
ԱԺ-ի մոտից բերման են ենթարկվել «Ժառանգության» անդամն ու համակիրը
Քիչ առաջ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանն ու կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանը: Նրանք ԱԺ-ի մոտ փորձել են «ստրիթ արթ» ոճով «Ժառանգության» քաղաքական գովազդը պատկերել փողոցի մայթերին:
«Ժառանգություն» կուսակցութայն վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ այժմ ինքը գտնվում է Արաբկիրի բաժնում, իսկ փաստաբանները մտել են բաժին:
«Արդեն երկու փաստաբան՝ Վահագն Ջիվանյանը և Գիվի Հովհաննիսյանը մտել են տղաների մոտ: Վարչական իրավախախտում կատարելու հիմքով են բերել, մնացածն արդեն տեղում կիմանանք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը կարծում է, որ այս դեպքը վերջին անգամը կլինի, երբ քարոզարշավի ժամանակ իրենց կխանգարեն: «Ցանկացած պարագայում տղաները հակաօրինական որևէ բան չեն արել: Մենք ապրիլին ունեցել ենք բազմաթիվ նմանատիպ դեպքեր, երբ գրաֆիտ է արվել փողոցներին, պատերին և որևէ մեկը չի պատժվել: Նախադեպային իրավունքով մենք օգտվել ենք դրանից և տղաները փորձել են նմանատիպ գրաֆիտ անել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Կուսակցության ֆեյսբուք էջում նշված է․ «Մենք սպասում ենք Ոստիկանության պաշտոնական պարզաբանմանը»:
Լուսանկարը՝ aravot.ami-ի
Մեկնաբանել