HY RU EN

Գրիշա Բալասանյան

Ի՞նչ ունեցվածք ունեն Երևանի քաղաքապետի հավանական թեկնածուները

Սեպտեմբերի 23-ին կայանալու է Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ: Երևանի ավագանու և քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 12 քաղաքական ուժեր: Ներկայացնում ենք կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական ցուցակների առաջին համարը զբաղեցնող թեկնածուների գույքի ու եկամուտների հայտարարագրերից տեղեկություններ: Վերջիններս Երևանի քաղաքապետի հավանական թեկնածուներ են:

Նշենք, որ հայտարարագրերը ներկայացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ երևում է մեկ տարվա կտրվածքով առկա եկամուտները, դրամական միջոցներն, ինչպես նաև ունեցած գույքն ու շահաբաժինները:

Ինչպես տեղեկացրին ԿԸՀ-ից, հայտարարագրեր չեն ներկայացրել միայն «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուները: Ցուցակը գլխավորում է նախկին պատգամավոր, Երևանի ավագանու անդամ, իրավաբան Զարուհի Փոստանջյանը:

«Բարգավաճ Հայաստան»

Կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա էլ մյուս թեկնածուների նման կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտրարագիր, ըստ որի, թեկնածուի միակ եկամուտն Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է ՝ մոտ 12 մլն 280 հազար դրամ:

Նաիրա Զոհրաբյանը, որպես դրամական միջոց հայտարարագրել է նաև 71,186 դոլար:

«Երևանի հանրություն» դաշինք

«Երևանի հանրություն» դաշինքի առաջին համարը «Ռադիո Հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անահիտ Թարխանյանն է: Վերջինս որպես եկամուտ հայտարարագրել է «Ռադիո Հայ» ՍՊԸ-ից ստացած մոտ 2 մլն դրամ աշխատավարձն, ինչպես նաև «ՖՄ 105.5» ՍՊԸ-ից ստացած 15 մլն դրամ շահույթը:

Անահիտ Թարխանյանն «ՖՄ 105.5» ՍՊԸ-ում ունի 100% բաժնեմաս: Ամբողջությամբ նրան է պատկանում նաև «Ա-3 ճարտարապետներ» ՍՊԸ-ի բաժնեմասը: Անահիտ Թարխանյանն ունի նաև դրամական միջոցներ՝ 1 մլն 800 հազար դրամ:

Որպես անշարժ գույք հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 120 և 180քմ մակերեսներով երկու բնակարան Բաղրամյան պողոտայում, 80 քմ արհեստանոց նույն հասցեում, ինչպես նաև 600 քմ մակերեսով տուն-թանգարան Անտառային փողոցում: Նշվածը թեկնածուին է պատկանում համասեփականության իրավունքով:

Թարխանյանը հայտարարագրել է նաև 2008թ. արտադրության BMW 320I մակնիշի ավտոմեքենա:

«Երևանցիներ»

Այս կուսակցությունների դաշինքը գլխավորում է ՀՀՇ անդամ, ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանը: Նա նախկինում եղել է նաև Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարը:

Ըստ հայտարարագրի՝ Արարատ Զուրաբյանի միակ եկամուտը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է՝ մոտ 7 մլն դրամ: Ունի նաև դրամական միջոցներ՝ 2 մլն դրամ և 15 հազար դոլար:

Ինչ վերաբերում է գույքին, Արարատ Զուրաբյանը հայտարարագրել է 113 քմ մակերեսով մեկ բնակարան Երևանի Մաշտոցի պողոտայում, ինչպես նաև 730 քմ մակերեսով առանձնատուն և հողամաս:

«Երևանցիներ» դաշինքի թեկնածուն ունի նաև Mercedes S-500 և «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեենաներ: Թե անշարժ գույքերը, թե ավտոմեքենաները Արարատ Զուրաբյանին պատկանում են համասեփականության իրավունքով:

«Ժառանգություն»

Կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ նախկին պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը: Թեկնածուն ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշել է երկու առանձնատուն Երևան քաղաքում՝ 543 և 638 քմ մակերեսներով: Առանձնատները գտնվում են Նորք Մարաշ վարչական շրջանում և Երզնկա փողոցում:

Հայտարարագրից պարզ է դառնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ավտոմեքենա չունի: Չունի նաև եկամուտներ: Սակայն ունի դրամական միջոցներ՝ 205 հազար դրամ և 15 հազար դոլար:

«Ժողովրդական ուղի»

Կուսակցության առաջին համարը Մանուել Գասպարյանն է: Թեկնածուն չի աշխատում, հետևաբար չի հայտարարագրել որևէ եկամուտ Սակայն ուպես դրամական միջոց նշել է հաշվին ունեցած 15 մլն դրամը:

Ինչ վերաբերում է գույքին, Մանուել Գասպարյանը հայտարարագրել է 255 քմ մակերեսով բնակելի տուն Երևան քաղաքում, հողատարածք և օժանդակ շինություն նույն հասցեում: Ինչ վերաբերում է շարժական գույքին, Մ. Գասպարյանն ունի «Audi A8» և «Mitsubishi Pajero»:

«Իմ քայլը»

Կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարը զբաղեցնում է դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը: Թեկնածուների հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Հայկ Մարությանն առաջին համարի ամենահարուստ  թեկնածուն է:

Նա հայտարարագրել է 10 միավոր անշարժ գույք, որից 170 քմ մակերեսով բնակարան և 27 քմ ավտոտնակ Երևանի Հյուսիսային պողոտայում, 5 բնակարան, 1 առանձնատուն և 2 միավոր հողամաս Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում: Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանն ու ավտոտնակը Հայկ Մարությանի միանձնյա սեփականությունն է, իսկ Չեխիայի հանրապետությունում գտնվող անշարժ գույքը՝ համատեղ սեփականություն:

Չեխիայում գտնվող բնակելի տարածքները թեկնածուն տրամադրում է վարձակալության, ինչը Մարությանին բերել է 1 մլն 338 հազար չեխական կրոնի չափով եկամուտ: 2017թ. օգոստոսի 1-ից մինչև այս տարվա օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածը Մարությանը ստացել է նաև հոնորարներ, այլ վարձատրություններ՝ մոտ 17 մլն դրամի չափով:

Դաշինքի առաջին համարի թեկնածուն հայտարարագրել է նաև «Նիսսան Տիդա» և 2017թ. արտադրության «Պեժո Տարտնյոր Թի Փի» մակնիշների ավտոմեքենաներ:

Ինչ վերաբերում է ունեցած դրամական միջոցներին, ապա Մարությանը հայտարարագրել է 4 մլն 700 հազար դրամ, 190 հազար դոլար, 10 հազար եվրո և 500 հազար չեխական կրոն:

«Լույս»

Կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով մինչև իշխանափոխությունը եղել է ԱԺ պատգամավոր:

Զեյնալյանը հայտարարագրել է մոտ 11 մլն դրամ եկամուտ, որը ստացել է Ազգային ժողովից, նախարարությունից, ինչպես նաև մատուցած իրավաբանական ծառայություններից: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, թեկնածուի հաշվին առկա է 4 մլն 720 հազար դրամ, 20 հազար 689 հազար դոլար և 2 հազար 359 եվրո:

Արտակ Զեյնալյանը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով ունի 3 բնակարան Երևան քաղաքում:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Կուսակցության նախընտրական առաջին համարը զբաղեցնում է Բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը, ով նախկինում եղել է նաև ԱԺ պատգամավոր: Վերջինս որպես եկամուտ նշել է միայն իր աշխատավարձը՝ մոտ 8 մլն դրամ, ինչպես նաև դրամական միջոցներ՝ 21 մլն դրամ, 50 հազար դոլար և 25 հազար եվրո:

Թեկնածուն ունի «Mercedes Benz S-350L» մակնիշի ավտոմեքենա, 138քմ մակերեսով համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարան Երևան քաղաքում և միանձնյա սեփականության իրավունքով 20 քմ ավտոտնակ:

«Հայք» (Հայկազուններ)

Նժդեհյան Ցեղակրոն կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանը ցուցակի առաջին համարն է: Թեկնածուն գործազուրկ է: Չունի եկամուտներ, դրամական միջոցներ, ավտոմեքենա: Միակ ունեցվածքը 78 քմ մակերեսով Երևան քաղաքում գտնվող բնակարանն է:

«Ռեֆորմիստներ»

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արտակ Ավետյանը: Վերջինս ռեժիսոր է, աշխատում է Շողակաթ հեռուստաընկերությունում, ինչպես նաև շինարարության համակարգող է:

Այս թեկնածուն նույնպես եկամուտ, դրամական միջոցներ չի հայտարարագրել« Չունի նաև բնակարան: Հայտարարագրել է միայն երկու ավտոմեքենա՝ «Տոյոտա Քեմրի» և «Լեքսուս 470 GX»:

«Օրինաց Երկիր»

ՕԵԿ-ի ցուցակի առաջին համարը նախկին պատգամավոր Մհեր Շահգելդյանն է: Ներկայումս նա ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորն է: Մհեր Շահգելդյանի եկամուտը՝ 2 մլն 520 հազար դրամ, գոյացել է ռեկտորի աշխատավարձից և դասախոսությունից:

Նա չունի դրամական միջոցներ: Հայտարարագրել է 87քմ մակերեսով բնակարան Երևան քաղաքում և 2004թ. արտադրության մեկ ավտոմեքենա: