HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարծիքով՝ գաղտնալսման թեմայով պետք է հրատապ քննարկում հրավիրել

Խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը մտահոգիչ երևույթ է համարում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու դեպքը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ նախագահը:

«Շատ մտահոգիչ է երևույթը, բավականին անպատկերացնելի է, մի երույթ է տեղի ունեցել, որ կարելի է ԱԱԾ-ի ղեկավարին նույնիսկ գաղտնալսել, դա աննախադեպ իրավիճակ է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված խոսակցությունը, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հաստատեց, որ խոսակցությունն իրական է, ապա Սասուն Խաչատրյանն ու Արթուր Վանեցյանը համատեղ հրավիրված ասուլիսին նոր մանրամասներ հայտնեցին Մարտի մեկի գործով:

Արա Բաբլոյանի կարծիքով՝ պետք է հրատապ քննարկում հրավիրել այս թեմայով և հանձնաժողով ձևավորել, որն էլ կուսումնասիրի դեպքի մանրամասները: Հիշեցնենք, որ այս առաջարկով երեկ հանդես էր եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ինչ վերաբերում է մնացածին՝ կարծում եմ պետք է անդրադառնանք այդ հարցին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ Սահմանադրությունը և ԱԺ կանոնակարգը հստակ դա կանոնակարգել են, այնպես որ բոլոր առաջարկները որոնք հնչեցին թե՛ երեկ հայտարարությունների ժամին, թե՛ հիմա, այդ ամենը կանոնակարգված է Սահմանադրությամբ»,- ասաց նա:

Արա Բաբլոյանը չցանակացավ պատասխանել այն հարցին, թե ինչպես է գնահատում այն երևույթը, որ դատավորը վախեցած զանգահարում է ԱԱԾ տնօրենին.

«Թույլ տվեք չմեկնաբանել, որովհետև եթե հարցը պետք է մեկնաբանվի, պարզաբանվի, թույլ տվեք, որ այն տեղի ունենա ոչ թե մեկ անձի կողմից, այլ  համապատասխան օրենքներին համաձայն»,- ասաց Բաբլոյանը:

Տեղեկացնենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցի շուրջ կարող է հրավիրվել հրատապ քննարկում՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter