
Ընտրվելու դեպքում Հայկ Մարությանն առաջնահերթ լուծելու է աղբահանության հարցը
«Մենք պատրաստ ենք բոլոր ֆորմատներով, բոլորի հետ աշխատանքի` հանուն Երևանի բարօրության»,- ասում է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող, Երևանի քաղաքապետի հավանական թեկնածու Հայկ Մարությանը:
Նա թիվ 9/47 ընտրատեղամաս քվեարկելու եկավ դստեր հետ, ոտքով` Հյուսիսային պողոտայի կողմից: Նա այդ տարածքում է ապրում:
Պատասխանելով լրագրողների հարցերին` թեկնածուն ասաց, որ նորմալ է գնահատում, երբ մյուս քաղաքական ուժերի թեկնածուներն իրենց հաղթող են համարում: «Նորմալ է, երբ իրեն է տեսնում հաղթող: Պատկերացնու՞մ եք, որ այլ թեկնածուի ասեր հաղթող»,- ասաց Հայկ Մարությանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են իր կողքին հայտնվել նախկին իշխանությունների օգտին աշխատած ընտրակեղծարարները, «Իմ քայլ»-ի թեկնածուն ասաց, թե քարոզարշավի ընթացքում շատ մարդիկ են իրենց միացել: Ինքը, ի տարբերություն լրագրողների, չի ճանաչում նման մարդկանց:
Խոսելով մայրաքաղաքի խնդիրների մասին` Մարությանն առանձնացրեց աղբահանությունը: Ասաց, որ ընտրվելու դեպքում առաջնահերթ աղբահանության հարցն է կարգավորելու:
Նա չկարողացավ հստակ ասել, թե ինչ վարկանիշ կունենար, եթե իրեն չսատարեր Նիկոլ Փաշինյանը: Չկանխագուշակեց նաև, թե քանի ձայն է հավաքելու: «Սոցիոլոգների գործն է, չեմ կարող պատասխանել»,- նշեց թեկնածուն:
Նա ասաց, որ երեկ սոցցանցերում չի եղել, օրն անցկացրել է ընտանիքի հետ: Տեղյակ չի եղել, որ ավագանու իր թիմակից թեկնածուները սոցցանցերում հիշեցրել են քվեաթերթիկում դաշինքի թիվը:
Մեկնաբանել