
Հայաստանի առաջին համակարգչային ցանցն ստեղծած ինստիտուտը նոր առաջարկներ ունի կառավարությանը
«Հետքը» հերթականությամբ ներկայացնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում ընդգրկված ինստիտուտների գործունեությունը, դրանց անցյալը, գիտական նվաճումները, դժվարությունները, ներկան ու գիտնականների մտորումները այսօրվա եւ վաղվա մասին: Արդեն անդրադարձել ենք ԳԱԱ 3 բաժանմունքի՝ բնական գիտությունների, քիմիական եւ Երկրի մասին գիտությունների, ինչպես նաեւ ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի:
Հերթականը մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքն է, որը ներառում է Մաթեմատիկայի, Մեխանիկայի, ինչպես նաեւ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտներն ու «ՀՀ ԳԱԱ հիդրոմեխանիկայի եւ վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն:
* Քարտեզի վրա նշված են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտները: Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել տվյալ ինստիտուտի անունն ու դրան վերաբերող «Հետքի» հոդվածի կարճ հղումը:
Հատկապես ավագ սերունդը լավ գիտի ԷՀՄ-ների՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների մասին, որոնց մշակումն ու զարգացումը Հայաստանում կապված է Սերգեյ Մերգելյանի անվան հետ: Հենց ակադեմիկոս Մերգելյանն է 1956-ին հիմնադրել Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ), որն առավել հայտնի է որպես Մերգելյանի ինստիտուտ: 1957-ին Ս. Մերգելյանը ստեղծել է նաեւ Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի եւ Երեւանի պետական համալսարանի հաշվողական կենտրոնը, որը հետագայում դարձել է ակադեմիային ենթակա Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ (ԻԱՊԻ): Կենտրոնի առաջին տնօրենը հենց Սերգեյ Մերգելյանն էր:
Արդեն 12 տարի ԻԱՊԻ-ի տնօրենը ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վլադիմիր Սահակյանն է, ում, իր պատմելով, ժամանակին աշխատանքի է ընդունել Ս. Մերգելյանը: Վ. Սահակյանն ասում է, որ 1992-ին օրենքների փոփոխություններ եղան, հաշվիչ կենտրոնների վրա հատուկ հարկեր դրվեցին, ինչն էլ պատճառ դարձավ, որ իրենց կենտրոնը վերանվանվի Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ:
ԷՀՄ-ներից մինչեւ համակարգչային ցանց
Խորհրդային տարիներին, ըստ ԻԱՊԻ-ի տնօրենի, ամենահզոր հաշվիչ ռեսուրսները Հայաստանում էին: Սահակյանը պատմում է, որ նախ հաշվիչ մեքենաները նախագծվում էին ԵրՄՄԳՀԻ-իում, հետո հավաքվում էին ԽՍՀՄ-ում ու սոցիալիստական ճամբարի երկրներում, ինչից հետո իրենց կենտրոնում ծրագրային ապահովում էին անցնում: Կենտրոնում աշխատում էին 24 ժամ, բացառություն էր կիրակին, երբ առավոտվա ժամը 8-ից մինչեւ երկուշաբթի օրվա առավոտվա 8-ը պրոֆիլակտիկա էր:
Խորհրդային տարիներին կենտրոնն իրականացնում էր բազմաթիվ նախագծեր, օրինակ, մալուխների միջոցով ցանցային համակարգ էր ստեղծել, որում ներառվել էին ակադեմիայի այլ ինստիտուտներ եւս: Այն ժամանակների համար ցանցը նորություն էր: Բայց 1991-ին՝ խորհրդային կայսրության անկումից հետո, ըստ մեր զրուցակցի, ամեն ինչ քանդվեց, Հայաստանն էլ մնաց առանց հաշվողական ռեսուրսների: Վլադիմիր Սահակյանը նկատում է, որ որոշ ժամանակ շրջափակման մեջ էինք, ու ոչ միայն գիտնականների համար էր դժվար արտասահման գնալը, այլ առհասարակ օդանավի տոմսերը թանկ էին: Այս իրավիճակում առաջ եկավ հեռակա համագործակցության կիրառման հարցը:
Ակադեմիայի նախագահությունը՝ ի դեմս Ֆադեյ Սարգսյանի (վերջինս Ս. Մերգելյանի պես համարվում է մեր երկրում այս ոլորտի հիմնադիրներից մեկը), ԻԱՊԻ-ին հանձնարարեց գիտական հիմնարկների համար ստեղծել համակարգչային ցանց, որպեսզի գիտնականները մուտք ունենան ինտերնետ՝ համացանց: Համացանցն էլ 1990-ականներին նոր-նոր էր զարգանում: Վ. Սահակյանը պատմում է, որ իրենք կարողացան ստեղծել Հայաստանի առաջին համակարգչային ցանցը: 1993-ին մեկնարկած աշխատանքներն մեկ տարի անց ավարտված էին, 1994-ի ապրիլի 21-ին դրանք ներկայացվեցին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով, Սահակյանի պատմելով, զարմացել էր, այնուհետեւ համացանցի միջոցով մտել էին ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, գրքեր ցույց տվել:
Գիտական համակարգչային ցանցում առաջինն ընդգրկվել էին ԻԱՊԻ-ն, ԳԱԱ նախագահությունը, Պարիս Հերունու գլխավորած Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը: Քաղաքային ցանցն այս հաստատությունների միջեւ ԻԱՊԻ-ն էր ստեղծել, իսկ ԵՖԻ-ն «Հայաստան» համահայկական հիմնադրամի օգնությամբ ձեռք բերած արբանյակային անտենայի միջոցով արբանյակային կապ էր հաստատել դրսի հետ: Ավելի ուշ ցանցին միացավ նաեւ Բյուրականի աստղադիտարանը:
Վլադիմիր Սահակյանը պատմում է, որ այսօր իրենց ստեղծածը ժամանակի ընթացքում դարձել է հզոր ցանց, որին միացել է շուրջ 70 կազմակերպություն: Սա գիտակրթական ցանց է, որն առանձին մուտք ունի ինտերնետ, այն միացած է «GÉANT» համաեվրոպական ցանցին (միավորում է 38 երկիր) եւ ապահովում է Հայաստանի գիտական հիմնարկների կապը եվրոպական գիտակրթական հաստատությունների հետ:
Տարածաշրջանի առաջին կլաստերը՝ Հայաստանում
2003-ին Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտն ստեղծել է Հայաստանի առաջին հաշվողական կլաստերը, որի մասին հայտարարվեց 2004-ին: Ցուցադրությունից եւ թեստավորումից հետո այն մեծ ուշադրություն գրավեց. կլաստերն առաջինն էր նաեւ տարածաշրջանում:
Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) ֆինանսավորմամբ ինստիտուտը կլաստերներ տեղադրեց իր մոտ, ԵՊՀ-ում, ՀՊՃՀ-ում (Պոլիտեխնիկ), Ռադիոֆիզիկայի ԳՀԻ-ում: Այս կլաստերները մտան «Գրիդ» համակարգի մեջ: Վրացական կողմի խնդրանքով մի կլաստեր էլ ԻԱՊԻ-ն տեղադրել է Թբիլիսիի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, եւս մեկը՝ ԵՊՀ ֆիզֆակում, որոնք այնուհետ միացվել են վերոնշյալ «Գրիդ» համակարգին:
ԻԱՊԻ-ն ստեղծել է նաեւ օպերատիվ եւ երկարատեւ պահման պահեստներ, որտեղ կարող են տեղադրվել եւ մշակվել տվյալներ: Նման գործիքից օգտվում են, մասնավորապես, Հայաստանի ազգային գրադարանը, Բյուրականի աստղադիտարանը, մի շարք այլ ինստիտուտներ եւ կենտրոններ: Ինստիտուտը համագործակցում է արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարությունների հետ՝ իրականացնելով պիլոտային ծրագրեր, որոնք միտված են աշխատանքների թվայնացմանը, ժամանակակից մոտեցումներ եւ լուծումներ գտնելուն:
Ինստիտուտում կարելի է նաեւ կրթություն ստանալ
Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում գործում է մագիստրատուրա եւ ասպիրանտուրա: ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի մագիստրատուրայի ինֆորմատիկայի եւ հաշվողական տեխնիկայի ամբիոնն այստեղ է, մասնագետներ են պատրաստում, համատեղ նախագծեր ունեն արտերկրի գիտակրթական հաստատությունների հետ: Օրինակ՝ մագիստրատուրայի ուսանողներին 6 ամսով ուղարկում են Ֆրանսիա, ամեն տարի 8 մագիստրանտ ստանում է նման հնարավորություն: Ինստիտուտը նաեւ ամեն տարի 4 ամսով ասպիրանտներ է ուղարկում Ֆրանսիա: Մյուսների համար դրսից մասնագետներ են հրավիրում՝ դասախոսություններ կարդալու նպատակով:
Հայաստանում կա գիտաչափական տվյալներով զբաղվող կենտրոն, որն ԻԱՊԻ-ի ստորաբաժանումներից է եւ կոչվում է գիտական տեղեկատվության վերլուծության եւ մոնիտորինգի կենտրոն: Այն ստեղծվել է 2010-ին ԳԱԱ-ի եւ Գիտության պետական կոմիտեի հետ համատեղ:
Պատմական գիտությունների թեկնածուներ Արամ Միրզոյանն ու Էդիտա Գզոյանն աշխատում են այստեղ. Արամը ավագ գիտաշխատող է, Էդիտան՝ փոխտնօրենը: Այս կենտրոնի աշխատողները բազմապրոֆիլ են՝ կենսաբանից մինչեւ քաղաքագետ: Կենտրոնն ուսումնասիրում է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խնդիրները, իրականացնում ոլորտի մոնիտորինգ, պատրաստում վիճակագրական եւ վերլուծական բնույթի տեղեկատվություն, կանխատեսումներ անում ոլորտի վերաբերյալ եւ տալիս գնահատականներ:
Գիտաչափությունը, մասնավորապես, ուսումնասիրում է գիտական ամսագրերում տպագրված հոդվածների քանակը, թեմատիկան եւ այլն: Էդիտան ասում է, որ ստացած գիտաչափական տվյալներն օգնում են, օրինակ, ավելի խորացնել կապը արտերկրի հետ: Ըստ կենտրոնի աշխատակիցների՝ յուրաքանչյուր գիտնական պետք է ծանոթ լինի գիտաչափության ոլորտին:
Ֆինանսաներից բողոքելն անիմաստ է, իսկ կադրերի հարցը լուրջ է
Մեր այցելած գրեթե բոլոր ինստիտուտներում երկու խնդիր կա՝ ֆինանսական եւ կադրային:
Վլադիմիր Սահակյանն ասում է, որ ֆինանսը կախված է աշխատողներից. եթե նրանք ակտիվ աշխատեն, գումարներ միշտ էլ կստանան: Տնօրենի խոսքով՝ Հայաստանը չի կարող գիտության ոլորտն այնպես ֆինանսավորել, ինչպես զարգացած երկրներն են անում: Պետության տված բազային ֆինանսավորումն այն հիմքն է, որի շուրջ սկսում են աշխատել՝ միաժամանակ դիմելով թեմատիկ, նպատակային-ծրագրային աշխատանքների ֆինանսավորման համար, նաեւ հայտ ներկայացնում դրամաշնորհային ծրագրերին, բացի դրանից՝ պայմանագրային աշխատանքներ կատարում: Այլ կերպ ասած՝ որքան շատ գործ անեն, այդքան շատ գումար կստանան:
«Մարդուն ինչքան փող տան, միշտ էլ ասելու է՝ քիչ է, ուրեմն պետք է ընդունել եղած վիճակը եւ դրա հիմքի վրա ստեղծել քո աշխատանքն այնպես, որպեսզի արդյունավետ լինի»,- ասում է տնօրեն Սահակյանը:
Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում կադրային հարցն ամենացավոտն է: Այստեղ պատրաստում են մասնագետներ, որոնց մասնավոր ընկերությունները փախցնում են: Տնօրենն ասում է, թե երիտասարդներին չի կարող մեղադրել, քանի որ նրանց մասնավորը բավականին բարձր աշխատավարձերով գործ է առաջարկում, որոշները նաեւ բարձր պաշտոններ են զբաղեցնում այդ ընկերություններում: «Մենք սա ընդունում ենք որպես բնական բան: Միջազգային նախագծերն ի՞նչն են ֆինանսավորում՝ ճանապարհածախս, գործուղում, տեխնիկայի ձեռքբերում, բայց մշտական աշխատավարձ չեն տալիս: Մշտական աշխատավարձ կարող է լինել այն դեպքում, երբ կա հատուկ պետպատվեր: Մեզ մոտ նման խոշոր պատվերներ չկան, եթե լինեն, ապա երիտասարդին կարող ենք նստեցնել այստեղ, եւ նրան ձեռնտու կլինի աշխատել այն հիմնարկում, որտեղ պատրաստվել է»,- նշում է մեր զրուցակիցը:
Ըստ նրա՝ գիտնականն ազատություն է սիրում, բայց հաճախ մասնավոր ընկերությունները, բարձր աշխատավարձ վճարելով, «գնում են» այդ ազատությունը: Վ. Սահակյանը նկատում է, որ այդ պատճառով երիտասարդների մի մասն ասպիրանտուրայից հետո էլ մնում է ինստիտուտում: Նաեւ դեպքեր են եղել են, երբ երիտասարդ գիտնականները մասնավոր սեկտորից վերադարձել են ինստիտուտ:
Վլադիմիր Սահակյանը վերջին 3 տարիներին աշխատակիցների թիվը կրճատել է՝ մյուսների աշխատավարձը բարձրացնելու համար: Ասում է, թե ինստիտուտում պետք է մնան լավերը, ապա հավելում, որ հիմնականում կրճատել է համատեղության կարգով աշխատողներին, բայց նրանք էլ ցանկության դեպքում կարող են աշխատել պայմանագրային հիմունքներով:
2016-2018 թթ., ըստ Վ. Սահակյանի, աշխատողների ընդհանուր թիվը եղել է համապատասխանաբար 180, 170, ապա՝ 160: Շուրջ 40 հոգի ստանում է նվազագույն աշխատավարձ (օրենքով՝ Հայաստանում ամսական նվազագույն «մաքուր» աշխատավարձը 55.000 դրամ է), ամենաբարձր «մաքուր» աշխատավարձն էլ (բազային) 150.000 դրամ է, որն ստանում են գիտական ստորաբաժանումների եւ ուղղությունների ղեկավարները:
ԻԱՊԻ-ն 2016-ին ստացել է 40 մլն դրամ դրամաշնորհ, 2017-ին՝ 60 մլն, այս տարի՝ 70 մլն:
Տնօրենի հավաստիացմամբ՝ փորձը մեծ բան է գիտության մեջ, եւ սա է պատճառը, որ շատ տեղերում գիտնականները տարիքով անձինք են: Սահակյանի կարծիքով՝ գիտական տարիքի սկիզբը 40-ն է, մինչ այդ մարդը գիտական աստիճան է ստանում, աշխատում է, թրծվում, գիտնականի համար տարիքային գագաթնակետն էլ, ըստ մեր զրուցակցի, 60-ն է, երբ անձն ունի թե՛ փորձ, թե՛ էներգիա, իսկ դրանից հետո էներգիան աստիճանաբար նվազում է: Միաժամանակ նկատում է, թե քանի որ դեպի գիտություն գնացող երիտասարդները քիչ են, Հայաստանում ամեն տարի մոտ 5 տոկոսով գիտնականների թիվը կնվազի:
Նշենք նաեւ, որ ԻԱՊԻ-ում շենքային պայմաններից չեն դժգոհում, ջեռուցումն ապահովվում է կաթսայատան միջոցով, առաջիկայում ծրագրում են արեւային էներգիայի պանելներ տեղադրել տանիքին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի խնայողություններ անել:
Ինչպես օգտագործել գիտնականների փորձը պետական համակարգում
Վլադիմիր Սահակյանը կառավարությանն առաջարկում է նախարարություններում ստեղծել ոլորտներին համապատասխան գիտնականների խորհուրդներ, հասկանալ, թե տվյալ ոլորտը զարգացնելու համար ինչ է պետք, որպեսզի տնտեսությունը գիտականորեն հիմնավորված լինի:
Նախարարությունները նաեւ գիտական բաժիններ պիտի ունենան, որոնք կմասնակցեն տարբեր նախագծերի մշակմանը: Փոխարենը, ըստ Սահակյանի, կառավարությունն ինչ-որ նախագիծ է մշակում, ապա ուղարկում ակադեմիայի ինստիտուտներին՝ ասելով, թե 3 օրում պատասխանեն՝ լավ է, վատ է: «3 օրում ո՞նց ստուգես»,- հարցնում է Վ. Սահակյանն ու ասում, որ նման դեպքերում, որպես կանոն, պատասխանում են, թե դիտողություն չունեն, քանի որ ճիշտ եզրակացության համար ժամանակ է պետք, այնինչ շտապ նախագծերը սովորաբար վատ ավարտ են ունենում:
Գիտական ինստիտուտը նոր նախագիծ է առաջարկում կառավարությանը
Եթե կառավարությունն օժանդակի ԻԱՊԻ-ին, ապա Հայաստանն առաջիկայում կարող է ունենալ սուպերհամակարգչային կենտրոն, որն ամենահզորը կլինի տարածաշրջանում: Կենտրոնի միջոցով բազմաթիվ հարցեր են լուծելու՝ բնապահպանությունից մինչեւ պաշտպանության ոլորտ, օրինակ՝ Սեւանա լճի, պետական սահմանի մշտադիտարկում: Վլադիմիր Սահակյանն ասում է, որ մենք թվային միջավայր պիտի ստեղծենք, իսկ կենտրոնի առկայությունը թռիչքային առաջընթաց է ապահովելու դրա համար:
«Սուպերկոմպյուտերային կենտրոնը մեզ նվեր են տալիս Ֆրանսիայից, ամբողջ տեխնիկան նվեր է, միայն պետք է կարողանանք ընդունել այն, նվերի համար համապատասխան պայմաններ ապահովել՝ ջրային սառեցման համակարգ, հատուկ տրանսֆորմատոր եւ այլն»,- նշում է տնօրենը:
Կենտրոնն ունենալու դեպքում կարող են պատվերներ ընդունել նաեւ արտասահմանից: Առաջարկի մասին ԻԱՊԻ-ն տեղեկացրել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը թե՛ նախորդ, թե՛ ներկա իշխանությունների օրոք: Առայժմ սպասում են պատասխանի:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել