
ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ներկայացնող նախարարներն ու մարզպետները կազատվեն աշխատանքից
Խորհրդարանի կողմից ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների ընդունումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք հրավիրեց Բաղրամյան պողոոտայում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունները թույլ կտան ընդհատել նիստը արտակարգ իրավիճակներում կամ այն դեպքերում, երբ խոչընդոտվում է պատգամավորների քվեարկությունը, և շարունակվել այն ժամանակ, երբ խոչընդոտող հանգամանքները կվերացվեն:
Ելույթից առաջ վարչապետը հայտնեց, որ խորհրդարանական միակ խմբակցությունը, որից ոչ մի ներկայացուցիչ օրենքի նախագծին կողմ չի քվեարկել, «Ելք»-ն է, իսկ օրինագծին կողմ քվեարկած պատգամավորներին և քաղաքական ուժերին Նիկոլ Փաշինյանը անվանեց հակահեղափոխական: Ըստ վարչապետի՝ այս փոփոխություններով արհեստական խոչընդոտ է ստեղծվում Ազգային ժողովի լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, որոնք վարչապետի այսօրվա հայտարարության համաձայն` պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին:
Նիկոլ Փաշինյանը ելույթի սկզբում հայտնեց, որ հրահանգել է ստորագրման պատրաստել «Բարգավաճ Հայաստան» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները ներկայացնող նախարարների աշխատանքից ազատման դիմումները.
«Երեկ և այսօր Հանրապետական, ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների կողմից ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը Հայաստանում հակահեղափոխություն իրականացնելն է: Այդ նախագծի ընդունումը դավադրություն է Հայաստանի բարձրագույն իշխանության, այսինքն՝ հայ ժողովրդի նկատմամբ: Ես, այդ որոշման մասին իմանալով իմ աշխատակազմից, հրահանգել եմ ստորագրման պատրաստել «Բարգավաճ Հայաստան» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները ներկայացնող նախարարների աշխատանքից ազատման դիմումները: «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն ներկայացնող մարզպետները աշխատանքից կազատվեն կառավարության առաջիկա նիստին, և նրանք բոլորը, ըստ էության, այս պահից համարվում են ազատված»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Որոշ ժամանակ անց վարչապետ Փաշինյանի հենց տեղում կատարված գրությամբ նախագահին առաջարկվել է աշխատանքից ազատել արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանին, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևոն Վահրադյանին, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին և գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին:
Գործադիրի ղեկավարը հայտնեց, որ ԲՀԿ-ն ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ և շարունակել աշխատանքը կառավարությունում, ինչը ողջունվեց վարչապետի կողմից:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել