HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կհամագործակցե՞ն արդյոք ԵՄ-ը և ԵԱՏՄ-ը. ինչպե՞ս, որտե՞ղ և ե՞րբ

Անի Եղիազարյան 

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի(Գերմանիա)

Քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող 

Ամփոփ կետեր 

  1. 2000-ականների վերջին Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ տնտեսական ինտեգրացիոն տարածություն հիմնելու Պուտինի առաջարկը՝ «Մեծ Եվրոպայի» ռուսական տարբերակը, ըստ էության, եկավ “փոխլրացնելու” Ռոբերտ Շումանի «Ընդլայնված Եվրոպայի» հայեցակարգը, ավելի ստույգ՝ դրա մոդիֆիկացիաները, որոնք ուրվագծվել էին Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դը Գոլի և Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտի կողմից:
  2. 2013թ.-ից ի վեր Ուկրաինայի շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի միջև ծավալվող խոր և տևական քաղաքական ճգնաժամը, Ռուսաստանի թշնամական վերաբերմունքը ԵՄ արևելյան քաղաքականությունների՝ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ծրագրի և դրա անդամ պետությունների ինքնիշխան քաղաքականությունների հանդեպ կուտակեցին խոչընդոտների մի ողջ շարք, որոնք արգելափակում են համագործակցությունը երկու ինտեգրացիոն նախագծերի՝ Եվրոպական միության (ԵՄ)՝ որպես տնտեսական ու քաղաքական ինտեգրման ամենահաջողակ նախագծի, և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)՝ որպես նորաստեղծ ու նոր գործառնող տնտեսական ինտեգրացիոն միավորի միջև:
  3. Վերջին տարիներին էպիզոդիկ դրական ազդակներ են հղվում թե՛ ԵՄ-ի և/կամ նրա առաջատար երկրների, թե՛ ՌԴ-ի կողմից, ինչը շատերի մոտ, թերևս, ԵՄ-ԵԱՏՄ հնարավոր համագործակցության հույս է ներշնչում:
  4. ԵՄ-ԵԱՏՄ համագործակցությունը շահավետ կլինի հատկապես ԵԱՏՄ-ի համար (անշուշտ, ԵՄ որոշ առանձին պետություններ նույնպես կշահեն), կունենա տնտեսապես միմյանց փոխլրացնող էֆեկտ և կմեծացնի փոխադարձ կախվածությունը:
  5. ԵՄ-ԵԱՏՄ հնարավոր համագործակցությունը կնպաստի երկու կառույցների միջև վստահության մակարդակի բարձրացմանը և կկայունացնի եվրոպական ու եվրասիական ընդարձակ տարածությունները:
  6. Մինչ պատժամիջոցների ու բոլոր խոչընդոտների վերացումը փոխպայմանավորված են ու կողմերից պահանջվում են բարդ փոխզիջումներ, ՀայաստաննուՀամապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) կարող են ԵՄ և ԵԱՏՄ միջև երկխոսության առաջին թեսթն ու հարթակը դառնալ՝ կանխորոշելով հետագա համագործակցության այլ հնարավորություններ:   

Նախաբան 

«Ընդլայնված Եվրոպայի» հայեցակարգն ի հայտ է եկել 20-րդ դարի կեսերին Արևմուտքում: 1950թ. մայիսի 9-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբեր Շումանն առաջարկեց ստեղծել միասնական գերատեսչություն՝ վերահսկելու Ֆրանսիայում ու Արևմտյան Գերմանիայում պողպատի ու ածխի արտադրությունը։ Այդ առաջարկի իրագործումը հանգեցրեց Ածխի ու պողպատի եվրոպականմիավորման (ECSC) ստեղծմանը։ Գաղափարը, որը կոչված էր նպաստել Երկրորդ համաշխարհային պատերազմի կործանարար հետևանքները հաղթահարելուն և Եվրոպայում պատերազմը «փաստացի անհնարին» դարձնելուն, վերջին հաշվով իրականություն դարձրեց նաև ընդհանուր շուկայի ստեղծումըև մարդկանց, ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ու կապիտալի ազատ տեղաշարժը։ Մայիսի 9-ը, երբ Շումանը Ֆրանսիայի կառավարության անունից հրապարակեց իր առաջարկը, ամեն տարի նշվում է որպես Եվրոպայի օր, իսկ ինքն էլհամարվում է ԵՄ-ի հիմնադիր հայրերից մեկը։ Նա գտնում էր, որ Եվրոպայի ժողովուրդների միավորումը պահանջում է Գերմանիայի ու Ֆրանսիայի միջև վաղեմի դիմակայության վերացում, ինչի համար էլ ձեռնարկվող բոլոր գործողությունները պետք է առաջին հերթին շոշափեին այս երկու երկրները։ Շումանի կարծիքով՝ ածխի ու պողպատի արտադրության միավորումը պետք է անմիջապես ապահովեր տնտեսական զարգացման համար ընդհանուր հիմքի ստեղծումը և հանդիսանալու էր Եվրոպայի Դաշնություն ստեղծելու ուղղությամբ առաջին քայլը։ Դրա հետ մեկտեղ Շումանը գտնում էր, որ անհնար է Եվրոպա ստեղծել մեկ ակնթարթում կամ էլ մեկ/միակ պլանի հիման վրա՝ կարևորելովդրա կառուցումը կոնկրետ ձեռքբերումների հիման վրա, որոնք հիմք կդնեն փաստացի ներդաշնակությանը[1]։

Շումանից հետո Ֆրանսիայի նախկին (1959-1969թթ.) նախագահներից ԵՄ-ի ստեղծման ակունքներում կանգնած Շառլ դըԳոլը շրջանառության մեջ դրեց «Եվրոպա՝ Ատլանտիկայից մինչև Ուրալ» արտահայտությունը՝ դրա տակ հասկանալով Ֆրանսիայի ու Գերմանիայի դաշնային/ֆեդերալ Հանրապետության (ԳՖՀ) քաղաքական մերձեցումը ԽՍՀՄ-ի, ինչպես նաև Վարշավյան բլոկի մյուս երկրների հետ: Այն համապատասխանում էր Շառլ դը Գոլի արտաքին քաղաքական կուրսին, որը նախատեսում էր Եվրոպայում Ֆրանսիայի դերի մեծացում, ԱՄՆ-ի ազդեցությանը հակազդում, ՆԱՏՕ-ից որոշակի հեռացում: 1959թ. Ստրասբուրգում ունեցած պատմական ելույթում Շառլ դը Գոլը հայտարարեց. «Այո՛, ողջ Եվրոպան՝ Ատլանտիկայից մինչև Ուրալ, կլուծի աշխարհի ճակատագիրը»:

Այս կարգախոսը հետագայում հնչեց բազմիցս՝ դառնալով նոր խոսք միջազգային հարաբերություններում: Մինչ այդ համաշխարհային քաղաքականության հիմքումՍառը պատերազմիհարացույցն (պարադիգմա) էր՝ ռազմաքաղաքական ու գաղափարական երկու բլոկների դիմակայությունը: Շառլ դը Գոլի տվյալ հայտարարությունըսենսացիա դարձավ երկու բլոկներում էլ, քանի որ նա այդպիսով դեմ արտահայտվեց տվյալ ժամանակվա միջազգային հարաբերությունների ողջ աքսիոմին:Դը Գոլը, սակայն,արդեն հասցրել էր զարմացնել բոլորին, երբ կողմ էր արտահայտվել Ֆրանսիայի ու ԳՖՀ-ի միության ստեղծմանը, ինչն այն ժամանակվա համար հիրավի ֆանտաստիկ նախաձեռնություն էր: Բացի այն, որ Ֆրանսիան ոչ վաղ անցյալում՝ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում, պատերազմել էր Գերմանիայի դեմ, դը Գոլն անձամբէր մասնակցել երկու պատերազմներինէլ (Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դը Գոլը երեք անգամ վիրավորվել է գերմանացիների դեմ մարտերում, ինչպես նաև գերեվարվել): Չնայած այդ ամենին՝ դը Գոլը համոզված էր, որ եվրոպական երկու խոշորագույն երկրների միջև վաղեմի թշնամանքի վերացումը կարող է հավերժ խաղաղություն հաստատել Եվրոպայում, որ Եվրոպայի երկու խոշորագույն երկրները պետք է միավորվեն՝ հանուն նոր մեծ պատերազմի բացառմանմայրցամաքում: ԴըԳոլն այդպիսով առաջ քաշեց «ընդհանուր եվրոպական տան»՝ Ատլանտիկայից մինչև Ուրալ Եվրոպայի գաղափարը, որում ԽՍՀՄ-ը պետք է լիներ եվրոպական անվտանգության երրորդ անքակտելի երաշխավորը:

Արևելյան ու Արևմտյան Եվրոպայիերկրների միջև լարվածության մեղմացմանն էր ուղղված  նաև Գերմանիայի կանցլեր (1969-1974թթ.) Վիլլի Բրանդտի քաղաքականությունը, որը հայտնի էր «Արևելյան նոր քաղաքականություն» (Ostpolitik) անվանմամբ։ 1970թ. մարտի 19-ին Էրֆուրտում տեղի ունեցավ ԳՖՀ-ի ու Գերմանիայի դեմոկրատական Հանրապետության (ԳԴՀ) կառավարությունների ղեկավարների առաջին հանդիպումը, որը սկիզբ դրեց գերմանական երկու պետությունների խորհրդանշական մերձեցմանը։ 1970թ.օգոստոսի 12-ին Բրանդտը Մոսկվայում ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Ա. Ն. Կոսիգինի հետ ստորագրեց Եվրոպայում հետպատերազմյան սահմանների ճանաչման մասին պայմանագիրը, որը սկիզբ դրեց արևելաեվրոպական երկրների հետ ԳՖՀ-ի պայմանագրերի շարքին։ Բրանդտը միջազգային հարաբերություններիբարելավման համար 1971թ. դեկտեմբերի 10-ին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Արևմուտքի ու Արևելքի միջև լարվածության թուլացմանը նպաստելու համար։

1980-ականներին «ընդհանուր եվրոպական տան»գաղափարին կողմ արտահայտվեց նաև ԽՍՀՄ առաջնորդ Միխեիլ Գորբաչովը: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո «Մեծ Եվրոպա» գաղափարը որոշ ժամանակ դուրս մնաց քաղաքական օրակարգից և դրանում հայտնվեց արդեն 21-րդ դարում:

Այսպիսով, հիմք ընդունելով Շումանի կոնցեպցիան, որը զարգացավ Եվրոպան ամբողջացնելու ու խաղաղ դարձնելու դիպաշարով, Շառլ դըԳոլի մոտեցումները և Վիլլի Բրանդտի քաղաքականությունը՝ կարող ենք ընդհանրացնել, որ նրանց նախաձեռնությունները միով բանիվ ուղղված են եղել արևմտյան ու արևելյան բլոկների միջև առկախորը տարաձայնությունների կամրջմանը՝ երկբևեռ աշխարհակարգի առկա իրողությունների հաշվառմամբ: 

Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ

Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ «ԸնդլայնվածԵվրոպա» հայեցակարգը սկսվեց լայնորեն արծարծվել 2000-ականներին: 2001թ. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին ԵՄ-ին ու ՌԴ-ին առաջարկեց ստեղծել Համաեվրոպական տնտեսական տիրույթ: Սա վկայում էր, որ եվրոպական կողմի համար 21-րդ դարում նույնպես ընդունելի էր «Մեծ/ԸնդլայնվածԵվրոպա» հայեցակարգը: Տվյալ հարցը քանիցս քննարկվել է ԵՄ-ՌԴ գագաթաժողովներում, և տպավորություն էր ստեղծվել, որ թե՛ ԵՄ-ը, թե՛ ՌԴ-ը պատրաստ էին ձեռնամուխ լինել«Ընդլայնված Եվրոպա» հայեցակարգի աստիճանական գործարկմանը:ՌԴ-ումքաջածանոթ էին «Ընդլայնված կամ Ամբողջական Եվրոպայի» վերոնկարագրյալ դիսկուրսներին, ըստ այդմ՝ փոխակերպվելով սեփական մոտեցումներով «Մեծ Եվրոպա»-իդիսկուրսի կառուցմանը, որը չէրսպառնա իր ազդեցության ավանդական գոտիներին։

Սակայն2000-ականներինտեղի ունեցավ երկու կարևոր իրադարձություն, որոնք բացասաբար ազդեցին կողմերի միջև վստահության մթնոլորտի վրա:

1) 2004թ.ԵՄ-իշարքերը համալրեցին 10 երկրներ՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպան ներկայացնող Չեխիան, Էստոնիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովակիան, Սլովենիան և միջերկրածովյան կղզային պետություններ Կիպրոսն ու Մալթան: Սա թեև ՀՆԱ-ի ցուցանիշներով ԵՄ-ի ամենափոքր ընդլայնումն էր, սակայն մյուս կողմից էլ ԵՄ-ի ամենամեծ ընդլայնումն էր բնակչության ու տարածքային ցուցանիշների տեսանկյունից: Հատկանշական է, որ նույն 2004թ. գրանցվեց ՆԱՏՕ-ի հինգերորդ ընդլայնումը, երբ Դաշինքի մեջ մտավ միանգամից 7 երկիր՝ Բուլղարիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Էստոնիան: Այս ամենն ուշագրավ է նրանով, որ ԵՄ-ի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի շարքերը համալրեցին ոչ միայն հետսոցիալիստական ճամբարի, այլև հենց հետխորհրդային մի շարք երկրներ:

2) 2008թ. օգոստոսին տեղի ունեցավ Ռուս-վրացական պատերազմը, որին հաջորդեց ՌԴ-ի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչումը, ինչպես նաև դրանցում սեփական ռազմական ներկայության ամրապնդումը:Այս պատերազմի ու դրան հաջորդած նշյալ զարգացումների պատճառով «Ընդլայնված/Մեծ Եվրոպայի» գաղափարը, ինչպես նաև ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև վիզային ռեժիմի վերացման հարցերը ժամանակավորապես դուրս մնացին օրակարգից:

Չնայած դրան՝ՌԴ-ի ղեկավարությունը շարունակ կողմ էր արտահայտվում «Մեծ Եվրոպայի» իր տեսլականի իրագործմանը՝ գիտակցելով, որ այն կարող է ՌԴ-ին տալ քաղաքական ու տնտեսական մի շարք առավելություններ: 1) Դեպի եվրոպական տեխնոլոգիաներ անարգել մուտքն ու իրավական արդյունավետ մեխանիզմների փոխառումը ՌԴ-ին հնարավորություն կտային իրականացնելու երկար սպասված արդիականացումը, մեծացնել ներդրումների հոսքը, երկիրը դարձնել ավելի գրավիչ բիզնես գործունեության համար և բարձրացնել նրա մրցունակությունը: 2) Եթե ՌԴ-ը ճանաչվեր եվրոպականարժեհամակարգի ու քաղաքակրթական տարածքիլիիրավ մաս, ապա դա դրականորեն կանդրադառնար նրա իմիջի վրա, ինչը պակաս կարևոր չէ նրա գործընկերների ու ներդրողների համար: 3) Կվերացվեր Սառը պատերազմի ժառանգությունը, ևբաժանարար գծերի վերացումը հնարավորություն կտար արմատականորեն փոխել եվրոպական անվտանգության համակարգը, որտեղ ՌԴ-ը կկարողանար զբաղեցնել կարևոր տեղ[2]։ Բացի այդ ՌԴ-ը հնարավորություն կստանար կրճատել ռազմական ոլորտի վրա կատարվող խոշոր ծախսերը և տնտեսած գումարներն ուղղել տնտեսության արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը։

Այս ամենըցույց է տալիս, թե ինչու էր ՌԴ-ը շահագրգռված «Ընդլայնված/Մեծ Եվրոպայի» գաղափարի իրագործմամբ, և թե ինչու նրա տվյալ դիրքորոշումը չփոխվեց նաև 2008թ. օգոստոսյան պատերազմից ու դրա հետևանքով Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացումից հետո: Ավելին, ՌԴ-ի իշխանությունների տվյալ դիրքորոշումն արտաքուստ չփոխվեց նաև 2009թ. ԵՄ-ի կողմից «Արևելյան գործընկերություն» ծրագրի գործարկումից հետո, որը միտված էր հետխորհրդային վեց երկրները (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Ադրբեջան, Բելառուս) ԵՄ-ին ավելի մերձեցնելուն: Դա կապված էր ՌԴ-ի՝ առաջին հերթին տնտեսական և ոչ թե քաղաքական հաշվարկների հետ, քանի որ ՌԴ-ն իրականում դեմ էր դեպի արևելք ԵՄ-ի ընդլայնմանը։

ՌԴ-իայդպիսի դիրքորոշման մասին է վկայում 2010թ. նոյեմբերին գերմանական Süddeutsche Zeitung թերթում հրապարակված՝ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ «Ռուսաստանն ու Եվրոպան. ճգնաժամի դասերիիմաստավորումդեպի գործընկերության նոր օրակարգ» խորագրով հոդվածը, որը նախորդեց նրա գերմանական այցին, ուր նա պետք է մասնակցեր Գերմանիայի առաջատար ընկերությունների ղեկավարների ու թոփ-մենեջերների կազմակերպած ֆորումին: Նշելով, որ 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամն առաջացրել է լոկալ կոնֆլիկտներ, նվազեցրել է սուր հարցերի շուրջ պայմանավորվածության գալու միջազգային հանրության ունակությունը՝ Պուտինը կարևորեց զարգացման հետագա ուղիների ու ռիսկերի մասին խորհելը. «Ապագայի սեփական տեսլականի մասին մտածել անհրաժեշտ է նաև Եվրոպային, և մենք առաջարկում ենք այն ձևավորել միասին՝ ՌԴ-ի ու ԵՄ-ի գործընկերության միջոցով: Դա կլիներ ժամանակակից աշխարհում մրցունակության ու հաջողության հասնելու մեր համատեղ հայտը: Անկեղծ ասած՝ թե՛ ՌԴ-ը, թե՛ ԵՄ-ը տնտեսական պլանում բավական խոցելի են: Դա հստակ ցույց տվեց ճգնաժամը: Սրան պետք է հավելել այն, որ ՌԴ-ի ու ԵՄ-ի փոխգործակցության ներկայիս մակարդակն ակնհայտորեն չի համապատասխանում այն մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր առջև: Իրավիճակը փոխելու համար անհրաժեշտէ օգտագործելայն իրողություններն ու հնարավորությունները, որոնք կան թե՛ ԵՄ-ի, թե՛ ՌԴ-ի մոտ: Ի՞նչ ենք մենք առաջարկում.1) Նախևառաջ դա Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ տնտեսական ներդաշնակ ընկերակցության, իսկ ապագայում հնարավոր է նաև ազատ առևտրի գոտու և անգամ տնտեսական ինտեգրման ավելի առաջնային ձևաչափերի ստեղծում: Մենք փաստացիորեն կստանանք տրիլիոնավոր եվրո ծավալով մայրցամաքային շուկա: Ակնհայտ է, որ դրա մեկնարկի համար անհրաժեշտ է վերացնել այն բոլոր խոչընդոտները, որոնք ընկած են ԱՀԿ-ին ՌԴ-ի անդամակցելու ճանապարհին(ՌԴ-ն ԱՀԿ-ին անդամակցեց 2012թ. – հեղ.): 2) Մենք առաջարկում ենք ընդհանուր արդյունաբերական քաղաքականություն՝ հենված ԵՄ-ի ու ՌԴ-ի տեխնոլոգիական ու ռեսուրսային պոտենցիալների միավորման վրա: 3) Բառացիորեն դռները թակում է Եվրոպայի միասնական էներգահամալիրի ստեղծման գաղափարը: ԽՍՀՄ փլուզումից հետո ՌԴ-ը զրկվեց արտահանման խոշորագույն շուկաներ ուղիղ ելքից, ի հայտ եկավ տարանցիկ երկրների խնդիրը, որոնք ձգտում էին օգտագործել իրենց մոնոպոլ դիրքըմիակողմանի առավելություններ ստանալու համար: Այստեղից էլ բխեցին հայտնի կոնֆլիկտները: Բնականաբար, տվյալ իրավիճակը չէր համապատասխանում ՌԴ-ի, ինչպես նաև մեր էներգետիկ ռեսուրսները սպառողների շահերին: 4) Մեր մայրցամաքում իրական գործընկերությունն անհնար է, քանի դեռ պահպանվում են մարդկային ու գործարար շփումներին խանգարող արգելքները: Դրանցից գլխավորը ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև գոյություն ունեցող վիզային ռեժիմն է: Մենք կարծում ենք, որ վիզաների չեղարկումը պետք է դառնա ԵՄ-ի ու ՌԴ-ի իրական ինտեգրման գործընթացի ոչ թե ավարտը, այլ մեկնարկը: Այսօր՝ պատմական նոր պայմաններում, մենք հնարավորություն ունենք կառուցելու միասնական ու բարգավաճ Եվրոպա»[3]:

Պուտինի այս խոսքերը վկայում են, որ ԵՄ-ի ու ՌԴ-ի տնտեսությունները փոխլրացնող են, որ ԵՄ-ն ունի տեխնոլոգիական, իսկ ՌԴ-ը՝ ռեսուրսային մեծ պոտենցիալ։ Չնայած դրան՝ ակնհայտ է, որ եթե Պուտինի մատնանշած բոլոր ծրագրերը (վիզային ռեժիմի վերացում, միասնական էներգետիկ համակարգի, ազատ առևտրի գոտու ստեղծում, ժամանակակից տեխնոլոգիաների ստացում) իրականություն դառնային, ապա դրանից շատ ավելի շահելու էր տնտեսական առումով ավելի թույլ զարգացած ՌԴ-ը։ Անշուշտ, հասկանալի է, որ այս ամենի հետ մեկտեղ Վ.Պուտինի քաղաքական նպատակների թվում շարունակում էր մնալ,ի հաշիվ իր ազդեցության ավանդական գոտիների,ԵՄ ընդլայնումը դեպի արևելք կանխելը։

Ի դեպ, նույն 2010թ. ՌԴ նախագահԴմիտրի Մեդվեդևը Լիսաբոնում տեղի ունեցած ՌԴ-ՆԱՏՕ գագաթաժողովում ձևակերպեց անվտանգության հարցերում ԵՄ-ի հետ ռազմական-ռազմավարական գործընկերության վերաբերյալ ՌԴ-ի առաջարկները (2008թ. օգոստոսյան պատերազմից հետո առաջին անգամ էր անցկացվում ՆԱՏՕ-ՌԴգագաթաժողով): Այդպիսով, կատարվեց դերերի հստակ տարանջատում. Մեդվեդևը հնչեցրեց ռուս-եվրոպական ինտեգրման ռազմաքաղաքական ու պաշտպանական ասպեկտները, իսկ Պուտինը՝ տնտեսական ու էներգետիկ ասպեկտները: Հատկանշական է, որ 2000թ. ՌԴ նախագահի պաշտոնակատար Պուտինն անգամ չէր բացառել ՆԱՏՕ-ին ՌԴ-ի անդամակցությունը. «Իսկ ինչու ոչ: Ես չեմ բացառում նման հնարավորությունը, եթե այդ դեպքում հաշվի առնվեն ՌԴ-ի շահերը, եթե ՌԴ-ը լինի իրավահավասար գործընկեր»[4]:

Վ. ՊուտինըԼիսաբոնից մինչև Վլադիվոստոկ միասնական տնտեսական տիրույթի մասինիր առաջարկները կրկնել է նաև 2014, 2015 և 2016 թթ., այսինքն՝ Ուկրաինայի հայտնի դեպքերից հետո:Դա պատահական չէր՝ հաշվի առնելով վերոնշյալը, որ ԵՄ-ի հետ տնտեսական համատեղ նախագծերի իրագործումից ավելի շատ շահելու էր հենց ՌԴ-ը, որն Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ հայտնվել էր արևմտյան պատժամիջոցների տակ, և, բնականաբար, ձգտում էր շուտափույթ ձերբազատվել տվյալ բեռից։ Ռուսականկողմը փորձում էր դա հնարավոր դարձնել՝նաև «Մեծ Եվրոպայի» նախագծի իրագործման հարցում իր շահագրգռվածությունը ցուցադրելով։ Օրինակ, 2014թ. ապրիլին Պուտինը կարևորեցԼիսաբոնից մինչև Վլադիվոստոկ «Մեծ Եվրոպայի» ստեղծումը՝ չվերածվելու համար մանր խաղացողների, որոնցից կախված չի լինի որևէ բան. «Եթե մենք դա չանենք, հնարավորություն չենք ունենա արժանի տեղ զբաղեցնել ապագա աշխարհում։ Եթե մենք գնանք այլ ուղով, բաժանենք Եվրոպան,զբաղվենք անջատմամբ, ապա բոլորս մեզանից կներկայացնենք քիչ կարևորություն, կլինենք անհետաքրքիր խաղացողներ և որևէ ազդեցություն չենք ունենա համաշխարհային զարգացման և անգամ մեր զարգացման վրա։ ՌԴ-ի առանձնահատկություններն արմատականորեն չեն տարբերվում եվրոպական արժեքներից։ Մենք՝ բոլորս, մեկ քաղաքակրթության մարդիկ ենք։ Այո՛, մենք՝ բոլորս, տարբեր ենք, մենք ունենք մեր յուրահատկությունները, սակայն մեր խորքային արժեքները միանման են։ Մենք ընդհանուր, քրիստոնյա քաղաքակրթության մաս ենք, մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ հաստատել մեր բոլոր գործընկերների հետ թե՛ Արևմուտքում, թե՛ Արևելքում»[5]։

Ուշագրավ է, որ Պուտինի այս ելույթին նախորդել էր 2014թ. մարտինՂրիմում «հանրաքվեի անցկացումը», որը չճանաչվեց Արևմուտքի կողմից, հանգեցնելովՌԴ-ի դեմ պատժամիջոցներիսահմանմանը։ Չնայած դրան՝ Պուտինն Արևմուտքին անուղղակիորեն կոչ էր անում մոռանալ Ղրիմի մասին ևպնդում էր, թե ՌԴ-ը «կիսում է եվրոպական արժեքները»։ Պուտինը նաև քաջատեղյակ էր, թե ինչ է պետք անել՝ իր իսկ խոսքերով Արևմուտքի բոլոր գործընկերների հետ լավ հարաբերություններ հաստատելու համար։ Սակայն դա անելու փոխարեն նա փորձում է ԵՄ-ին համոզել, որ մանր խաղացողի չվերածվելու և լուրջ կշիռ ունենալու «միակ ելքն» Ուկրաինայում ՌԴ-ի վերջին գործողությունների վրա աչք փակելն է և Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ «Մեծ Եվրոպա» ստեղծելը։

2016թ.հունիսին էլ Պուտինը համոզվածություն հայտնեց, որ անհրաժեշտ է դասեր քաղել Ուկրաինայի դեպքերից ու ձեռնամուխ լինել Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս տնտեսական ու համագործակցության գոտիների ստեղծմանը։ Պուտինը տվյալ ճանապարհին կարևոր քայլ համարեց եվրոպական ու եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ներդաշնակեցումը և ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի համագործակցությունն անվանեց Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս ընդհանուր տիրույթի ստեղծման հիմք. «ԵՄ-ի հետ հարաբերություններում չկան անլուծելի խնդիրներ:Բազմապլան գործընկերության ուղուն վերադառնալու համար անհրաժեշտ է հրաժարվել «մեկ դարպասի վրա» խաղից, պետք է իրականում հաշվի առնել միմյանց կարծիքներն ու շահերը։ Հեռանկարում կարող է ստեղծվել Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս ընդհանուր տնտեսական ու հումանիտարտիրույթ։ Ներկայումս ՌԴ-ն ու ԵՄ-ը մոտեցել են հանգուցալուծման, երբ անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցին. ինչպիսի՞ն են տեսնում իրենց հարաբերությունների ապագան և ո՞ր ուղով են պատրաստվում քայլել։ Մենք ԵՄ-ը դիտարկում ենք որպես կարևոր հարևան և առանցքային տնտեսական գործընկեր։ Վերջին երեք տարում մեր ապրանքաշրջանառությունը կրճատվել է երկու անգամ, և, այնուամենայնիվ, ԵՄ-ի երկրներին է բաժին ընկնում ՌԴ-ի արտաքին առևտրի ծավալի գրեթե կեսը»[6]։

Փաստորեն, ավելի քան երկու տարի անց Պուտինը վերստին հանդես է գալիս նույն դիրքերից, փորձում է ընդգծել իր «կառուցողականությունը»՝ անհրաժեշտ համարելով Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս ընդհանուր տնտեսական ու հումանիտար տիրույթի ստեղծումը։ Նա քաջ գիտակցում է, որ այդ ճանապարհի թիվ մեկ գործոնն Ուկրաինայի հայտնի դեպքերի հետևանքների վերացումն է, և թեև հայտարարում է, թե ՌԴ-ԵՄ-ի հետ հարաբերություններում չկան անլուծելի խնդիրներ, սակայն իր գործողություններով ապացուցում է ճիշտ հակառակը։

Ամփոփելով Պուտինի հայտարարությունների շարքը՝ նշենք, որ ՌԴ նախագահը «Մեծ Եվրոպայի» ստեղծման անհրաժեշտության մասին շարունակ բարձրաձայնում է մի շարք նկատառումներով. ա) Ինչպես արդեն նշվեց, Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ միասնական տիրույթի ստեղծումն առաջին հերթին շահավետ է ՌԴ-ի համար։ Ազատ առևտուրը ՌԴ-ի բնակչությանը կապահովեր մեկ մարդու հաշվով տարեկան 235 €-ով եկամտի, իսկ Գերմանիայի դեպքում՝ 91 €-ով եկամտի մեծացում։ Այդ մասին նշվել է ավստրիացի պրոֆեսոր Գաբրիել Ֆելբերմայրի ու գերմանացի տնտեսագետ Յասմին Գրյոշլի հետազոտությունում, որը հրապարակվել է 2017թ. փետրվարի 20-ին տնտեսական հետազոտություններիմյունխենյան ինստիտուտի Ifo Schnelldienst տնտեսական պարբերականում: Հետազոտության հեղինակները նշում են, որ ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև առևտուրը բարդացնում են արևմտյան պատժամիջոցներն ու փոխադարձ բեռնարգելքը, որոնք, սակայն, չեն հանգեցրել Մոսկվայի աշխարհաքաղաքական դիրքորոշման ակնառու փոփոխությունների: Ելնելով դրանից՝ տնտեսագետները չեն բացառում, որ համընդհանուր շահերից է բխում ոչ թե պատժամիջոցների խորացումը, այլտնտեսական խորը համագործակցության հեռանկարը[7]։

բ) Պուտինը փորձում է ի ցույց դնել իր «կառուցողական դիրքորոշումը», իր պատրաստակամությունը «Մեծ Եվրոպայի» ստեղծման հարցում և դրա հետ մեկտեղ նույն խնդրի նկատմամբ ԵՄ-ի «ապակառուցողական դիրքորոշումն»ու «անպատրաստ լինելը»։ Պուտինն այստեղ «մոռանում է», որ «Ընդայնված/Մեծ Եվրոպայի» ստեղծմանը ձեռնամուխ լինելու համար անհրաժեշտ է առաջին հերթին վերացնել Ուկրաինայի ճգնաժամի հետևանքները։

գ) Պուտինը գիտակցում էր, որ եթե ՌԴ-ն ազատ առևտրի համաձայնագիր կնքի ԵՄ-ի հետ, ապա այն ճանապարհ կհարթերնաև ԱՄՆ-ի ուղղությամբ, եթե իհարկե ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև տարվող ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունները պսակվեին հաջողությամբ՝ TTIP-ի ստորագրմամբ (Անդրատլանտյան առևտրային ու ներդրումային գործընկերություն)։ ԵՄ-ին ու ԱՄՆ-ին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 60%-ը, ապրանքների համաշխարհային առևտրի 33%-ը և ծառայությունների համաշխարհային առևտրի 42%-ը։ ՌԴ-ն այդպիսով փորձում էր ապահովել իր մուտքը պատմության ողջ ընթացքում տարածաշրջանային խոշորագույն ազատ առևտրի գոտի, եթե իհարկե այն ստեղծվեր։

Ամեն դեպքում «Ընդլայնված/Մեծ Եվրոպա» նախագծի իրագործումը ներկայումս անհնար է առանց ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության՝ չնայած որ նրանց միջև դեռևս գոյություն չունեն պաշտոնական հարաբերություններ։ Այսպիսի պայմաններում կարևոր է հասկանալ, թե երբ, որտեղ ու ինչպիսի հարաբերություններ կարող են հաստատվել ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև։ Երկու միությունների համագործակցության հեռանկարների համատեքստում կարևոր է հաշվի առնել ԵԱՏՄ-ի ձգտումը ստանալու համար առևտրային արտոնություններն իր անմիջական ազդեցության գոտու սահմաններից դուրս՝ հաշվի առնելով աշխարհի տարբեր երկրների ու տարածաշրջանների հետ ԵՄ-ի առևտրային համաձայնագրերիհարուստ ու լավ զարգացած համակարգի առկայությունը:ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը ԵԱՏՄ-ի երկարաժամկետ նպատակներից է (ԵԱՏՄ-ը ԵՄ-ի համար չորրորդ խոշոր առևտրային գործընկերն է)։ Սակայն այստեղ ԵՄ-ի մոտ հարց է ծագում, թե ԵԱՏՄ-ը որքանով կարող է ընդհանրապես դիտարկվել որպես կայացած գործընկեր։ Ներկայումս 28 անդամներից բաղկացած ԵՄ-ն ամենահավակնոտ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացն է, իսկ ահա 5 պետությունից բաղկացած ԵԱՏՄ-ն իր հերթին հյուսիսային ու կենտրոնական Եվրասիայում տարածաշրջանային տնտեսական ինտեգրման փորձէ, որի կայացվածության մասին վաղ է համապարփակ ու սպառիչ գնահատական տալը։

Հաշվի առնելով հատկապես արևելաեվրոպական տարածագոտում ՌԴ-ի և ԵՄ-ի միջև առաջացած մեծ վիհի քաղաքական, աշխարհաքաղաքական և այլ դրդապատճառները, հետևանքների բարդությունը, ինչ-որ տեղ՝ այս պահին դրանց անշրջելիությունը (ոչ միայն այն պատճառով, որ կողմերից որևէ մեկը չի հրաժարվել իր հետապնդած ռազմավարական նպատակներից ու տեսլականից, այլև նրա համար, որ չի կարող սեփական քաղաքականությունը միանգամից հետ շրջելիր դեմքը պահպանելու պատճառով), ԵՄ-ԵԱՏՄ, ԵՄ-ՌԴ հարաբերությունների նորմալացման, ապա նաև կարգավորման դիպաշարերն այնքան էլ մեծ չեն: Այս համատեքստում մեր կողմից, թերևս, առավել իրատեսական է թվում հետևյալ «ճանապարհային քարտեզի» իրագործումը, որը նախ կկայունացնի դիմակայության բոլոր կողմերի հարաբերությունները և բուն տարածաշրջանը, կդառնա վստահության ամրապնդման յուրօրինակ գործընթաց՝հետագայում ճանապարհ հարթելով նաև միգուցե ավելի լայն համագործակցության համար հանուն «Ընդլայնված/Մեծ Եվրոպայի»:

ԵՄ-ԵԱՏՄ կառուցողական փոխգործակցության համար նախևառաջ անհրաժեշտ է հաղթահարել կողմերի հարաբերություններում ներկայիս քաղաքական ճգնաժամը: Մասնավորապես՝ ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև վստահության վերականգնման հարցում շրջադարձային կետ պետք է դառնա Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ փոխըմբռնման գալը։ Ի վերջո երկու կողմերի միջև խորացած քաղաքական ճգնաժամի պատճառը ԵՄ և ՌԴ ընդհանուր հարևանության մեջ ԵՄ արևելյան քաղաքականության՝ Արևելյան գործընկերության ծրագրի (ԱլԳ)ու անդամ երկրների՝ Եվրոպայի հետ ասոցացվելու ռազմավարական նպատակների հանդեպ ՌԴ-ի ագրեսիվ վերաբերմունքն է, որի «արդյունքներից» դարձան ուկրաինական ճգնաժամն ու Հայաստանին հարկադրանքով ԵԱՏՄ անդամ դարձնելը: Ըստ այդմ՝ դժվար է պատկերացնել ԵՄ և ԵԱՏՄ համագործակցություն կամ խաղաղ համագոյակցություն, եթե այս հարցերով փոխըմբռնում ու այդ ուղղությամբ քայլեր չարձանագրվեն: Մասնավորապես՝ Ուկրաինայի դեպքում դա կնշանակի «Մինսկ-2»ձևաչափով ձեռքբերված պայմանավորվածությունների անխախտ, անշեղ և տևական կատարում, իսկ ընդհանրապես՝ ՌԴ-ի կողմից ԱլԳ անդամ երկրների՝ երկկողմ հարաբերություններ (այդ թվում՝ ԵՄ-ի հետ) հաստատելու և խորացնելու իրավունքի հարգում՝ որպես ապացույց այն բանի, որ ՌԴ-ը դեմ չէ իր և ԵՄ ընդհանուր հարևանությունը կազմող երկրների արտաքին ու ներքին քաղաքականությունների դիվերսիֆիկացմանը:

ՌԴ-իքաղաքականության մեջ նման տեսանելի ուղերձների առկայությունն իր հերթին կարող է հանգեցնել նրան, որ ԵՄ-ը ժամանակի ընթացքում կկարևորի ինչպես բուն ԵԱՏՄ-ի, այնպես էլ նրա առանձին անդամ երկրների հետ երկխոսություն վարելն ու զարգացնելը։ Կողմերը պետք էձգտեն նրան, որ ԵՄ-ԵԱՏՄ ընդհանուր հարևանությունն ու գործընկերությունը ծառայեն երկու միությունների անդամ երկրներին ու նրանց գործընկերներին և ոչ թե դառնան նրանց միջև տարաձայնությունների առարկա։ Անհրաժեշտ է նախևառաջ դադարեցնել անվստահության աճը, փոխադարձ պատժամիջոցների էսկալացիան, ապա հետ շրջել տվյալ գործընթացները։

Եթե ՌԴ-ը սկսիկիսել եվրոպական ազատական ու ազատ շուկայական արժեքները, ինչպես իր հոդվածներում բազմիցս հիշատակել է Վ.Պուտինը՝ խոսելով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի արժեքային հիմքերի ընդհանրության մասին, հետևաբար՝ սեփական քաղաքականությունը վարի այդ հենքի վրա, ապա ինքնըստինքյան կդառնա Եվրոպական ընտանիքիմաս, Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս միասնական աշխարհաքաղաքական կազմավորման մասնիկ՝ մասնակցելով եվրոպական ինտեգրմանը։

Այս դիպաշարըհամարելով առավել իրատեսականն ու պրագմատիկը՝ կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք վերջին շրջանում կողմերի գործողություններում ու քաղաքականության մեջ արձանագրվել են դրական ազդակներ: 

Երկկողմ դրական ազդակներ

Վերջին շրջանում գրանցվել են տարաբնույթ մի շարք դրական ազդակներ, որոնք որոշակի հույս են ներշնչում մեր նախանշած դիպաշարով ԵՄ-ԵԱՏՄ հետագա համագործակցության համար: Ընդ որում, այդ ազդակներն ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԵԱՏՄ-ի առաջատար երկրների՝ Գերմանիայի ու ՌԴ-ի կողմից են:

Ներկայացնենք գերմանական կողմի դրական ուղերձները։ Գերմանիայի իշխանությունները և գերմանական բիզնեսն ընդհանրապես կողմ են «Ընդլայնված/Մեծ Եվրոպա» նախագծի իրագործմանը:Ուկրաինայի հայտնի դեպքերից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելնամեն տարի (2015, 2016, 2017թթ.) կողմ է արտահայտվում ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը և ՌԴ-ի հետ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ընդհանուր տնտեսական գոտու ստեղծմանը:Օրինակ, 2017թ. օգոստոսի վերջին Մերկելը պատրաստակամությունհայտնեց անմիջապես չեղարկելՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները. «ՌԴ-իդեմ պատժամիջոցների վերացումն օգտակար կլինի ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Գերմանիայի տնտեսության համար: Սակայն դրանք պետք է մնան ուժի մեջ, քանի դեռ Մոսկվան չի կատարում դրանց վերացման համար պայմանները: Եթե չիրագործվեն Մինսկյան համաձայնագրերը, ապա չեն կատարվի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները վերացնելու պահանջները»[8]։

Գերմանիայի կանցլերի նման ուղերձից ակնհայտ էր, որ եթե ՌԴ-ը կատարի Դոնբասի հակամարտության վերաբերյալ մինսկյան պարտավորությունները, ապա Գերմանիան (ԵՄ-ը) պատրաստ է չեղարկել նրա նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները։ Նկատելի է, որ Գերմանիան նախապայման չի ներկայացնում ՌԴ-ի կողմից Ղրիմն Ուկրաինային վերադարձնելը, քանի որ գիտակցում է, որ այդ դեպքում հարցը կհայտնվի երկարաժամկետ փակուղում։ Մերկելի այս հայտարարությունը նշանակում է, որ «գնդակը ՌԴ-ի դաշտում է»։ Սակայն ՌԴ-ը շարունակ հայտարարում է, թե ինքը «Մինսկյան համաձայնագրերի կողմ չէ»:

2018թ. փետրվարին էլ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Գերմանիայի նոր կառավարությունը պատրաստ է մինսկյան համաձայնագրերի իրագործման դեպքում եվրոպացի գործընկերների հետ քննարկել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման հարցը, որ Բեռլինը ցանկանում է կարգավորել Մոսկվայի հետ հարաբերությունները, որպեսզի վերադառնա սերտ գործընկերության: Տվյալ կետն ընդգրկվել էր Ա. Մերկելի գլխավորած պահպանողական բլոկի ու սոցիալ-դեմոկրատների միջև կոալիցիոն պայմանագրի նախագծում: Իշխող կոալիցիան այդպիսով նախկինի նման աջակցում է Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ընդհանուր տնտեսական տիրույթի ստեղծմանը[9]:

Երկրորդ կարևոր դրական ազդակը Գերմանիայից ստացվեց արդեն 2018թ. հունվարին, երբ նա արտոնեց իր տարածքային ջրերում ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը[10]։ Դրանից առաջ էլ Գերմանիայի՝այդ ժամանակվա արտգործնախարար Զիգմար Գաբրիելն անուղղակի դատապարտել էր «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները՝ հայտարարելով, որ եվրոպական ընկերություններն իրենք պետք է որոշեն, թե ումից գնեն գազ՝ հաշվի առնելով մատակարարումների հուսալիությունն ու շուկայական պայմանները[11]: Գերմանիայի կառավարությունը շարունակում է հավատացած լինել, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարը բացառապես տնտեսական՝ բիզնես և ոչ թե քաղաքական նախագիծ է, և եթե այն համապատասխանի եվրոպական ու ազգային օրենսդրություններին, ապա նախագիծը պետք է իրագործվի։Փաստորեն, Գերմանիան «կանաչ լույս» վառեց «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծի իրագործման առջև՝ չնայած. ա)Ուկրաինան դեմ է տվյալ նախագծին, որը մեծ վնաս կհասցնի նրան՝ զրկելով ռուսական գազը Եվրոպա տարանցելու դերից, բ) ԵՄ-ի մի շարք անդամներ (ասենք, Լեհաստանը) Գերմանիային կոչ են արել և անում հրաժարվել այդ նախագծից, գ) նախագծին կտրականապես դեմ է ԱՄՆ-ը, ով սպառնաց, ապաև պատժամիջոցներ սահմանեց եվրոպական այն ընկերություններինկատմամբ, որոնք կմասնակցեն «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծին։

Եվ, վերջապես, այստեղ պետք է հաշվի առնելմի հանգամանք, որը,շատերի պնդմամբ,Գերմանիային խոչընդոտում է վարել իր կշռին ոչ համաչափ արտաքին քաղաքականություն։ Խոսքը Գերմանիայի կողմից աշխարհի բազում երկրների հետառևտրա-տնտեսական լավ հարաբերություններ ունենալու և դրանք պահպանելու ձգտման ու կարողությունների համապատասխանության մասին է։ Եվ բնական է, որԳերմանիան ցանկանում է հնարավորինս շուտ շտկել Ուկրաինայի դեպքերի և ԵՄ-ՌԴ փոխադարձ պատժամիջոցներից հետո ստեղծված իրավիճակը։

Ինչ վերաբերում է «հայաստանյան հարթակում» ԵՄ-ՌԴ ուղերձափոխանակությանը և վերջին շրջանում ՌԴ-ի կողմից դրական ազդակներ հղելուն՝ Վ. Պուտինը,ինչպես արդեն նշվեց, բազմիցս կողմ է արտահայտվել «Մեծ Եվրոպա» հայեցակարգի իրագործմանը։ Բացի այդ պետք է ընդգծել նաև Հայաստանի ու ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, թեև շատերը չէին կասկածում, որ ՌԴ-ն անպայմանորեն տորպեդահարելու է դա։ Ավելի վաղ մենք կարծիք էինք հայտնել, որ ՀԸԳՀ-ն ստորագրվելու է, և դրա պատճառների թվում նշել էինք նաև այն, որ դա կարող է շահավետ լինել ՌԴ-ի համար, ով կարող է օգտվել Հայաստանի այդ «բացառիկ կարգավիճակից»[12]: Հայաստանը թե՛ ԱլԳ, թե՛ ԵԱՏՄ անդամ է և միաժամանակ ԵՄ-ի հետ ունի նման համաձայնագիր, ջերմ հարաբերություններ (ԵԱՏՄ-իանդամ, բայց ոչ ԱլԳ անդամՂազախստանը 2015թ. դեկտեմբերի 21-ին ԵՄ-ի հետ ստորագրել է Ընդլայնվածգործընկերությանուհամագործակցությանմասինհամաձայնագիրը՝ դառնալով ԵՄ-իհետ նման համաձայնագիր ստորագրած ԿենտրոնականԱսիայիառաջիներկիրը)։ ՌԴ-ում, թերևս, հուսով էին, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կարող է կապող օղակ, երկխոսության հարթակ դառնալ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև։ Այդպիսով ՌԴ-ը,չտորպեդահարելով ՀԸԳՀ-ի ստորագրումը, ԵՄ-ին ցույց տվեց իր կառուցողականությունը և որոշակի դրական մթնոլորտ ապահովեց ԵՄ-ի հետ երկկողմ հարաբերություններում։

ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի առաջատար երկրների կողմից տրված վերոնշյալ դրական ազդակները որոշակի հույսեր են առաջացնում երկու կառույցների հետագա համագործակցության համար։ Ամեն դեպքում ներկա դրությամբ դեռ կան բազմաթիվ խոչընդոտներ, որոնք կողմերը պետք է հաղթահարեն դրան հասնելու համար։ Շատ կարևոր է նաև տվյալ հարցերի, տարաձայնությունների շուրջ ԱՄՆ-ի դիրքորոշումը։

Անշուշտ, չպետք է բացառել, որ ԵՄ-ին շահագրգռող նախագծեր առաջ քաշելու («Հյուսիսային Հոսք 2») կամ էլ նրա կողմից առաջ քաշված ծրագրերի հանդեպ դրականորեն արտահայտվելու («Ընդլայնված/Մեծ Եվրոպա») Ռուսաստանի դրդապատճառներից մեկը կարող է լինել ինչպես բուն ԵՄ-ի ներսում, այնպես էլ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև տարաձայնություններ առաջացնելը կամ էլ դրանք խորացնելը։

Ինչպե՞ս, որտե՞ղ եւ ե՞րբ

Կարևոր է հասկանալ, թե ինչպես, որտեղ ու երբ կարող է սկսվել համագործակցությունը ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև։ 

Ինչպե՞ս

ա) ԵԱՏՄ-ը և ի դեմս նրա ՌԴ-ը պետք է ապացուցեն, որ հակառակ չեն գնում աշխարհին՝ ձեռնոց նետելով այն ֆունդամենտալ սկզբունքներին, որոնց վրա հիմնված են ազատ առևտուրը, տնտեսական միությունները և այլն։ Դրա մեջ մտնում են նաև կառավարման համակարգերը՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և այլն,

բ) ԵԱՏՄ-ը պետք է ապացուցի, որ ինքը, որպես ինտեգրացիոն միավոր, իսկապես կայանում է, ինչը տարիներ է պահանջում։ Եվ միայն ԵԱՏՄ-ի կայացած լինելու դեպքում իմաստ կունենա խոսել երկու ինտեգրացիոն կառույցների համագործակցության մասին։ Այլապես, եթե մի կողմը կայացած կառույց է, իսկ մյուսը՝ չկայացած, ապա դրանց միջև համագործակցության մասին խոսելն անիմաստ է (օրինակ, կարելի է ենթադրել, որ բանակցությունների մեկնարկի դեպքում ԵՄ-ը ներկայացնելու է վերջինիս արտաքին դիվանագիտության հանձնակատարը, մինչդեռ ԵԱՏՄ-ի պարագայում դժվար է ասել, թե ով կլինի համարժեք բանակցորդը),

գ) բոլոր կողմերը պետք է ապացուցեն, որ հարգում են անդամ պետությունների ինքնիշխանության իրավունքը. չստացվի այնպես, որ ինստիտուցիոնալ համագործակցության ժամանակ ՌԴ-ի ջանքերը վերածվեն ՀՀ-ի նման երկրներին երկկողմ հարաբերություններ վարելու ինքնիշխան իրավունքից զրկելուն,

դ) Հայաստանը, որտեղ երկու ինտեգրացիոն միավորները հատվում են, կարող է  հարթակ ծառայել՝ ձևավորելու վստահության մթնոլորտ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև, ստեղծելու համագործակցության նախադեպ և մոդել, նվազեցնելու լարվածությունը ԵՄ-ԵԱՏՄ տիրույթում, և ապահովելու երկխոսության ու քաղաքակիրթ մրցակցության տարբեր դաշտեր։

Այս համատեքստում ուշագրավ է 2011թ. ռուսական «Известия» թերթում ՌԴ այդ ժամանակվա վարչապետ Վ. Պուտինի տպագրած հոդվածը, որում նա ընդգծում է, որ ԵԱՏՄ-ը ստեղծվելու է ունիվերսալ ինտեգրացիոն սկզբունքներով, որպես «Ընդլայնված/Մեծ Եվրոպայի» անքակտելի մաս՝ միավորված ազատության, ժողովրդավարության ու շուկայական օրենքների միասնական արժեքներով. «Այդ գաղափարի զարգացումը մենք առաջարկել ենք եվրոպացիներին՝ համատեղ մտածելու համար Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ տնտեսությունների ներդաշնակ ընկերակցության, ազատ առևտրի գոտու և անգամ ինտեգրման ավելի առաջադեմ ձևաչափերի ստեղծման մասին։ ԵԱՏՄ-ին անդամակցելը տնտեսական ուղիղ օգուտներից բացի նրա յուրաքանչյուր մասնակցին հնարավորություն կտա ավելի արագ և ավելի ուժեղ դիրքերով ինտեգրվել Եվրոպային»։

Որտե՞ղ

Երկու ինտեգրացիոն միավորների միջև երկխոսությունն ու համագործակցությունն անխուսափելի է ՀԸԳՀ-իիրականացման գործընթացումևհատկապեսնրա հետևյալոլորտներում՝ էներգետիկ համագործակցություն՝ ներառյալ միջուկային անվտանգություն, արդյունաբերական և ձեռնարկատիրական քաղաքականություն, ենթակառուցվածքներ։

ԵՄ-ն առաջարկում է իր աջակցությունը՝ապամոնտաժել մոտ 40 տարի առաջ կառուցված Մեծամորի ատոմակայանի փակման ու ապամոնտաժման գործում (ժամկետը լրանալուց հետո), հըթնացս նաև՝համարժեք էներգետիկ կարողություններիապահովման կամ անգամնոր ատոմակայանկառուցելու գործում՝ քաջ գիտակցելով դրա կարևորությունը Հայաստանի էներգետիկ համակարգում։ Ընդ որում՝ միայն ատոմակայանի ապամոնտաժման գործընթացը որոշակի տվյալներով գնահատվում է 300 մլն ԱՄՆ դոլար։ Հայտնի է, որ 2003թ.-ից ատոմակայանը շահագործում է ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ն՝ համաձայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից կնքված հայ-ռուսական «գույք պարտքի դիմաց» պայմանագրի։ ԵՄ-ն ու ՌԴ-ը կարող են համագործակցել այս հարցում։

Բացի այդ ԵՄ-ը կարող է հետաքրքրված լինել Հայաստան-Իրան երկաթուղու նախագծով՝ կապված Պարսից Ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի իրագործման հետ, որում Հայաստանը կարող է ունենալ կարևոր դերակատարություն։ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ իրանական գազը դեպի Վրաստան, ապա ԵՄ արտահանման ոլորտում։ Ռուսական Գազպրոմ ընկերությանն է պատկանում Հայաստանում գազի շուկայի մեծամասնությունը և երկրի գազաբաշխման ողջ համակարգը:Այս նախագծերում էլ ՌԴ-ից պահանջվում է չտորպեդահարել դրանք։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ-ի ճնշմամբ՝ «Իրան-Հայաստան» գազատարի (խողովակաշարի) տրամագիծը զգալիորեն նվազեցվել է, որպեսզի իրանական գազը հնարավոր չլինի Հայաստանի տարածքով ուղարկել դեպի Վրաստան ու ԵՄ։

Հայաստանում գործում են մոտ 3000 ձեռնարկատիրական ընկերություններ, ինչպես նաև անխուսափելի է ռուսաստանյան ընկերությունների հետ համագործակցությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի արդիականացման ծրագրերում։ Բացի այդ «Հարավկովկասյան երկաթուղիներ» («ՀԿԵ») ՓԲԸ-ը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է: 2008թ. փետրվարի13-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ը «ՀԿԵ» ՓԲԸ-ին կառավարմանը հանձնելու մասին։ Համաձայն պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է։ Իսկ թեորքանով հիշյալ արդյունաբերական հսկաները կամ միջին ձեռնարկությունները կադապտանան ՀԸԳՀ-ի ներմուծած ստանդարտներին ու չեն տորպեդահարի դրա պատշաճ իրականացումը, նույնպես ցուցիչ կլինի։ 

Ե՞րբ

ա) Երբ ՌԴ-ն իր գործողություններով վստահության մթնոլորտ կապահովի ԵՄ-ի հետ հարաբերություններում, քանի որ, ի հակառակ դրան, ցավոք, առայժմ միայն անվստահություն խորացնող քայլեր են կատարվում: 2018թ. մարտին եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում նաև Գերմանիայումգրանցվեցին կիբեր հարձակումներ, որոնց պատասխանատու որակվեց ռուսական կողմը։ Մասնավորապես, ցանցահենները կարողացել էին ներթափանցել Գերմանիայի ԱԳՆ-ի ու ՊՆ-ի ցանցեր։ Բացի այդ եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը ՌԴ-ին մեղադրեցին Մեծ Բրիտանիայում ապաստան գտած ռուսական ռազմական հակահետախուզության նախկին սպա ու 1990-ականներին և վաղ 2000-ականներին ՄԲ-ի օգտին գործած երկակի գործակալՍերգեյ Սկրիպալի թունավորումը կազմակերպելու մեջ։ Եվ, վերջապես,մարտին նախագահի պաշտոնումվերընտրվելուց հետո Վ. Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված իր ուղերձում խոսեց ՌԴ-ի նոր սպառազինությունների մասին՝ հայտարարելով, որ իրենք նոր միջուկային զենք են ստեղծել, որի նմանն աշխարհում դեռ չկա (ավելի ուշ հայտնի դարձավ, որ Պուտինի ելույթի ժամանակ ցուցադրված Ֆլորիդայի ռմբակոծման անիմացիոն կադրերը կրկնում են 11 տարի առաջ ռուսական պետական Առաջին ալիքի եթերում ցուցադրված անիմացիան

բ) Երբ ՌԴ-ըկապացուցի, որ ԱլԳ քաղաքականության նկատմամբ թշնամական քաղաքականություն չունի,

գ) երբ ՌԴ-ըկապացուցի, որ կոնկրետ ՀՀ-ի պարագայում ուհայաստանյան հարթակում ինքը և իր քաղաքականությունը խոչընդոտ չեն համագործակցության համար,

դ) այնժամանակ, երբկմեկնարկիՀԸԳՀ-իպատշաճ և արդյունավետ իրականացումը։ 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)



[1]День Европы: Декларация Шумана и достижения будущего, Андреа Викторин, Глава Представительства Европейского союза в БеларусиМинск, Беларусь, 10/05/2017

[2]Концепция «большой Европы» от Лиссабона до Владивостока: проблемы и перспективы Е.Ю. Ильинhttp://www.vestnik.mgimo.ru/sites/default/files/pdf/007_mezhdunarodnye_otnosheniya_ilineyu.pdf

[5]Путин предлагает создавать Европу от Лиссабона до Владивостока, Российская газета, 17.04.2014 https://rg.ru/2014/04/17/bolshaya-evropa-anons.html

[6] Путин призвал ЕС возобновить отношения с Россией, Российская газета, 17.06.2016, https://rg.ru/2016/06/17/putin-prizval-es-vozobnovit-otnosheniia-s-rossiej.html

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter