
Հայաստանի մարզերում ևս Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են սկսվել
Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզերի բնակիչներին փողոց դուրս գալու կոչ արեց:
Դրան հետևելով՝ Հայաստանի մի շարք մարզերում քաղաքացիները սկսել են բողոքի գործողություններ:
Վանաձորից մեզ հայտնեցին, որ այս պահին Վանաձորի Հայքի հրապարակում, Տիգրան Մեծ պողոտայում հավաքված քաղաքացիների թիվը հասնում է շուրջ 5000-ի:
Վերջիններս պահանջում են արտահերթ ընտրություններ:
Նույն պահանջով բողոքի ակցիայի են դուրս եկել Ջերմուկ քաղաքի բնակիչները: Վերջիններս պատրաստվում են քաղաքի կենտրոնական հատվածում մնալ այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը դուրս կգա ԱԺ խորհրդարանական ուժերի հետ բանակցություններից ու հետագա գործողությունների վերաբերյալ հայտարարություն կանի:
Դիլիջանում, Ախթալայում, Գյումրու թատերական հրապարակում ևս քաղաքացիներ են հավաքվել:
Նշենք, որ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Այդ փոփոխությունները թույլ կտան խորհրդարանի նիստն ընդհատել արտակարգ իրավիճակներում կամ այն դեպքերում, երբ խոչընդոտվում է պատգամավորների քվեարկությունը, և շարունակվել այն ժամանակ, երբ խոչընդոտող հանգամանքները կվերացվեն: Օրինագծին դեմ են քվեարկել միայն «Ելք» խմբակցության պատգամավորները:
Արդեն տևական ժամանակ է` քաղաքացիներն, ի նշան օրենքի ընդունման դեմ բողոքի, դուրս են եկել փողոց ու շրջափակել Ազգային ժողովի բոլոր մուտքերը: Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ Ազգային ժողովի շենքից եւ ներկայացնում է բանակցությունների արդյունքները։
Մեկնաբանել