HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Կարինե Ջանջուղազյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում դերասանուհի Կարինե Ջանջուղազյանն է։

Կարինե Ջանջուղազյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Ուզում եմ իր խորհուրդն իմանալ, հասկանալ, թե այդ ինչ ունի ինքը, որ մենք չունենք, այդ ինչպես է մոխիրներից ամեն անգամ հառնում, այդ ինչ մի հաղթողի դրոշ է բռնել ձեռքին, ինչն է իրեն ստիպում այդքան հպարտ լինել։ Այդ ո՞նց եղավ, որ ինքը չպարտվեց։ Որտեղի՞ց է պեղում ուժը։ Որտեղի՞ց այդ աներեսությունն ու համառությունը, որտեղի՞ց ապրելու այդ կամքը։

Ո՞նց է, որ այդքան ժպտում է՝ տեղին ու անտեղի։ Ինչու՞ ամբողջությամբ չի բացվում․ շատից քիչն է ասում, բայց այնքա՜ն կասեր իրականում․․․ Իր ծնունդը ո՞նց եղավ, ո՞նց այդպես մենակ կարողացավ․․․ Ու կարողացավ։ Հաջողություններից ու ծափերից չկուրացավ այդ մարդը։

Անընդհատ հարցեր տվեցիր քեզ․․․

Անպայման, որովհետեւ միշտ մի բան կա, որ բոլորը փնտրում են ու չեն կարողանում հասկանալ։ Ինքն էլ կարծեմ չի հասկանում՝ այդ որտեղից, ոնց։ Իրեն հաստատ ուզում եմ հասկանալ, որովհետեւ ինձ համար մի տեսակ տարօրինակ է․․․Ինքը հաստատ ուրիշ է, եւ կյանքն էլ կարող էր ուրիշ լինել, բայց կա այն, ինչ կա։ Թվում էր, թե վերջ, բայց կանգնեց ու ասաց՝ կյանքը հիանալի է․․․ Էդ ո՞նց ես կանգնում։ Ո՞նց, ո՜նց։ Այդ «ոնցը» մեզ հետաքրքիր է։

Այդ ո՞նց խիզախեցիր առանց որեւիցե մեկին հենվելու մտնել կյանք, շարունակություն ստեղծել։ Ու առհասարակ ո՞նց ես կարողանում բեմ դուրս գալ, երբ կուլիսներում երբեմն տրտում ես, իսկ  դահլիճը րոպեներ անց ծիծաղում է։ Էդ ո՞նց է լինում։ Չգիտեմ։

Իրեն կարելի է շատ հարցեր տալ․ կժպտա ու ոչինչ չի ասի։

Ես ազատ եմ ձեր բոլոր հարցերից։

Դադար

Կարեւորը խոսքը պիտանի լինի, Ա՛ն, լինի արվեստային, լինի ջուր, որը խմելի է ու մեկի ծարավն է հագեցնելու․․․

Վերջին շրջանում հարցազրույցներ չեմ տալիս եւ չեմ էլ սիրում, որովհետեւ զգում եմ, որ չի հասունացել փոխանցման պահը, բան չունեմ ասելու, եւ, եթե այդպես է, ուրեմն կուտակման ժամանակն է հաստատ։ Երբ խոսքն արդեն տալու արժանի է դառնում, փոխանցում ես։

Հիմա ես չգիտեմ՝ այսօր փոխանցելու մի բան ունեմ, թե չէ, համենայնդեպս, քո այս նախագիծը շատ եմ գնահատում, բալկոնն էլ շատ սիրեցի, նույնիսկ կատուդ չի խանգարում։ Կարճ ասած՝ լավ եմ զգում, հույս ունեմ՝ կկարողանանք շփվել․․․ Է՜հ, «շփվել» բառը քիչ է․ բառերն առհասարակ սկսել են չհերիքել։ Երանի՜ կարողանայինք անխոս շփվել։ Ինձ թվում է՝ քեզ հետ կարող եմ երկար լռել։

Իրականում ես հիպպի մարդ եմ․ ինձ պետք է գեղեցիկ մարդ, գեղեցիկ թեմա, որի շուրջը կարող ենք խոսել․․․

Իսկ դու ինչ-որ պահի հարցերի չե՞ս սպասում։

Կարինե Ջանջուղազյանը պատնեշ ունի, եւ, բարեբախտաբար, այդքան էլ հեշտ չի  մոտենալ իրեն ու հարց տալ։ Եթե պատահում է, սկզբում դիմադրում եմ, հետո, եթե հանկարծ ներսիս աբյուրը բացվեց, անընդհատ սկսում է հոսել, եւ ինձ կանգնեցնելն արդեն դիմացինիս խնդիրն է դառնում։ Դժվարն այդ աղբյուրը բացելն է, որը թույլ կտամ, կամ ոչ։

Իսկ այդ կուտակումնե՞րը․․․ Երբ փոխանցելու, արտահայտվելու պահն է, դժվարություններ չկա՞ն, երբ էմոցիաներն էլ են կուտակվել, մտածումն էլ։

Կյանք եմ դրել դրա համար․ յուրաքանչյուր բան, եթե չզգացի մաշկիս վրա, չհասկացա, կըմբոստանամ դրա դեմ։ Իսկ այնտեղ, որտեղ ինձ չեն հասկանում, որտեղ ինձ չեն սիրում, այդտեղ ես գոյություն չունեմ, այդտեղ չեմ լինում, այդտեղ ինձ չես գտնի։

Թատրոնում քեզ հասկանու՞մ են։

Թատրոնում չունեմ հասկացվելու խնդիր․ միայն բեմ ունեմ այնտեղ։ Առհասարակ հասկացվելու խնդիրը ոչ մի տեղ չեմ դրել․ երեւի միայն երեխաներիս հասկանալն եմ կարեւորում։ Հիմա լսում եմ այս հարցը եւ միաժամանակ մտածում, որ շնորհակալ եմ ինձ, որ այդպիսինն եմ։

Իսկ ինքդ քեզ հասկանալու պահը․․․

Ամենաբարդն է։ Բոլորն էլ գիտեն, որ ծերացող դերասանուհի եմ եւ սենտիմենտալ տարիքում եմ գտնվում (ինչ տխուր բան է, բայց հաղթահարում եմ)։ Մինչ այս տարիքը շատ-շատ եմ ինձ հարցեր տվել․ մի ամբողջ կյանք փաստորեն հարցերի շարան է եղել եւ պատասխանների որոնման ընթացք՝ թերեւս մանկությունից սկսած։ Ինչքան ինձ հիշում եմ, այդ հարցերը հենց ինքս ինձ եմ ուղղել, որովհետեւ ուրիշից պատասխան լսելու ակնկալիք, որպես այդպիսին, չեմ էլ ունեցել։

Դադար

Ես ահավոր երկչոտ մարդ եմ, Ա՛ն․․․ Հիմա եւ խոսում եմ, եւ մտածում եմ, որ ճգնավորի կյանքի, ապաշխարության պես է եղել այդ հարցերի շարանն ու պատասխանների որոնումը։

Ինձ հետաքրքրել են ներքին հարցերը․ փոքր տարիքում ամեն ինչ շոշափելու, կաշվիս վրա զգալու կարիքն ունեի, զարմանալի է, բայց տարիքի հետ հարցերը վերացան․․․ Հիմա եմ զգում, որ հարցեր չունեմ, բայց չեմ կարող ասել, թե պատասխաններ եղան։

Ինչու՞, որովհետեւ հիմա ապրում եմ օրով, նրանով, ինչ տալիս է այդ օրը եւ կյանքը։ Զանգեցիր, ասացիր՝ պիտի հանդիպենք, ասացի՝ այո, դա ինձ կյանք տվեց, եկա դրա հետեւից, բայց հակարծ չշփոթեք ասածս․ այնպես չի, որ ամեն ասված կարող է ինձ գործողության դրդել։ Այդ նույն տարիների փորձառությունն ինձ ընտրելու ունակություն է տվել, զանազանելու հատկություն․․․

Ես արդեն կարող եմ շատից քիչն ընտրել․ ձեւավորվել է «ընտրողը», որը տարբերակում է՝ սրա մեջ մարդ կա, սրա մեջ մարդ չկա, սրա մեջ արվեստ կա, սրա մեջ արվեստ չկա․․․ Այս փորձառությունը, որը նաեւ դառնություններով է ձեւավորվել, փաստորեն թույլ է տալիս  ապրել օրով եւ ապրել կյանքն այնպես, ինչպես որ կա։ Սա է հանգուցալուծումը։

Գուցե դա էլ պատասխա՞նն է։

Երեւի հենց պատասխանն է, որովհետեւ կանգնում ես ու ասում՝ ողջունում եմ քեզ, կյանք, այնպիսին, ինչպիսին կաս։ Այդ է պատճառը երեւի, որ բոլորին ասում եմ՝ տարիքս ինձ դուր է գալիս․ հենց այդ է, որ բերել է պատասխանի, հանգուցալուծման․․․ Չգիտեմ, չգիտեմ՝ վաղն ինչ կապրեմ․ հիմա ապրումս սա է, եւ քեզ հետ կիսում եմ։

Այս պատասխանները Հայաստանում մնալու հետ որքա՞ն են առնչվում։

Հայաստանում մնացել եմ սկզբունքորեն եւ գիտակցաբար․ ես այս հողի վրա եմ սերմանված, իմ արմատն այստեղ է․ ու սրանք ուղղակի բառեր չեն․ գիտակցություն է։ Այստեղի տաքն ու սառը, լույսն ու խավարը իմն է․․․ Զրույցի սկզբում ասացի, որ երկու զուգահեռ մտքի կարող եմ հանգել միաժամանակ, ու հիմա, երբ ասում եմ, որ այստեղ է իմ արմատը, պիտի հակառակն էլ ասեմ, որ «թափառող» հոգի եմ՝ ես անդադար կարիք ունեմ ոգեշնչման, գեղեցիկի հետ շփման։

Այլ երկրում, օտարության մեջ, ստեղծված մենության վիճակը երեւի ստեղծագործական պոռթկման առիթ է։ Երբ ես դուրս եմ գալիս երկրից, պարտադիր ոգեշնչված վերադառնում եմ․․․ Բայց վերադառնում եմ։ Վերադառնում եմ, որովհետեւ այդ արմատը ամեն տարվա հետ խորն է գնում։ Գնալ-գալն ու տարբեր մշակույթների հետ շփվելը, ամեն տեղ ինձ ընդունված զգալն ինձ հեշտ է տրվում։

Բարեբախտաբար ես կարողանում եմ հարգել ուրիշի մշակույթը, կրոնը, հավատամքը․․․ Գուցե դա էլ է իմ մասնագիտությունից գալիս, որովհետեւ հիմքում ի վերջո մարդաճանաչությունն է, ինքնաճանաչողությունն է վերջապես։

Հիմա վերադառնալու կարիքն ավելի եմ զգում։ Երբ երկիրդ անհայտության, խուճապի մեջ է, ներքին մի բան խանգարում է դուրս գալ․․․ Անուշ, նորից բառերս չեն հերիքում․ ներսումս մի բան է կատարվում, որ թույլ չի տալիս դուրս գալ երկրից։

Տագնա՞պ է։

Ինչ-որ մի բան, որ խանգարում է։

Իսկ հեղափոխությունի՞ց հետո։

Ի՞նչ  ի նկատի ունես։

Ինչ-որ բան չփոխ(վ)ե՞ց։

Դեռ կգանք, կհասնենք հեղափոխությանը։

Ուրեմն Հայաստանի ու քո հարաբերությունների մասին ասա։

Չեմ կարող իրեն ինձնից բաժանել․ ինքը ես եմ, ես՝ ինքը․ ոնց որ մեկը գա ու ասի՝ դուրս արի, սա քո բնակարանը չի։ Հիմա իսկապես չեմ կարող բնութագրել հարաբերությունը․․․ Նույնն է, թե  դու ինձ չես կարող հարցնել՝ ինչ է արվեստը քեզ համար, ինչ է թատրոնը։ Ես քեզ չեմ կարող բացատրել դրանք, չեմ կարող նաեւ բացատրել, թե ինչպես է մեջս ստեղծագործություն ծնվում, չեմ կարող բացատրել՝ այդ ինչից է, որ աչքս բացում եմ ու ստեղծագործական բուռն վիճակում եմ։ Ինձ համար Հայաստանն այդքան անբացատրելի է․․․

Որտեղ էլ հայտնվում եմ, անկախ ինձնից, սկսում եմ աննորմալ կերպով Հայաստան «պատմել», «լինել» այդ Հայաստանը։ Ինչ-որ անհասկանալի ձեւով ստանձնում եմ «տեր» լինելու դերը։ Ու, հա՛, ես Հայաստանն եմ ներկայացնում, Հայաստանը ես եմ դառնում ու դա անում եմ այնպես, ոնց որ բարձր աշխատավարձով հոլիվուդյան մի դերասանուհի, որի գրպանում իրականում այդ պահին կոպեկ էլ չկա։

Հասկանու՞մ ես՝ այստեղ սիրել-չսիրելու հարցերը վերանում են․․․ Ինքդ քեզ կարո՞ղ ես չսիրել․․․Չես կարող։ Եթե քեզ չսիրես, հաց էլ չես ուտի, ատամներդ էլ չես լվա։ Ա՜յ ինքդ քեզ ոնց տեր կկանգնես, նույնը Հայաստանի մասին է, որովհետեւ իմ երկրի բոլոր խնդիրներն իմ մասին են, ի՛մ մասին են․․․

Արթնանում ու զգում եմ, որ անհանգիստ եմ, որովհետեւ հասկանում եմ՝ ես եմ թույլ տալիս, որ երկրիս հետ այսպես վարվեն, որ ինձ հետ այսպես վարվեն։ Շատ եմ ապրել այս անկարողության ցավը, զգացել եմ մաշկիս վրա, գիտակցել, որ փոխել չեմ կարող։

Մի օր իմ պատուհանից նայեցի ու հետաքրքիր ապրում ունեցա․ ասացի՝ տե՜ր աստված, ես երբեւէ չեմ կարող հարուստ լինել, երբ իմ շուրջն այսքան աղքատ կա։

Ձանձրույթից սարսափում եսմի քանի անգամ շեշտել ես սա։ Այդ ի՞նչ ձանձրույթ է, որ սարսափեցնող է։

Ես չեմ կարողանում ձանձրանալ։ Պետք լինելու անհագ կարիք կա, որը գուցե կուտակումների արդյունքն է․ չգիտեմ։

Գիտե՞ս՝ ամբողջ ճանապարհին մտածում էի՝ զրույցի ընթացքում ինձ ներկայացնելուց պիտի խուսափեմ, բայց հիմա հասկանում եմ, որ բաներ պիտի բացվեն, որ պարզ լինի․․․ Կուզեմ՝ հաշվի առնես, որ, երբ ասում եմ՝ ուզում եմ փոխանցել կուտակումը, սերը փոխանցելու մասին եմ խոսում նաեւ, որովհետեւ այդ կուտակները լցված են սիրով։

Հիմա այդ ամենը տալու, փոխանցելու ընթացքում ինչպե՞ս կարող ես ձանձրանալ։

Ձանձրույթն ինձ վիրավորում է․ եթե բան չլինի անելու, դուրս կգամ բակս մաքրելու, որովհետեւ տգեղն այնքան շատ է մատուցվում, որ սիրտդ կանգնում է, լսի՜․․․ Դեռ մենք չենք խոսել իմ արտիստական սկզբունքներից, բայց ինձ համար կարեւոր է սա․ խավարը խավարով չես լուսավորի, մի կտոր լույս է պետք։ Ինչքա՞ն կարելի է մարդուն հասցնել անկման, եթե լույսի տեղը գիտես, կարող ես փոխանցել դրականը, չէ՞։ Չփոխանցեցիր, չես հարգելու քեզ, հետեւիցդ ես ընկնելու։ Հաց չկիսելու նման մի բան է․․․ Ես ի՞նչ իրավունք ունեմ ձանձրանալ։ Ես ինձ անպետք զգալ չեմ կարող։

Դերասանական սկզբունքները․․․

Մի ամբողջ դպրոց է, որի մասին շատ բան կա ասելու, բայց ամենից կարեւորը սա է՝ իմ հանդիսատեսը չպիտի հեռանա առանց հույսի, ինչ գործողություն էլ ես կատարեմ, ինչ էլ անեմ, իրավունք չունեմ վնասել մարդուն։ Չեմ ընդունում այն արվեստը, որը դիտելուց հետո ընկճախտով եմ տառապում կամ հիվանդանում եմ։ Սա չարին ծառայող մի բան է․ ի՜նչ էլ որ ցույց տաս, վերջում միշտ նայողի մոտ հույս պիտի արթնացնես։

Վերջերս գրող Սեւակ Արամազդի հետ հանդիպեցի, ում մասին հիմա չեմ խոսի, որովհետեւ զրույցը կարող է ամփոփվել․․․ Բայց պատմությունը հետեւյալն է․ տարիներ առաջ իր մակագրությամբ վեպն ստացա՝ «Արմենը»։ Վեպն ավարտվում է հերոսի մահով։ Հետաքրքիր բան կատարվեց ինձ հետ․ հերոսի մահով ես վերակենդանացա։ Այսինքն հոգեւոր փոխակերպում տեղի ունեցավ․ հերոսը մեռավ իմ փոխարեն, ես՝ ընթերցողս, հասկացա, որ չեմ ուզում իր մահը, եւ միաժամանակ իմ մեջ կյանքի ալիք մտավ։

Սա հեղինակի տաղանդի ուժն է, որն ինձ ասաց՝ «դու ապրի»։ Ինքն իմ հեղինակն է, որովհետեւ մոտ է իմ սզբունքին․․․ Ես տրագիկոմիկ եմ․ իմ հանդիսատեսը ժպտում եւ լացում միաժամանակ, բայց, միեւնույնն է, ես իրեն հույս պիտի տամ։ Արվեստը կարող է սպանել եւ կյանք տալ։ Ես ընտրել եմ կյանքը, կուտակել եմ սերը եւ պիտի փոխանցեմ։

 

Անկախության ժամանակ քեզ հիշու՞մ ես։

Ինձ մի անգամ հարցրին․ «Դուք Ձեզ անկախ, ազատ քաղաքացի զգու՞մ եք»․․․ Պատասխանս հետեւյալն էր՝ ես բոլոր ժամանակներում ինձ ազատ ու անկախ եմ զգացել․․․ Ես թքած ունեմ՝ աշխարհում ինչ է կատարվում, իմ բնությունն է ազատն ու անկախը․ ինձ չի կարող համակարգը փոխել, ոչ էլ մարդը, միայն արարիչը կարող է իր ծուռն ուղղել։ Ես այն եմ, ինչպիսին կամ։

Բայց դու համակարգային փոփոխություններ ուզում ես։

Որպես ազնիվ մարդ բնականաբար ուզում եմ․․․ Իսկ ես ինձ ազնիվ մարդ եմ համարում։ Ասացի, որ պատուհանից նայում եմ ու հասկանում, որ չեմ կարող երջանիկ լինել, երբ շուրջս թշվառություն է։ Ցավ եմ ապրում այդ թշվառությունից ու ուզում եմ խաղաղ, հանգիստ, ապահով երկրում ապրել, երբ շուրջս մարդիկ կժպտան։ Անտարբեր լինել չեմ կարող։

Անդրադառնանք հեղափոխությանը։

Հեղափոխության մեկ քայլը եղավ։ Բարեբախտաբար հին ռեժիմի պարագլուխները դուրս եկան, ձեւավորվեց նոր իշխանություն։

Վերջերս մտածում էի՝ «ինչ չեղավ» (միտքս շարադրելուց առաջ նորից պիտի կրկնեմ, որ բառերս չեն հերիքում)։  Ասում են՝ մշակութային հեղափոխություն չեղավ․ մարդկանց մեջ մի պահ դրսեւորվեց հավաքական կամքը (որի մասին տարիներ շարունակ երազել եմ ու ասել), որից անասելի երջանիկ էի եւ նաեւ մտածում էի, որ հենց սա է մշակութային հեղափոխության սկիզբը։

Այս պահին մտածում եմ, որ ժամանակ է պետք։ Թավշյա հեղափոխությունը կատարվեց եւ աշխատեց։ Ես չգիտեմ՝ ընթացքն ինչպիսին կլինի։ Հեղափոխությանը հավատում եմ անվերապահորեն, սակայն ընթացքի մասին մտածում եմ ամեն օր։

Չգիտեմ՝ ինչքանով է իմ ասածը օբյեկտիվ, գուցե ես ռոմանտիկ ձեւով եմ ասում, բայց կուզեի՝ մտածողության փոփոխության ուղղությամբ աշխատեին վարչապետն ու իր թիմը։ Գիտե՞ս՝ ոչ բռնի հեղափոխությունն իրականում պիտի աշխատի մրցակցիդ, թնշամուդ խղճի եւ մտածելակերպի վրա ․ հենց այդպես էլ սկսվել էր մեր հեղափոխությունը․․․ «Ոստիկանը մերն է», «ձեռքերը բաց ենք փողոց փակում»․․․ Սա աշխատեց։ Շարունակությունը պիտի գնա դեպի մտածողության փոփոխությունը։

Ոգեշնչումից հետո գալիս է սառը դատողությունը․ մարդն է՝ իր տունը, տնտեսական ծանր բեռը, կյանքն առհասարակ։ Ժողովրդի ընտրած իշխանությունը պիտի տնետուն մտնի, համոզի մարդուն, որ ինքը կարող է իր ձեռքի աշխատանքով տնտեսության աճ գրանցել։ Գանդին մտավ ժողովրդի մեջ՝ իր կյանքի օրինակով, իր ընտանիքի օրինակով․․․ Սա մտածողություն փոխեց։

Դադար

Անուշ, չգիտեմ՝ ինչպես ես խմբագրելու, բայց այսպես ասենք, որ մեր վիրավորված, նվաստած, բեռի տակ մնացած ժողովուրդը շարունակում է մնալ այդ հոգեվիճակում։ Մենք ասում ենք՝ համբերի, համբերի։

Ուզում եմ անհանգստությունս հասկանաս․ երբ մեր կռիվը ոչ բռնի էր, մրցակցի զենքերը թուլացած էին, չկային․ հիմա, երբ մի քիչ ագրեսիա կա, մրցակիցն էլ  իր բռնության ձեւերն է ակտիվացնելու, եւ մենք թուլանալու ենք։

Թեեւ, նորից եմ կրկնում, անվերապահորեն եմ վստահում այս իշխանությանը, Նիկոլին, բայց դա չի մեղմացնում իմ անհանգստությունը։ Հանցավոր ռեժիմի ձեռքին դեռ շատ բան կա, իրենց ուժն էլ շատ հզոր է։

Նիկոլն անընդհատ է շեշտում, որ իր իշխանությունը ժողովուրդն է, բայց, հասկանու՞մ ես՝ մեկ-երկու «լայվերը» քիչ են, հանրահավաքները քիչ են, ժողովրդի մտքի հետ պիտի գործ ունենալ, անել դա շատ «թավշյա» ձեւով, որովհետեւ աղետալի է մեր մշակույթի վիճակը՝ լայն եւ նեղ իմաստով։

Թատրոնը․․․

Թատրոնում անելիքները շատ են․ հինը նորով փոխելու, «պապսայից» դուրս գալու, զարգացած աշխարհի հետ զուգահեռ քայլելու, թախտ ու տաբուրետկաներից պոկվելու փորձ անելու մասին է խոսքը։

Ես ինքս թատրոն չեմ գնում․․․ Չեմ գնում, որովհետեւ ներկայացումից  տասնհինգ րոպե անց դուրս եմ գալիս։ Չխոսեմ էլ մեթոդների մասին, այն դպրոցի մասին, որը դերասան է կրթում։

Այս պահին փոփոխությունների մասին գլոբալ չեմ կարող խոսել, բայց ռեֆորմների եմ սպասում, էքսպերիմենտներ եմ ուզում, ձախողումներ եմ ուզում․ երիտասարդները գան, չստացվի, նորից փորձեն, որովհետեւ առանց այդ էքսպերիմենտի ոչինչ առաջ չի գնա։

Հա, իրենք պիտի ունենան հնարավորությունը էսքիզներ անելու, որ վերջում կտավը ստացվի։ Բա ուրիշ որտե՞ղ ու ո՞նց պիտի անեն։ Իրենց պիտի տալ տեղն ու հնարավորությունը, որովհետեւ իրենք շատ տաղանդավոր են։ Մշակույթին նվիրված, ամեն օր մաքառող ջահելների հետ շփվելն ուղղակի ապրեցնող է։

Ժամանակին, երբ Մազմանյան Արմենի հետ ստեղծում էինք «Գոյը», կարծրատիպեր էինք քանդում․․․ Այդպես ստեղծվեց աբսուրդի թատրոնը, որը կոչեցինք էքսպերիմենտալ։

Շատ ավելի բարդ ու ծանր տարիներին

Շատ վատ տարիներ էին, իհարկե։ Պատերազմ, աղքատություն, Սովետ․․ Իսկ Սովետն ահավոր էր։ Գուցե հաց ու պանիրն էժան էր, ուսումը՝ ձրի, բայց հոգեւոր դաշտում ծանր ժամանակներ էին, իսկ մենք էքսպերիմենտ էինք անում։

Հասկանու՞մ ես՝ հենց այդ էքսպերիմենտները քաղաքում մրցակցություն ստեղծեցին, մտածողություն սկսեցին փոխել։ Հիմա մի տեսակ լճացում կա, նոր ծնունդի, նոր ռեֆորմիստի կարիք կա․․․ Երիտասարդների, ովքեր դռներ են ջարդելու ու ասելու, որ եկել ենք փոխելու, որովհետեւ մենք մեր երկրի տերն ենք եւ իրավունք ունենք սխալվելու։ Ես իրենց հետ կգնամ «սխալվելու»․ առանց էքսպերիմենտի չեմ կարող․․․ Սիրում եմ խելարների կողքին լինել, երբ պիտի մտնես ծռության մեջ ու փորձես ուղղել։

Իննսունականների սկզբին ինչպե՞ս էր ձեւակերպվում «ես սխալվելու իրավունք ունեմ» հայտարարությունը։

Ասացի, որ ինձ բոլոր ժամանակներում եմ ազատ ու անկախ զգացել․ այդպիսին միայն ես չէի, այդպիսի տեսակ կար քաղաքում․Արթուրը Սահակյան, Արմենը Մազամանյան, Սամսոնը Ստեփանյան, Արսենը Աբրահամյանը եւ էլի շատերը, ովքեր թքած ունեին աշխարհում ինչ է կատարվում․ մենք մեր մոլորակն էինք մաքրում՝ առանց մտածելու՝ հարցեր կան, չկան, սխալ ենք, ճիշտ ենք․․․ Ամբողջովին լցված էինք գաղափարով, իսկ գաղափարը մեզնից զորեղ էր, ինքն էր առաջ տանում մեզ։ Մենք ուզում էինք մեր հողի վրա կանգնել ու երջանիկ զգալ։  

Եվ, այո, մինչեւ օրս էլ ասում եմ, որ ես «չեմ նկատում» համակարգ, իշխանություն․․․ Դրանք ինձ վրա ազդեցություն ունենալ չեն կարող, բայց սրտի դողով հետեւում եմ հեղափոխությանը, որովհետեւ «տեսնում եմ» մարդուն, ժողովրդին։

Իմ սերունդը 30 տարի սպասել է այս օրվան․ մենք համբերող, կորուսյալ սերունդ ենք․․․ Պատերազմ, պետականություն, պայքարներ․․․ Այսպես անցավ մեր երիտասարդութունը, մեր ստեղծագործական կյանքն անցավ սպասման մեջ։ Կարող էինք անել շատը, բայց արեցինք շատից քիչը, որովհետեւ մեր հնարավորությունները շատ սուղ էին, իսկ մղումներն անչափ ազնիվ։

Կարելի՞ է ասել, որ այդ տեսակը, չլինելով քաղաքականության մեջ, քաղաքականության զոհը դարձավ, չլինելով համակարգի մեջ՝ համակարգի զոհը դարձավ։

Երբեմն իրար գրում ենք՝ բա ով է պատասխան տալու մեր լավագույն տարիների, ավյունի համար, մեր չկարողանալու համար ով է տալու պատասխանը։ Ով է պատասխան տալու մեզ խանգարելու համար։

Այսօր կան բաներ, որոնք այլեւս չեմ կարող անել, բայց երեսունում-երեսունհինգում կարող էի։ Մենք անընդհատ ենք բախվել փակ դռներին, թանձրամիտ, բութ պաշտոնյաների առաջ ենք կանգնել, հասկանու՞մ ես․․․  Համակարգի առաջ, չինովնիկի առաջ, ով գնով է չափել արժեքը։ Այո, շատ բան ենք կորցրել, բայց մխիթարված ենք այս սերունդով։ Վերամբարձ է հնչում, բայց այս սերունդը հենց մեր տեսակի պտուղն է, մեզ հետեւողը։ Ազնիվները ձեւավորեցին այս սերունդը, որն ի վերջո հաղթելու էր։ Դրանից է, որ առավել քան որեւէ մեկը դողում եմ այս հաղթանակի համար, շատ եմ անհանգստանում, շատ․․․

Տե՛ս՝ ասացի ու նորից ժպտացի, որովհետեւ այդ անհանգստությանը զուգահեռ ներսումս միշտ հավատ կա։

Հիմա հասկանում եմ, թե ինչու եմ քեզ միշտ մոնոներկայացումներով պատկերացնում։

Հա՞․․․

Հա, որովհետեւ առանց հարցի միշտ կարող ես տալ պատասխանը, առանց ընդհատման կարող ես զրուցել։

Ես մենախոսություն եմ, հա՛։ Դու ինձ կարող ես տեսնել մարդաշատ վայրում, որտեղ շատ փակ ու լուռ եմ․․․ Եվ, ինչպես ասացի, հակառակն էլ կա․ կարող եմ բացվել, հոսել ու հոսել։

Նորից գալիս ենք սկզբին․ խոսքը պիտի ապրված լինի, փորձառությունով ամրապնդված․ նայի՛ր երակներիս․ իրենք ապրած են։ Ես չեմ շտապում, երբեմ նույնիսկ կմկմում եմ, որովհետեւ ուզում եմ այդ ապրվածը, իմ այդ ճշմարտությունը մատուցել։

Երբ մի բան եմ ասում, անցյալը լավ դիտածի դիրքից  եմ ասում, իմացի՛ր։ Ու երբ ասացի, որ Հայաստանը ես եմ, շատ նուրբ ձեւով կապեցի մեզ իրար, որովհետեւ ես էլ, ինքն էլ մոխիրից ենք հառնում․ դա մեր ինքնությունն է, այդպիսինն ենք․․․ Մեռնող եւ հարություն առնող։  Մեզ վերջ չկա, Ա՛ն։ Տե՛ս՝ ասում են՝ այս հեղափոխութունը չլիներ, կորած էինք․․․ Չէ՛, ջա՜ն, Նիկոլը չհաղթեր, այնքան նիկոլներ կհայտնվեին։

Ասում էինք չէ՞, որ առաջնորդ չկա, որ այդ ով պիտի գա ու «փրկի» մեր ժողովրդին․․․ Ո՜վ կմտածեր, որ Նիկոլի մի քայլից ազգը համախմբվելու է, որ ռեժիմ է տապալելու։ Ոչ մեկիս մտքով չէր անցնի, չէ՞․․․Հա, գուցե էլ չէինք հավատում, բայց հույսը դեռ կար։

Աստվածաշունչն ասում է՝ եթե հավատդ կորցնես, հույսդ մի կորցրու․ հույսը ամոթով չի թողնի։ Այդ հույսը մեզ ամոթով չթողեց։ Ու եղավ հեղափոխությունը, եղավ շատ մի կարեւոր քայլով, իսկ հիմա բոլորս պիտի աշխատենք ընթացքի համար։

Դադար

Կուզեմ՝ արվեստի մարդն արժանապատիվ ապրի,  ինքն իրեն դուր գա իր նվիրվածության համար, իր ծառության համար ինքն իրեն սկսի հարգել։  Մեր մասնագիտությունն «էժանացել» է, այնքան անորակ սերմեր են ընկել այս դաշտ, չես պատկերացնի։ Ուզում եմ՝ որոմը հասկից տարբերակողներ գտնվեն, արժանապատիվ գնահատականներ տվողներ հայտնվեն։

Ա՛ն, սա մասնագիտություն չի, հասկանու՞մ ես, չէ՞․․․ Առաքելություն է, եւ դրա հետ զգույշ պիտի լինել։ Մեր մտավորականի ապրելակերպն աղետալի ու ամոթալի է, շա՜տ։ Իրեն պիտի հոգեւոր մշակի պես վերաբերել, որովհետեւ իսկական արվեստագետը մեծարման կարիք չունի, ոչ էլ սպասում է կոչումների ու մեդալների։

Նոր իշխանությունը պիտի հաշվի առնի, որ մամինն առանց հոգու դիակ է․ չկա մշակույթ, չկա ազգ, չի տարածվում մշակույթը, չկա հոգեւոր արժեք, չունես առողջ հասարակություն։

Մեր «հիվանդացած» միտքը վերադաստիարակման, բուժվելու կարիք ունի․․․ Շատ «թավշյա» ձեւով սա պիտի կարգավորվի։ Այսպես կխոսեմ ու կխոսեմ․ ծխեմ ու գնամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter