
Նիկոլաս Թավիլ․ ««Սանիթեքը» 2016 թվականից վնասով է աշխատում»
Երեւանի աղբահանությունը կազմակերպող «Սանիթեք» ընկերությունը որեւէ առնչություն չունի քաղաքականության հետ, ինչպես նաեւ Հայաստանի որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը։
Ընկերությունը, ըստ Թավիլի, 14 միլիոն դոլարի ներդրում է կատարել եւ երբեւէ որեւէ մեկի համար չի գնա սաբոտաժի։ Առաջիկա երկու օրերին մայրաքաղաք Երեւանում իրավիճակը կկարգավորվի։
Հիշեցնենք, մոտ երկու ամիս է՝ մայրաքաղաքի բազմաթիվ բակերից եւ փողոցներից աղբը չի հեռացվում, ընկերության վատ աշխատանքի արդյունքում Երեւանը հայտնվել է սանիտարական ծանր պայմաններում։
Նիկոլաս Թավիլը շատ մանրամասն ներկայացրեց, թե ինչպես էր իրականացվում աղբահանությունը Երեւանում, եւ ինչ փոփոխություններ բերեցին իրենք։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ այս 5 տարիներին ավելի քան 1000 աղբաման այրվել է։
Նիկոլաս Թավիլը դժգոհ է այն պայմաններից, որում աշխատում է աղբահանող ընկերությունը։ «Սանիթեքի» աշխատակիցները ստիպված են լինում անել աշխատանքներ, իրականացնել ծառայություն, որը պայմանագրով նախատեսված չէ։ «Սանիթեքը» շինարարական աղբը հեռացնելու պարտավորություն չունի, բայց Երեւանում աղբը չեն տեսակավորում, եւ մեծ ծավալի շինաղբ է լցվում պլաստմասե աղբամաններ, այնուհետեւ՝ աղբատար մեքենա, ինչը ընկերությանը մեծ վնաս է հասցնում։ «Եթե այս աղբը թափվում է մեր մեքենայի մեջ, կարելի է ասել, որ մենք 20 հազար դոլարի վնաս ենք կրում՝ փչացնելով աղբատարը։ Շատերը դժգոհում են, թե ինչու է «Սանիթեքի» աղբատարներից ջուր հոսում։ Խնդիրն այն է, որ աղբը չի տեսակավորվում, բնակիչները չեն օգտվում աղբի համար նախատեսված հատուկ տոպրակներից, եւ եղած աղբը սկսում է ծորել։ Այն աղբատարները, որ մենք օգտագործում ենք, կիրառվում է նաև Եվրոպայում։ Պարզապես մենք պետք է մեր մեջ գտնենք հարցի լուծումը։ Աղբահանությունը մշակույթ է։ Յուրաքանչյուրը պետք է փոխի իր վերաբերմունքը սպասարկման նկատմամբ։ Աղբահանությունը սկսվում է յուրաքանչյուրի տնից, ավտոմեքենայից, գրասենյակից։ Պետք է սովորեցնել նաեւ երեխաներին»,- ասաց Նիկոլաս Թավիլը։
Նա լրագրողներին հայտնեց նաեւ, որ խնդիրները շատ են, որոնցից մեկն էլ Նուբարաշենի աղբավայրի ճանապարհն է։ Նա ցուցադրեց մի տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես է աղբավայրի տարածքում այրվում «Սանիթեքի» մեքենան։ Մի խոսքով, ըստ Երեւանի աղբահանությամբ զբաղվող միակ ընկերության տնօրենի, ընկերության պատկերացումները եւ պայմանագրով նախատեսված կետերը հետագայում չեն համապատասխանել այն պայմաններին, որ կա Երեւանում։ Թավիլն ասաց, որ մի քանի անգամ խնդիրը քննարկել է Երեւանի իշխանությունների հետ։ Որեւէ էական լուծում չի տրվել։ «Հավաստիացնում եմ, որ հարյուրավոր նամակներ են ուղարկվել Նուբարաշենի եւ այլ կարեւոր հարցերի մասին»,- ասաց Նիկոլաս Թավիլը։
«Սանիթեքի» գույքային եւ տեխնիկական ողջ պարկը, ըստ Թավիլի, շարքից դուրս է եկել, ինչի արդյունքում էլ Երեւանը հայտնվել է աղբի կույտերի մեջ։ 2016 թվականի ձմեռվանից սկսած, ընկերությունը սկսել է վնասով աշխատել։
Մի քանի օրից Հայաստանում կլինեն «Սանիթեքի» նոր 5 աղբատար մեքենաները։ Որպես իրավիճակի կարգավորման երկարաժամկետ տարբերակ՝ «Սանիթեքի» ղեկավարությունն առաջարկում է 7 միլիոն եվրոյի նոր ներդրում, ամբողջ ավտոպարկի թարմացում, բայց միայն՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո, նոր քաղաքապետի հետ քննարկել-համաձայնեցնելուց հետո։
Մոտ 25 միլիոն դրամի չափով տուգանքները, որ նշանակվել է ընկերության նկատմամբ, Նիկոլաս Թավիլը չի վիճարկում։ Բայց առաջարկում է, որ քաղաքապետարանը ողջ գումարով գնի աղբամաններ՝ այդպիսով փոխհատուցելով «Սանիթեքի» վնասները։
«Հետք»-ի հարցին՝ եթե առաջիկայում Երեւանի նոր իշխանությունները, ինչպես խոսվում է, հրավիրեն երկրորդ օպերատորին, «Սանիթեքը» կմնա, թե՞ կհեռանա Հայաստանից, Նիկոլաս Թավիլը պատասխանեց․ «Սպասենք ավագանու ընտրությունների արդյունքներին։ Նոր քաղաքապետի հետ կքննարկենք, փոխադարձ համաձայնության կգանք։ Մենք այդ 7 միլիոն եվրո ներդրումն առայժմ չենք անի, մինչեւ քաղաքապետի ընտրությունները»։
«Հետք»-ի հարցին՝ ինչու՞ նախկինում, մինչեւ հեղափոխությունը, նման ասուլիս չէր տալիս, չէր խոսում ընկերության կորուստների մասին, միգուցե հեղափոխությունը «Սանիթեքի՞ն» էլ ազատագրեց, Նիկոլաս Թավիլը պատասխանեց․ «Հեղափոխությունը շատ լավ բան է երկրի համար։ Մենք բիզնեսի մարդիկ ենք, քաղաքականությանը չենք խառնվում։ Աստված օրհնի այս երկիրը։ Այն, ինչ եղավ Հայաստանում, մեծ բան էր։ Մենք որպես ներդրողներ դրականի ակնկալիք ունենք»։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել