HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռուսաստանում ՏԻՄ ընտրություններն անցել են կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ակցիաներով

Ռուսաստանի 80 քաղաքներում և մարզերում սեպտեմբերի 9-ին տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք անցել են կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ակցիաներով: Ցույցերի նախաձեռնողը ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու թիմն է, իսկ անձամբ Նավալնին այս պահին գտնվում է մեկուսարանում: Դատարանը օգոստոսի վերջին նրան 30 օրով կալանավորելու որոշում էր կայացրել:

Քաղաքների մեծ մասում, այդ թվում Մոսկվայում, հավաքները արտոնված չեն եղել տեղական իշխանությունների կողմից: Բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև: Կան հարյուրավոր ձերբակալվածներ, որոնց թվով առաջին տեղում է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգը: 

Իրավապաշտպան առաքելություն իրականացնող «ОВД-Инфо» մեդիանախագծի տվյալներով՝ Ռուսաստանում սեպտեմբերի 9-ին ձերբակալվել է բողոքի ակցիաների 839 մասնակից, որոնցից 354-ը՝ Պետերբուրգում: 129 մարդ ձերբակալվել է Եկատերինբուրգում, 60-ը՝ Կրասնոդարում: Ըստ «ОВД-Инфо»-ի տվյալների՝ տասնյակ քաղաքացիներ են ձերբակալվել նաև Մոսկվայում, Պերմում, Օմսկում, Կազանում և այլ քաղաքներում:

Մոսկվայում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի դեմ քրեական գործ է հարուցվել՝ իշխանության ներկայացուցիչի դեմ բռնություն կիրառելու հատկանիշներով: ՌԴ քննչական կոմիտեն ձերբակալված տղամարդու անունը չի հայտնում, սակայն նշում է, որ նա, մասնակցելով Մոսկվայի կենտրոնում չարտոնված միջոցառմանը, ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին ի պատասխան՝ հարվածել է վերջինիս գլխին, ինչի հետևանքով ոստիկանը մարմնական վնասվածք է ստացել: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: 

Բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության գործողություններից անմասն չեն մնացել նաև լրագրողները, ովքեր լուսաբանել են ցույցերը: Ինչպես հայտնում է «Դոյչե Վելլե»-ի ռուսական ծառայությունը մի շարք քաղաքներում ոստիկանները լրագրողների են բերման ենթարկել: Այսպես, Օմսկում ուղիղ հեռարձակում վարելիս ոստիկանները խնդրել են «НГС.Омск»-ի թղթակից Ալեքսանդր Զուբովին ցույց տալ վկայականը, իսկ հետո հայտնել են, որ նա մասնակցում է չարտոնված հանրահավաքի և նրան տեղափոխել են ոստիկանական մեքենա, ավելի ուշ Զուբովը ազատ է արձակվել:

Եկատերինբուրգում բերման է ենթարկվել «Екатеринбург онлайн» պարբերականի լրագրող և լուսանկարիչ Սերգեյ Պանինը, իսկ Մոսկվայում Ռոսգվարդիայի աշխատակիցները մահակներով հարվածել են «Дождь»-ի թղթակից Մարիա Բերզունովային և RTVI-ի ֆոտոթղթակցին: Այս պահին Ռուսաստանի մի շարք քաղաքներում ակցիաների մասնակիցները նստացույց են անում:

Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա գրեթե բոլոր քաղաքներում արդեն փակվել են ընտրատեղամասերը, ընթանում է ձայների հաշվարկը:

Հիշեցնենք, որ ՌԴ կառավարությունն առաջարկում է կենսաթոշակային տարիքի շեմը՝ կանանց համար 55-ից դարձնել 63, իսկ տղամարդկանց համար՝ 60-ից 65: Օրենքի նախագիծը Պետդուման առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունել է, երկրորդ ընթերցումը նախատեսված է սեպտեմբերին: Օգոստոսի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին օրենքի նախագիծը պետք է փոփոխությունների ենթարկվի, մասնավորապես կանանց համար կենսաթոշակային տարիք սահմանվի ոչ թե 63-ը, այլ 60-ը:

Լուսանկարը՝ Sergei Karpukhin / REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter