
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Հնդկաստանին 18-ամյա Հայկ Մարտիրոսյանի շնորհիվ
Բաթումիում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Հնդկաստանի հավաքականին: Մեր ընտրանու կազմում հաղթական միավորը վաստակեց Հայաստանի գործող չեմպիոն, 18-ամյա Հայկ Մարտիրոսյանը, ով սպիտակներով պարտիայի 48-րդ քայլին առավելության հասավ Կրիշնան Սասիկիրանի նկատմամբ:
Մինչև Մարտիրոսյանի հաղթանակը՝ Անանդ-Արոնյան, Սարգսյան-Հարիկրիշնա և Ադհիբան-Մելքումյան պարտիաներում ոչ-ոքիներ էին գրանցվել:
9-րդ տուրից առաջ Հայաստանի հավաքականը 13 միավորով ևս 6 թիմերի բաժանում էր 3-9-րդ հորիզոնականները, սակայն 9-րդ տուրից հետո կախված մրցաշարային աղյուսակի համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնող ԱՄՆ-ի և Լեհաստանի միջև դիմակայության արդյունքից՝ արդեն իսկ 15 միավոր ունեցող Հայաստանի ընտրանին կարող է բարձրանալ մինչև երկրորդ հորիզոնական:
Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցաշարի ընթացքում ընդհանուր հաշվով տարել է 7 հաղթանակ, խաղացել 1 ոչ-ոքի և կրել 1 պարտություն: Օլիմպիադայի ավարտին մնացել է 2 տուր:
Թարմացում / 21:54. 9-րդ տուրի բոլոր պարտիաների ավարտից հետո մրցաշարային աղյուսակը 16 միավորով միանձնյա գլխավորեց Լեհաստանի հավաքականը, որն այս տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց ԱՄՆ-ին: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 15 միավորով ԱՄՆ-ի, Չինաստանի և Անգլիայի ընտրանիների հետ բաժանում է 2-5-րդ հորիզոնականները:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքից
Մեկնաբանել