HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառուկյանի արտադրամասի վերաբերյալ հարուցված քրգործի կենտրոնում Կապանի նախկին ՀՀԿ-ական ղեկավար Աշոտ Հայրապետյանն է

«Հետքը» որոշ մանրամասներ է իմացել «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կապանյան  արտադրամասի վերաբերյալ հարուցված քրգործի մասին: Հիշեցնենք, որ գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը նախատեսում է Կապանում կառուցել ցեմենտի աղացման արտադրամաս, սակայն գործընթացը ձգձգվում է, քանի որ կապանցիները տապալում են շրջակա միջավայրի վրա արտադրամասի ազդեցության մասին հանրային լսումների անցկացումը:

Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի փոխանցմամբ՝ քրգործը գտնվում է կոմիտեի վարույթում,  նախաքննության փուլում է, առայժմ մեղադրյալներ չկան: Ինչպես արդեն գրել ենք, գործը  հարուցվել է օգոստոսի 6-ին Քրեական օրենսգրքի 3152 հոդվածով, այն է՝ «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը»:

Սա նշանակում է, որ քրգործը ոչ թե «Արարատցեմենտի» դեմ է, այլ պաշտոնյաների: Հոդվածը սահմանում է. «Պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա իրավական ակտերով դրված է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը, հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելը, ինչպես նաեւ հողամասերն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատամամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չկիրառելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազապարտիկի չափով եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կամ ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով» (ընդգծումը մերն է- Մ.Մ.): Այսինքն՝ մեղավորներին սպառնում է 1 մլն դրամ տուգանքից մինչեւ 1-2 տարվա ազատազրկում:

Մի փոքր հետ գնալով՝ արժե հիշեցնել, թե ինչպես են զարգացել իրադարձությունները նախքան քրեական գործի հարուցումը:

Այս տարեսկզբին Կապանի այլեւս նախկին համայնքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը մեզ հայտնել էր, որ 2017-ի նոյեմբերի 13-ին որոշել է 600.000 դրամով տուգանել «Արարատցեմենտ» ՓԲԸ-ին ինքնակամ, առանց համապատասխան թույլտվության շինարարություն իրականացնելու հիմքով: Միաժամանակ, ըստ Հայրապետյանի, ընկերությանը պահանջ էր ներկայացվել դադարեցնել շինարարությունը մինչեւ չկատարվեն օրենքով սահմանված փաստաթղթային ձեւակերպումները:

Տուգանվելուց հետո՝ դեկտեմբերի 22-ին, ՓԲԸ-ն դիմել էր համայնքապետարան՝ ցեմենտի աղացման արտադրամասի կառուցման համար նախագծման թույլտվություն ստանալու խնդրանքով: Դեկտեմբերի 25-ին նրան տրամադրվել էր թիվ 13 նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք): Սակայն խոսքն ընդամենը նախագծման եւ ոչ թե շինարարության թույլտվության մասին էր, այնինչ ապրիլին արտադրամասի տարածքում աշխատող բանվորները մեզ հայտնել էին, որ 3-4 ամսում շինարարությունը կավարտեն: ՓԲԸ-ն մինչ օրս չունի շինթույլտվություն, որովհետեւ չի ավարտվել շրջակա միջավայրի վրա գնահատման եւ փորձաքննության գործընթացը:

Շինարարների խոսքերից հետո Աշոտ Հայրապետյանին հարցրել էինք, թե ինչու համայնքապետարանը չի կարողանում վերահսկել իր վարչական տարածքում ընթացող եւ փաստացի օրենքից դուրս շինարարությունը, բացի դրանից՝ ինչ լծակներ ունի համայնքի ղեկավարությունը՝ շինարարությունը կասեցնելու համար: Պաշտոնյան էլ հայտնել էր, թե օրենսդրությամբ համայնքապետարանը որպես վարչական պատասխանատվության միջոց իրավասու է կիրառել տուգանքի նշանակում՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց նկատմամբ 200 հազար դրամի չափով, իսկ նման իրավունք չունեցող անձանց նկատմամբ՝ 400 հազար դրամի չափով: Այս պարագայում հաշվի առնելով, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն տուգանվել էր 600 հազար դրամով, կարել էր եզրակացնել, որ այն ինքնակամ շինարարություն էր սկսել նաեւ իրեն սեփականության կամ օգտագործման (կառուցապատման) իրավունքով չպատկանող հողամասում: Աշոտ Հայրապետյանը մեզ նաեւ հայտնել էր, թե ընկերությունն ամբողջությամբ վճարել է 2017-ի նոյեմբերին նշանակված տուգանքը:

Վերահսկողության եւ լծակների կիրառման վերաբերյալ մեր հարցումից հետո համայնքապետարանն այս տարվա ապրիլին կրկին վարչական վարույթ էր հարուցել «Արարատցեմենտի» նկատմամբ: Հայրապետյանը նշել էր, որ եթե հավաստի տվյալներ արձանագրվեն շինարարության իրականացման վերաբերյալ, ապա կքննարկվի «Արարատցեմենտի» նկատմամբ կրկնակի վարչական պատասխանատվության հարցը: Շաբաթներ անց, սակայն, նա տեղեկացրեց, որ 600 հազար դրամով տուգանվելուց հետո ՓԲԸ-ն շինաշխատանքներ չի կատարել, կառույցները գտնվում են նույն վիճակում: Նախկին ղեկավարը նշել էր, թե համայնքապետարանը հետեւում է տարածքում ընթացող գործողություններին. ըստ այդմ՝ «Արարատցեմենտ» ընկերությունը միայն իր ձեռքբերած մեքենա-սարքավորումները, ագրեգատները եւ կոնստրուկցիաներն է տեղափոխել իր սեփականություն հանդիսացող տարածք եւ կատարել բեռնաթափման, պահեստավորման կամ տեղակայման բնույթ կրող աշխատանքներ, որոնց համար շինարարության թույլտվություն չի պահանջվում:

Միանգամայն այլ բան է պարզել ոստիկանությունը: Իրավապահ այս մարմնի մեր աղբյուրը հայտնել է, որ «Հակակոռուպցիոն ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահը դիմել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ նախապատրաստված նյութերի հիման վրա էլ հարուցվել է քրգործը: Այդ նյութերով պարզվել է, որ 600.000 դրամ տուգանքն ընկերության հանդեպ նշանակվել է ինքնակամ շինարարություն իրականացնելու եւ համայնքային սեփականության հողամասի հողազավթում կատարելու հիմքով: Այսինքն՝ «Արարատցեմենտը» ոչ միայն ինքնակամ շինարարություն է սկսել իրեն պատկանող տարածքում, ինչի համար տուգանվել է 200.000 դրամով, այլեւ Կապան համայնքին պատկանող հողամասի վրա, որի հանդեպ որեւէ իրավունք չի ունեցել, ինչի պատճառով էլ տուգանվել է եւս 400.000 դրամով:    

Բայց քրգործի հարուցման պատճառը հետեւյալն է. ըստ մեր աղբյուրի՝ ապրիլին հարուցված երկրորդ վարչական վարույթի շրջանակներում նախկին համայնքապետ Աշոտ Հայրապետյանը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2191 հոդվածներով պարտավոր լինելով կանխարգելել եւ կասեցնել ինքնակամ շինարարությունն ու օրենքով սահմանված կարգով ապահովել դրանց հետեւանքների վերացումը, ինչպես նաեւ կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ հողամասն ինքնակամ զավթած եւ ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ, դիտավորությամբ չի կիրառել օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները, այն է՝ հիմք ընդունելով ընկերության ներկայացուցչի բացատրությունները, առանց բավարար իրավական հիմքերի և հիմնավորումների 2018 թ. մայիսի 10-ին կայացրել է թիվ 415-Ա որոշումը վարչական վարույթը կարճելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter