HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գյուղապետ դառնալը պրինցիպի խնդիր է»

Լուսինե Բալյան
Անահիտ Վարդանյան

«Համայնքի բոլոր այն բնակիչները, ովքեր ցանկանում են այցելել բժշկական շարժական խմբերի, պետք է նախօրոք գրանցվեն գյուղի բուժքրոջ մոտ»:

Դիտավանցի հիվանդները տարիներ շարունակ այս հայտարարությամբ են «ապաքինվում»: Ասում են' օգում է, եթե ձեռքդ մի բաժակ ջուր ես վերցնում եւ մի քանի անգամ ես կարդում: Այլ տարբերակ Դիտավանում հիվանդներին չեն առաջարկում:

Իջեւան քաղաքից 15կմ հեռավորությամբ՝ անտառի մեջ մխրճված Դիտավան գյուղը 165 տարվա պատմություն ունի: Հիմնադիրները յոթ ընտանիքներ են եղել, ովքեր, Ղարաբաղից գալով, հաստատվել են Աղստեւի հովտում: Գյուղացիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, վերջին ժամանակներում ավելացել է նաեւ ծխախոտագործությունը, որը, ըստ գյուղապետ Սեւան Սարգսյանի, աշխատատար է, բայց ոչ եկամտաբեր:

«Գյուղը ոռոգման ջրի խնդիր ունի: Դիտավանցիները չեն կարողանում ջրել իրենց հողատարածքները: Այգիները ջրվում են միայն անձրեւով: Գյուղացիները բնության հետ կռվելով են ապրում: Հողը վարելիս, հնձելիս գյուղացին փաստի առաջ է կանգնում. գումար չունի, որպեսզի տեխնիկա վաձի, իսկ սեփական ուժով չի հասցնում»,- ասում է գյուղապետ Սեւան Սարգսյանը:

Գյուղում գրանցված է 490 բնակիչ՝ 120 ընտանիք, բայց հիմա ապրում է ընդամենը մի քանի ընտանիք: Գյուղն ամփոփված է իր հոգսերի մեջ: Գյուղապետի կարծիքով' բոլոր փոքր գյուղերն այս վիճակում են. «Գյուղի տեղը գիտեն միայն գյուղացիների հարազատները: Արտասահմանցիների մասին էլ չխոսենք: Դիտավանը երբեւէ չի ընդգրկվել արտասահմանյան որեւէ բարեգործական ծրագրում, որովհետեւ յուրաքանչյուր ծրագիր պահանջում է նաեւ սեփական ներդրում, որը մեր ուժերից միշտ վեր է եղել»:

Սեւան Սարգսյանն արդեն երրորդ տարին է Դիտավանի գյուղապետն է: Չնայած բազմաթիվ խնդիրներին' նա այս տարի եւս պիտի առաջադրի իր թեկնածությունը:

«Անավարտ ծրագրեր կան, պետք է դրանք ավարտեմ: Մեր օրերում դժվար է լինել գյուղապետ, որովհետեւ բոլորն են քննադատում' եւ՛ վերեւից, եւ՛ գյուղացիները: Քաղաքում, ըստ իս, ավելի հեշտ է պաշտոնավարել. «Գյուղի տերտերին օրհնանք չկա»: Ինչքան ուզում է անեմ, ասում են' բա պետք է անեիր, բա ի՞նչ: Որ զգում ես չեն գնահատում, չես ոգեւորվում: Հոգնել եմ ճիշտն ասած»:

Մեր հարցին' ինչու՞ եք նորից առաջադրում ձեր թեկնածությունը, գյուղապետը պատասխանեց. «Պրինցիպի հարց է: Ես հավատում եմ, որ եթե գյուղի բնակիչները համախմբված աշխատեն, շատ բանի կհասնենք»:

Գյուղապետ Սեւան Սարգսյանը Դիտավանը ներկա վիճակից դուրս բերելու մի քանի միջոց է առաջարկում' կամ օտարերկրացիներին խրախուսել, որպեսզի այստեղ ներդրումներ անեն, կամ սեփական ուժերը գործի դնելով՝ հետաքրքրություն առաջացնել դեպի գյուղը: Այս գործընթացում գյուղապետը կարեւորում է հատկապես երիտասարդների դերը: Գյուղապետը երեք երեխա ունի: Մեր հարցին' կուզենա՞ սեփական զավակների ապագան գյուղում տեսնել, նա պատասխանեց. «Աղջիկներս չէ, որովհետեւ չես կարող գուշկել, թե ինչպիսին կլինեն ապագա փեսաներս, բայց տղաս անպայման պետք է մնա: Չնայած վատություն եմ անում, բայց այդպես եմ որոշել»:

Սա Սեւան Սարգսյանի նախընտրական քարոզարշավի կարգախոսը չէ, այլ նրա հերթական «պրինցիպը», որը մատնում է Արշակունիների դինաստիայի արքայից որդուն փոխանցվող ժառանգականության մասին նրա թաքուն երազանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter