HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը նշել է Սկրիպալների թունավորման մեջ կասկածվողների անունները

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով մարտի 4-ին Սոլսբերի քաղաքում Ռուսաստանի հետախուզական վարչության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի թունավորման մեջ կասկածվողների անունները:

«Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովին և Ռուսլան Բոշիրովին մեղադրանք առաջադրելու բավական հիմքեր կան, այդ թվում՝ Սոլսբերիում թունավոր գազով սպանության փորձ կատարելու համար»,- Միացյալ Թագավորության ոստիկանության հայտարարությունն է մեջբերում BBC-ի ռուսական ծառայությունը:

Միևնույն ժամանակ իրավապահ մարմինները ընդգծում են, որ կասկածյալների անունները, ամենայն հավանականությամբ, իրական չեն:

Բրիտանիայի դատախազությունն էլ փոխանցում է, որ նշված անձանց կալանավորելու եվրոպական միջնորդագիր է ներկայացվել, սակայն նրանց արտահանձնելու վերաբերյալ հարցում չի լինի, քանի որ Ռուսաստանը, ըստ իր սահմանադրության, չի արտահանձնում իր քաղաքացիներին:

Ըստ բրիտանացի քննիչերի՝ Պետրովն ու Բոշիրովը մարտի 4-ին «Նովիչոկ» խմբին պատկանող նյարդապարալիտիկ նյութով թունավորել են Սկրիպալների տան մուտքի դուռը: Նույն օրը երեկոյան կասկածյալները ուղևորվել են Մոսկվա: Նշվում է, որ Պետրովի և Բոշիրովի գործողություններին ոստիկանությունը կարողացել է հետևել Սոլսբերիում տեղադրված տեսանկարահանող սարքերի միջոցով:

Միացյալ Թագավորության իշխանությունները կարծում են, որ հայր և դուստր Սկրիպալների թունավորումը կազմակերպել են ՌԴ իշխանությունները, իսկ վերջիններս կտրականապես հերքում են հնչած բոլոր մեղադրանքները:


Ձախից՝ Ալեքսանդր Պետրովը, աջից՝ Ռուսլան Բոշիրովը

Մարտի 22-ին բրիտանական դատարանը թույլատրեց Սկրիպալների արյան նմուշը տրամադրել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ)՝ անկախ փորձաքննություն անելու համար: Ապրիլի 12-ին ՔԶԱԿ-ի փորձագետները հայտարարեցին, որ բրիտանական կողմը ճիշտ եզրահանգման էր եկել թունավոր նյութի նույնականացման հարցում:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին հայտանաբերել էին Սոլսբերի քաղաքի կենտրոնում՝ անգիտակից վիճակում: Բժիշկներին հաջողվեց փրկել նրանց կյանքը, չնայած որ Սկրիպալները հիվանդանոց էին տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Սերգեյ Սկրիպալը հիվանդանոցից դուրս էր գրվել մայիսի 18-ին, իսկ Յուլիա Սկրիպալը՝ ավելի վաղ՝ ապրիլի 9-ին:

Միջադեպը միջազգային մեծ սկանդալի առիթ հանդիսացավ: Միացյալ Թագավորությունը արտաքսեց 23 ռուս դիվանագետների, պաշտոնական Մոսկվան պատասխանեց համանման քայլով: Այնուհետև Մեծ Բրիտանիայի օրինակին հետևեցին եվրոպական մի շարք երկրներ, ինչպես նաև ԱՄՆ-ն, Կանադան և Ավստրալիան: Իսկ օգոստոսի 22-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «Սկրիպալների գործի» առնչությամբ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter