
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today-ի գրասենյակում կատարված խուզարկությունը
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը դատապարտել է սեպտեմբերի 17-ին Yerevan.Today լրատվական կայքի գրասենյակում կատարված խուզարկությունը: Կազմակերպության տարածած հայտարարությունում նշվում է, որ իրավապահների գործողությունները վնասում են լրագրողների աղբյուրների գաղտնիությանը.
«Yerevan.Today-ի գրասենյակում կատարված խուզարկությունը, սարքավորումների առգրավումը լրագրողների աղբյուրների գաղտնիության սկզբունքի լուրջ խախտում է: Լրագրողների աղբյուրների գաղտնիությունը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանով: Մենք ցավում ենք, որ ոստիկանությունը չի ձգտել գտնել պակաս միջամտող և ավելի համաչափ ճանապարհ իր օրինական նպատակին հասնելու համար»,- ասել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Յոհան Բիրը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի վարույթում քննվող ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 17-ին խուզարկություն էր կատարվել Yerevan.Today կայքի գրասենյակում: Խուզարկության արդյունքում առգրավվել էր մեկ համակարգչային պրոցեսոր և երեք հիշողության կրիչ:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսային խոսակցության գաղտնալսման վերաբերյալ տեսանյութն առաջին անգամ տեղադրվել է Yerevan.Today լրատվական կայքում, և կարճ ժամանակ անց այն հեռացվել է կայքից: Ըստ Google որոնողական համակարգի՝ սեպտեմբերի 11-ին համացանցում լայն տարածում ստացած տեսանյութը լրատվական կայքում առաջին անգամ տեղադրվել է դրանից 2 օր առաջ:
Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը սեպտեմբերի 18-ին հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարել է, որ խնդիրը կապված է Google որոնողական համակարգի հետ, և իրենց կայքը հեռախոսազրույցի ձայնագրությունը հրապարակել է նույն ժամերին, ինչ հայկական մյուս լրատվամիջոցները:
Լրատվական կայքի հայտարարության մեջ նշվում է, որ խուզարկությամբ փորձ է արվել լռեցնել Հայաստանում քննադատական խոսք հնչեցնող լրատվամիջոցին.
«Սա միտված է մեր օրինակով «դաս» տալ ազատ ու հիմնավորված քննադատական խոսք հնչեցնող մյուս լրատվամիջոցներին: Սա անուղղակի պարտադրանք է՝ ազատ մտածելն ու արտահայտվելը փոխարինելու ներքին գրաքննությամբ»,- ասվում է Yerevan.Today-ի հայտարարությունում:
Մեկնաբանել