HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Քարինջում կարկուտից ուշքի չեն գալիս

Լոռու մարզի Քարինջ համայնքի բնակիչները ծանոթ-բարեկամից պարտքով գումար են վերցնում, ոսկու գրավադրմամբ վարկ վերցնում՝ իրենց տների ու անասնագոմերի տանիքները վերականգնելու, ավտոմեքենաները վերանորոգելու համար։

Քարինջի վարչական ղեկավար Նորիկ Մկրտումյանը «Հետքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն երրորդ օրն է՝ գյուղի բնակիչներից ստեղծված հանձնաժողովը տնետուն է գնում՝ հաշվարկելու համար գյուղացիներին պատճառված վնասի չափերը։

Կարկուտից ամենից շատ տուժել են տանիքները։ Ավելի քան 200 բնակելի եւ ոչ բնակելի շինության տանիք վնասվել է։

Սեպտեմբերի 10-ին տեղացած կարկուտը չի խնայել ոչ մեկին։ Չկա մեկը, ում տունը, անասնագոմը, ավտոմեքենան, կամ էլ այգիները վնասված չլինեն 10 րոպե տեւած կարկուտից։ Նորիկ Մկրտումյանի 1974 թվականին կառուցած տան տանիքը 100 տոկոսով վնասվել է, այգին՝ նույնպես ամբողջովին, վնասվել է նաեւ ավտոմեքենան։

Քարինջի բնակիչ Հարութ Խեչոյանը «Հետք»_ին պատմեց, որ նախնական հաշվարկներով գյուղը կրել է մոտ 100 միլիոն դրամի վնաս։ Կարկուտի հետեւանքով վնասվել են գյուղի ավտոմեքենաների 80 տոկոսը, դպրոցի ու մանկապարտեզի տանիքներն ու պատուհանները, այգիներ ու արեւային մարտկոցներ։ Քարինջի երկու բնակիչներ այտուցներով, կապտուկներով ու պատռվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հարութ Խեչոյանը պատմեց, որ կարկուտի խոշոր կտորները կշռում էին 250 գրամ։

«Լոռու մարզպետարանից հանձնարարել են վնասի չափը հաշվել, մենք հաշվել ենք։ Առանց փոխհատուցման անհնար է գյուղը կարգի բերել։ Բոլոր տնամերձ այգիները տուժել են։ Ես արդեն տանիքս վերանորոգել եմ, բայց անասնագոմի վերանորոգման համար միջոց չունեմ»,- ասաց նա։ Խեչոյանը տան տանիքի վերանորոգման համար 150 հազար դրամ է ծախսել, իսկ անասնագոմի վերանորոգման համար անհրաժեշտ 300 հազար դրամը չունի։

Քարինջը խոշորացված համայնք է եւ մտնում է Թումանյանի շրջանի մեջ։ Թումանյան համայնքի ղեկավարը Լեւոն Զավարյանն արձակուրդի մեջ է, գյուղ չի այցելել։ Գյուղ չեն այցելել նաեւ Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն ու որեւէ փոխմարզպետ։ «Ստանդարտ հայկական անտեր գյուղում ենք ապրում»,- ասաց Հարութ Խեչոյանը։  

Քարինջի տների մեծ մասը նախորդ դարում կառուցված շինություններ են՝ հին տանիքներով, որոնք կարկուտից ամբողջությամբ կամ մասամբ քանդվել են։ Շարքից դուրս եկած տանիքների մակերեսը կազմում է 7300 քառակուսի մետր, անասնագոմերի տանիքներինը՝ մոտ 5500 քառակուսի մետր։ Գյուղում բացի բնակելի տներից շատ են դատարկ տները, որտեղ այլեւս չեն ապրում։ Փակ դռներով 30-40 տան տանիքի վնասված մակերեսը կազմել է 2150 քառակուսի մետր։

«Ահռելի թվեր են սրանք։ Անհնար ա պատկերացնել մարդկանց վիճակը, արհավիրք էր սա։ Բոլորը վարկերով, դես-դեն ընկած, ոսկին բանկ դնելով՝ փորձում են գումար ճարել։ Ես չեմ էլ պատկերացնում․․․ 5-10 տարիների ընթացքում նոր գյուղը կվերականգնվի։ Կարկուտից տուժել են գյուղի խնձորի եւ ընկույզի այգիները։ Նախնական հաշվարկներով այգիների վնասը կազմում է 90 տոկոս։ Խնձորից օղի պետք է քաշեին, իսկ ընկույզը վաճառեին, ալյուր գնեին։ Մեզ մոտ խնձորն, իհարկե, շուկայական տեսք չունի, բայց ընկույզը լավ վաճառվում է։ Ամբողջ բերքից բան չի մնացել ծառերին։ Մի 15-20 օրից պետք է հասներ։ Հիմա հավաքվի, պահելու ենթակա չէ, մեկ ամսվա մեջ փչանալու է»,- նշեց Քարինջի վարչական ներկայացուցիչ Նորիկ Մկրտումյանը։

Հարցին, թե գյուղի բյուջեում առհասարակ գումար չկա՞ ամենածայրահեղ վիճակում գտնվողներին առաջնահերթ օգնելու համար, Մկրտումյանը պատասխանեց, որ ոչ։ Երեկ նա հաշվետվությունն ուղարկել է Լոռու մարզպետարան, այնտեղից էլ կառավարություն կուղարկեն գյուղին փոխհատուցում տրամադրելու նպատակով։

Մկրտումյանը տարակուսում է, թե համագյուղացիների վիճակն ինչ է լինելու, եթե հանկարծ այս օրերին անձրեւ գա։ Ընդ որում, մոտակա օրերի համար անրձեւային եղանակ է կանխատեսված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter