HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Հայկ Մարությանը քաղաքապետարանում կադրային ջարդ չի անելու

«Վերջին 23 տարիների ընթացքում առաջին անգամ ունեցանք իրապես արդար ընտրություններ։ Մարդիկ համոզված էին, որ իրենց քվեն չի կեղծվելու: Երեւանի բնակիչները ցույց տվեցին, որ Հայաստանին անհրաժեշտ են արտահերթ ԱԺ ընտրություններ: Սա հեղափոխության հաղթանակի եւս մեկ արձանագրում է, եւ մենք գտնում ենք, որ ԱԺ ընտրությունները պետք է շուտափույթ կազմակերպել»,- այսօր «Հոդված 3» ակումբում տեղի ունեցած քննարկմանը, ամփոփելով Երեւանի ավագանու ընտրությունները, ասաց  «Իմ քայլը» դաշինքի անդամ Վահան Կոստանյանը։ 

Նա նկատեց, որ Հայաստանում հեղափոխությունը շարունակվում է, այն մտել է Երեւանի քաղաքապետարան։ 

Վահան Կոստանյանը վստահեցրեց, որ Երեւանի քաղաքապետարանում կադրային ջարդ տեղի չի ունենա։ Անկախ կուսակցական պատկանելությունից, այն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են, «իրենց տեղում են եւ մաքուր», շարունակելու են աշխատանքը, իսկ մյուսները, հասկանալով նոր իրողությունը, իրենք կհեռանան։ 

Ավագանու երեկ տեղի ունեցած ընտրությունները, մասնակից գրեթե բոլոր քաղաքական ուժերի կարծիքով, բացառիկ էին իրենց թափանցիկությամբ ու արդարությամբ։ Ժողովուրդը կարողացավ ազատ արտահայտել իր կամքը, ընտրախախտումներ չարձանագրվեցին՝ ասաց «Լույս» դաշինքի թեկնածու Անի Սամսոնյանը։ Իսկ գրանցված փոքր խախտումները, ըստ թեկնածուի, գրանցվել են տեխնիկական պատճառներով։ 

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Դավիթ Հակոբյանը, շնորհավորելով ընտրություններում հաղթանակած ուժին, հորդորեց Երեւանի ապագային վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ։ «Մեր քաղաքացին պետք է տեսնի էլ ավելի գեղեցիկ Երեւան։ Պետք է փաստենք, որ ընտրություններն ավելի շատ Նիկոլ Փաշինյանին վստահության քվե տալու, քան թե քաղաքապետի թեկնածուին ընտրելու, նրանց ծրագրերն ու առաջարկությունները գնահատելու համար էին»,- նկատեց նա։ Հակոբյանի կարծիքով, ժամանակն է, որ հեղափոխությունը տեղափոխվի նաեւ պետական ատյաններ, ծրագրային դրույթներ առաջ գան, բարեփոխումներ լինեն։ Ինչ վերաբերում է խորհրդարանական արտահերթ ընտրություններին` եթե դրանք լինեն, ապա ՀՅԴ-ն մասնակցելու է։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջադրված Արման Աբովյանը նշեց, որ այս ընտրություններն ամենապարզ, ամենամաքուր ընտրություններն էին։ Արտահերթ ընտրությունների մասով էլ նկատեց, որ ժողովուրդն ինչպես կուզի, այդպես էլ կլինի․ «Եթե ժողովուրդը գտնում է, որ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ, ուրեմն՝ այո»։

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անդրանիկ Գրիգորյանը երեկ կայացած ընտրությունները որակեց որպես Հայաստանի ամենալեգիտիմ ընտրություններ՝ 1991 թվականից այս կողմ։ Այս ընտրություններում «Ժառանգության» ներկայացուցիչը նկատել է Սերժ Սարգսյանի եւ հանրապետականների «թեւածող ուրվականը»։ Մյուս կողմից հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը կխուսափի միակուսակցական պարադիգմայից։ «Ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ Երեւանի ավագանի ընտրություններում ծրագիրը չհաղթեց։ Սրանք խիստ քաղաքականացված ընտրություններ էին։ Նիկոլ Փաշինյանը դրանք տարավ քաղաքական տիրույթ՝ դիտարկելով դա իր լեգիտիմության խնդիր։ Ժամանակն է, որ Փաշինյանը կատարի թե իր, թե կառավարության ծրագրային դրույթը, եւ Հայաստանում օր առաջ տեղի ունենան արտահերթ ԱԺ ընտրություններ, որպեսզի խորհրդարանի դե յուրե մեծամասնության վստահությունը չվայելող կառավարություն չունենանք»,- ասաց Անդրանիկ Գրիգորյանը։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ավելի քան 81 տոկոս քվե ստանալով` հաղթել է «Իմ քայլը» դաշինքը: Թեկնածու քաղաքական ուժերից ոմանք արդեն հանդես են եկել ընտրությունների արդյունքներն ընդունելու մասին հայտարարությամբ:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter