HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղում երիտասարդներն անելիք չունեն

Լուսինե Բալյան
Անահիտ Վարդանյան

«Ես չեմ սիրում ձեւեր թափել, ասել' սա իմ ծննդավայրն է, ոչ մի տեղ այստեղից չեմ գնա: Եթե այստեղ անելիք չունեմ, ինչքա՞ն կարող եմ ծառով ու թփով հիանալ: Ինքներդ համեմատեք՝ իմ հասակակիցները քաղաքում արդեն ինչերի են հասել. եւ՛ բարձրագույնն են ավարտել, եւ՛ աշխատում են, ոմանք էլ ամուսնացել են... Իսկ ես...»:

Տավուշի մարզի Դիտավան գյուղը մոտ է երկնքին: Այստեղ օրը սկսվում է արեւի հետ եւ ավարտվում նրա լույսի հետ: Անտառին կառչած այս փոքրիկ գյուղը վերջին տարիներին հոգսերից մի տեսակ ավելի է կծկվել: Այստեղ երեխաների խաղի ձայն չես լսի՝ նրանք ծնողներին են օգնում գյուղական գործերով: Դիտավանի երիտասարդներին էլ մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել: Ֆելիքսն ու Հերմեսը ընկերներ են: Իրենց հասակակիցներից նրանք երկուսն են մնացել գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո Հերմեսը ընդունվեց Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, բայց վարձավճարը չմուծելու պատճառով դուրս մնաց: Ֆելիքսն այդպես էլ ուժերը չփորձեց:

«Ես դպրոցում շատ լավ էի սովորում, կարող են վկայել նաեւ իմ ուսուցիչները, բայց դա բավարար չէ բուհ ընդունվելու համար: Դա զգացի, երբ գյուղի ութամյա դպրոցն ավարտելուց հետո իջա ներքեւի գյուղում ուսումս շարունակելու: Այնտեղ զգացի, թե ինչքան ցածր է մեր դպրոցի մակարդակը: Օրինակ' մեր օտար լեզվի ուսուցիչը անգամ բարձրագույն կրթություն չուներ, ես ինչպե՞ս կարող էի նրա տված գիտելիքներով մտածել բարձրագույնի մասին, իսկ ես ուզում էի ընդունվել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետ, որտեղ օտար լեզվից բարձր բալեր էին անհրաժեշտ»:

Ֆելիքսի ու Հերմեսի հետ զրուցողը դժվար կհավատա, որ նրանք բարձրագույն կրթություն չունեն: Նրանք հետաքրքիր զրուցակիցներ են, խոսում են տարբեր թեմաներից: Լավ գիտեն հայ եւ արտասահմանյան գրականություն, հայ ժողովրդի պատմություն, հետաքրքրվում են աստղագիտությամբ:

«Գյուղում մեզ պահող ոչինչ չկա: Եթե հնարավորություն լինի, հենց հիմա էլ կգնանք քաղաք: Այստեղ անելիք չկա: Տաք եղանակին հողագործությամբ ենք զբաղվում, իսկ ձմռանը անտառից փայտ ենք բերում: Մեր տարիքում դա հետաքրքիր չէ, եթե չասեմ' զզվելի է: Գյուղի գրադարանից էլ վաղուց չենք օգտվում: Գիրք չկա, որ կարդացած չլինենք: Մենք տանն ավելի հարուստ գրադարան ունենք: Ձանձրույթը միայն գրքերով ենք հաղթահարում: Ցավոք, ժամանակակից գրականությանը ծանոթ չենք: Չենք կարողանում ձեռք բերել: Գյուղը ինֆորմացիայի պակաս շատ ունի: Նախ' մեզ մոտ մի քանի հեռուստաալիք է ընդամենը բռնում, թերթերը ստանում ենք թոշակի հետ, դրանք էլ ուշացած են լինում: Չենք ասում' գյուղից հավիտյանս հեռանանք. դա էլ հնարավոր չէ, որովհետեւ մեր ծննդավայրն է, այստեղ կապող շատ բան կա»:

Տղաների պատմելով' ամռանը ժամանակն ավելի հեշտ է անցնում, քանի որ գյուղը լցվում է հանգստացողներով ու նախկին համագյուղացիներով։ Տարվա այդ երեք ամիսներին տղաները կարողանում են նոր ընկերներ ձեռք բերել, հետաքրքրվել քաղաքի անցուդարձից ու նորություններից, երիտասարդների հետաքրքրություններից։

«Եթե քաղաքում լինեինք, գուցե չմտածեինք այս ամենի մասին, թե ինչեր կարող ենք անել, ինչպես ճիշտ կարելի է տնօրինել ժամանակը։ Իհարկե, երբ խոսում ենք մեր հասակակից քաղաքաբնակների հետ, հասկանում ենք, որ նրանց հնարավորությունները մերից շատ են։ Թեկուզ միայն այն, որ քաղաքում տուն ունեն։ Օրինակ' մի քանի անգամ փորձել ենք գնալ ու քաղաքում աշխատել, բայց մեր աշխատվարձի մեծ մասը տալիս էինք տան վարձին։ Տնեցիներին չէինք կարողանում ոչնչով օգնել, իսկ տանից հեռացողի առաջնային նպատակը հենց դա է»։

Ֆելիքսն ու Հերմեսը հրաշք են համարում, որ կարող է մի օր գյուղացու կյանքը՝ այն էլ Հայաստանի հեռավոր շրջանի, լավանալ։ Անհնար են համարում, որ կարող է մի օր իրենց ցանկացած գիրքն ու թերթը կարդան, աշխատեն իրենց նախընտրած մասնագիտությամբ։ Մի խոսքով' դադարեն հարմարվել եւ որոշեն փոխել իրենց կյանքը։

Մեկնաբանություններ (1)

Armenuhi
Ես ողջունում եմ ձեր մտածելակերպը և երազում եմ դառնալ իմ երազանքների ֆիզիոթերապևտը միշտ առաջ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter