HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դպրոցի վերջին շրջանավարտը դպրոցի տնօրենն է»

Լուսինե Բալյան
Անահիտ Վարդանյան

Ութամյա դպրոցը Տավուշի մարզի Դիտավան գյուղի միակ լուսավոր կետն է: Գյուղացիներն անհամբեր սպասում են աշակերտների կազմակերպած անգամ ամենահասարակ միջոցառմանը: Թեեւ դպրոցը շենքային պատշաճ պայմաններ չունի, որտեղ հնարավոր լինի իրականացնել դպրոցականների մտահղացումները, այդուհանդերձ գյուղացիները ոտքի վրա էլ մեծ հաճույքով վայելում են երեխաների շնորհները:

Դիտավանի դպրոցը կառուցվել է 1950-ական թվականներին: Դրանից հետո շենքը երբեւէ չի վերանորոգվել: Վերջերս գյուղապետարանի նախաձեռնությամբ փորձ է արվել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) միջոցով նոր մասնաշենք կառուցել, բայց ինչ-ինչ պատճառներով գործը կիսատ է մնացել: Դպրոցի ղեկավարությանը խոստացել էին այս տարի պետության կողմից հատկացումներ անել շենքային պայմանները բարելավելու համար: Սակայն այս տարին էլ մոտենում է ավարտին, իսկ շենքը դեռ նախկին վիճակում է:

Հիմա դպրոցը հիսուներեք աշակերտ ունի: Չնայած աշակերտների փոքր թվին' դասասենյակները չեն բավականացնում: Արդեն քանի տարի տարրական դասարանների աշակերտներն ուսում են ստանում վագոն-տնակներում, որտեղ ամռանը տոթ է, ձմռանըª ցուրտ: Դասասենյակներ չունեցող դպրոցի համար մեծ ճոխություն կլինի լաբորատորիաների, համակարգչային սենյակների, մարզասրահի ու դահլիճի մասին խոսելը: Համատարած այս գորշության մեջ սակայն դպրոցի տնօրեն Արմեն Հախվերդյանը պարծենալու առիթներ գտնում է:

ՙԴպրոցն աչքի է ընկնում աշակերտների առաջադիմությամբ: Դա է վկայում գյուղի ուսանողների թվաքանակը: Այս գյուղը ավելի շատ ուսանող ունի, քան մեր հարեւան մեծ գյուղերը: Քանի որ դասարանում աշակերտները քիչ են, դասերը մասնավոր պարապմունքի են նմանվում: Այդ պատճառով էլ առաջադիմությունը բարձր է՚:

Դիտավանում ութամյա կրթությունից հետո աշակերտները ստիպված ուսումը շարունակում են մոտակա գյուղերում: Բայց դա ոչ բոլորին է հաջողվում£ Գյուղից դպրոցականի հեռանալը ընտանիքի համար մի շարք սոցիալական խնդիրներ է առաջացնում: Առօրյա հոգսով ապրող գյուղացուն դժվար է մեղադրել երեխայի ուսումը թերի թողնելու համար£

Դիտավանցին հարեւան գյուղերում ուսումը շարունակելու երկու ճանապարհ ունիª կամ գտնել ծանոթ-բարեկամ, ում տանն այդ երկու տարին կապրի երեխան, կամ էլ ամեն օր ոտքով մի քանի տասնյակ կիլոմետր ճանապարհ հաղթահարել£ Դիտավանը հարեւան գյուղերի հետ տրանսպորտային հաղորդակցություն չունի£ Մի այլ խնդիր էլ կա. միջնակարգը լրիվ ավարտելու համար երեխան ժամանակից շուտ դուրս է մնում ծնողների հսկողությունից£

ՙՇենքային պայմանները բարելավելու դեպքում գյուղը կունենա միջնակարգ տասամյա դպրոց: Սակայն ինչի± մասին ենք խոսում, եթե եղածներին չենք կարողանում ապահովել նորմալ դասասենյակներով: Օրինակ' եթե տաք օրերին ֆիզկուլտուրայի դասաժամերը հնարավոր է անցկացնել դրսում, ապա ձմռանը դասընթացները կազմակերպվում են դպրոցի միջանցքում, ինչն, իհարկե, խանգարում է մյուս դասերին՚,-ասում է դպրոցի տնօրենը:

Գյուղական միօրինակ առօրյան չի լցվում դպրոցի միջոցառումներով£ Պատճառը ոչ թե մտահղացումների, այլ պայմանների բացակայությունն էª ոչ տեխնիկական որեւէ միջոց կա, ոչ էլ անգամ նստելու տեղ:

Դպրոցն ունի նաեւ մասնագետների կարիք, բայց կադրերի համալրում առայժմ չի սպասվում: Ներկայումս աշխատող 12 ուսուցիչները հիմնականում գյուղից են եւ հարեւան Ազատամուտ ավանից:

«Դրսից մասնագետներ չենք կարողանում հրավիրել, քանի որ լավ պայմաններ չունենք: Այդ պատճառով մի առարկայի մասնագետը ստանձնում է նաեւ այլ առարկաների դասավանդման գործը»,-ասում է Արմեն Հախվերդյանը:

Հայաստանի կրթական համակարգից դուրս մնացած Դիտավանի դպրոցը գործում է հարմարվողականության սկզբունքով: Եթե մեկին պատմես, որ դպրոցի կարիքները հոգալու համար աշակերտները այգի են մշակում կամ դասասենյակները տաքացնելու համար ամռանը փայտ են բերում անտառներից, չի հավատա:

«Գյուղի դպրոցի տնօրեն լինելն էլ է մի փոքր այլ: Երբ աշակերտը իր տնօրենին կով պահելիս կամ խոտհնձի ժամանակ է տեսնում, դա չի կարող չազդել տնօրեն-աշակերտ հարաբերությունների ձեւավորման վրա»,-ասում է Արմեն Հախվերդյանը:

Նա միաժամանակ գտնում է, որ առօրյա անընդհատ շփումները նաեւ դրական կողմեր ունեն: «Այն, որ յուրաքանչյուր աշակերտի գիտես ընտանիքով, տոհմով, օգնում է ավելի լավ հասկանալու աշակերտին: Մեր աշակերտների կարգապահությունից դժգոհելու քիչ բան ունենք: Երբ լսում եմ քաղաքում աշխատող իմ կոլեգաներից, թե ինչպիսի վարք ունեն մերօրյա դպրոցականները, փառք եմ տալիս մերոնց: Սա էլ գյուղի առավելությունն է»:

Ութամյա կրթությունից հետո ուսումը շարունակելու համար ծննդավայրից հեռացած աշակերտն ընդմիշտ է հեռանում գյուղից: Այդ պատճառով վերջին տասնամյակում Դիտավանի դպրոցի գյուղում մնացած վերջին շրջանավարտը տնօրենն է: Իսկ մյուսների համար Դիտավանը դառնում է ծնողներից ու հարազատ վայրերից կարոտն առնելու վայր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter