HY RU EN

Անուշ Քոչարյան

Բալկոնում Արման Նուռն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ Արման Նուռն է։

Արման Նուռը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Ինքն իրեն հիշում է շատ փոքր տարիքից, «անհնարին» տարիքից։ Հենց այդ հիշողությունն էլ թույլ է տալիս հիմա պատմել, որ իրեն դիմել է երրորդ դեմքով մինչեւ 6-7 տարեկանը․ չի ասել, օրինակ, «ես ուզում եմ», ասել է՝ «Ամանին ուզում ա»։ Երրորդ դեմքով է շփվել ինքն իր հետ՝ առանց բացատրությունների։ Այսինքն այս «երրորդ տարածությունն» իր համար նոր չի, հիմա ուղղակի պիտի վերհիշի։

Նուռը գտվում էր մի միջավայրում, որտեղ երկու ժայռ կար՝ միջանկյալ խորը անդունդով։ Մի ժայռից մյուսը բարակ մի թել էր անցնում, որի վրայով ինքը պիտի անցներ։ Այ հիմա, երբ պատմում է, փշաքաղվում է, որովհետեւ սա իր ամենասարսափելի երազն է, որ տեսնում է մինչ օրս։

Այս նույն միջավայրը, նույն դրվագը՝ նույն մասնակիցներով, անընդհատ հետապնդում է։ Երկու ժայռերի վրա մարդկանց ամբոխն է, եւ զբաղված են այդ մարդիկ, ոչ մի ուշադրություն չեն դարձնում տղային, որը լարի վրայով պիտի անցնի։

Ինքն սկսում եմ քայլել, եւ, միեւնույնն է, երկու ժայռից էլ միայն անտարբերութուն է։ Այդ զգացումը, որ ինքը քայլում է, ներքեւում անծայրածիր անդունդ է, եւ ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, չի քաջալերում, դաժան է։

Տարօրինակ վախ է, որովհետեւ, եթե սարսափ երազումդ հրեշներն ընկել են հետեւիցդ եւ պիտի քեզ ուտեն, նորմալ դրվագ է, բայց, եթե փոքր տարիքում այսպիսի նուրբ զգացումից ես վեր թռչում, երեւի զարմանալի է։ Այդ երազում գալիս է պահը, երբ ինքն ընկնում է լարից․․․ Հենց ընկնում է, այդ պահին ամբողջ աշխարհն է շուռ գալիս, ինքը լարի վրա է, մնացած բոլորն ընկնում են։

Նուռն  ուզում է, որ անտարբերությունը վերանա, եւ, եթե պետք է աշխարհը շուռ գա, ուրեմն  թող շուռ գա, բայց չլինի անտարբերությունը, որովհետեւ դրանից ավելի վախենալու ոչինչ չկա։

Անտարբերությու՞ն լայն իմաստով, թե՞ մեկս մյուսիս հանդեպ։

Անտարբերությունը՝ լայն իմաստով եւ հատկապես՝ իրար նկատմամբ։ Շատ կուզեի, որ փողոցում մարդիկ իրար նայեն, «հիշեն» իրար, չանցնեն, ու իրենց թվա՝ կողքով անցնող մարդը գորշ ստվեր է։

Մարդիկ նայելու, ժպտալու, հիշելու կարիք ունեն․․․ Երեւի հենց մեր կողքիններից պիտի սկսենք, որպեսզի համատարած դառնա։ Անտարբերության հաղթահարումը մարդկության խաղաղ ապրելու, ամեն մեկի ներքին խաղաղության հասնելու ճանապարհներից մեկն է։

«Երրորդ տարածությունը» ընդհատեցի․․․

Էլի «ինքի» մեջ ենք, դեռ որ իրավիճակին նայում ենք կողքից, դրսից, քանի որ այսպիսի ամբիցիոզ պնդումներ ես չէի կարող անել, եթե դուրս չգայի ներսիցս․․․ Ինձ համառություն էր պետք իմ միջից դուրս գալու, քեզ էլ նույն համառությունից, որ ինձ իմ միջից հանեիր, որ կողքից բնութագրեի իրավիճակը հենց այդ բառերով։

Ուրեմն հիմա «երրորդ տարածությունից» դուրս ու շատ իրական քո տարածության մեջ կա՞ լարի վրա քայլելու այդ նույն զգացողությունը։

Երեւի թե հա, եւ շարունակում եմ կոչ անել անտարբեր չմնալ։ Գիտե՞ս՝ կապ չունի՝ ես լարի վրա եմ, թե փափուկ բարձին հենված, վտանգում եմ իմ կյանքը, թե ոչ, մեկ է, անտարբերությունից ազատվել է պետք, անընդհատ վերաբերմունքի կարիք կա։

Տեսակի հարց առաջանու՞մ էդու տեսակներ փնտրու՞մ ես։

Տեսակը միշտ կա, անընդհատ է ծնվում, նորից ձեւավորվում է։ Հարցն այն է, թե մենք գտել ենք այդ տեսակը, նկատել ենք իրեն, թե ոչ։ Ես, ի ուրախություն ինձ, կողքիս ցանկալի այդ տեսակներն ունեմ․․․ Ունեմ ընկերներ, շրջապատ, մտերիմներ, որոնք հենց այն տեսակներն են, որոնք որ հետաքրքիր են եւ ինձ, եւ շատերին։

Առհասարակ տեսակի գոյությունն է, որ հավասարակշռության մեջ  է պահում բնությունը, հակառակն անհնարին է։

Իսկ արվեստի գործի հանդեպ վերաբերմունքն ինչպե՞ս ես ձեւակերպում։

Ինքդ քո նկատմամբ անտարբեր չլինելով։ Եթե շենք կառուցողը, տաքսու վարորդը, ոսկերիչը, քանդակագործը ինքն իր հանդեպ անտարբեր է, ուրեմն գործը լավ անել չի կարող։

Քո ու Հայաստանի հարաբերությունները։

Շատ ծավալուն հարց է, ու դժվար է մի նախադասությամբ պատասխանել։ Կարելի է ասել, որ ճանաչում եմ Հայաստանն այնպես, ինչպես ճանաչում եմ ինքս ինձ, եւ, չնայած սրան, համոզված եմ, որ դեռ չունեմ այն իմաստությունը, որը կարող է բնութագրել այդ հարաբերությունը մեկ բառով կամ բառակապակցությամբ։

Շատ տրամաբանական է երեւի հնչում, բայց Հայաստանն ինձ համար տուն է, Երեւանը՝ ննջասենյակս կամ անձնական սենյակս։ Այսպես եմ ընկալում եւ երկիրը, եւ քաղաքը բառիս բուն իմաստով․ երբ տեսնում եմ վնասված մի բան,  անձնական ցավ եմ ապրում։

Ամեն ինչի հանդեպ է վերաբերմունքս այդպիսին․ ամեն անկյունի, փողոցի ու շենքի համար մի բան մտովի կառուցում եմ, լուսավորությունն եմ պատկերացնում՝ անկախ այն բանից, թե ինձ կձեռնվի հնարավորություն դա անելու, թե ոչ։

Կուզեի, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ապրում են այս երկրում, նաեւ երկրի եւ քաղաքի տերը համարեին իրենց ու ոչ թե «տիրելու» իմաստով, այլ «տիրություն անելու» ընկալումով։

Մեկ շաբաթ առաջ եմ եղել «Նուռ» ցուցասրահում, եւ, երբ գործերդ մանրամասն դիտում էի, մասշտաբի/տարածության  եւ թանկարժեք, փոքր զարդի համեմատականի  տարածություն բացվեց։ Արվեստի գործը ինչպե՞ս է առնչվում մասշտաբին։

Առհասարակ ցանկացած նյութ ընկալում եմ որպես ատոմային կառույց։ Երբ ինձ հարցնում են՝ ոնց ես մետաղի, քարի, կաշվի, փղի պոչի մազի հետ աշխատում միաժամանակ, նույնն եմ պատասխանում՝ նյութը չի կարեւոր, կարեւորը նրա ատոմային կառուցվածքն է, իսկ ատոմն արդեն ամբողջ տիեզերքն է։ Եթե այդպես ես մոտենում հարցին, նյութը քեզ համար հասկանալի է դառնում, եւ տարածությունը, որպես այդպիսին, դադարում է գոյություն ունենալ։

Շատ է հնչում կարծիքը, որ իմ փոքր գործերի, զարդերի մեջ մոնումենտալիզմ կա։ Իհարկե, կա, որովհետեւ այդ գործը դիտարկված չի որպես մատանի կամ քանդակ, դիտարկված է որպես արվեստի ավարտուն աշխատանք, որը կարող է լինել ցանկացած չափի, ցանկացած տեղում։

Ստացվում է ստեղծածդ ցանկացած գործ  (զարդ) կոնցեպտուալ է։

Այո, անշուշտ։ Կոնցեպտուալ է եւ ճարտարապետական, ավարտուն՝ որպես արվեստի մի փոքրիկ օրինակ, որը ցանկացած պահի կարող է փոխել իր չափը, եւ դրանից ոչինչ չի տուժի։

Ի սկզբանե ցանկացած արվեստի գործ ստեղծելիս չեմ մտածում իրեն ինչ-որ ընկալման մեջ տեղավորել, չեմ ասում՝ սա ականջօղ է․ մշակում եմ կոնցեպտը, «հորինում» եմ արվեստը,  ավարտուն գործն արդեն կարող է դառնալ ականջօղ, քանդակ․․․Ինչ ուզեք։

Դադար

Այս պատասխանի ընթացքում ես նորից ինձ՝ ինքս ինձ համար բացահայտեցի, որովհետեւ այս բացատրությունը դեռ ինձ չէի տվել։  

Ուզում եմ անդրադառնանք քո «Ճանճ» եւ «Էվոլյուցիա» քանդակներին, որոնք 2017թ․-ին արժանացան  Ֆլորենցիայի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեի Լորենցի իլ Մայնիֆիկիո Ոսկե մեդալին։

Քանի որ «Ճանճը» տրանսֆորմեր է եւ քանդակից վերածվում է ակնոցի, որը կարող է մարդը կրել, ուզում եմ հասկանալ՝ նայելու, դիտելու եւ տեսնելու տարբերությունների մասին մտորումնե՞ր եղել են այս գործը ստեղծելիս։

Իհարկե եղել են։ Ցանկացած մարդ կամա, թե ակամա ամեն վայրկյան անընդհատ դիտելու, տեսնելու փորձեր է անում, այդ կերպ մարդը նաեւ փնտրում է, եւ զարմանում է, որ չի գտնում փնտրածը։ Ինչու՞․․․ Որովհետեւ միայն իր աչքերով է դիտում։

«Ճանճի» գաղափարը շատ հետաքրքիր ծագեց։ Երբ ծնվեցին երեխաներս եւ մի քիչ մեծացան, նկատեցի, որ իրենք իրենց «տեսողությամբ» տարբերվում են ինձնից եւ կնոջիցս։ Իրենք աշխարհն այլ կերպ սկսեցին տեսնել․ փոքրիկ մրջյունին, խավարասերին ընկալեցին որպես «անձ», եւ իրենց համար որպես սկզբունք ֆիքսեցին հետեւյալը՝ ոչ մեկս չենք կարող միջամտել այդ «անձի» կյանքի տեւողությանը, պատմությանը, ավելին՝ իրենք արժանի են սիրո, երբեմն ավելի շատ, քան որոշ մարդիկ։

Սա իմ պատկերացումը չէր, իմ երեխաներինն է։ Ես իրենց միջոցով հասկացա, որ կարելի է սիրել ցանկացած կենդանի էակի, այդ թվում՝ ճանճին, խավարասերին, սովորական փոքրիկ միջատին։ Սկսեցի աշխարհին նայել մեկ այլ էակի աչքերով։  Հասկացա, որ ինձ համար բացահայտած այս գտածոն, առնվազն պիտի կիսեմ մարդկանց հետ։ Այստեղից էլ ծնվեց «Ճանճի» գաղափարը՝ պատրաստել մի էակի, որին բոլորն են ճանաչում եւ բոլորն էլ ատում են (սիրողներն էլ օրիգինալ լինելու համար են ասում)։

Ստացվեց, որ մարդուն մարտահրավեր ես նետում աշխարհին նայել ուրիշի՝ «ատելի» մեկի աչքերով։

Հավատացա՝ մարտահրավերն ընդունվեց ու սկսեց աշխատել։ «Ճանճը» փորձարկվեց շատերի աչքերին, եւ հիմա կարելի է ասել, որ  100,000-ից  ավելի մարդ «նայել» է ճանճի աչքերով․․․ Եվ սա արդեն ուղղակի «նայելը» չի, այլ «տեսնելը», որն ուրիշի աչքերն են քեզ թույլ տալիս։ Սա ատելությունից հոգնած մեկին «փոխելու» հնարավորություն է։

Նուռ, այդ դեպքում, եթե քո գործերը տեղավորենք «կապիտալիստական աշխարհ» հասկացության տիրույթումքո գործն ու կապիտալիզմը, թանկարժեքությունն ու կապիտալիզմը, արվեստի գործն ու կապիտալիզմը․․․

Ուզու՞մ ես հարցնել՝ կապիտալզիմն ինձ խանգարում է, թե ոչ․․․

Թեկուզ այդպեսայդ հարաբերությունների եւ/կամ առնչությունների վերաբերյալ դիտարկմանդ եմ սպասում։

Իհարկե չի խանգարում։ Որպեսզի պատասխանս ավելի հասկանալի դառնա, այսպես ասեմ․ հարց, որ ինքս ինձ տալիս եմ միշտ․ առաջին զարդը, որ մարդկության պատմության մեջ գրանցվել է, ո՞րն է, ե՞րբ է։

Եթե մարդն սկսել է հագուստ կրել, փորձել է,  օրինակ, ցրտից պաշտպանվել, կոշիկը է կրել, որ ոտքերը չվնասվեն, այս կոնտեքստում զարդ կրելը անհրաժեշտություն, պաշտպանվելու, «տաքանալու» միջոց չի եղել։ Ես փորձում եմ տրամաբանությամբ պատասխանել զարդ կրելու անհրաժեշտության հարցին․․․

Ե՞վ․․․

Շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ մարդը, որ զարդ է կրել, ուղղակի ցանկացել է ցույց տալ իր ով լինելը, սկսել է ընկալել իրեն որպես անձ, անհատականություն՝ որոշակի որակավորում տալով իրեն, որից հետո այդ զարդի միջոցով փորձել է մյուսներին հասկացնել իր ով լինելը։

Այսինքն զարդը՝ որպես ինֆորմացիա, որպես կրիչ։

Այո, կրելով զարդն ասել՝ «ես այս ինչն եմ»։ Օրինակ նախնադարի մարդը սպանել է վայրի կենդանու, որին ոչ մեկ մինչ այդ հաղթահարել չի կարողացել։ Սպանելուց հետո ինքը այդ կենդանու ատամը կախել է պարանոցին, որպեսզի ցույց տա, որ ինքն է հաղթահարողը, հերոսը։ Դրանից է, որ զարդը կարգավիճակային բնույթ է կրում․կողիքց նայողի համար, այո, այն քեզ բնութագրող կրիչ է, ինֆորմացիա։

Նշանային կրիչ։

Հա, կարող ես կրել «Շանել» եւ այդպես ցույց տալ ֆինանսական կարգավիճակդ․ նույնիսկ հնարավոր է, որ «Շանել» կրողը զարդին նշանակություն չի տալիս, այլ հենց արժեքին, քանի որ արժեքն է ապահովում իր դիրքը։

Կարող ես կրել նաեւ «Շանել»-ի ֆեյքը՝ փորձելով մարդկանց ապացուցել, որ դու հենց այդ ապահովված մարդն ես՝ իրականում չլինելով այդ մեկը․․․

Եվ ի վերջո կարող ես կրել զարդ, որը ցույց է տալիս քո ինտելեկտուալ հասունությունը, թե ինչպես ես դու մտածում, ինչպես ես տեսնում աշխարհը, թե քո էության որ հատվածն ես ուզում ի ցույց դնել աշխարհին՝ քո ֆինանսականը, հոգեւորը, գիտելիքայինը․․․

Հենց այս վերջինն է իմ ուղեցույցը, քանի որ չեմ պատրաստի զարդ, որը կրում է 10 կարատանոց ադամանդ, եւ զարդն ուղղակի ադամանդի պահող կրիչն է ու չունի կոնցեպտուալ իմաստ։ Չեմ արել նման բան եւ չեմ անի երբեք․ ես ստեղծում եմ զարդ, որը պատմություն ունի, որի պատմությունը տրանսֆորմացիայի է ենթարկվել, որի պատճառները ես ուսումնասիրում եմ, հասկանում։

Բոլոր զարդերդ մեկ օրինակից եներբեւէ կրկնօրինակը չես անում։ Ինչու՞։

Ստեղծագործություն է, որը կրկնօրինակ ունենալ չի կարող․ այդպես բնօրինակը իմաստազրկվում է։ Եվ հետո ես ափսոսում եմ իմ ժամանակը։

Զարդերը, որոնք դուրս են գալիս քո միջավայրից, ցուցասրահից, որոնք վաճառվում են․․․

Պահպանվում են լուսանկարներով։ Եվ մի հնարք էլ կա, որի միջոցով ցանկացած զարդ հետ է վերադառնում ինձ՝ թեկուզ կարճ ժամանակով։ Երբ վաճառվում է զարդը, նշվում է, որ վնասվելու, մաշվածության դեպքում պիտի անպայման ինձ մոտ վերականգնվի, վերանորոգվի։ Ես դա անում եմ անվճար․ այդպես զարդերը վերադառնում են ինձ մոտ, հետո նորից ուղարկում եմ տիրոջը։

Ներսը ու դուրսը։

Ես ներսում քիչ եմ, շատ քիչ եմ նաեւ դրսում։ Իմ օրը եւ գիշերը անցնում է արվեստանոցում։ Երեւի թե օրինաչափ է։ Տես՝ գտնում եմ, որ գաղափարները  տրվում են բոլորին․ կան մարդիկ, ովքեր պատասխանատու են այդ տրվածի համար, մյուսները՝ ոչ։

Գաղափարն ի վերուստ նվեր է․ չգիտեմ՝ ինչ ալիքներով է այն հասնում տեղ, ինչպես է փոխանցվում, բայց համոզված եմ, որ հենց դրան պատասխանատու վերաբերեցիր, հոսքը չի դադարելու։

Գաղափարը չիրականացնելը մեղք եմ համարում, որովհետեւ քեզ «վստահվածից» ես հրաժարվում․ ստացվում է, որ զոհաբերության պիտի գնաս, քանի որ ժամանակդ սահմանափակ է, իսկ գաղափարները գնալով շատանում եմ։ Հիմա հոգնած եմ, գերհոգնած, ձայնս կտրված է, լսում ես, բայց, մեկ է, գիտակցում եմ, որ անելիքներս շատ են, եւ իրականացնելը՝ պարտադիր։

Դադար

Այսօր մարդիկ կարիք ունեն սիրել ոչ թե մերձավորին, այլ ատելիին․ մերձավորին սիրելը հեշտ է, իսկ ատելիին սիրելուց հետո մերձավորին սիրելը հարցադրում չի առաջացնում։ Եթե սա հաղթահարեցիր, մնացած ամեն ինչն է հաղթահարելի։

Դու այդ առումով հա՞շտ ես ինքդ քեզ հետ։

Այո, ինքնս ինձ հետ կոնֆլիկտ չունեմ․․․ Կռիվ ունեմ ինձ հետ, երբ աշխատում եմ, եւ դրա հետ մեկտեղ այդ կռիվը պատերազմ չի․ բանավեճ է, հաճելի երկխոսություն, անհամաձայնություն, միգուցե որոշ դեպքերում երկմտանք, որը գալիս, հասնում է կատեգորիկ կետի, բայց ասում եմ․ «անում եմ, ինչ լինում է, թող լինի»։

Իսկ զարդ ու պատվեր հարաբերությու՞նը։

Ազատ եմ ընտրելու պատվիրատուին։ Սա իմ հպարտությունն է։

Կարող եմ շփվել շատ հետաքրքիր մարդու հետ եւ ասել, որ զարդ եմ պատրաստում իր համար՝ անկախ այն բանից` ինքը կգնի այդ զարդը, թե ոչ։ Հակառակն էլ կա, երբ մարդը պատվիրում է, բայց հրաժարվում եմ՝ ասելով, որ ժամանակ չունեմ, կներեք, որովհետեւ գիտակցում եմ՝ այդ մարդու համար պատրաստած զարդս չի կարող անկեղծ լինել, իսկ եթե անկեղծ չի լինելու, ուրեմն «սուտ» բան ստեղծեցի, ժամանակս վատնեցի։

Անտարբերությունը հաղթահարելուց զատ․․․

Ստեղծագործական ազատությունն եմ կարեւորում, որին երկար ու ցավալի ճանապարհով եմ հասել։ Արդեն կարող եմ ասել, որ անում եմ այն, ինչ ուզում եմ եւ ինչ-որ բան չեմ անում հավանության արժանանալու, հաճոյանալու համար։ Մյուս դեպքում ապրելը դժվար կլիներ։