Շախմատային Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Լեհաստանի հետ
Բաթումիում շարունակվում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան, որտեղ այսօր կայացան 8-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցաշարում իր առաջին ոչ-ոքին խաղաց՝ 2:2 հաշվով հաշտություն կնքելով Լեհաստանի ընտրանու հետ:
Առաջինից չորրորդ խաղատախտակները համապատասխանաբար զբաղեցնող Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին, հաղթանակներ և պարտություններ չգրանցվեցին:
Մրցաշարում միակ պարտությունը Հայաստանի տղամարդկանց հավաքականը կրել էր 5-րդ տուրում՝ 2,5:1,5 հաշվով զիջելով Ադրբեջանի ընտրանուն: Մնացած 6 տուրերում հայ շախմատիստները հաղթանակ էին տարել:
Օլիմպիադայի ավարտից 3 տուր առաջ մրցաշարային աղյուսակը 15 միավորով գլխավորում է ԱՄՆ-ի ընտրանին: Լեհաստանի հավաքականը 14 միավորով 2-րդն է, իսկ Հայաստանի հավաքականը 13 միավորով ևս 6 հավաքականների հետ բաժանում է 3-9-րդ հորիզոնականները: Իհարկե, մեր ընտրանին տեսական շանսեր դեռ պահպանում է Օլիմպիադայում հաղթելու համար, սակայն դա գործնականում դժվար է պատկերացնել:
Հիշեցնենք, որ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Օլիմպիադայի եռակի հաղթող է: Մեր հավաքականը հաղթանակ է տարել 2006, 2008 և 2012 թվականների մրցաշարերում:
Հայաստանի կանանց հավաքականը այս տուրում կրել էր իր առաջին պարտությունը՝ 3:1 հաշվով զիջելով Ուկրաինայի ընտրանուն:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել