HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Իրանում տեղի ունեցած ահաբեկչության վտանգները

Սեպտեմբերի 22-ին Իրանի Խուզիստան օսթանի (նահանգի) Ախվազ քաղաքում անցկացվող զորահանդեսի ժամանակ ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել։ Սպանվել է 24 մարդ՝ 12 զինվորական, 12 խաղաղ բնակիչ։ Մոտ 50 մարդ վիրավորվել է։ Բոլոր ահաբեկիչները չեզոքացվել են։

Իրանում սկսված տնտեսական անկումը վտանգավոր աստիճանի է հասնում, պարբերաբար ցույցեր և բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Վիճակը լրջանում է Սիրիայում պատերազմական գործողություններին մասնակցող զինյալների ֆինանսավորման հսկայական ծախսերի պատճառով։ Իրանը չի կարող դադարեցնել Սիրիային օժանդակությունը՝ առանց կորցնելու իր տարածաշրջանային վարկը և զիջելու աշխարհաքաղաքական դիրքերը։

ԱՄՆ-ի կողմից սկսված տնտեսական պատժամիջոցների պատճառով նավթ արտահանող ծովային փոխադրամիջոցները անջատված ազդանշանային համակարգերով են նավարկում, իսկ նավթի առևտուրը կանխիկ գումարներով է կատարվում։ Ստեղծված վիճակը բավակաին լուրջ է և կարող է երկիրը ցնցումների առաջ կանգնեցնել, ինչը լուրջ ապակայունացնող ազդեցություն կարող է ունենալ նաև Արցախի ռազմաճակատում, եթե Իրան-Արցախի սահմանի վերահսկողությունը թուլանա։

Ովքե՞ր են Ախվազում ահաբեկչություն իրականացրած զինյալները և ում կողմից են վերահսկվում

Ախվազն Իրանի արևմուտքում գտնվող Խուզիստան օսթանի կենտրոնն է, բնակչությունը՝ մեկ միլիոնից ավել, ճնշող մեծամասնությունը արաբներ են։ Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ Սադամ Հուսեյնի ջանքերով Իրանում ստեղծվում են արաբներից կազմված ահաբեկչական խմբավորումներ, մասնավորապես Ախվազի Ազգային Դիմադրության ճակատը, որոնք մինչ այժմ պահպանում են իրենց գոյությունը։ Հենց այդ կազմակերպությունն է գործողության համար պատասխանատվություն ստանձնել։

Իրանը, իր հերթին, այդ պատերազմի ժամանակ աջակցում էր Իրաքի քրդերին ու շիականներին։ 2005 թվականին արաբական ահաբեկչական կազմավորումները Իրանում տեռորիստական մի քանի նշանակալի գործողություններ են իրականացրել։ Ըստ Իրանի պաշտոնական մեղադրանքների՝ այդ կազմակերպությունները ֆինանսավորվում ու ուղղորդվում են Սաուդյան Արաբիայի, Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից։

Հաշվի առնելով Իրանում և ողջ ռեգիոնում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը՝ նման ահաբեկչական գործողությունները կարող են ապակայունացնել նաև Իրանի ներքաղաքական վիճակը։

ԱՄՆ-ի և Իսրայելի հիմնական պահանջն է, որ Իրանը Սիրիայից դուրս բերի իր ազդեցության տակ գտնվող զինյալներին։ Մյուս կողմից, Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներում ազգագրական կազմի փոփոխություն է կազմակերպվում, մասնավորապես Աֆղանստանից ու Պակիստանից շիա բնակչություն է տեղափոխվում Սիրիա, իսկ ոչ լոյալ սունիներին այդ տարածքներից դուրս են մղում։ Այս գործընթացը Իրանի միջոցներով է կազմակերպում։

Ահաբեկչության կազմակերպման մեջ ԱՄՆ-ին հասցեագրված մեղադրանքներին ի պատասխան՝ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ասել է, որ նման մեղադրանքեր ներկայացնելուց առաջ Իրանը նախ պետք է հայելու մեջ իրեն նայի։ Ըստ նրա՝ ահաբեկչության պատճառներն Իրանը պետք է որոնի իր արատավոր ներքին քաղաքականության մեջ։ Նա ասել է, որ Իրանն իր ժողովրդին հնազանդության մեջ է պահում, փաստորեն մարդու իրավունքների խախտման մեջ է մեղադրել, և որ երկրի ռեսուրսները ուղղվում են ռազմական նպատակների համար։  

Միջուկային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը հենց այդ խնդրով էր պայմանավորված, ինչը Թրամփը չէր էլ թաքցնում, երբ ներկայացնում էր պայմանագրից դուրս գալու պատճառները։

Իրանի համար ճակատագրական ընտրություն կատարելու փուլն է մոտենում. կամ զիջել իր աշխարհաքաղաքական դիրքերը, կամ մնալ ներքաղաքական լուրջ ռիսկերի, ինչպես նաև խորացող տնտեսական սանկցիաների տակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter