-SDXC Ինտերֆեյս-Thunderbolt 2, HDMI, DVI, VGA, USB, Ethernet, Bluetooth, WiFi, LAN/Modem Վեբ տեսախցիկ-Այո Չափս-65 x 51.6 x 20.3 cm Կշիռ-9.44 kg |
Գինը՝ 379,900 դր. |
Գինը՝ 1,089,900 դր. |
Այսպիսով, սեղանի համակարգիչների և նոթբուքերի հարցում հարկավոր է ընտրություն կատարել հիմնական արտադրողների և բաղադրիչների, ինչպես նաև գների միջև։ Ցանկալի կլինի, որ համակարգչային մասնագետի օգնությամբ կատարվի այդ ընտրությունը՝ հաշվի առնելով գնորդի պահանջները։
Ավելի ցածր գին ունեցող համակարգչի կամ նոթբուքի պարամետրերը հիմնականում թույլ են տալիս գրասենյակային աշխատանքներ կատարել, իսկ համեմատաբար բարձր գին ունեցողներով կարելի է վիդեոմոնտաժ կամ այլ մասնագիտական գործողություններ էլ կատարել կամ խաղերի համար օգտագործել։ Եթե էժան համակարգիչը հնարավոր է որոշակի փոփոխությունների ենթարկել՝ հզորացնել հետագա օգտագործման համար, ապա բարձր գին ունեցող համակարգիչը, ինչպիսին, օրինակ Apple iMac-ն է, հենց առկա տեխնիկական բնութագրերով արդեն պատրաստ է ծանրաբեռնված աշխատանքի։ Այդ է համանաբար պատճառը, որ շատ մասնագետներ նախընտրում են վերջինը։
Մեկնաբանել