HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Վճարովի եթերի սակագները հրապարակվել են

Հայաստանում գործող հեռուստա եւ ռադիոընկերությունները հրապարակել են Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերի գները։

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատ, այս անգամ վճարովի եթեր տրամադրող ընկերությունների թիվը նվազել է 28-ը 18-ի հարաբերակցությամբ։

Ամենաբարձր սակագինը սահմանել են «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերությունները։ Նրանք նախընտրական քարոզչությանը մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին մեկ օրվա ընթացքում կտրամադրեն առավելագույնը 6 րոպե եթերաժամանակ, 100 հազար դրամ/րոպե սակագնով։

«Հ2» հեռուստաընկերությունը շաբաթվա առաջին վեց օրերին քաղաքական գովազդի յուրաքանչյուր րոպեն եթեր կհեռարձակի 60 հազար դրամով, իսկ կիրակի օրերին՝ 30 հազար դրամով։

«Հ3» հեռուստածրագիրը սահմանել է 50 հազար դրամ/րոպե սակագին։

Հանրային հեռուստաընկերության կողմից առաջարկվող սակագինը ցածր է վերը նշվածներից՝ 48 հազար դրամ/րոպե։ Հանրայինի հայտում նշված չեն յուրաքանչյուր օրվա ընթացքում քարոզչությանը տրամադրվող ժամանակահատվածը եւ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին մեկ օրվա ընթացքում տրամադրվող վճարովի եթերաժամանակը։

Ամենացածր սակագինն առաջարկում է «21TV»-ն՝ 8000 դրամ։ Րոպեի համար 8400 դրամ է սահմանել «Արարատ» հեռուստաալիքը։ «Երկիր Մեդիան» քաղաքական գովազդի յուրաքանչյուր րոպեի համար սահմանել է 25 հազար դրամ, «Կենտրոնը»՝ 18 հազար դրամ, «Արմնյուզը» եւ «Արը»՝ 20 հազար դրամ, «Ա-Թիվին»՝ 40 հազար դրամ սակագին։

Ռադիոկայանների առաջարկած սակագները տատանվում են 1000-3000 դրամի սահմաններում։ Վճարովի եթերի յուրաքանչյուր րոպեն նվազագույն 1000-ական դրամ են սահմանել «Հայ Էֆէմ» եւ «Ռադիո Հայ» ռադիոծրագրերը։ Հանրային ռադիոն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին վճարովի եթե կտրամադրի 2000 դրամով։ «Ռադիո Մարշալը» սահմանել է 2500 դրամ/րոպե սակագին, «Ռադիո Վան» եւ «Ռուսսկոյե ռադիո» ընկերությունները՝ 3000 դրամ/րոպե։ Ռադիոկայանները պատրաստ են յուրաքանչյուր օր 20-ից մինչեւ 60 րոպե եթերաժամանակ տրամադրել Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերին։

Քաղաքական գովազդի սակագները ձեւավորվում են ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն: Ըստ օրենսգրքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի՝ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս ռադիոընկերությունները և հեռուստաընկերությունները ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո իրենց եթերով հրապարակում են իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին գինը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter