
Ալավերդու պղնձաձուլական գործարանում կատարված տեսչական ստուգումների արդյունքների հանրային քննարկմանը համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը չէր ներկայացել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից երեկ` հոկտեմբերի 1-ին, Ալավերդիում անցկացվեց հանրային քննարկում՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության պղնձաձուլական գործարանում տեսչական ստուգումների արդյունքների մասին հանրությանը տեղեկացնելու նպատակով:
Հանրային քննարկմանը չէր ներկայացել համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը: Ալավերդու համայնքապետարանից մեզ հայտնեցին, որ սեպտեմբերի 27-ին Ս. Խեչումյանը հանրային քննարկման մասին գրություն է ստացել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունից: Նույն օրով նա արձակուրդի հրաման է գրել իր համար: Քննարկմանը դահլիճի նստատեղերի մեծ մասը նախօրոք զբաղեցրած գործարանի աշխատողները գոռոցներով ու վիրավորանքներով խոչընդոտում էին ՀԿ-ների նախագահների և մյուս ելույթ ունեցողների կարծիք արտահայտելու իրավունքը:
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը, շահարկելով հանրային քննարկումը ղեկավարելու իրեն ընձեռնած հնարավորությունը, անհարկի ընդհատում և թույլ չէր տալիս ներկաներին հայտնել իրենց կարծիքը: Լուսինե Մեջլումյանն իր բարեկամների միջոցով հատուկ հսկողություն էր սահմանել դահլիճում շրջիկ բարձրախոսի վրա: Քննարկմանը հակառակ կարծիք հայտնողներից ուղղակի խլում էին բարձրախոսը: ԳԱԱ-ի երկրաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Մարինե Նալբանդյանից հանրային քննարկմանը ոչ միայն խլեցին բարձրախոսը, այլ նրա խոսքը ընդհատելու համար անջատեցին դահլիճի լույսերը:
Այս տարվա օգոստոս ամսին կատարված տեսչական ստուգման արդյունքներով Ալավերդու պղնձաձուլական գործարանի կողմից շրջակա միջավայրին պատճառած վնասի 380 մլն դրամ հաշվարկ է իրականցվել: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պետ Արթուր Գրիգորյանը բացատրեց, որ քննարկմանը փորձելու է հասկանալ, թե ի վերջո ինչպես վարվել պղնձաձուլական գործարանի հետ: Վերջինս ասաց՝ իրավիճակի լուծում գտնելու համար հանդիպում է ունեցել «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Սահակ Կարապետյանի հետ: Տեսչության պետը նշեց, որ գործարանի 380 մլն դրամ վնասի կատարված հաշվարկում հանրության առողջությանը պատճառած վնասը հաշվարկված չէ:
«Հայաստանն այսօր չունի հանրության առողջությանը պատճառող վնասի գնահատման հաշվարկման որևէ մեխանիզմ: Անգամ պատճառահետևանքային կապը ապացուցելու մեխանիզմ այս պահին գոյություն չունի: Խոսքը վերաբերում է բացառապես կառավարության որոշումներով սահմանված շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների պատճառված վնասի հաշվարկին»,- բացատրեց տեսչության պետը:
Խախտումները հայտնաբերելուց հետո տեսչությունը տնտեսավարող սուբյեկտին ներկայացնելու է հանձնարարական, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնի արտանետումները նվազեցնելու համար: Ա. Գրիգորյանը ներկայացրեց նաև քննարկման իր դիրքորոշումը. «Հանրության հետ պետք է բաց խոսել: Ընկերության ներկայացուցիչները, վստահ եմ, իրենք կներկայացնեն ամբողջական պատկերը, թե ինչ է սպասվում գործարանին և ինչ պետք է անել: Տեսչական մարմինը կարող է իր վրա պատասխանատվություն վերցնել: Մենք կաշկանդված չենք ցանկացած լուծման գնալու գործում»,- ասաց Ա. Գրիգորյանը և նշեց, որ խոսքը չի վերաբերում միայն Ալավերդու պղնձաձուլական գործարանին, այլ առհասարակ Հայաստանում իրականացվող տնտեսավարման տարբեր ձևերին, որոնք շրջակա միջավայրի վրա ծանրաբեռնվածություն են առաջացնում:
«Մենք պետք է հասկանանք, թե ի վերջո ինչպիսի քաղաքականություն պետք է պետությունը որդեգրի և ինչ գործողություններ պետք է կատարենք: Այդ նպատակով հետագայում առողջապահության ոլորտի պատասխանատուներին նույնպես պետք է ներգրավել այսօրինակ խնդիրների լուծմանը՝ մասնագիտական քննարկումների համար»,- ասաց Ա. Գրիգորյանը:
«Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Սահակ Կարապետյանի խոսքով՝ անցած տարիներին պղնձաձուլական գործարանի գազերի և կոնցենտրացիաների առումով էական նվազեցումներ են ունեցել Կոշաբերդ սարի վրա նոր ծխատարի կառուցման հաշվին: Նա նշեց, որ կառավարությունը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը մի քանի անգամ տվել է միջանկյալ լուծումներ իրականացնելու թույլտվություն: Վերջին թույլտվությունը տրվել է 2012 թ.-ին, որը գործել է մինչև 2017թ.՝ 5 տարի ժամկետով: Գործողության ամենակարևոր ծրագրով նախատեսվել է արտանետվող գազերի մակարդակը 2012թ.-ի համամետ նվազեցնել 90 տոկոսով: Այսօրվա համար նախատեսված 5,6 հազար տոննա արտանետումների դիմաց պղնձաձուլական գործարանը արտանետում է տարեկան 38 հազար տոննա արտանետումներ:
«Արտանետումների ամենամեծ թույլտվությունը, որ մենք ունեցել ենք 2012թ.-ի համար, եղել է տարեկան 27 հազար տոննա»,- հայտնեց Ս. Կարապետյանը: Նրա խոսքով՝ անգամ այդ բարձր թույլտվության պայմաններում գործարանը արտանետել է սահմանվածից ավելի արտանետումներ: Ս. Կարապետյանը նշեց, որ ամսվա կտրվածքով 1-1,5 օր չաշխատելու դեպքում ընկերությունն ամիսը փակում է վնասով: Նրա ասելով՝ գործարանի վերջին ժամանակների խնդիրները առաջացել են Կաշենի խտանյութի մշակման պատճառով, որը զտման տեսակետից ավելի բարդ է, բացասական արդյունքը ավելի մեծ է և ունի ծծմբի ավելի բարձր պարունակություն: Սրանով հանդերձ, Ս. Կարապետյանը կարևորեց տեսչական մարմնի ստուգման հետ կապված բացահայտումները:
«Մենք երբեք ալավերդցիներին չենք ասել, որ մեր գործունեությունը վնասակար չի: Ներկա դրությամբ մենք ունենք երկու տարբերակ՝ աշխատում ենք կամ չենք աշխատում»,- ասաց նա:
Վերջինիս ասելով՝ դա նշանակում է, որ աշխատելու համար պետությունը մի անգամ 21 տարվա կտրվածքով այդ հարցին պետք է նայի լուրջ ձևով, ոչ թե ասի՝ պետությունում կան որոշակի նորմատիվներ, դուք պետք է իջեցնեք ձեր արտանետումների քանակը, մենք չենք կարող այդքան արտանետումների թույլտվություն տալ: Ս. Կարապետյանը կառավարությունից պահանջում էր 38 հազար տոննա արտանետումների թույլտվություն:
«Վալլեքսի» փոխնախագահը դժգոհեց նաև տեսչական մարմնի ստուգումից: «Այդ տուգանքը եթե ներառեք մեր տնտեսական ցուցանիշների մեջ, ընդհանրապես արդյունավետ չէ մեր հետագա աշխատանքը»,- ասաց Ս. Կարապետյանը:
«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը Սահակ Կարապետյանի «կամ-կամ» շեշտադրումը որակեց շանտաժ՝ ուղղված կառավարությանն ու Ալավերդու բնակչությանը: «Այսինքն այլընտրանք չկա՝ կա՛մ փակում ենք, կա՛մ աշխատում ենք նույն ձևով: Ստեղ ճիշտ են մարդիկ ասում․ եթե գործարանը փակվեց, Ալավերդուց քոչելու են: Բայց հավատացեք, Ալավերդու հանրության զգալի մասը ուզում ա Ալավերդուց գնալ հենց ծխի պատճառով»,- ասաց Օլեգը:
ԳԱԱ-ի երկրաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Մարինե Նալբանդյանի խոսքով՝ Ալավերդու տարածաշրջանի օդի աղտոտվածության հետազոտությունները կատարվում են տեղական և միջազգային մակարդակով: Հատուկ միջազգային ծրագիր կա, որը ուսումնասիրում է օդի աղտոտվածության և մասնավորապես ծծմբի երկօքսիդի ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա:
«Կարծում եմ, հասկանում եք, թե դա որքան կարևոր հարց է: Միջազգային փորձն է ասում, որ այդ ազդեցությունները իրականում ազդեցիկ են և բավականին շոշափելի: Պատկերացրեք, արտանետումների ազդեցությունները ոչ միայն Ալավերդիում են, այլև Ալավերդուց դուրս: Դրանք ինչպես գետի վրա են, այնպես էլ մարդու առողջության հետ կապված»,- ասաց Մ. Նալբանդյանը:
Վերջինիս կարծիքով՝ Ալավերդու պղնձաձուլական գգործարանի հետագա աշխատանքի հետ կապված ոչ միայն Ալավերդին պետք է որոշում կայացնի, այլ արտանետումների ազդեցության տակ են գտնվող մյուս բնակավայրերը: Մ. Նալբանդյանի տպավորությամբ՝ գործարանը աշխատել է ըստ պահանջի, վայրկենական վիճակներ ստեղծվելով և հաղթահարելով:
«Հեռանկարային ծրագրերի մասին դուք չշեշտեցիք»,- Ս. Կարապետյանին ասաց Մ. Նալբանդյանը:
«Դուք ո՞վ եք, ներողություն»,- գիտնականին նույնպես փորձեց դասեր տալ Լուսինե Մեջլումյանը:
«Ես ուղղակի ասում եմ այն տպավորությունը, որ ստացել եմ հանրային քննարկմանը Ձեր ներկայանալու ոճից: Մենք մեր երեխաների, մեր թոռների համար ենք խոսում, ոչ թե միայն այս պահի»,- պատասխանեց Մ. Նալբանդյանը: Վերջինիս ձեռքից նույնպես խլեցին բարձրախոսը: Նրա խոսքը գոռոցներով ու սուլոցներով ընդհատեցին գործարանի աշխատողները:
Հիշեցնենք, որ առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) վիճակագրությամբ 2017թ.-ին «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ուռուցքաբանության կաբինետում գրանցվել են 794 չարորակ նորագոյացությունով հիվանդներ, որոնցից 165-ը մահացել են: «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանը հանրային քննարկման իր ելույթում դա նորմալ թիվ համարեց:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել