
Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները չկարողացան մրցանակային տեղ գրավել Օլիմպիադայում
Բաթումիում ավարտվեց շախմատի համաշխարհային 43-րդ Օլիմպիադան, որում անհաջող արդյունք գրանցեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները՝ չկարողանալով մրցանակային տեղ զբաղեցնել:
Տղամարդկանց ընտրանին մրցաշարի վերջին՝ 11-րդ տուրում, ուժերն էր չափում Գերմանիայի հավաքականի հետ: Դիմակայության բոլոր պարտիաներում ոչ-ոքիներ գրանցվեցին, արդյունքում՝ 2:2:
Տղամարդկանց մրցաշարում միանգամից երեք հավաքականներ՝ Չինաստանը, ԱՄՆ-ն և Ռուսաստանը վերջնարդյունքում վաստակեցին 18-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով պատմության մեջ երկրորդ անգամ չեմպիոն հռչակվեց Չինաստանի հավաքականը։ Արծաթե մեդալները բաժին հասավ ԱՄՆ-ին, իսկ բրոնզները՝ Ռուսաստանին։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը Օլիմպիադայի եռակի հաղթող է, վերջնարդյունքում վաստակեց 16 միավոր, նույնքան միավոր իրենց հաշվին ունեն նաև այլ հավաքականներ, լրացուցիչ ցուցանիշերով Հայաստանի հավաքականը հանգրվանեց 8-րդ տեղում:
Ի տարբերություն տղամարդկանց, Հայաստանի կանանց հավաքականը վերջին տուրից առաջ բոլոր շանսերն ուներ մրցանակային տեղ գրավելու, սակայն եզրափակիչ տուրում մեր ընտրանին 3:1 հաշվով պարտվեց Վրաստանի առաջին հավաքականին: Դիմակայությունում պարտություններ կրեցին առաջին և երկրորդ խաղատախտակներին հանդես եկող Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:
Կանանց պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճեց կրկին Չինաստանի հավաքականը, որը վաստակեց 18 միավոր: Նույնքան միավոր էր հավաքել նաև Ուկրաինայի ընտրանին, սակայն լրացուցիչ ցուցանիշներով նրան բաժին հասավ արծաթե մեդալները, երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Վրաստանի առաջին հավաքականը։
Հայաստանի կանանց հավաքականը ևս 8 թիմերի հետ 16 միավորով բաժանեց 4-12-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ հաշվարկերով մեր ընտրանին զբաղեցրեց 6-րդ տեղը։
Մեկնաբանել