
ԶՊՄԿ-ին առնչվող հարցերն օրակարգից հանել էին, որ նիստը չբոյկոտվի
Կապանի ավագանու վերջին՝ սեպտեմբերի 25-ի նիստի օրակարգում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին առնչվող հարցերը չէին ընդգրկվել: Համայնքապետի պաշտոնակատարի մամլո խոսնակ Մարգարիտա Մանուկյանի փոխանցմամբ՝ եթե դրանք ներառվեին օրակարգում, ապա նիստը կրկին բոյկոտվելու էր քաղաքացիների կողմից: Այդ դեպքում օրակարգում ընդգրկված մյուս հրատապ հարցերի քննարկումը նույնպես պիտի հետաձգվեր:
Թե արդյոք ավագանու հաջորդ նիստում կներառվեն նաև ԶՊՄԿ-ին առնչվող հարցերը, դեռևս հայտնի չէ: Ըստ մամլո խոսնակի՝ առաջիկայում այդ մասին կտեղեկացնեն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին ավագանու նիստում ԶՊՄԿ-ին արդյունաբերական գործունեությանը վերաբերող հարցերի քննարկումը հետաձգվել էր: Սեպտեմբերի 14-ին էլ խոշորացված Կապան համայնքի մեջ ընդգրկված Արծվանիկ, Սևաքար, Չափնի գյուղերի բնակիչներն էին փակել համայնքապետարանի դահլիճի մուտքը՝ ձախողելով ավագանու նիստի անցկացումը:
Ինչպես արդեն հայտնել ենք, 2015-ին կառավարությունը որոշել է գերակա շահի անվան տակ վերցնել Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք գյուղերի 492 հա հողերը (պետական, համայնքային և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող): Գործադիրը նշված գյուղերի ղեկավարներին առաջարկել է հողերը վերցնելուց հետո փոխել դրանց նպատակային նշանակությունը՝ դարձնել արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, ապա առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տալ ԶՊՄԿ-ին: Հողերը պետք է օգտագործվեն ԶՊՄԿ-ի Արծվանիկի պոչամբարի ընդլայնման համար: Քանի որ 2017-ին Կապանի տարածաշրջանի գյուղերը խոշորացվել ու միացվել են քաղաքին, հիմա հենց Կապանի համայնքապետարանն է կառավարության որոշման իրագործման պատասխանատուն:
Ավագանու օգոստոսյան նիստի օրակարգում դրվել էր 5 գյուղերից 3-ի՝ Արծվանիկի, Սևաքարի և Չափնիի հողամասերի կատեգորիան փոխելու նպատակով այդ գյուղերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու հարցը: Մի քանի հարց էլ վերաբերում էր Արծվանիկի Նոր ջուր թաղամասում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների 51 հա հողերին (բաժանված 3 հասցեի մեջ), որոնք առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրվելու էին ԶՊՄԿ-ին:
Ինչպես ասվեց, այս հարցերի քննարկումն Կապանի ավագանին հետաձգել էր, իսկ սեպտեմբերի 14-ի նիստը բնակիչների միջամտությամբ չէր կայացել:
Լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարը
Մեկնաբանել