HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Նարե Հայկազյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու. նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում  դերասանուհի, նկարչուհի Նարե Հայկազյանն է։

Նարե Հայկազյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Տեսնում եմ իրեն իր ճանապարհին․ մանկության վազքն է, հոտը, մարդիկ, էջեր, փողոցներ, կենսագրություն․․․ Էդ ամենն ինքն իր գրպանում ունի։ Հենց գրպանում։ Այսպես եմ ասում, որովհետեւ այնքա՜ն պաշարներ ունի հավաքած։

Այդ մեծ Նարեն սիրո փնտրողն է։ Անվախություն կա այդ անձի մեջ, դիտորդի մեջ՝ վախեր։ Ինքը սիրահարված չէ այդ Նարեին եւ որեւէ մեկին, բայց սիրո որոնման ճանապարհ ունի։ Չեմ ուզում կանգնի, չնայած որ ինքը չի ընդունվելու, որովհետեւ դժվար է․․․ Իրեն միշտ կցանկանան ունենալ տոնածառի տարօրինակ խաղալիքի նման, որին գուրգուրում են, ուրախանում․․․ Հետո տեսել է՝ ոնց են նետում այդ տոնածառը, ոնց են պահեստավորում այդ խաղալիքը։ Այդպես էլ չհասկացավ՝ ինչպես է նետվում մի բան, որն ուրախացնում է։

Ինքը մարդկանց համար է ծնվել․ վստահ եմ։ Մարդկանց համար է ծնվել, Անուշ։ Իր կյանքում առնչությունները շատ են եղել, եղել են ճամփորդներն ու իրավիճակները, փողոցներն ու մոլորվածները։ Այդ Նարեին սիրել է Աստված (էս ինչ լավն է էս կատուդ)։

Չերկարե՜մ․․․ Կլանող է, ոչ թե սովորող․ համակարգ չի մարսում՝ կամ նիհարում է, կամ չաղանում, կամ ագրեսիվանում․․․ Ինչպես կուզես խմբագրիր այս տեքստը, ինչպես կուզես զրույցին ընթացք տուր, հնարավոր է՝ շատ բան հասկանալի չլինի, բայց էական չէ․․․

Եվ տեսարանն է, երբ մայրս խեղդվում էր․ ձմեռ էր, շտապօգնության մեքենան ինքը պիտի դիմավորեր՝ երեք տարեկան Նարեն։ Փողոցում սպասում էր․ մութ էր, ցուրտ, շների հաչոցը։ Այդտեղ առաջին անգամ զգաց՝ աշխարհն ուրիշ, եւ ինքն այդ ուրիշ աշխարհում ուրիշ է։ Ասաց՝  ինձ կպաշտպանես, չէ․․․ Սա հիշել է այն ժամանակ, երբ իրապես մի օր ասաց՝ դու ես իմ տերը։

Ուրեմն ինքը տարբեր վթարների մեջ է ընկել՝ հիշելով, որ իրեն մեկը պաշտպանել է․․․

Երեւի հերիք է, մթնեց։

Ուզում եմ սկսենք այսպես«Վերադառնում եմ, մոռացե՛ք»։

Հա՜․․․ Ներկայացումի՞ց։

Հատկապես նշեցի վերնագիրը, որովհետեւ Կարինե Խոդիկյանի «Վերադառնում եմ, մոռացե՛ք»  մոնոպիեսն ինչ-որ առումով նշանային դարձավհենց դրանից հետո մեկնեցիր Նահանգներ, 12 տարի ապրեցիր այնտեղ։

Գիտես՝ միշտ ոսկե թելը կրկնության է բերում․ երբեք չեմ գնացել այնպես, որ չվերադառնամ ու չեմ մտածել՝ ինչ է կատարվում։ Այդ շրջանում ուղղակի փակ էր, փակ էր ամեն բան․․․ Ես տան մեջ սպիտակ արջի նման քայլում էի․ ուրիշ, շատ ուրիշ վիճակ էր, երբ Ամերիկայից զանգ եկավ (չնայած դրանից առաջ էլ Ֆրանսիա էի գնացել)։ Ինչեւէ․․․

Ուզում եմ ասել՝ ճակատագիր փոխվեց, ինչպես ասում են՝ սխալ հասցե ընկա։ «Ամերիկա գնացողներդ շատացել եք, վերադարձեք» արտահայտությունն ինձ չի վերաբերում, հա՛, ես կարծես թե գործող անձ եմ եղել այս կոնտեքստում, բայց դա իմ մասին չի կարող լինել, այդ ես չեմ։

Ինչպե՞ս կարող է հոգիդ, միտքդ, էությունդ ապրես այստեղ, հետո կտրվես։ Եղան մարդիկ, ովքեր ինձ այդ մեկնելու, ապրումների, վերապրումների համար «ուժեղ» անվանեցին․․․ Պատասխանում եմ՝ այդպես չէ։ Դժվար էր, կտրվելը՝ արհեստական։

Տեղ ունենալու կարեւորությունը։

Նախկինում չէի մտածի, բայց հիմա կարեւորում եմ բաներ, որոնք ինձ սիրելի են, որոնց համար ես գին եմ տվել, որպեսզի դարձնեմ ինձ սիրելի, եւ, քանի որ ներքին աշխարհս էսթետ է, սիրում եմ հանգրվանել այնտեղ, որտեղ դյութիչ է, լավ է։

Զարմանալի է՝ զրույցներս միշտ պատկերների են վերածվում․ հիմա տեսա այդ տեղը։ Առավել սուր է զգացողությունս այս պահին, երբ խոսում եմ հետդ, որովհետեւ նոր եմ վերադառնում Իտալիայից՝ Վենետիկն ու «Հռոմեական կայսրությունը» տեսած․․․ Ես եվրոպոյիդ եմ, առաջ ասում էի՝ կոսմոպոլիտ․․․ Է՜հ, էական չէ․ ի՞նչ էի ասում․․․ «Վերադառնում եմ, մոռացե՛ք»-ի հիմքում ճամպրուկն էր, իսկ ճամպրուկներն ինձ համար շատ կարեւոր են՝ դեռ մամայից սկսած։

Հիշում եմ մամայի պորտֆելը՝ կանացի էր,  ուրիշ հոտ ուներ։ Լեհ տատս՝ Մարիան էր նվիրել իրեն։ Կորուստներից պիտի խոսեմ, ի՞նչ արած․․․ Որովհետեւ փուլեր են եղել, տասնամյակներ, կորուստներ․ այս հաշվումները դեռ վաղ մանկությունից են։

Դադար։

Հիմա էլ, քո պատշգամբում նստած, հաշվում եմ պատուհանները․ ահա այս երկուսը, տես, հետո այն երեքը, որ կամարի տակ են, փոքրիկ չորս պատուհանները․․․Այսպիսի հաշիվներ ունեմ, բայց մաթեմատիկական հաշվարկը չի, հասկանու՞մ ես, չէ՞։

Դետալներն ես նկատում։ Ապահովության զգացու՞մ է, թե՞ մի այլ բան։

Արտագաղթի տաժանակիր խաչմերուկներն ինքս ինձ հաղթելու, ինքս ինձ ունենալու փաստը կայացրին։ Ինքս ինձ կրելու, պնդանալու հնարավորությունն էր։

Գիտես՝ բեմում էլ էի ինձ նստեցնում (որպես այդպիսին, ֆիզիկական դիտորդիս), ու մյուս Նարեն խաղում էր։ Միջանկյալ այս պատկերները, եթե գալիս են պիտի պատմեմ, չնայած հարցերիցդ շեղվում եմ, բայց հիմա նորից կանդրադառնամ «Վերադառնում եմ, մոռացե՛ք»-ին։

Պիեսի հեղինակը՝ դրամատուրգ Կարինե Խոդիկյանն ինձ խենթ էր ասում․․․ Եվ տարիներ շարունակ շատերն ինձ խենթ ասացին, բայց ես իրականում այդ խենթությունը չընկալեցի․ չենթարկվելու տենդ կար եւ կա, հա՜։ Մի խոսքով ծանր տարիներ էին․ թատրոններից դուրս եկա։ «Կոլեկտիվային համակարգ», «նա մեզ այլեւս պետք չէ»․ այսպիսի բաներ տեղի ունեցան, այսպիսի արտահայտություններ հնչեցին․․․

«Նա մեզ այլեւս պետք չէ» արտահայտությունը մեխվեցսրա մասին ասա։

Նա «էքստազիստ» է․ այդպես հնչեց։ Էքստազ բառն այն ժամանակ դեռ լավ չէի ընկալում, հետո, ուսումնասիրելով իր բոլոր դրսեւորումներն ու տատանումները, շատ սիրեցի։

Չզարմանաս էլի, որ այս պոչից սկսում եմ, մի ուրիշ տեղ դուրս եմ գալիսոնց ուզում ես խմբագրիրտեքստն արդեն քոնն է․․․ Ուրիշ միջավայր է, ուրիշ տեղ, դու՝ նստած այդ աթոռին։ Ես հիմա հոսում եմ։ Այս իրավիճակն անուն չունի։

Գրիր տեսածդ, որովհետեւ իմ խոսքն առանց ստորակետ է, բամակետերով է։ Գրելիս անգամ սխալներս շատ են, շեշտերս իմ ուզած տեղում են, ստորակետները բացթողնված, որովհետեւ իմացական դաշտի հորիզոններն այնքան ուրիշ խորքեր ունեն, որ որեւէ մեկը չի համարձակվի գա ու վիճի հետս։ Ուզում եմ ծուռ մնալԱստծո ծուռը ո՞վ կարող է ուղղել։

Դադար

Ուրեմն «պետք չես» արտահայտությունը․․․Ես հրաժարվեցի բոլոր թատրոններից, եւ, այնպիսին, ինչպիսին որ էի, այսինքն՝ եղելությանս առաջ իսկապես դռներ փակվեցին։ Մեկ էլ, հո՛պ, դու այլեւս չկաս, իսկ ես հենց այդ տարիներին վերելքի մեջ էի․․․ Եվ մորս էլ էր սա ապրեցնում։ Շեղե՞մ նորից։

Շեղի՛ր։

«Փոսի» թատրոն կար, ֆանտաստիկ մի թատրոն։ Որպես դրամատիկ դերասան հենց այնտեղից էլ սկսել եմ։ Այդտեղ էր, որ խաղացի Տուրինի «Առնետաորսը»։ Կինը, որ ես էի, մերկանում էր բեմում․․․

Պատկերացնու՞մ ես՝ ինչ քննադատություններ կարող էին հնչել, բայց անցնում էի դրա վրայով, որովհետեւ իմ կողքին գերբնական մի կին ունեի, որը Ջուլիան էր, մայրս․․․ Ինքն ասում էր՝ եթե քոնը դա է, բարձրացիր բեմ ու արա հենց այնպես, ինչպես պետք է։

Իսկ «Առնետաորսի» նյութն այսպիսին էր․ երկու հոգի աղբանոցում սիրահարվում են, կյանք են պատմում, սկսում են մերկանալ, առնետ որսողները գալիս են, ու, «թը՛խկ», վերջանում է կյանքը։ Ա՜յ, հիմա ասա՝ այդ մահվան պարը ո՞նց կպարեիր հագուստով։ Այդտեղ ոչինչ չի կարող արժեք ունենալ։

Ես 19 տարեկան էի․ մայրս քշում էր իր «ժիգուլին», տանում էր Նկարիչների միության շենքին կից սրճարանը, երկու բաժակ կոնյակ էր պատվիրում (չնայած, որ ինքը շամպայնի սիրահար էր եւ չէր էլ խմում, որովհետեւ աստմատիկ էր), խմում էի առաջին բաժակը, ընդարմանում էի, ասում էի՝ երկրորդը, ասում էր՝ երկրորդն էլ է քոնը, բայց շնչի, հետո (մայրս գիտեր՝ կնոջ կյանքում ինչ կարող է պատահել, եւ այնքա՜ն ճիշտ էր իր վարվելու կերպը)։

… Այդպես նյարդս թուլանում էր, ու ես «գրավում» էի բեմը․ մտնում ու «ջարդուփշուր» էի անում բոլոր դրական իմաստներով։ Այդպիսին է «ծուռ» այդ մեկի պատմությունը։

Դադար։

Մորս մասին պատմեցի, որ նորից գամ, հասնեմ Խոդիկյանի պիեսին։ Մայրս մահացավ, կորուստի ցավը շատ ուժեղ էր․ քայլում էի տան մեջ ամիսներ շարունակ։ Մայրս մի տող ունի՝ «լույսը որտեղ էլ լինի, կգտնի իր ճանապարհը․ աներկյուղ գնա որոնելու»․․․ Ի վերջո, ինչ էլ դու կանես, մեկ է, շուրջդ ես պտտվելու, ինչ-որ նոր բան տեղի չի ունենալու, չկա այդպիսի բան։

Տես՝ հիմա նորից «Վերադառնում եմ, մոռացեք»-ին անդրադառնալու փորձ պիտի անես, բայց ես քեզ ընդհատելու եմ, որովհետեւ ամեն ենթատեքստի հետ փոխվում ես, ուրիշ ես դառնումտպավորություն է, թե միաժամանակ մի քանի մարդ է նստած Բալկոնում, եւ ես անընդհատ պիտի տարբերակեմ իրենց։

Ուշ եմ հանգել այս վիճակին, եւ անհայր մեծանալու ճանապարհն եմ անցել, ծնվել եմ, երբ մայրս արդեն վատառողջ էր, բայց իմ միջավայրն այնքան բոհեմային ու ֆանտաստիկ էր։ Ապրում էինք կենտրոնում՝ Սարյան փողոցում։ Լեհուհի հայագետ տատ ունեի, որը որդեգրել էր հորս․․․ Իր միջավայրը, իր կրթությունը։ Եվ մյուս տատս՝ լոռեցին։

Տան դուռը միշտ էր բաց, մայրս աֆորիզմներով էր ապրում․ մենք մեծացել ենք գերիմացական մի մթնոլորտում, որտեղ «իմի» զգացողություն չէր կարող լինել, որովհետեւ տանդ միշտ հյուր կար, որովհետեւ ընկերներդ քեզնից շատ ունեին այդ տունը։ Չես պատկերացնի իսկապես, թե ինչ էր կատարվում․ օրինակ, երբ պիտի սենյակից լոգարան գնայի կամ վերադառնայի այնտեղից, բառացիորեն սողալով էի անցնում սենյակից սենյակ, որ աննկատ մնամ։

Մնջախաղն է եղել։

Հա՜․․․ Հորս մեծ կոշիկները բա՞․․․ Դրանք հագնելն ու քայլելը հնարավորություն է տվել, որ մարդուն բնորոշեմ կոշիկով։ Ֆանտաստիկ հայրս․․․ Քոչարի աշակերտն էր․ ես սա չեմ հիշում, լուսանկարներն եմ տեսել, բայց ծխի հոտը հստակ եմ հիշում։ Լուսանկարներ, որտեղ մենք բոլորս ենք․․․

Հորս աքսորեցին Սիբիր․․․ Եվ 30 տարի հետո՝ ընդամենը երկու ամիս առաջ, հանդիպել եմ իրեն։

Անուշ, օդանավակայանում տասը տարեկան Նարե դարձա։ Գտա 77 տարեկան հայր, որն արդեն, որպես այդպիսին, իր ասելիքն ավարտել է։ Յոթ օր անցկացրինք միասին․ նույն ձայնը, նույն շարժումը, նույն խոսքը․ չես պատկերացնի՝ ինչ հանդիպում էր։ Գիտես չէ՞ Սեւանի ճանապարհի «Արծիվի» հեղինակն է․ գիգանտ մի երեւույթ, քանդակագործ, անիմալիստ, ում ես «բաց եմ թողել»։

Ինչու՞ էի պատմում այսքանը։

Այդպես ուզեցիր, ասացիր, որ շեղվում ես, համաձայնեցի։ Քո այս պատմությունները երեւի անմիջական առնչություն ունեն վերադարձի, հեռանալու հետ։

Անու՜շ, լրիվ մշակի պես ես։

Դադար

Խոդիկյան Կարինեն․․․ Հայտնվեց այն ժամանակ, երբ ես պտտվում էի տան մեջ, մայրս այլեւս չկար։ Եկավ ու ասեց՝ մի գործ ունի, որ ինձ համար է գրել։ Ասաց․ «Գիտեմ, որ բոլորը դեմ են քեզ, բայց որոշում կայացրու՝ կանես, թե չէ»։ Վստահեց ինձ։ Գնահատեցի սա շատ։

Բեմ չունեինք, ոչինչ չունեինք․ փորձերն սկսվեցին իմ նկուղում։ Բեմադրում էր Շահվերդյան Սուրենը։ Ի վերջո, խաղացի, մրցանակ էլ ստացա։  Ամերկայից զանգը հենց սրանից հետո եկավ։ Մինչ այդ Ռազովկսին ու Զախարովը Մոսկվա հրավիրեցին (միակ բանը որ արտիստիկ կյանքի համար ափսոսում եմ, Մոսկվա գնալու հնարավորության բացթողումն էր), պիեսը ռուսերեն թարգմանվեց եւ այլն․․․ Ամերիկան վառեց այս կամուրջները։ Կարինեն երեւի մինչեւ հիմա ինձ չի ներում սրա համար։

Եվ ի վերջո մեն-մենակ հայտնվեցի մի տեղ, որտեղ ամեն բան գրավված էր։ Իմ տեսակի տեղը չէր։

Գրավելը կարեւորում ես։

Հա, աննշան չեմ կարող մնալ։ Ներքին շերտ չտեսնես այդ գրավման պատկերում․ այնպես չէ, որ ուզում եմ անպայման դուր գալ, բայց տարածք գրավող եմ։ Նաեւ հասկանում եմ՝ ինչու է ինձ հետ դժվար։ Աղմուկը, ձայնը, անընդհատությունն ինձ հետ է՝ սկսած գիշերօթիկ դպրոցից։

Կենսագրությունից դուրս է այս տողը։ Գիշերօթիկ դպրոցի մասին ոչինչ չկա գրված։

Հա՜, ես «փողոցում» եմ մեծացել․ մի քանի Ամանոր բառացիորեն փողոցում եմ նշել՝ ունենալով տուն, տոնածառ, որովհետեւ մարդիկ էին, որ ինձ հետաքրքրում էին։

Դադար

Գիտես՝ ինչու հուզվեցի․․․ Որովհետեւ արհեստական միջամտությունները ճակատագրական հետքեր են թողել։ Հուզվում եմ հիմարությունների համար, անկանոնիկությանս համար, որը չի փոխվում մեջս։ Այս անձը չի փոխվում։

Իսկ գիշերօթիկն ուրիշ աշխարհ էր․ այդտեղից ես դուրս եկա «ներքին» անձնագրով։ Այնտեղ ես ավազակն էի, որն իր ընկալումներն ուներ, իր պատկերացնումները եւ շատ բան ուղղակի չէր կարող ընդունել։ Այդպես երբեւէ չընկալեցի եւ չեմ էլ ընկալում մինչ օրս, որ մարդը հացի համար գումար պիտի վճարի։ Մարդն արժանի է իր մի կտոր հացն անվճար ունենալու։ Եվ Սարյան փողոցի այդ տան բակում հացի խանութ կար, գիտե՞ս։ Էլի պատկեր եկավ․․․Սա չեմ ասի, լա՜վ։

Ինչու՞․․․

Չորս դպրոց եմ փոխել։ Ավարտել եմ Մովսես Արազիի անվան դպրոցը (վերջում «քաղաքակիրթ» դպրոց եկա էլի)․․․ Ինչու՞ եմ այսպես ասում, որովհետեւ գիշերօթիկում պատմությունն ու ապրումն այլ էր։

Ասեմ, լա՜վ․․․Գիշերօթիկում ես «հաց գողացող» էի։ Հաց բերողի անունը Աբո էր․ գալիս, կանգնեցնում էր հացի մեքենան, որի մեջ հաջորդ օրվա համար նախատեսված տաք մատնաքաշներն էին։ Ես թաքվնում էի մեքենայի կողքին, ինքը բացում էր բեռնախցիկը, մի արկղ ցած էր դնում, որ մյուսն իջեցնի, ես այդ ընթացում, չգիտես՝ ոնց, արդեն երկու տաք հաց ծոցս էի դնում, որ հասցնեմ ընկերներիս․․․ Այդպես մի անգամ պահեստում փակված մնացի, երբ Աբոն չնկատեց ինձ ու դուռը կողպեց․․․ Անուշ, էս ու՜ր հասա։

Այս զրույցը տարբեր է, Նարե՛, հանգիստ եղիր։ Այնպես է, որ կարող եմ հարց չտալ, որովհետեւ դու ինքդ զրույցը կառուցում ես։ Հիմա իսկապես չեմ ուզում ընդհատել քեզ երբ պահը ստեղծվի, հարց կտամ, բայց դու շարունակիր այնտեղից, որտեղից ուզում ես։

Ասացի, որ ֆանտաստիկ հորս մասին պիտի պատմեմ, ուրեմն նախ պիտի սկսեմ հայագետ տատիցս, որ լեհ էր՝ Մարիա Գլոխորսկայան․․․ Վազգեն Վեհափառի ռուսերենի ուսուցիչը, որը վեց ամսում խոստացավ՝ վեհափառը կսովորի ռուսերեն, եւ այդպես էլ եղավ։ Ամեն բանի կատարյալի կողմնակիցը՝ կերակուրդ պիտի մինչեւ վերջ ուտեիր, եւ ափսեն մաքուր պիտի լիներ․․․ Հակառակ մյուս տատիս, որ բրդուջը գրպանից էր հանում ու տալիս։

Դադար

Ծնվեցի շատ նիհարիկ․ վիզս՝ այնքան բարակ, որ վախենում էին կոտրվի։ Դիսպանսերում էի մոտ 7 տարի, ու բոլորն ասում էին՝ ափսոս այս երեխան, որ այսքան նման է հրեշտակի, այսպես եղավ։ Սա դաջվեց մեջս, ասացի՝ վերջ,ես դա չեմ․ սկսեցի սպորտային կյանքը, հաղթահարեցի պիտակը՝ շատ կամուրջներ ցատկելով․․․

Դադար

Մայրս հիրիկ ծաղիկի պես գնաց։ Ինքն այդ ծաղիկի մասին պատմվածք ունի, եւ պատմվածքն իրականություն դարձավ մեր պաշտգամբում։ Ասում էի՝ շնչի, շնչի, մամ։ Շտապօգնությունն ուշացավ 30 րոպե։ Կողքն էի, խեղդվողի հայացք չնետեց անգամ, միայն էներգիան զգացի․․․ Եթե մնջախաղը չլիներ, չգիտեմ՝ ինչպես պիտի այս տեսարանը հաղթահարեի։

Առհասարակ մնջախաղով է, որ վերակենդանացրել եմ մեռելներին։

Դադար

Խոդիկյանը․․․

Ա՜խ, Հայկազյան։

(Բարձր ծիծաղում է)

… Եթե հարցնես՝ ինչ շինարարական գործիքներ ես սիրում, կասեմ՝ մուրճ, մեխ, մկրատ, որովհետեւ կտրում եմ, բերում, կպցնում․․․ Մի խոսքով։ «Վերադառնում եմ, մոռացեք»-ը հաղթանակեց, թարգմանվեց, աֆիշաները փակցվեցին Մոսկվայում, իսկ ես խոսքիս տերը չեղա եւ մեկնեցի Նահանգներ․․․ Ինձ համար շատ մի ճակատագրական որոշում, որովհետեւ ողջ կյանքում խոստումս կատարող եմ եղել․ քրիստոնյայի արժանապատվությամբ եմ ասում։ Այսպես խախտվեց ամեն ինչ։

Պարբերաբար եկար եւ գնացիր, շատ անգամ՝ աննկատ, առանց աղմուկի։ Նկատեցի, որ հեղափոխության օրերին էլ Հայաստանում էիր։

Մտածում եմ՝ հատուկ հայտնվեցի այստեղ՝ ինչ-որ նախախնամությամբ, որովհետեւ առաջարկել էին սերիալում խաղալ, որն իմը չէր (այսինքն կարող էի չհայտնվել Հայաստանում)։

Երկար էի սպասել հեղափոխությանը։

Մայրս հայրենասեր էր եւ չէր ներում ոչ մի հեռացողի, դավաճան էր անվանում։ Ինքս էլ չեմ ընկալում հեռանալը․ մարդն ազատ է ճամփորդության մեջ, բայց տեղը․․․ Չգիտեմ՝ ինչ է կատարվում, բայց հիմա կարող եմ ասել, որ կորցրել եմ տեղը, որի մասին հարցնում էիր։

Այս հարցը պիտի անպայման տամքո ու Հայաստանի հարաբերությունները։

Ես գիտեմ, որ «իմի» բացթողածն է ինձ Հայաստան բերել։ Հայաստանն ինձնից գողացված է եղել երկար ժամանակ։ Ո՞նց կարելի է գողանալ հայրենիքը․ ինքդ քեզնից գողանալ կարո՞ղ ես։

Այն արհեստական միջամտությունները, որոնց մասին նշեցիր, եթե չլինեին, քո ու Հայաստանի հարաբերություններն այլ ընթացքի մեջ կլինեին։

Միանշանակ։ Ես այն շրջանում գնացի, երբ «ընտանեկան կոալիցիաների» մեծ մի բանակ ներխուժել էր ամեն տեղ, նաեւ՝ թատրոն։ Գիտեի, որ գողացվածը պիտի վերագտնվեր, բայց ժամանակը հստակ չէր։

Չկա չէ՞ մեկը, որ ասի՝ ես հայրենիք չունեմ, որովհետեւ այդ մի բանից քեզ զրկել չեն կարող։ Օրենքներն, իհարկե, ձեւակերպվում են, նոր օրենքներ են առաջ գալիս, ժամանակներ են փոխվում, ոմանք կանոններ են գծում, ճոճանակներ ստեղծում․․․ Եվ դու էլ կարող ես դառնալ այդ ճոճանակի զոհը։

․․․ Իսկ ես ընդհանրապես դեմ եմ կոալիցիաներին, դեմ եմ միջանկյալ իրողություններին, համակարգերին։

«Դեմ եմ»-ը դժվարեցնող հանգամանք չէ՞։

Հա, իհարկե։ Տես՝ ձայնս էլ բարձրացավ «իհարկե»-ի հետ․․․ Բայց ես գիտեմ, որ մարդիկ ինձ սիրել են, ոգեւորվել ու ոգեշնչվել ինձով։

Եվ հիմա փաստորեն, Մշակույթի նախարարի հրավերով վերադառնում ես Հայաստան՝ հաստատվելով որպես Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի։

Ներսումս ապրումներ ու հրաբուխներ միշտ են եղել։ Այո, հրավերն ընդունել եմ։

Նահանգներում խաղացի՞ր։

Հա, իհարկե։ Եթե դադարներ եղան, նկարեցի․․․ Մթնեց, Անուշ։

Ես կնշեմ, որ Նահանգներ մեկնելուց ժամեր առաջ եկար Բալկոն։

Հա, գիտես՝ մեջս այնքան չամփոփված կարոտներ կան։ Ես իրականում մենակ եմ այնտեղ՝ Նահանգներում։ Այդպիսի երկրում ստեղծում ես բաներ, որոնց նյութն անգամ չունես։ Հիմա մտածում եմ, որ փոքր ժամանակ էլ ինչ-որ բան կառուցելու համար հայթայթում էի, աշխատում 14 տարեկանից․․․

Անուշ, իսկապես ուզում եմ արթնանալիս մոռանալ, որ գոյություն ունի հայրենիք ասվածը, գաղափարը։ Որովհետեւ դա հիշելու բան չի․ այն կա․․․ Դա հենց մենք ենք, ես եմ։

Թատրոնին էլ ես այդպես վերաբերում, ինչպես հայրենիք ասվածի կոնտեքստն էր։

Հա, իմ կարիքն է թատրոնը՝ եւ առաջ, եւ հիմա։ Լոռեցի տատս հացն ուտում էր աչքերը փակ՝ պատառ-պատառ վայելելով։ Այդպես ես սիրում եմ խաղալ, դրամատիկ խոսքն եմ սիրում այդպես։

Դադար

Ինչ էլ անենք, մենք մեզ ենք հանդիպելու։

․․․Ուզում էի ասել, որ արվեստը կայանում է իր ազդեցիկությամբ։ Ինձ՝ որպես ստեղծագործ մարդու՝ հազարավոր պիտակներ են կպցրել, սպասելիքներ են ունեցել կամ հակառակը, բայց ես շատ պարզ մեկն եմ՝ պաշարված մարդկանց սիրելու հատկությամբ։

Ես ագրեսիվ կթվամ, որովհետեւ սիրո ազդակը արթնությունն է։ Ամեն տեղ եմ այդպես․․․ Թատրոնում էլ։ Քնած հարաբերություններն իմ չեն․ որտեղ պայթյուն, լաց, ուրախության ճիչ, վեճ չկա, ես այնտեղ լինել չեմ կարող։

«Այս դերը պիտի կատարեմ»․ ընկալումն իմը չէ, ես չեղա այդ թատրոնի մասնիկը ու չեմ էլ լինի․․․ Գիտեմ, որ ավելին անելու ուժ ունեմ, եթե սկսեցի, ավարտելու եմ։ Եվ դա յուրահատուկ անհանգստություն է, որովհետեւ հենց ինձ վստահեցին, լավագույնը կանեմ։

Վաճառելն իմը չի եղել ոչ մի ձեռքբերման մեջ․ կոմերցիան չեմ հասկանում։ Ես ապրումի թատրոնի մարդն եմ։ Երանի՜ այդ միջավայրը ստեղծվի․․․

Հասկանու՞մ ես՝ սուր անկյունները պիտի այնպես կցել, որ դրանք չփափկեն, բայց գլուխները իրար թեքվեն, հպվելով անցնեն իրար կողքով (այս ի՜նչ սիրուն եկավ այս տեսարանը)։

Եվ hիմա եղավ այնպես, որ վերադարձողի օղակն ապահովվեց, իսկ իրեն թատրոնից հեռացրին 27 տարեկանում, երբ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի էր հավակնում․․․ Վերադարձողի օղակն ապահովվեց, չնայած որ դեռ 17 տարեկանում իրեն Իտալիա էին հրավիրում, եւ վիզան պատռեցին Խորհրդային Հայաստանում։

Եվ կատարվում են բաներ, որոնք պիտի կատարվեն, բայց, հո՛պ, ընդհատվում են ինչ-որ անհասկանալի կամ ուրիշներին հասկանալի պատճառներով։

Ես չգիտեմ՝ այդ ընդհատումները երբ կվերջանան, կյանքն ուղղակի «մարդավարի» ապրել երբ հնարավոր կլինի։

Բայց դու սիրում ես կյանքը։

Հա, շատ։ Ես փոթորկոտ կյանքն եմ սիրում․․․ Սիրողներին եմ սիրում․․․

Շատ էր․ արի՛, թող գնամ։

Մեկնաբանություններ (1)

Tigran Martirosyan
Ինչ էլ իրար գտել են ոճավորված շարժման կրողներ մնջախաղացն ու կատուն… Հ.Գ. Բա Փիսոն երբ է Բալկոնում հարցազրույց տալու: Որպես Էքս-սև կատուատեր վստահեցնում եմ, որ այս մունդռիկներն ամենևին զուրկ չեն մտարտահայտումից: Ավելին, շատ ու շատ մարդակերպ շնչավորներից հետաքրքիր զրուցակից են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter