
2,8 միլիոն դոլար՝ Կապանում նավթ ու գազ որոնելու համար
Կապանում նավթ ու գազ որոնող «ԱԳԱՊԵ» ընկերության գործունեության վերաբերյալ հանրային քննարկումը հերթական անգամ տեղի չունեցավ:
Սեպտեմբերի 14-ին Կապանի համայնքապետարանում պիտի կայանար հանրային լսում, որտեղ քննարկվելու էր «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի կողմից նավթի ու գազի հետախուզական աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, սակայն ընկերությունը համայնքապետարանին նախապես հայտնել է, որ չի կարող ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը:
Հայտի առաջին հանրային լսումը տեղի էր ունեցել այս տարվա հունվարի 11-ին: Սա պիտի լիներ երկրորդը, սակայն այն արդեն երկրորդ անգամ չի կայանում: Մայիսի 22-ին երկրորդ լսումը ձախողել էին Կապանի եւ հարակից բնակավայրերի բնակիչները, որոնք համայնքապետարանում բողոքի ակցիա էին կազմակերպել՝ «ԱԳԱՊԵ»-ի ներկայացուցիչներից պահանջելով հեռանալ: Ակցիայի մասնակիցները «Ես Ծավն եմ», «Ես Շիշկերտն եմ», «Ես Շիկահողն եմ» եւ այլ գրություններով պաստառներ էին պարզել:
«ԱԳԱՊԵ»-ի թիրախում Կապան խոշորացված համայնքն է
Հայաստանի տարածքը գազի եւ նավթի ուսումնասիրությունների համար ՀՀ կառավարության կողմից բաժանվել է 6 պայմանական տարածքների՝ բլոկների: Դրանցից յուրաքանչյուրը որոշակի աշխարհագրական սահմանանշում ունեցող տարածք է, որտեղ պետք է իրականացվեն նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ:
6-րդ պայմանական տարածքն ընդգրկում է Սյունիքի մարզը, բայց ոչ ամբողջությամբ: Մարզի տարածքը 4506 քկմ է, իսկ նշված բլոկինը՝ 3527 քկմ:
«ԱԳԱՊԵ»-ն նախատեսում է որոնողական աշխատանքներ կատարել Կապան համայնքի վարչական տարածքում: 2017-ին Կապանը խոշորացվել է՝ ընդգրկելով տարածաշրջանի 31 գյուղական համայնք: Այժմ խոշորացված Կապանը ներառում է ընդհանուր 38 բնակավայր՝ 1 քաղաք, 37 գյուղ:
Ըստ ընկերության հայտի՝ Կապան համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հեռանկարային ստրուկտուրաներ կամ «հեռանկարային տեղամասեր»: «ԱԳԱՊԵ»-ն սա նշում է՝ հիմնվելով 2007-ին սկսված երկրաբանահետախուզական լայնամասշտաբ աշխատանքների հիման վրա: Այն ժամանակ 6-րդ բլոկն ուսումնասիրել է «Բլեքսթերզ Էներջի Արմենիա» ՍՊԸ-ն:
«ԱԳԱՊԵ»-ն հավելում է, որ հետախուզման ծրագրի նպատակն է իրականացնել տարածքի նավթագազաբերության հիմնական բաղադրիչների գնահատումը՝ շերտերի տեղաբաշխումը եւ որակը, ածխաջրածին առաջացնող հնարավորությունները եւ պոտենցիալը՝ համակցված երկրաբանական կառուցվածքի եւ ձեւավորված ավազանների մոդելով:
2 միլիոն 800 հազար դոլար՝ Կապանում նավթի ու գազի երկրաբանական ուսումնասիրությանը
Բնապահպանության նախարարության կայքում հրապարակված է «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի կողմից Կապան համայնքում նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագիրը:
Նախ պիտի հավաքագրվեն եւ ուսումնասիրվեն նյութեր երկրաբանական արխիվներից, Երկրաբանության ինստիտուտի գրադարանից, Լոնդոնի երկրաբանական միության եւ բրիտանական գրադարաններից ու այլ աղբյուրներից: Կատարվելու են սեյսմահետախուզական աշխատանքներ, մակերեւութային երկրաքիմիական հետազոտություններ, անալիզ, այլ հետախուզական աշխատանքներ, ստեղծվելու են երկրաբանական քարտեզներ:
Սլաքները ցույց են տալիս այն բնակավայրերը, որոնք ընդգրկված են «ԱԳԱՊԵ»-ի նախագծում
Ծրագրի արդյունքներից կախված՝ «ԱԳԱՊԵ»-ն նվազագույնը մեկ հետախուզական հորատանցք է բացելու, սակայն մինչ այդ պետք է որոշել կոնկրետ տեղադրությունը, իսկ հետո շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնել հորատման աշխատանքները: Ենթադրվում է, որ հորատանցքն ունենալու է նվազագույնը 1 կմ խորություն:
Աշխատանքների սկիզբ է սահմանված 2018-ի չորրորդ եռամսյակը (հոկտեմբեր-դեկտեմբեր), ավարտ՝ 2023-ի երրորդ եռամսյակը (ապրիլ-հունիս): Ըստ կատարած հաշվարկի՝ ՍՊԸ-ն աշխատանքների իրականացման համար ծախսելու է առնվազն 2 միլիոն 800 հազար դոլար: Միայն հորատումն արժենալու է 1,2 մլն դոլար:
Ինչո՞ւ Հայաստանում
«ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ն Կանադայի Մոնրեալ քաղաքում գործող «Armenian Gas and Power Enterprises Inc.» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է (այստեղից էլ անունը՝ «AGAPE»): ԲԲԸ-ն իր կայքում փորձում է հիմնավորել, թե ինչու է Հայաստանում որոշել նավթ ու գազ որոնել:
-Աշխարհում մնացած մի քանի քիչ հետազոտված, ածխաջրածինների մեծ պաշարներ ունեցող ավազաններից մեկը, որին սահմանակից երկրները միասին վերցված տարեկան արդյունահանում են միլիարդավոր բարել նավթ ու տրիլիոնավոր խորանարդ մետր գազ։
-Հայաստանն իր պահանջների համար ներմուծում է ինչպես վերամշակված նավթամթերք, այնպես էլ հում նավթ ու բնական գազ՝ իր շուկայում տեղը պատրաստ թողնելով տեղական պաշարների համար:
-Հայաստանում առկա է էներգետիկ ռեսուրսների մեծ պահանջ, զարգացող տնտեսություն եւ արեւմտյան երկրներին համապատասխան նավթաարդյունաբերության արտոնագրերի եւ պայմանագրերի համակարգ:
-Հայաստանը միջազգային սերտ կապեր ունի Ռուսաստանի, եվրոպական երկրների, Իրանի, Կանադայի եւ ԱՄՆ-ի հետ: Բիզնեսի տեսակետից Հայաստանը Կովկասում գրավում է ռազմավարական դիրք եւ ունի կապիտալի աճի համար հարմար տեղակայված ինֆրաստրուկտուրա:
Նախկին հանքարդյունաբերողը վերադառնում է
«ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ի մարտին Երեւանում: Դրա 99 տոկոսը պատկանում է կանադական «Armenian Gas and Power Enterprises Inc.» ԲԲԸ-ին, իսկ 1 տոկոսը՝ Գրեմ Սկոթ Ջոնսոնին, ով կանադական ընկերության գործադիր նախագահն է ու հայկական ՍՊԸ-ի տնօրենը: «Հետքը» նախկինում գրել է ԲԲԸ-ի բաժնետերերի մասին, որոնցից մեկը հենց Գ. Ջոնսոնն է:
Վերջերս «Armenian Gas and Power Enterprises Inc.»-ի գլխավոր գործադիր տնօրեն է դարձել կանադահայ Հրաչ Ջաբրայանը, ով Կապանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության գլխավոր տնօրենն էր:
Սեպտեմբերի 12-ին իր ֆեյսբուքյան էջում Հ. Ջաբրայանը հայտնել է նշանակման մասին եւ նշել, որ շուտով ժամանելու է Հայաստան:
Ըստ «Armenian Gas and Power Enterprises Inc.»-ի կայքի՝ «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ում տնօրենի պաշտոն է զբաղեցնում Ներսես Կարամանուկյանը, ով նախկինում աշխատել է ՀՀ պետական համակարգում, եղել կառավարության աշխատակազմի ղեկավար, այնուհետ աշխատել բանկային եւ հանքարդյունաբերական ոլորտներում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել