HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Ռընե Հովիվի՝ Ֆրանսիայում ամենապահանջված երգիծաբաններից մեկի ցուցահանդեսի բացումը Հայաստանում (լուսանկարներ)

Նորարար արվեստի փորձարարական կենտրոնում (ՆՓԱԿ) հոկտեմբերի 3-ին բացվեց ֆրանսահայ երգիծանկարիչ Ռընե Հովիվի աշխատանքները ներկայացնող «Վերադարձ դեպի Արարատ» ցուցահանդեսը։  

Ֆրանսիայում մեծ ճանաչում ունեցող նկարիչը 1960-ականներից մինչեւ իր մահը՝ 2005 թվականը, համագործակցել է ֆրանսիական հեղինակավոր մի շարք թերթերի եւ ամսագրերի հետ, հրատարակել մեկ տասնյակից ավելի ալբոմներ եւ կոմիքսների գրքեր։

Ռընե Հովիվ արվեստագետի մասին մինչ այս որեւէ տեղեկություն չունենալով՝ շրջում եմ ՆՓԱԿ-ի մեծ սրահում, կոճգամներով ամրացված երգիծանկարները արվեստագետի ստեղծագործական տարբեր շրջաններն են ներկայացնում։ Հարցնում եմ ներկաներին, թե մինչ այս երբեւէ լսել են այս անունը․ արվեստասեր հանրությունը, ցավոք, նրան չգիտի, մինչդեռ Ռընեն Ֆրանսիայում իր ժամանակի ամենապահանջված երգիծանկարիչներից էր․ 1964-2005 թվականներին համագործակցել է ֆրանսիական «Paris Match», «Lui», «Le Quotidien de Paris», գերմանական «Stern» եւ ամերիկյան «Playboy» պարբերականների հետ։


Ռընե Հովիվը (Խորեն Հովիվյան)

Ռընե Հովիվը (Խորեն Հովիվյան) ծնվել է 1929-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքում։ Նկարչական նախնական կրթությունն ստացել Լիոնի գեղեցիկ արվեստների քոլեջում։

1947 թվականին, երբ Ռընեն 18 տարեկան էր, ընտանիքը ներգաղթել է Հայաստան՝ բոլոր հայրենադարձների նման հույս ունենալով, որ ապրելու են հայրենիքում։ Մեկուկես տարի անց աքսորվել են Սիբիր։

Ընտանիքի հետ սիբիրյան աքսորում անցկացրած տարիներին (7 տարի), անտառահատի ծանր աշխատանք կատարելով, երբեք չի կորցրել նկարչությամբ զբաղվելու հույսը։ 1953-ին արդեն անտառում չէր․ Ալթայի երկրամասի Բառնաուլ քաղաքում որպես երգիծանկարիչ աշխատակցում էր տեղի թերթերին, ձեւավորում գրքեր։ Աքսորից ազատվելուց հետո տեղափոխվում է Մոսկվա, ուր թեեւ բնակվելու իրավունք չուներ, բայց աշխատում էր մուլտիպլիկատոր Խիտրուկի արվեստանոցում, թղթակցում մոսկովյան մի շարք պարբերականների, որից հետո ի վերջո վերադառնում է Ֆրանսիա։


-Փրկեցե՜ք, Էֆենդի
-Դուք ընդունու՞մ եք 1915թ․ ցեղասպանությունը։
- Ի՞նչ ցեղասպանություն։ Էդպիսի բան չկա։
- Ի՞նչ անես։ Կսատկի, բայց չի ընդունի։

ՆՓԱԿ-ում ներկա են նաեւ Ռընե Հովիվի կինն ու երեք զավակները, ովքեր ցուցահանդեսի առիթով ժամանել են Հայաստան։

«Մեր տունը երկհարկանի էր, եւ երկրորդ հարկի վերջին սենյակը միայն իրեն էր պատկանումհենց այդտեղ էլ աշխատում էր։  Նա կարող էր լուրերի թողարկման ժամանակ տեղից վեր թռչել, վազել իր այդ աշխատասենյակ՝ գոռալով, որ մտքին մի բան եկավ։ Այդպես հետո կարող էր հարցնել՝ ծիծաղ առաջացնում է իր նոր գործը, թե ոչ։ Քննադատական մոտեցում ուներ քաղաքականության ու մարդային հիմարության նկատմամբ»,- պատմում է արվեստագետի կինը՝ Յոլանդե Հովիվյանը։

Իսկ տղան հավելում է «Ինքը կարծես փոքր երեխա լիներ, ով կարող էր ամեն բանի վրա ծիծաղել, հետո անմիջապես մատիտը կամ ֆլոմաստերը ձեռքը վերցնել, քաշել գծերը, ապա գունավորել։ Երբ նկարն ավարտուն տեսք ուներ, նպատակը մեկն էր՝ դիտողի դեմքին ժպիտ «նկարելը»»։


Ռընե Հովիվի կինը՝ Յոլանդե Հովիվյանը

Ցուցահանդեսի կազմակերպիչները փորձել են ներկայացնել երգիծանկարչի ստեղծագործության մի քանի շրջաններ, որոնք տարբերվում էին թեմաներով։ Ընդհանուր առմամբ ցուցադրվող աշխատանքներից կարելի էր պատկերացնել Ռընե Հովիվի ստեղծագործական գրեթե ողջ փուլերը, ինչպես նաեւ կենսագրական հատկանշական դրվագները, որոնք տարբեր նյութերի միջոցով ցուցադրված էին ՆՓԱԿ-ի մեկ այլ սրահում։

Տիգրան Պասկեւիչյանը նշում է, որ մինչ այս մեզ համար անհայտ արվեստագետ Ռընե Հովիվը Ֆրանսիայում իր ժամանակի լավագույն ծաղրանկարիչներից մեկն էր․  «Այստեղ առանձին ցուցադրել ենք իր շարքերից մեկը, որը տպագրված էր գրքում․ Դելամեր անունով ֆրանսիացի մի դիզայներ-արվեստաբան ժամանակին նախաձեռնել էր նախագիծ՝ հրավիրելով Ֆրանսիայի հայտնի 12 ծաղրանկարիչներին։ Իրենց մեկը Ռընեն էր․ այն դեպքում, երբ ահռելի Ֆրանսիայում ամեն երկրորդը ծաղրանկարիչ էր»։


-Օգնությու՜ն, օգնեցե՜ք։ Ես լողալ չգիտե՜մ։
-Բան չեմ հասկանում։ Դուք ֆրանսերեն չե՞ք խոսում։

Ցուցահանդեսի բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ նաեւ նկարչի հոր՝ Վահան Հովիվյանի «Դեր Զօրից մինչեւ Սիբիր կամ կեանքի ելեւէջներ» հուշերի գրքի շնորհանդեսը։

Վահան Հովիվյանը Ցեղասպանությունից հետո Հովիվյանների մեծ գերդաստանի միակ վերապրողն է, ով, մանկությունն անցկացրել է Բեյրութի ամերիկյան որբանոցում, որտեղից էլ տեղափոխվել է Ֆրանսիա։

ՀԳՑուցահանդես-շնորհանդեսի կազմակերպիչներն են «Ֆակտում» եւ «Ակտուալ Արվեստ» հասարակական կազմակերպությունները՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ։

Գլխավոր լուսանկարում՝ Ռընե Հովիվի «Հայաստանում կոմունիզմի վերջը» աշխատանքը, 1991թ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter