
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը վստահ հաղթանակ տարավ Իրանի ընտրանու նկատմամբ
Բաթումիում շարունակվում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան, որի 9-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Իրանի ընտրանու նկատմամբ:
Հայաստանի հավաքականին հաղթանակ պարգևեցին առաջին խաղատախտակին հանդես եկող Էլինա Դանիելյանը և երրորդ խաղատախտակին հանդես եկող Աննա Սարգսյանը: Դանիելյանը սպիտակներով պարտիայի 51-րդ քայլին պարտության մատնեց Սարասադատ Խադեմալշարիեհին, իսկ Սարգսյանը կրկին սպիտակներով 37-րդ քայլին առավելության հասավ Մոտահարե Ասադիի նկատմամբ:
Այս պահի դրությամբ Հայաստանի կանանց հավաքականը իր ակտիվում ունի 15 միավոր և դժվար է ասել՝ որ հորիզոնականը կզբաղեցնի 9-րդ տուրի ավարտից հետո, քանի որ տուրի մի շարք դիմակայություններ դեռ ընթացքի մեջ են, սակայն մի բան պարզ է, որ մեր հավաքականը 3-րդ հորիզոնականից ներքև չի լինի, դեռ ավելին՝ կարող է հայտնվել 2-րդ հորիզոնականում:
Ամբողջ մրցաշարի ընթացքում Հայաստանի կանանց հավաքականը տարել է 7 հաղթանակ, խաղացել 1 ոչ-ոքի և կրել 1 պարտություն: Առաջնության ավարտին մնացել է 2 տուր:
Հիշեցնենք, որ 9-րդ տուրում հաղթանակ էր տարել նաև Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ 2,5:1,5 հաշվով պարտության մատնելով Հնդկաստանի ընտրանուն:
Թարմացում / 21:56. Ավարտվեցին 9-րդ տուրի բոլոր հանդիպումները: Այս պահին մրցաշարային աղյուսակը 16 միավորով միանձնյա գլխավորում է Չինաստանի ընտրանին: Հայաստանի կանանց հավաքականը Ուկրաինայի և ԱՄՆ-ի հավաքականների հետ բաժանում է 2-4-րդ հորիզոնականները:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքից
Մեկնաբանել