HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմանը՝ «Մարսից»

Արմանն ինձ այնքան ամուր է գրկում, որ թվում է՝ հենց բաց թողնի, օդապարիկի պես կբարձրանամ վերև: Հետո գնում է, բռնում մոր՝ Նաիրայի ձեռքն ու ժպտում: Ես արագ շրջվում եմ, ներսումս ինչքան ծանր ու թեթև զգացողություն ասես, խառնվում են իրար, նայում եմ, տեսնում եմ՝ չէ, ոտքերիս տակ հանրակացարանի բակի ավազն ու մանր քարերն են, դեռ օդում չեմ: Ու հանկարծ Արմանի ձայնն եմ լսում, նորից շրջվում եմ, Արմանը թե`սպասի, մի հատ էլ գրկեմ, հա՞: Էդքան զգացողության բեռի տակից չեմ հասցնում դուրս գալ, ասում եմ՝ արի հաջորդ անգամ, թե՝ չէ, ու հետո, ոնց որ, կինոներում՝ ընդառաջ ենք գալիս իրար, ու եթե մի դանդաղեցված կադր լիներ, տեսարանը տպավորիչ կլիներ: Բայց դե, ինչպես շատ դեպքերում, սա կինո չէ, սա Արմանի աշխարհի մի բուռ հեքիաթն է, որ նվիրում է ծանոթ-անծանոթ մարդկանց՝ առանց փոխադարձը ստանալու ակնկալիքի:

Մալաթիա-Սեբաստիայի «Մարս» գործարանի հանրակացարանում ապրող Արմանն իսկապես այս մոլորակից չէ: Նա կարող է նվիրվել ու բռերով սեր տալ մարդկանց:

Կիսաքանդ, կիսամութ 4-հարկանի շենքի վերջին հարկում են ապրում: Ամեն հարկի հարթակին էլեկտրական հաշվիչների լարերի խրձեր են: 17 տարի է՝ 46-ամյա Նաիրա Պետրոսյանն ու որդին՝ Արմանը, այստեղ են ապրում: Նաիրան մեզ դիմավորում է աստիճանահարթակին, հետո միասին ներս ենք մտնում տուն: Երկու փոքր խուց հիշեցնող սենյակն այնքան կոկիկ է: Նստում ենք հյուրասրահում՝ Արմանի գույնզգույն խաղալիքների մոտ: Սենյակն այնքան փոքր է, որ չորսով հազիվ տեղավորվում ենք: Նաիրան ձեռք դնում է գլխին, ասում է, որ ուժեղ գլխացավ ունի: Արմանն ուշադիր հետևում է մոր ամեն մի շարժմանը, ու երբ զրույցի ընթացքում այս կամ այն դրվագը պատմելիս Նաիրան հուզվում է, աչքերը մաքրում, Արմանը բարկանում է, ասում է՝ մա, խի՞ ես լացում, վա՛յ:

Մայրն այս խոսքից հետո ավելի շատ է փոթորկվում, հետո խորը հոգոց է հանում, թե՝ չեմ կարողանում լացեմ, իրանից թաքուն եմ լացում: Հետո ձայնը նորից թրթռում է, ասում է՝ որ ուտելիքը մի քիչ քչություն է անում, չի ուտում, զգում ա, որ տանն ուտելու բան չկա:

2001-ին Հարավարևմտյան թաղամասում Նաիրայի մայրը 2800 դոլարով վաճառել էր մեկսենյականոց տունը: Որոշել էին այդ գումարով պարտքերը փակել ու մի փոքր երկաթյա տնակ գնել: Մայրն այդ ժամանակ արդեն հիվանդ էր, գլուխուղեղի ուռուցք ուներ, Նաիրան ասում է, որ գումարի մի մասը ծախսել են բուժման համար: Տարիներ անց մայրը մահացել է: «Մարսի» հանրակացարանի տեղը ցույց էր տվել ծանոթներից մեկը: Նույն տարում էլ տեղափոխվել էին հանրակացարան: Առաջին 5-6 ամիսներին լույս չունեին, տունը դուռ ու պատուհան չուներ: Նաիրան ասում է՝ սովորել էին մթության մեջ ապրել, հետո հարևանից լույս էին քաշել:

Այս հանրակացարանում էլ ծանոթացել էր ամուսնու հետ: Երկուսով փողոց էին ավլում, Նաիրան ասում է, որ համերաշխ էին ապրում: Արմանը 2007-ին է ծնվել: «Հղիության ընթացքում ոչ մի խնդիր չունեի, երեխան նորմալ էր: Ծնվելուց հետո ինձ ասացին, որ էրեխեն պրոբլմներ ունի: Տարանք պոլիկլինիկա, ասացին՝ դաուն է, չգիտեի էլ՝ էդ ինչ է: Բժշկին հարցրեցի, ասեց՝ ազիզ ջան, մտավորի հետ կապված խնդիր է, տարանք հիվանդանոց անալիզ տվեցինք, ձեռքի մեջ հատող գիծ կար, նայեցին, ասեցին՝ ձեր երեխան դաուն է, հրաժարվեք ձեր երեխայից: Ասեցին՝ քանի շուտ է, չեք տաքացել, հրաժարվեք, ես էլ գրկել եմ էրեխուս ու թե ոնց եմ եկել տուն... Ասեցի՝ ես իմ էրեխուն ոչ մի տեղ չեմ թողնի, սոված էլ լինի, իմ կողքին կպահեմ: Ու մինչև հիմա՝ հեսա դեկտեմբերի 20-ին կլինի 11 տարեկան, ինձ հետ ա, իմ գրկին: Մինչև 7 տարեկան չէր քայլում, հիմա քայլում ա, խոսում ա»,- պատմում է մայրը:

Ամուսնուց 2015-ին է բաժանվել, ասում է՝ պատճառն ուրիշ կնոջ հայտնվելն էր, ու այլևս չենք խոսում այս թեմայով:

Արմանը 5-րդ դասարան է: Էջմիածնի Զվարթնոց թաղամասի հատուկ դպրոց էր գնում, որն այս տարի փակվել է: Հիմա նոր հատուկ դպրոց է հաճախում Երևանում: Զուգահեռաբար արդեն երկու տարի գնում է նաև «Գլոբալ զարգացման կենտրոն»: «Էս կենտրոնը շատ է օգնում Արմանին, հիմա խոսում է, նույնիսկ բանաստեղծություններ է ասում, երգեր է երգում»,- նշում է Նաիրան:

Երբ Արմանը Զվարթնոցի դպրոցում էր սովորում, Նաիրան աշխատում էր: Երեխային առավոտյան դասի էր տանում, երեկոյան էլ վերցնում դպրոցից: Այդ ընթացքում խանութներում հավաքարարություն էր անում:

Արձակուրդներին Մասիսի Հովտաշատ գյուղի շուկա էր գնում, օրական 6 հազար դրամով հավաքարարություն էր անում: Արմանին տանում էր հետը, բայց, մոր ասելով, այնտեղ երեխան հանգիստ չէր: «Էնօրը շան պոչն էր կոխել, շունն էլ հարձակվել էր վրան: Տանն էլ չեմ կարող մենակ թողնել, էնօրն էլ գնացել էր լուսամուտներն էլ բացել, կախվել: Հիմա լուսամուտները մեխել եմ, որ չբացի: Մենակ նույնիսկ աղբ թափել չեմ կարող, Արմանը շատ շարժունակ ա»,- նկատում է մայրը:

Նաիրան ասում է, որ ինչ գործ էլ լինի, կանի՝ լուսամուտ լվալ, աղբ թափել, տուն մաքրել, միայն թե գործ ունենա, որ երեխային կարողանա պահել: Ամսական աղքատության նպաստն ու Արմանի հիվանդության թոշակը 45 հազար էլ չեն կազմում:

«Ինքը շատ լավ տղա է, շա՜տ: Ասում է՝ մամա, ես սոված չեմ, դու կեր: Ես ուզում եմ կյանքս իրեն տամ»,- ասում է Նաիրան, հետո Արմանը գնում փաթաթվում է մորը:

Նաիրան ասում է, որ Արմանի հետ տանը կղզիացել են, չի թողնում, որ շենքի երեխաների հետ խաղա: «Ինքը կարող է շատ հանգիստ լինել, բայց մեկ էլ կարող է սկսի ջղայնանալ, մի վնաս տա էրեխեքին: Միշտ իմ կողքին եմ պահում: Էնօրն էլ դպրոցում պայուսակն էր ճղել: Նոր դպրոց է, շրջապատը նոր է, վախեցել էր, թե չեմ գնալու իր հետևից, սկսել էր լացել»,- պատմում է 46-ամյա մայրը:

«Գլոբալ զարգացման կենտրոնից» լվացքի և կարի մեքենաներ է նվեր ստացել: Երբ Արմանը նոր դպրոցին հարմարվի, կարուձևի դասընթացներ է ուզում անցնել, որ հետո ինքնուրույն կար անի տանը, պատվերներ ընդունի:

Արմանը Նաիրայի կյանքի առանցքն է: Նրա բոլոր երազանքները որդու շուրջ են հյուսվում: «Ուզում եմ տուն ունենամ, աշխատանք ունենամ, որ տղայիս պահեմ, և որ ինձ չխղճան»,- ասում է Նաիրան:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (1)

Joseph
How can we donate & help little Arman & Naira !?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter